Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի անշարժ գույքի կադաստրի վարչությունը (այսուհետ՝ վարչություն) Արցախի Հանրապետության տարածքում մշակում և իրականացնում է անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարման բնագավառում Արցախի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:
Վարչության նպատակները և խնդիրներն են`
ա) Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարումը և կադաստրի համակարգի գործունեության ապահովումը.
բ) պետության կողմից գույքի նկատմամբ իրավունքների ճանաչումը, երաշխավորումը և պաշտպանությունը.
գ) անշարժ գույքի շուկայի կայացմանն աջակցությունը.
դ) գույքի և դրա նկատմամբ իրավունքների ու սահմանափակումների, գեոդեզիայի և քարտեզագրության մասին տեղեկատվական համակարգերի ստեղծումն ու Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկատվության կառավարումը, տվյալների մատչելիությունը, օբյեկտիվության և անընդհատության ապահովումը.
ե) իր իրավասության սահմաններում հողային քաղաքականության, հողային ռեսուրսների կառավարման սկզբունքների մշակումը, հողօգտագործման բնագավառում պետական տեսչական վերահսկողության իրականացումը.
զ) պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական նպատակային ծրագրերի մշակումն ու իրականացումը.