Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

2009 թվականի ապրիլի 09 -ին

Պետական գրանցման համարը _2010949

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարար

____________ Ն.Նարիմանյան

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

Հ Ր Ա Մ Ա Ն

«25» փետրվարի 2009 թ. թիվ 18-Կ-Ն

ք.Ստեփանակերտ

Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումից հետո հայտնաբերված սխալների ուղղման հրահանգը հաստատելու մասին

Ղեկավարվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջներով`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

1. Հաստատել «Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումից հետո հայտնաբերված սխալների ուղղման հրահանգ»- ը` համաձայն հավելվածի։

2. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի անշարժ գույքի գրանցման բաժնի պետ Մ.Ավետիսյանի վրա:

Կոմիտեի նախագահ Ա․ Խաչատրյան

Հավելված

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կառավարությանն առընթեր անշարժ գույքի

կադաստրի պետական կոմիտեի նախագահի

2009թ. փետրվարի 25-ի

թիվ 18-Կ-Ն հրամանի

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՍԽԱԼՆԵՐԻ ՈՒՂՂՄԱՆ

ԲԱԺԻՆ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն հրահանգով սահմանվում են անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն իրականացնելուց հետո հայտնաբերված սխալների ուղղման առանձնահատկությունները:

2. Իրավունքների պետական գրանցման ժամանակ թույլ տրված սխալները դասակարգվում են`

1) անշարժ գույքի նկատմամբ իրավունքի ձեռքբերումը հաստատող փաստաթղթերում նշված տվյալները գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում, կադաստրային քարտեզներում (այսուհետ՝ հիմնական փաստաթղթեր) և (կամ) իրավունքի գրանցման համապատասխան վկայականում (այսուհետ՝ վկայական) սխալ կամ թերի գրառելու, տեխնիկական վրիպակների, կատարված սխալների հետևանքով առաջացած սխալներ (այսուհետ` գրասխալներ ),

2) անշարժ գույքի նկատմամբ իրավունքի ձեռքբերումը հաստատող փաստաթղթերում տեղ գտած սխալների առկայության հետևանքով (այլ մարմինների կամ անձանց կողմից տրված փաստաթղթերի անհամապատասխանություններ և այլն) առաջացած սխալներ (այսուհետ՝ փաստաթղթային սխալներ ) :

3. Ըստ սխալների ուղղման իրավական հետևանքների, կարող են լինել`

1) իրավական հետևանքներ չառաջացնող սխալներ, որոնց ուղղումը հիմնական փաստաթղթերում չի առաջացնում անշարժ գույքի պատկանելիության և իրավունքի տեսակի փոփոխություն.

2) իրավական հետևանքներ առաջացնող սխալներ, որոնց ուղղումը հիմնական փաստաթղթերում և (կամ) վկայականում առաջացնում է անշարժ գույքի պատկանելիության, որակական կամ քանակական բնութագրերի փոփոխություն: Իրավական հետևանքներ առաջացնող սխալներ են հանդիսանում այն սխալները, որոնց ուղղումը առաջացնում է`

ա. անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունք ունեցող սուբյեկտի փոփոխություն,

բ. գրանցված իրավունք ունեցող սուբյեկտների թվի նվազեցում կամ ավելացում (օրինակ՝ գույքի պատկանելիության փոփոխություն առաջացնող սխալներ և այլն, բացառությամբ՝ գրասխալների),

գ. իրավունքի բնույթի կամ տեսակի փոփոխություն, այն է գույքի նկատմամբ գրանցված իրավունքի տեսակի (վարձակալության փոխարեն գրառվել է սեփականություն կամ հակառակը և այլն), ընդհանուր սեփականության իրավունքում բաժնեմասերի փոփոխություն առաջացնող սխալներ, որոնք հիմնավորվում են հիմնական փաստաթղթերում առկա իրավահաստատող կամ իրավունք սահմանող փաստաթղթերով:

3) Գրանցված իրավունք ունեցող սուբյեկտի փոփոխություն չի հանդիսանում անշարժ գույքի նկատմամբ իրավունքի ձեռքբերումը հաստատող փաստաթղթերում նշված տվյալների` հիմնական փաստաթղթերում կամ վկայականում սխալ կամ թերի գրառման (գրասխալ) ուղղումը, ինչպես նաև գրանցված իրավունք ունեցող սուբյեկտի անվան, ազգանվան, հայրանվան կամ անվանման գրառման մեջ կատարված այնպիսի սխալի ուղղումը, որի ուղղումը հիմնավորող և (կամ) կադաստրային գործում առկա փաստաթղթերից հնարավոր է որոշել, որ նախքան սխալի ուղղումը և սխալի ուղղումից հետո գրանցված սուբյեկտը նույն անձն է:

4. Իրավունքների պետական գրանցման ժամանակ թույլ տրված սխալների ուղղումը կարող է կատարվել`

1) ստորաբաժանման ղեկավարի նախաձեռնությամբ.

2) շահագրգիռ անձանց նախաձեռնությամբ (իրավասու մարմիններ, անձինք), որոնց կողմից հաստատված կամ ներկայացված փաստաթղթերի հիման վրա հիմնական փաստաթղթերում կատարվել է իրավունքի պետական գրանցումը.

3) անշարժ գույքի պետական ռեգիստրի նախաձեռնությամբ՝ վերադասության կարգով:

ԲԱԺԻՆ 2. ՍԽԱԼՆԵՐԻ ՈՒՂՂՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՍՏ ՍԽԱԼՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԻ ԵՎ ՍԽԱԼՆԵՐԻ ՈՒՂՂՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ

5. Սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված անշարժ գույքի նկատմամբ իրավունքի ձեռքբերումը հաստատող փաստաթղթերում նշված տվյալների` մատյանի գրանցման թերթիկում և (կամ) վկայականում սխալ կամ թերի գրառումները (գրասխալները) կարող են ուղղվել ինչպես գրանցման սուբյեկտի դիմումի հիման վրա, այնպես էլ ստորաբաժանման ղեկավարի նախաձեռնությամբ կամ վերադասության կարգով ` առանց գրանցման սուբյեկտի համաձայնության:

Եթե սխալի ուղղումն առաջացնում է իրավունքի բնույթի փոփոխություն, կարող են ուղղվել գրանցման սուբյեկտի դիմումի և նոտարական կարգով հաստատված համաձայնության կամ հայտարարության (այսուհետ` համաձայնագիր) հիման վրա կամ սույն հրահանգի 4-րդ կետով սահմանված սուբյեկտների նախաձեռնությամբ:

Եթե սխալի ուղղումն առաջացնում է պատկանելիության փոփոխություն, կարող են ուղղվել նախքան սխալի ուղղումն եղած և սխալի ուղղումից հետո իրավունք ձեռքբերող անձանց համաձայնությամբ և (կամ) սույն հրահանգի 4-րդ կետով սահմանված սուբյեկտների նախաձեռնությամբ:

Սույն կետում նշված սխալների ուղղումը սուբյեկտի կողմից համաձայնություն չտալու դեպքում, կատարվում է ստորաբաժանման ղեկավարի կողմից՝ այդ մասին եռօրյա ժամկետում գրավոր տեղյակ պահելով պետական գրանցման սուբյեկտին:

6. Ֆիզիկական անձի անվան, ազգանվան, հայրանվան կամ իրավաբանական անձի անվանման օրենսդրությամբ նախատեսված հիմքերով և կարգով փոփոխումը (տվյալ դեպքում ներկայացվում է անվան կամ անվանման փոփոխումը գրանցող մարմնի կողմից տրված համապատասխան վկայականի (քաղաքացիական կացության ակտի գրանցման վկայական կամ իրավաբանական անձի պետական գրանցման վկայական` համապատասխան ներդիրով) նոտարական կարգով վավերացված պատճենը) չի համարվում սխալի ուղղում, այլ այն գրանցվում է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված ընթացակարգով:

7. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքի ձեռքբերումը հաստատող փաստաթղթերում փաստաթղթային սխալների առկայության հետևանքով, օրինակ՝ նոտարի կամ նոտարական գործողություններ կատարելու իրավունք ունեցող անձանց կողմից պայմանագրում, համաձայնագրում, վկայագրում, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների (այսուհետ՝ իրավասու մարմին) կողմից կայացված որոշումներում կամ նախկինում կայացված որոշումներից քաղվածքներում, հողամասերի կամ շենքերի, շինությունների հատակագծերում, ինչպես նաև իրավունքի պետական գրանցման համար հիմք հանդիսացող այլ փաստաթղթերում կամ որոշումներում, վավերացումներում, հիմնական փաստաթղթերում կատարված սխալները կարող են ուղղվել սույն հրահանգի 4-րդ կետով սահմանված սուբյեկտների նախաձեռնությամբ: Ընդ որում, սխալները կարող են ուղղվել միայն փաստաթուղթը տրամադրած իրավասու մարմնի կողմից տվյալ փաստաթղթում սխալի ուղղում (փոփոխություն, լրացում) կատարելուց, իսկ եթե տվյալ տիպի փաստաթղթերում ուղղում կատարելը արգելված է, ապա նույն բովանդակությամբ նոր փաստաթուղթ տրամադրելուց հետո:

ԲԱԺԻՆ 3. ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ ՍԽԱԼՆԵՐԻ ՈՒՂՂՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

8. Շահագրգիռ անձանց նախաձեռնությամբ՝ վերջիններիս դիմումի հիման վրա, սխալի ուղղումն իրականացնելու նպատակով կատարվում են ուսումնասիրություններ, որոնց արդյունքում կազմվում է արձանագրություն, որում ներկայացվում են կատարված ուսումնասիրությունների արդյունքները, ներկայացված փաստաթղթերը, դրանց հիման վրա` պատճառաբանված եզրակացություն է տրվում սխալի ուղղումը հիմնավոր լինելու (այդ թվում` նաև սխալն ուղղելու համար անհրաժեշտ համաձայնությունների առկայության մասին) կամ սխալի բացակայության մասին: Գրասխալների կամ փաստաթղթային սխալների դեպքում` արձանագրությունը ստորագրում են գրանցման բաժնի պետը (նման հաստիքի բացակայության դեպքում գրանցման գծով մասնագետը) և ստորաբաժանման ղեկավարը:

9. Շահագրգիռ անձանց դիմումի հիման վրա իրականացված սխալների ուղղման գործառույթներն իրականացվում են դիմումի մուտքագրման օրվանից սկսած 2 աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ գործառույթի իրականացումը չի սահմանափակվում միայն գրանցման փաստաթղթերի և սխալի ուղղումը հիմնավորելու նպատակով ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությամբ: Նման դեպքում սխալն ուղղվում է ոչ ուշ, քան դիմումn ստանալու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում: Լրացուցիչ փաստաթղթերի ներկայացման և դրանց ուսումնասիրության անհրաժեշտության դեպքում սույն կետով սահմանված գործառույթի իրականացումը՝ պետական ռեգիստրի գրավոր թույլտվությամբ կարող է երկարացվել ևս 15 աշխատանքային օրով, ընդ որում, լրացուցիչ փաստաթղթերի ներկայացումից հետո սխալներն ուղղվում են ոչ ուշ քան դիմումը ներկայացնելուն հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Սույն կետով նախատեսված դեպքերում, եթե սխալի ուղղման արդյունքում առաջանում է նաև գրանցման սուբյեկտին տրամադրված վկայականում կամ կադաստրային քարտեզներում համապատասխան ուղղում կատարելու անհրաժեշտություն, ապա սույն հրահանգով սահմանված կանոններին համապատասխան ուղղումը կատարվում է նաև նշված փաստաթղթերում, իսկ գրանցման սուբյեկտի կողմից վկայականը ներկայացված չլինելու դեպքում, վերջինս գրավոր տեղյակ է պահվում գրանցման փաստաթղթերում կատարված ուղղման վերաբերյալ` առաջարկելով ուղղում կատարելու նպատակով ներկայացնել նաև վկայականի` գրանցման սուբյեկտին տրամադրված օրինակը:

Գրանցման սուբյեկտի կողմից վկայականը չներկայացնելու դեպքում տվյալ միավորի վերաբերյալ հետագա գործառույթները և միասնական տեղեկատվության տրամադրումը կասեցվում է:

10. Տարածքային ստորաբաժանման կողմից իրավունքի պետական գրանցման ժամանակ թույլ տրված` իրավական հետևանքներ առաջացնող սխալներ հայտնաբերվելու դեպքում սույն հրահանգի 8-րդ կետով սահմանված կանոններով կազմվում է արձանագրություն, որում պարտադիր նշվում են սխալի տեսակն` ըստ առաջացման պատճառների և իրավական հետևանքների, սխալի ուղղման համար անհրաժեշտ փաստաթղթերի և համաձայնությունների առկայությունը:

11. Յուրաքանչյուր ամիս հայտնաբերված և ուղղված սխալների վերաբերյալ արձանագրությունները ստորաբաժանման ղեկավարի ուղեկից զեկուցագրով, համապատասխան հիմնավորող փաստաթղթերի հետ միասին ներկայացվում են պետական կոմիտեի նախագահին, ընդ որում, զեկուցագիրը ներկայացվում է ոչ ուշ, քան յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը ներառյալ:

ԲԱԺԻՆ 4. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԹՈՒՅԼ ՏՐՎԱԾ ՍԽԱԼԻ ՈՒՂՂՈՒՄԸ ՎԵՐԱԴԱՍՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ

12. Սույն հրահանգով նախատեսված դեպքերում հիմնական փաստաթղթերում` գրանցման ժամանակ թույլ տրված սխալները կարող են ուղղվել նաև անշարժ գույքի պետական ռեգիստրի հրամանով՝ սույն հրահանգով սահմանված հիմքերով և կարգով:

13. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` պ ետական կոմիտեի) կառուցվածքային ստորաբաժանումների կողմից պետական գրանցման ժամանակ թույլ տրված սխալ հայտնաբերվելու դեպքում, սխալներն ուղղելու նպատակով պետական կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանման մասնագետների կողմից ուսումնասիրվում են կադաստրային գործում առկա փաստաթղթերը, որից հետո տվյալ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից այդ մասին երեք աշխատանքային օրվա ընթացքում պետական կոմիտեի նախագահին ներկայացվում է զեկուցագիր: Զեկուցագրի պատճենը, պետական կոմիտեի նախագահի հրամանի հետ տեղայնացվում է համապատասխան տարածքային ստորաբաժանումում:

14. Վերադասության կարգով հայտնաբերված սխալների ուղղման գործառույթն իրականացվում է սույն հրահանգի 3-րդ բաժնով սահմանված կարգով:

ԲԱԺԻՆ 5. ՍԽԱԼՆԵՐԻ ՈՒՂՂՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

15. Անշարժ գույքի նկատմամբ սեփականության (օգտագործման), գրավի (հիփոթեքի), վարձակալության իրավունքի գրանցման վկայականներում, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյաններում, ինչպես նաև գործավարության մյուս մատյաններում սխալ գրառում կատարելու դեպքում կարմիր տուշով գիծ է քաշվում սխալ գրված բառի, տառի կամ թվի վրա այնպես, որ ընթեռնելի լինի սխալ գրառումը, այնուհետև գրվում է ճիշտ բառը, տառը կամ թիվը, համարակալվում կատարված ուղղումը և «Լրացուցիչ նշումներ, փոփոխություններ» բաժնում նշվում է «N___ ուղղումը կատարվել է մեր կողմից:»: Կատարված ուղղումը և գրառումը ստորագրվում և կնիքվում է համապատասխան ստորաբաժանման ղեկավարի կողմից՝ ուղղման ամսվա, ամսաթվի, տարեթվի, ժամի և րոպեի պարտադիր նշումով:

16. Գրասխալների ուղղում նույն վկայականում թույլատրվում է կատարել առավելագույնը հինգ անգամ:

Հինգից ավելի գրառման ուղղումներ կատարելու դեպքում կազմվում է նոր վկայական՝ նախկին վկայականի առաջին էջի վերևի աջ անկյունում կատարվում է գրառում` «վկայականը համարվել է չեղյալ», կատարված գրառումը ստորագրվում և կնիքվում է ստորաբաժանման ղեկավարի կողմից:

Գրանցման սուբյեկտի կողմից ներկայացված և չեղյալ համարված վկայականը ևս կարվում է տվյալ միավորի կադաստրային գործում: