ԼՂՀ անկախության ձեռք բերումից հետո հանրապետությունում սկսվեց աստիճանաբար ձևավորվել անշարժ գույքի շուկան: Անշարժ գույքի նկատմամբ օտարման գործարքները սկսվեցին իրավաբանական ձևակերպումներ ստանալ և դրա հետ մեկտեղ առաջացավ անշարժ գույքի հաշվառման, բնական, տնտեսական և իրավական կարգավիճակի, տեղաբաշխման ու չափերի, դրանց որակական բնութագրերի, իրավական ռեժիմի, սեփականության և այլ գույքային իրավունքների ու դրանց սահմանափակումների պետական գրանցման, անշարժ գույքի գնահատման հավաստի տեղեկությունների համակարգի ստեղծման անհրաժեշտությունը:

Այդ գործընթացի արդյունավետ իրականացման նպատակով ժամանակակից ԼՂՀ կառավարության 1998 թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 282 որոշմամբ ստեղծվեց ԼՂՀ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչությունը: ԼՂՀ կառավարության 1998 թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 281 որոշմամբ վարչության առաջին պետ նշանակվեց Առնոդիկ Մանասի Աբրահամյանը:

1998-2003 թթ. հանրապետությունում կիրարկման մեջ դրվեց ԼՂՀ քաղաքացիական օրենսգիրքը, ընդունվեցին ԼՂՀ հողային օրենսգիրքը, գույքի նկատմամբ իրավունքների գրանցման, քաղաքաշինության մասին, գույքահարկի մասին օրենքները և այլ օրենքներ ու դրանց հիման վրա ընդունված մի շարք նորմատիվ բնույթի փաստաթղթեր, որոնցով կարգավորվեցին ու սահմանվեցին սեփականության և այլ գույքային իրավունքները, սեփականության ձեռք բերման և դադարման հիմքերը, տրվեց անշարժ գույքի միավորի, հողամասի սահմանումները, հողամասի նկատմամբ սեփականության և այլ գույքային իրավունքների առանձնահատկությունները, տարանջատվեցին և հստակեցվեցին հողի կառավարման խնդիրները, համայնքների և պետական մարմինների, պետության և մասնավորի իրավասությունները, քաղաքաշինական գործունեություն ծավալելու ընթացակարգերը, իրավունքների գրանցման ժամկետները, ներկայացվող փաստաթղթերի ցանկը, վճարները, որը համարյա ամբողջությամբ կանոնակարգեց սեփականատիրոջ կողմից անշարժ գույքի կառավարումը, գույքի արժեվորումը, փաստաթղթավորումը, գույքի նկատմամբ սեփականատիրոջ կողմից իր հայեցողությամբ տնօրինումը, տիրապետումը և օգտագործումը:

ԼՂՀ վարչապետի 2000 թ․ հուլիսի 31-ի թիվ 231 որոշմամբ վարչության նոր պետ նշանակվեց Վալերի Ալեքսանդրի Ալեքսանյանը, որը շարունակեց ղեկավարել ԼՂՀ կառավարության 2001 թ․ հուլիսի 24-ի թիվ 201 որոշմամբ վարչության հիման վրա ստեղծված ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն իր 7 տարածքային և Տեղեկատվական կենտրոն ստորաբաժանումներով,«Գեոդեզիայի, քարտեզագրության, հողաշինարարության և անշարժ գույքի գնահատման կենտրոն» ՊՈԱԿ-ով:

2009 թ․ հունվարի 17-ից ԼՂՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնը զբեղեցրել է Անդրանիկ Ռոբերտի Խաչատրյանը:

ԼՂՀ նախագահի 2011 թ․ հոկտեմբերի 31-ի հրամանագրով ԼՂՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ է նշանակվել Լևոն Ավետիսի Գրիգորյանը:

ԼՂՀ նախագահի 2012 թ. սեպտեմբերի  22-ի հրամանագրով ԼՂՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ է նշանակվել Կառլեն Ռուբենի Պետրոսյանը :

Լեռնային  Ղարաբաղի  Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 3-ի N 417-Ն որոշման համաձայն՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր  անշարժ գույքի  կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը վերակազմակերպվել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին միացման ձևով:

Նույն որոշման համաձայն՝ ԼՂՀ կառավարության աշխատակազմը հանդիսանում է ԼՂՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի իրավահաջորդը:

2015 թվականի հուլիսի 20-ին ԼՂՀ վարչապետի որոշմամբ ԼՂՀ կառավարության աշխատակազմի կառուցվածքում գործող ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի վարչության պետ նշանակվել է Մաքսիմ Մաքսիմի Ալեքսանյանը: