Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

2010 թվականի հոկտեմբերի 29-ին

Պետական գրանցման համարը 2011099

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարար

____________ Ն.Նարիմանյան

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

ՀՐԱՄԱՆ

26 հոկտեմբերի 2010 թ N 96-Ն

ք.Ստեփանակերտ

Շարժական գույքի գրավի իրավունքի, լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման և տեղեկատվության տրամադրման գործավարության կարգը հաստատելու մասին

Ղեկավարվելով «Շարժական գույքի կադաuտրի վարման, շարժական գույքի գրավի իրավունքի, լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2007 թվականի մայիսի 30-ի ՀO-46 օրենքի 4-րդ, 21-րդ և 22-րդ հոդվածների դրույթներով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 31-ի «Շարժական գույքի կադաuտրի վարման, շարժական գույքի գրավի իրավունքի, լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման լիազորությունները սահմանելու մաuին» N 356 որոշման պահանջներով ՝

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ ՝

1. Հաստատել շարժական գույքի գրավի իրավունքի, լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման և տեղեկատվության տրամադրման գործավարության կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանը uահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Մ.Ալեքսանյանին:

Կոմիտեի նախագահ Ա․ Խաչատրյան

Հավելված

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կառավարությանն առընթեր անշարժ գույքի

կադաստրի պետական կոմիտեի նախագահի

2010թ. հոկտեմբերի 26-ի

թիվ 96-Ն հրամանի

Կ Ա Ր Գ

ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ, ԼԻԶԻՆԳԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ

1. Սույն կարգով սահմանվում է շարժական գույքի գրավի և լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի (այսուհետ ՝ լիզինգ) գրանցման համար ներկայացվող դիմումների ընդունման և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` կենտրոնացված գրանցում իրականացնող Ստեփանակերտի տարածքային ստորաբաժանման, Տեղեկատվական կենտրոնի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի մյուս ստորաբաժանումների (այսուհետ` տարածքային ստորաբաժանումներ) միջև շարժական գույքի գրավի, լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման և տեղեկատվության տրամադրման գործավարության կարգը:

2. Շարժական գույքի գրավի, լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցումը իրականացվում է շարժական գույքի միասնական տեղեկատվական բանկում` կենտրոնացված կարգով, կոմիտեի աշխատակազմի Ստեփանակերտի տարածքային ստորաբաժանման կողմից, օրենքով սահմանված կարգով շարժական գույքի գրավի, լիզինգի գրանցման մատյանում համապատասխան իրավունքների ծագման, փոփոխման, դադարման գրառումների իրականացման միջոցով:

3. Շարժական գույքի գրավի կամ լիզինգի իրավունքի գրանցման և տեղեկատվության տրամադրման հետ կապված գործավարությունը իրականացվում է կոմիտեի նախագահի 2010 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 92-Ն հրամանով հաստատված ձևաթղթերով:

4. Շարժական գույքի գրավի իրավունքի կամ լիզինգի իրավունքի գրանցման և տեղեկատվության տրամադրման դիմումներն ընդունվում են կոմիտեի աշխատակազմի յուրաքանչյուր տարածքային ստորաբաժանումում` անկախ գույքի գտնվելու կամ հաշվառման վայրից:

5. Դիմումն ընդունող տարածքային ստորաբաժանման կողմից ստուգվում է դիմումի մեջ նշված տվյալների համապատասխանությունը գրանցման ներկայացված պայմանագրին, որից հետո դիմումը գրանցվում է շարժական գույքի գրավի կամ լիզինգի դիմումների գրանցման մատյանում և դիմումատուին տրվում է փաստաթղթերի ընդունման ստացական:

6. Դիմումն ընդունող տարածքային ստորաբաժանման ընդհանուր բաժնի պետը (նման հաստիքի բացակայության դեպքում` համապատասխան մասնագետը) դիմումի ներքևի աջ անկյունում դնում է ընդհանուր բաժնի դրոշմակնիքը, որի վրա լրացվում է դիմումի ընդունման ամսաթիվը, ժամը և րոպեն:

7. Կոմիտեի աշխատակազմի տարածքային այն ստորաբաժանումները, որոնք չունեն էլեկտրոնային կապ Ստեփանակերտի տարածքային ստորաբաժանման հետ, շարժական գույքի գրավի կամ լիզինգի իրավունքի գրանցման դիմումները նույն աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում են կոմիտեի աշխատակազմի Ստեփանակերտի տարածքային ստորաբաժանմանը հեռատիպով կամ ֆաքսով։

8. Կոմիտեի աշխատակազմի այն տարածքային ստորաբաժանումները, որոնք ունեն էլեկտրոնային կապ կոմիտեի աշխատակազմի Ստեփանակերտի տարածքային ստորաբաժանման հետ, տեսաներածում են դիմումները և նույն աշխատանքային օրվա ընթացքում կոմիտեի աշխատակազմի Ստեփանակերտի տարածքային ստորաբաժանմանն են ուղարկում փաստաթղթերի տեսաներածված ֆայլերը` էլեկտրոնային փոստի միջոցով:

Էլեկտրոնային կապի ժամանակավոր խափանման կամ տեխնիկական անսարքության դեպքում, սույն կետով սահմանված գործառույթն իրականացվում է սույն կարգի 7-րդ կետով սահմանված ձևով և միջոցներով:

9. Կոմիտեի աշխատակազմի Ստեփանակերտի տարածքային ստորաբաժանումը ՝ գրանցման դիմումի ընդունմանը հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում, շարժական գույքի գրավի կամ լիզինգի իրավունքի գրանցման վկայականը ուղարկում է կոմիտեի աշխատակազմի դիմումն ընդունած տարածքային ստորաբաժանում հեռատիպով, ֆաքսով կամ էլեկտրոնային փոստով ։

10. Շարժական գույքի գրավի կամ լիզինգի իրավունքի գրանցումը կատարվում է ըստ դիմումների ներկայացման հերթականության, որը որոշվում է դիմումների գրանցման մատյանում նշված` դիմումի տրման ամիս-ամսաթվով, ժամով և րոպեով:

11. Գրանցման դիմումն ընդունած տարածքային ստորաբաժանումը, բացառությամբ Ստեփանակերտի տարածքային ստորաբաժանումից, կապի միջոցներով ստացված վկայականի վերջին էջի աջ անկյունում կատարում է «Իսկականի հետ ճիշտ է» գրառումը և հավաստում է իր կնիքով ու ստորագրությամբ:

12. Գրանցման սուբյեկտները կարող են ստանալ վկայականը կոմիտեի աշխատակազմի Ստեփանակերտի տարածքային ստորաբաժանումից կամ սույն կարգի 11-րդ կետով սահմանված կարգով հավաստված վկայականը` դիմումն ընդունող տարածքային ստորաբաժանումից:

13. Շարժական գույքի գրավի կամ լիզինգի գրանցված իրավունքների վերաբերյալ տեղեկատվությունը շարժական գույքի միասնական տեղեկատվական բանկից տրամադրում են կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումները և կոմիտեի Տեղեկատվական կենտրոնը:

14. Տեղեկատվության տրամադրման դիմումն ընդունած տարածքային ստորաբաժանումները, բացառությամբ Ստեփանակերտի տարածքային ստորաբաժանումից, տեղեկատվության տրամադրման դիմումները հաղորդում են Տեղեկատվական կենտրոն սույն կարգի 7-րդ և 8-րդ կետերով սահմանված կարգով:

15. Կոմիտեի Տեղեկատվական կենտրոնը՝ տեղեկատվության տրամադրման դիմումի ընդունման աշխատանքային օրվա ընթացքում, տեղեկանքն ուղարկում է կոմիտեի աշխատակազմի տեղեկատվության տրամադրման դիմումն ընդունած տարածքային ստորաբաժանում հեռատիպով, ֆաքսով կամ էլեկտրոնային փոստով։

16. Տեղեկատվության տրամադրման դիմումն ընդունած տարածքային ստորաբաժանումը, բացառությամբ Ստեփանակերտի տարածքային ստորաբաժանման, կապի միջոցներով ստացված տեղեկանքի վերջին էջի ներքևի աջ անկյունում կատարում է «Իսկականի հետ ճիշտ է» գրառումը և հավաստում է տեղեկանքը իր կնիքով և ստորագրությամբ:

17. Կոմիտեի Տեղեկատվական կենտրոնը ստեղծում է շարժական գույքի գրավի կամ լիզինգի իրավունքի գրանցման տեղեկատվական բանկի պահուստային պատճենն արտաքին կրիչի վրա ամեն օր` աշխատանքային օրվա վերջում:

18. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ՝ շարժական գույքի գրավի և լիզինգի իրավունքի գրանցումն իրականացվում է դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում, իսկ շարժական գույքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը մեկօրյա ժամկետում:

19. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հրապարակման ենթակա չեն պետական, ծառայողական կամ առևտրային գաղտնիք պարունակող տեղեկությունները: