«Գրանցված է»

ԼՂՀ արդարադատության

նախարարության կողմից

«19» ապրիլի 2007թ.

Գրանցման N 657

ԼՂՀ արդարադատության նախարար

Ռ.Հայրապետյան

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

Հ Ր Ա Մ Ա Ն

11.04. 2007 թ թիվ 33-Կ

ք.Ստեփանակերտ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչման և անվանափոխման հրահանգը հաստատելու մասին

Ղեկավարվելով «Աշխարհագրական անվանումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 4, 5, 6, 12-րդ հոդվածների պահանջներով

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ

1.Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչման և անվանափոխման հրահանգը (կցվում է):

2. Հրահանգը սահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն` գրանցման:

3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը դնել կոմիտեի նախագահի տեղակալ` Ա. Ծատուրյանի վրա:

Պետական կոմիտեի նախագահ Վ.Ալեքսանյան

Հաստատված է

ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի

պետական կոմիտեի նախագահի

«11» ապրիլի 2007թ.

թիվ 33-Կ հրամանով

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՄԱՆ ԵՎ ԱՆՎԱՆԱՓՈԽՄԱՆ

Սույն հրահանգը բխում է «Աշխարհագրական անվանումների մասին» ԼՂՀ օրենքի 4, 5, 6 և 12-րդ հոդվածների դրույթներից և կանոնակարգում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների հետ կապված աշխատանքները:

1. Անվանակոչման ենթակա աշխարհագրական օբյեկտների հիմնական տեսակներն են`

— նորաստեղծ վարչական — տարածքային միավորները

— նոր բնակավայրերը

— նոր առաջացած ներբնակավայրային օբյեկտները

— անանուն կամ նորաստեղծ երկաթուղային կայարանները, օդանավակայանները, ջրամբարները, ջրանցքներն ու այլ ինժեներա-տեխնիկական կառույցները

— անանուն ֆիզիկա-աշխարհագրական օբյեկտները:

2. Աշխարհագրական օբյեկտների անվանումները նպատակահարմար է ընտրել տվյալ վայրի աշխարհագրական, պատմական, մշակութային, ազգագրական, կենցաղային և այլ պայմաններից ելնելով:Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանումները տրվում են հայերենով: Անվանումները հնարավորության սահմաններում պետք է լինեն պարզ, միաբառ, բարեհունչ և ունենան բառակազմական մեծ հնարավորություն:

3. Բնակավայրերին կարելի է տալ հետևյալ կարգի անվանումներ`

ա/ մոտակա ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների անվանումը (օրինակ` Քիրս սար և Քիրսավան գյուղ, Խաչեն գետ և Խաչեն գյուղ այլն):

բ/ այլ վայր տեղափոխված կամ լուծարված բնակավայրերի անվանումը (օրինակ` գյուղ Նոր Մարաղա, գյուղ Նոր Ղզնչի և այլն)

գ/ պատմական կամ Արևմտյան Հայաստանում գտնվող բնակավայրերի անվանումը (օրինակ` գյուղ Մուշ, Վան, Ալաշկերտ և այլն)

դ/ «նոր» որոշիչով անվանումներ (օրինակ` Նոր Այգեստան, Նոր Կարմիրավան և այլն):

4. Առանձին դեպքերում կարելի է օգտագործել պետական, ռազմական, գիտական, մշակութային և այլ նշանավոր գործիչների անուններ (օրինակ` գյուղ Վազգենաշեն, գյուղ Մադաթաշեն և այլն):

5. Բնակավայրերից դուրս գտվող երկաթագծի կայարաններին նպատակահարմար է տալ մոտակա բնակավայրի կամ ֆիզիկա-աշխարհագրական օբյեկտի անվանումը:

6. Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտներին կարող են տրվել ձևը, կառուցվածքը, չափերը, դիրքն ու այլ բնորոշ հատկանիշներ արտահայտող անվանումներ, (օրինակ` գյուղ Սառնաղբյուր, գյուղ Գետավան և այլն): Կարելի է նույն անվանումով կոչել մի քանի իրար մոտ գտնվող տարատեսակ ֆիզիկա-աշխարհագրական օբյեկտներ (օրինակ` գետ Խաչեն, գյուղ Խաչեն և այլն):

7. Նպատակահարմար չէ նույն անունով անվանակոչել միևնույն վարչական տարածքում գտնվող նույնատիպ ֆիզիկա-աշխարհագրական մի քանի օբյեկտներ:

8. Աշխարհագրական օբյեկտների անվանափոխում կարելի է կատարել`

— կրկնվող անունների դեպքում

— անբարեհունչ և օտար անունների դեպքում

— պատմական անունները վերականգնելիս

— անվանափոխված բնակավայրի տարածքում կամ մոտակայքում գտնվող նույնանուն ինժեներատեխնիկական օբյեկտների /երկաթուղային կայարաններ, օդանավակայաններ, ջրամբարներ, ջրանցքներ/ անվանափոխման և այլ դեպքերում:

9. Աշխարհագրական օբյեկտների անվանակոչման և անվանափոխման որոշումները ընդունվում են`

— ըստ վարչատարածքային միավորների և բնակավայրերի` ԼՂՀ Ազգային ժողովի կողմից

— ըստ ներբնակավայրային օբյեկտների` տեղական ինքնակառավարման մարմնի կամ Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից

— ըստ ֆիզիկա-աշխարհագրական օբյեկտների` ԼՂՀ կառավարության կողմից:

10. Աշխարհագրական օբյեկտների անվանակոչման և անվանափոխման մասին առաջարկությունները պետք է իր մեջ ընդգրկեն հետևյալ տեղեկությունները`

— օբյեկտի տեսակը /շրջան, քաղաք, գյուղ, ե/գ կայարան, օդանավակայան, ջրանցք, ջրամբար, լեռ, գետ, լիճ, լեռնանցք, լեռնագրական այլ տարր/

— օբյեկտի ճշգրիտ դիրքը /շրջան, համայնք անհրաժեշտ կողմնորոշիչ օբյեկտներ, անհրաժեշտության դեպքում` կոորդինատներ/

— օբյեկտի գործող անվանումը

— առաջարկվող անվանումը

— առաջարկվող անվան հիմնավորումը

— տվյալ վարչատարածքային միավորի ներսում նույնանուն օբյեկտների առկայությունը

— անվանումն առաջարկող կազմակերպության անվանումը:

11. Եթե որպես աշխարհագրական օբյեկտի անվանում առաջարկվում են նշանավոր մարդկանց անուններ, ապա անվանակոչման մասին միջնորդագրին պետք է կցվեն նաև իրավասու մարմնի կողմից հաստատված համառոտ տեղեկանքներ այդ անձանց կյանքի,

գործունեության, ինչպես նաև նրանց ժառանգների (եթե գոյություն ունեն) համաձայնության մասին:

12. Եթե անվանումները առաջարկվում են ֆիզիկա-աշխարհագրական օբյեկտների համար, ապա անվանակոչման մասին միջնորդագրին անհրաժեշտ է կցել նաև տվյալ տարածքի քարտեզ-սխեման, որտեղ պատկերված է այդ օբյեկտը:

13. Առաջարկությունները ներկայացվում են ըստ տվյալ աշխարհագրական օբյեկտի գտնվելու վայրի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համապատասխան շրջվարչակազմի ղեկավարներին կամ Ստեփանակերտի քաղաքապետին: Եթե աշխարհագրական օբյեկտը գտնվում է երկու կամ ավելի շրջանների տարածքում կամ սահմանագծում, ապա անվանակոչման կամ անվանափոխման մասին առաջարկությունները պետք է համաձայնեցվեն տվյալ շրջվարչակազմերի հետ: Տարաձայնությունների դեպքում կադաստրի պետական կոմիտեն մասնագիտական հանձնաժողովի հետ համատեղ քննարկում է բոլոր առաջարկները և դրական եզրահանգման դեպքում ընդունված տարբերակը ներկայացնում է ԼՂՀ կառավարություն` որոշում կայացնելու համար:

14. Կադաստրի պետական կոմիտեի կամ մասնագիտական հանձնաժողովի կողմից աշխարհագրական օբյեկտների անվանակոչման կամ անվանափոխման մասին առաջարկը մերժվելու դեպքում այն կարող է կրկին քննարկվել հիմնավորող լրացուցիչ նյութերի և տվյալների տրամադրումից հետո:

15. Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ներբնակավայրային օբյեկտների անվանակոչման կամ անվանափոխման անհրաժեշտության դեպքում համապատասխան նյութերը ներկայացվում են կադաստրի պետական կոմիտե հաշվառման համար:

16. ԼՂՀ աշխարհագրական օբյեկտների անվանակոչված կամ անվանափոխված անվանումների հաշվառումն ու գրանցումը իրականացվում է համապատասխան մատյաններում, որոնց ձևաթղթերը սահմանվում են կադաստրի պետական կոմիտեի կողմից:

17. ԼՂՀ աշխարհագրական օբյեկտների հաշվառված և գրանցված անվանումները հավաքվում են կադաստրի պետական կոմիտեի տեղեկատվական բանկում /պետական քարտադարանում/, որի տվյալների հիման վրա պարբերաբար հրատարակվում են ԼՂՀ աշխարհագրական անվանումների պաշտոնական տեղեկատուն /գազետիրը/, ընդհանուր և թեմատիկ բառարանները, այլ տեղեկատուներ և ցանկեր:

18. Նոր անվանակոչվող, ինչպես նաև արդեն գոյություն ունեցող անվանումների նկատմամբ պարտադիր պահանջներից է անվանումների ճշգրիտ և անփոփոխ գրառումը բոլոր տեսակի պաշտոնական փաստաթղթերում, տեղեկատուներում և այլ հրատարակչական նյութերում: