ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

1.ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ,

ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ 1:2000 ՄԱՍՇՏԱԲԻ ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՀԱՆՈՒԹԱԳՐՈՒՄ

ԵՎ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒՄ

Քարտեզագրական աշխատանքների իրականացման հիմնական նպատակը կադաստրային քարտեզներում ընդգրկված տարածքների վերականգնումն է ժամանակակից տեխնոլոգիաների և սարքերի կիրառմամբ, ինչպես նաև 1:2000 մասշտաբի տեղագրական հանույթի իրականացումը, կադաստրային քարտեզներում կատարված փոփոխությունների քարտեզագրումը, որի նպատակը հանրապետության պետական, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններին, տնտեսության տարբեր ճյուղերին, ժամանակակից պահանջներին համապատասխան քարտեզագրական նյութերով ապահովումն է, ինչպես նաև տեղագրական, կադաստրային և թեմատիկ քարտեզների ու դրանց մասին տեղեկատվական բանկի ստեղծումն ու կառավարումը:

Ծրագրի իրականացման արդյունքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի կառուցապատված և տնտեսապես ակտիվ օգտագործվող տարածքներում պետական գեոդեզիական և խտացման ցանցերի խտությունը կհասնի մեկ կետ 12 քառ.կմ, իսկ չկառուցապատված տարածքներում մեկ կետ 20 քառ. կմ տարածքի վրա, կստացվեն բնակավայրերի պետական մասշտաբային շարքի 1:2000 մասշտաբի տեղագրական հատակագծերն իրենց գեոդեզիական հիմքով: Ստեղծված նյութերը հիմք են հանդիսանալու գերատեսչական տարբեր ոլորտների, այդ թվում` քաղաքաշինության, բնապահպանության, արդյունաբերության, անշարժ գույքի կադաստրի, տարածքների պլանավորման, հողերի օգտագործման և գոտիավորման սխեմաների կազմման, վարչական և տնտեսական գործունեության, արտակարգ իրավիճակների ժամանակ օպտիմալ և օպերատիվ որոշումների կայացման, գլխավոր հատակագծերի ստեղծման և առանձին տարածքների զարգացման օպտիմալ պլանավորման, ստորգետնյա և վերգետնյա հաղորդակցուղիների նախագծման և այլ խնդիրների լուծման համար:

2.ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ

ՀԱՇՎԱՌՈՒՄ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄ

Ծրագրի իրականացման նպատակը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի աշխարհագրական օբյեկտների անվանումների հաշվառումը և գրանցումն է, նրանց վերաբերյալ տեղեկատվական բանկի ստեղծումը, վարումը և տեղեկատվության տրամադրումը, ինչպես նաև բնագավառի կանոնակարգումը, որն ունի ոչ միայն պետական, այլ նաև միջազգային նշանակություն: Աշխարհագրական անվանումներն արտահայտվում են միջազգային պայմանագրերում և համաձայնագրերում, փոստային ծառայության տեղեկատուներում, բոլոր տեսակի քարտեզներում և փաստաթղթերում:

Ոլորտի զարգացման համար կարևորագույն խնդիրն է աշխարհագրական անվանումների միասնական տեղեկատվական բանկի ստեղծումը, վարումը և գրանցման ավտոմատ համակարգի ներդրումը:

Այս ծրագրով 2012 թվականին նախատեսվում է իրականացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2 համայնքների աշխարհագրական անվանումների հաշվառման աշխատանքներ և 33 համայնքների գրանցման աշխատանքներ:

Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է ունենալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական տարածքի աշխարհագրական օբյեկտների հաշվառված նյութերը և գրանցման ավտոմատացված համակարգը, ինչպես նաև աշխարհագրական անվանումների պետական քարտադարանը: Հավաքագրված նյութերի հիման վրա հնարավոր կլինի ստեղծել և հրատարակել պաշտոնական տեղեկատուն` գազետիրը, տարբեր թեմատիկայի բառարաններ, տեղեկատուներ և ցանկեր:

3.ՀՈՂԻ ԵՎ ԴՐԱ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն 2003 թվականից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 30-ի N 63 որոշմամբ սահմանված կարգով իրականացնում է անշարժ գույքի համակարգված դիտարկումներ և անշարժ գույքի շուկայի վերլուծություններ: Դրանց արդյունքում գույքահարկի բազայի ձևավորման համար բացահայտվել են անշարժ գույքի վիճակի և արժեքի վրա ազդող էական գործոնները, դուրս են բերվել բազային արժեքները, սահմանվել են գնահատման կարգերը, շենքերի, շինությունների տարածագնահատման գոտիների սահմանները, գոտիների անցման գործակիցները, բնակավայրերի հողերի օտարման նպատակով բազային գները և տարածագնահատման գոտիները:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղական համայնքներում գյուղնշանակության հողերի հարկի բազայի ձևավորման համար օգտագործվում են հողային կադաստրի ժամանակավոր արժեքներ, իսկ հասարակական և արտադրական հողերի համար` գյուղատնտեսական նշանակության հողերի միջին կշռված արժեքներ: Քաղաքային համայնքների համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանվել են բնակավայրերի հողերի միջինացված արժեքներ:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումներից հավաքագրված տեղեկատվության մշակումը, վերլուծություններն ու ուսումնասիրությունները հնարավորություն են ընձեռում իրականացնելու անշարժ գույքի և անշարժ գույքի շուկայի համակարգված դիտարկումներ, որի արդյունքները`

1) կօգտագործվեն անշարժ գույքի միասնական գնահատման մեթոդիկայի և կարգերի կատարելագործման նպատակով,

2) պարբերաբար կհրապարակվեն մամուլում ու կզետեղվեն կադաստրի պետական կոմիտեի ինտերնետային կայքում հասարակության լայն շերտերին կողմնորոշելու և հավաստի տվյալներ ունենալու համար.

3)վերլուծական նյութերը կտրամադրվեն պետական կառավարման մարմիններին` համապատասխան որոշումներ կայացնելու, կողմնորոշվելու և հավաստի տվյալներ ունենալու համար:

Ծրագրի նպատակն է`

1) անշարժ գույքի միասնական գնահատման հայեցակարգի և մեթոդիկայի մշակումը .

2) անշարժ գույքի շուկայի մասնակիցներին տեղեկատվական աջակցության ցուցաբերումը, անշարժ գույքի շուկայի վիճակի, գնային իրավիճակի մասին օբյեկտիվ և վերլուծական տեղեկատվության տրամադրումը:

4.ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ

(ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ) ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԱՄՐԱՑՈՒՄ

Համաձայն «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին», «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների, Հողային օրենսգրքի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումների, սկսած 2004 թվականից, հանրապետությունում իրականացվել են վարչատարածքային միավորների (համայնքների) վարչական սահմանների ճշգրտման և նկարագրման աշխատանքներ: Իրավական փաստաթղթերի, նախկին հողօգտագործման իրավունքի պետական ակտերի, կադաստրային քարտեզների հիման վրա ճշգրտվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բոլոր գյուղական և քաղաքային համայնքների վարչական սահմանները և նկարագրվել 1:10000 մասշտաբի, իսկ Քաշաթաղի շրջանի համայնքները` 1: 25000 մասշտաբի տեղագրական քարտեզներով:

Նշված նկարագրություններն արդեն իսկ հաստատվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների և Ստեփանակերտ քաղաքի սահմանների 1:100000 մասշտաբի տեղագրական քարտեզներով կատարված նկարագրությունները հաստատվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից: Համայնքների վարչական սահմանների իրավական ձևակերպումից հետո, գործող օրենսդրության համաձայն, անհրաժեշտ է դրանց հանգուցային և բնորոշ կետերը սահմանանիշերով ամրացնել տեղանքում և կապակցել պետական գեոդեզիական ցանցին:

Ծրագրի հիմնական նպատակն է համայնքների իրավական ձևակերպում ստացած վարչական սահմաններն ամրացնել բնության մեջ, ինչը թույլ կտա համայնքներին ունենալ պատշաճ ձևակերպված և տեղանքում ամրացված վարչական սահմաններ ու խուսափել սահմանային վեճերից:

5.ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ,

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎՈՂ (ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎՈՂ) ԱՆՇԱՐԺ

ԳՈՒՅՔԻ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ

ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ

Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը կատարվում է պետության կողմից գույքի նկատմամբ գրանցված իրավունքների պաշտպանության, կադաստրային տվյալների մատչելիության, օբյեկտիվության, անընդհատության և կենտրոնացման սկզբունքների հիման վրա:

Առաջնորդվելով պետական գրանցման այս հիմնական սկզբունքներով՝ իրավունքների պետական գրանցման ընթացքում կադաստրի համակարգը նպատակ ունի լուծել օրենսդրությամբ առաջադրված կարևոր խնդիրներ, դրանք են.

  1. իրականացնել շուրջ 9500 միավոր անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում, որից 9000 միավոր` ընթացիկ գործունեության արդյունքում, իսկ 500 միավոր` իրավունքների առաջին պետական գրանցման գործընթացի շրջանակներում.

  2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հայտերի հիման վրա կատարել շուրջ 800 միավոր գույքի, այդ թվում համայնքների վարչական սահմաններում կամ դրանցից դուրս գտնվող պետական կամ համայնքային սեփականության հողերի վրա կառուցված ինքնակամ կառույցների նկատմամբ համայնքների կամ պետության սեփականության իրավունքի պետական գրանցում.

3) գույքի և դրա նկատմամբ իրավունքների ու սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվական համակարգի ստեղծում:

Պետության կողմից գույքի նկատմամբ իրավունքների ճանաչումը ենթադրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջների ճշգրիտ և անշեղ կատարմամբ ապահովել գույքի նկատմամբ դեռևս չգրանցված իրավունքների պետական գրանցում և այս իմաստով գրանցված իրավունքների երաշխավորման խնդրով է թելադրված իրավունքների պետական գրանցման, այսինքն` գույքի նկատմամբ իրավունքների պետական ճանաչման ընթացքում օրենսդրության պահանջների ճշգրիտ և անշեղ կատարումը, առանց որի անհնար է երաշխավորել գույքի նկատմամբ գրանցված իրավունքները:

Այս տեսանկյունից կարևորագույն նշանակություն ունի նաև կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման գործընթացի արդյունավետ ավարտումը և նոր գրանցման համակարգի անցումը, որի ընթացքում կճշտվեն դրանց նկատմամբ իրավունքներն ու սահմանափակումները և յուրաքանչյուր սեփականատիրոջ անվճար կտրամադրվեն անշարժ գույքի սեփականության, օգտագործման իրավունքի գրանցման վկայականներ:

2012 թվականի ընթացքում ընդհանուր առմամբ կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումների կողմից կգրանցվի մոտավորապես 9500 միավոր գույքի նկատմամբ իրավունք, որից 9000 միավոր` ընթացիկ գործունեության արդյունքում, իսկ 500 միավոր` իրավունքների առաջին պետական գրանցման գործընթացի շրջանակներում:

6.ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՆՈՒՄ, ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՍՏԵՂԾՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական ավտոմատացված համակարգի և տեղեկատվական բանկի ստեղծման ծրագիրը մշակվել է` ելնելով «Գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 31-րդ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի 33-րդ և «Գեոդեզիայի ու քարտեզագրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածների պահանջներից: Ծրագրի իրականացման հիմնական նպատակը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ավտոմատացված համակարգի ներդրումն է:

Ծրագրի իրականացումից սպասվող հիմնական արդյունքներն են`

1) կադաստրային գործերի էլեկտրոնային արխիվացում.

2) անշարժ գույքի տվյալների, իրավահաստատող փաստաթղթերի, սեփականատերերի (օգտագործողների) տվյալների տեղեկատվական բանկ.

3) աշխատակիցների վերապատրաստում.

4) անշարժ գույքի պետական միասնական տեղեկատվական բանկի ստեղծումը.

5) անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման ժամանակի էական կրճատումը.

6) անշարժ գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության (ինչպես տարածական, այնպես էլ իրավական) տրամադրման ժամանակի զգալի կրճատումը.

7) ամբողջ հասարակության համար անշարժ գույքի տեղեկատվական բանկի մատչելիության ապահովումը.

8) անշարժ գույքի վերաբերյալ տեղեկատվության հավաստիության բարձրացումը, տվյալների փոփոխման և թարմացման անընդհատության ապահովումը.

9) անշարժ գույքի վերաբերյալ տեղեկատվության անհարկի կրկնության բացառումը:

7.ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՑԱՆՑԻ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒՄ

Նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում զբոսաշրջության զարգացման մեծ հեռանկարները և ճանապարհային ցանցի քարտեզի ստեղծման 2011 թվականին իրականացված աշխատանքների շարունակական գործընթացը, ինչպես նաև ցանցի պատկանելիության և նշանակության խնդիրները և նավիգացիոն սարքավորումների ներդրման և կիրառման բնագավառում քարտեզագրական նյութերի ոչ բավարար առկայությունը, խնդիր է առաջանում ստեղծելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի ճանապարհային ցանցի թվային ձևաչափով քարտեզ: Այս բնագավառում նշված աշխատանքների կատարումը ներկա փուլում խիստ այժմեական է:

Վերլուծելով գոյություն ունեցող իրավիճակը նախատեսվում է 2012 թվականին ավարտին հասցնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ամբողջ տարածքի ճանապարհային ցանցի քարտեզագրում թվային ձևաչափով ճանապարհների հատվածի գոտու ընդգրկմամբ և ճանապարհային ինժեներական կառույցների մանրամասը խոշորամասշտաբ քարտեզագրմամբ: Ստեղծված նյութը հնարավորություն կտա արդյունքում օգտագործել նավիգացիոն սարքավորումների ներդրման գործում, ճանապարհների և ինեժեներական կառույցների նորոգման և շահագործման ասպարեզում:

Աշխատանքների իրականացման արդյունքում ակնկալվում է ունենալ հետևյալը`

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի ճանապարհային ցանցի քարտեզը`

ա.թվային ձևաչափով.

բ. ստեղծված քարտեզի հիման վրա ստեղծել ճանապարհային կադաստր.

գ. ներդնել նավիգացիոն սարքավորումներ.

դ. դասակարգել ճանապարհային ցանցն ըստ նշանակության և պատկանելիության սպասարկման մակարդակը բարձրացնելու նպատակով.

ե. կազմել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի 1:200000 մասշտաբի ճանապարհային քարտեզ.

զ. բազային երկրատեղեկատվական համակարգի ներդրման համար ճանապարհային շերտի պատրաստ փաթեթ:

8. ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀՈՂԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների հողերի հաշվառման և հողային հաշվետվությունների կազմման աշխատանքներն իրականացվել են օգտագործելով 1972-1976 թվականներին կազմված հողաշինարարական քարտեզները և սխեմաները, ինչպես նաև համայնքների քարտեզագրման նյութերը:

Հողային ֆոնդի հաշվառումը իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի պահանջներին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 27-ի N 172 որոշմամբ հաստատված կարգով, կադաստրային քարտեզների ճշգրտման, վարչատարածքային սահմանների ամրացման աշխատանքների արդյունքում առաջացած նյութերի հիման վրա: