ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

Հ Ր Ա Մ Ա Ն

12 մայիսի_2003թ N 96-Կ

ք.Ստեփանակերտ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հրահանգը հաստատելու մասին

Ղեկավարվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի պահանջներով, համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կանոնադրության 9-րդ կետի «ի» ենթակետի

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ

1. Հաստատել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի

պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հրահանգ»-ը /կցվում է/:

2.Հրահանգը սահմանված կարգով ներկայացնել ԼՂՀ արդարադատության պետական վարչություն` գրանցման:

3. ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներին` գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ընթացքում խստորեն ղեկավարվել հրահանգի պահանջներով:

4.Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի գրանցման բաժնի պետ Բ. Հարությունյանի վրա:

5. Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության 2001թվականի նոյեմբերի 9-ի «Անշարժ գույքի սեփականության /օգտագործման, իրավունքի, գրավի /հիփոթեքի/ և վարձակալության իրավունքի գրանցման վկայականների լրացման և կադաստրային գործի վարման /ձևակերպման/ վերաբերյալ մեթոդական ցուցումների մասին» թիվ 30-01/01 հրամանը:

Պետական կոմիտեի նախագահ Վ.Ալեքսանյան

«Գրանցված է»

ԼՂՀ արդարադատության պետական

վարչություն կողմից

2003թվականի 29 մայիսի

Գրանցման N 190

ԼՂՀ արդարադատության պետվարչության պետ

______________Ռ.Հայրապետյան

Հաստատված է

ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի

2003թվականի _______________ _____-ի

թիվ __________ հրամանով

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման

Առաջին բաժին

Գլուխ 1. Ընդհանուր դրույթներ

1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 5 հոդվածի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այլ իրավական ակտերի համաձայն՝ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն՝ իր տարածքային ստորաբաժանումների միջոցով:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի /այսուհետ՝ կոմիտե/ տարածքային ստորաբաժանումները /այսուհետ՝ ստորաբաժանում/ իրենց գործունեության ընթացքում ղեկավարվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով և այլ նորմատիվ իրավական ակտերով, կոմիտեի նախագահի հրամաններով և սույն հրահանգով, ինչպես նաև գերատեսչական նորմատիվ այլ իրավական ակտերով:

3. Պետական գրանցման համակարգի հիմնական փաստաթղթերն են՝

ա/ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանը /այսուհետ՝ միասնական մատյան/,

բ/ կադաստրային քարտեզը /հատակագիծը/,

գ/ անշարժ գույքի յուրաքանչյուր միավորի համար կազմված կադաստրային գործը /այսուհետ՝ կադաստրային գործ/:

4. Պետական գրանցման սուբյեկտներն են՝

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, համայնքները, քաղաքացիները, իրավաբանական անձինք, օտարերկրյա պետությունները և միջազգային կազմակերպությունները, օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձինք, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք:

5. Պետական գրանցման օբյեկտներն են՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում առկա գույքի նկատմամբ /անկախ սեփականության ձևից/ սեփականության և այլ գույքային իրավունքները, այդ իրավունքների սահմանափակումները, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում այլ իրավունքները, դրանց ծագումը, փոխանցումը, փոփոխումը, դադարումը:

6. Պետական գրանցման ենթակա են գույքի նկատմամբ սեփականության, օգտագործման, գրավի, սերվիտուտի, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում՝ այլ իրավունքների ծագումը, փոփոխումը և դադարումը:

7. Գույքի և դրա նկատմամբ իրավունքների ու սահմանափակումների փոփոխության հետ կապված ցանկացած գործարք պետք է ներկայացվի ստորաբաժանում՝ իրավունքների պետական գրանցման համար գործարքի կնքման /կողմերի ստորագրման/ օրվանից սկսած 30-օրյա ժամկետում: Գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման պահանջը չպահպանելը հանգեցնում է դրանց անվավերության, նման գործարքները համարվում են առոչինչ:

8. Անշարժ գույքի նկատմամբ որևէ առանձին իրավունք չի գրանցվում, եթե գրանցված չէ տվյալ գույքի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունքը:

9. Անշարժ գույքի որևէ մասի նկատմամբ իրավունքները չեն կարող ստանալ պետական գրանցում, եթե սեփականատերը, օգտագործողը նախօրոք՝ օրենսդրությամբ սահմանված կարգով անշարժ գույքը չի բաժանել առանձին միավորների, կամ չկա դատարանի վճիռ /որոշում/:

10. Բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձինք գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վերաբերյալ համարվում են տեղեկացված, անկախ նրանից` իրականում նրանք տեղյակ են այդ իրավունքների մասին, թե ոչ: Գույքի նկատմամբ իրավունքները, որոնք նշվում են այլ փաստաթղթերում, բացի անշարժ գույքի պետական գրանցման միասնական մատյանի գրանցման թերթիկներից, չեն համարվում ճանաչված և գրանցված:

11. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցումն իրականացվում է պետական հաշվառման տվյալների և պետական գրանցման սուբյեկտների դիմումներով ներկայացված անշարժ գույքի նկատմամբ իրավունքը /իրավունքի ծագումը, փոփոխումը, դադարումը/ հաստատող փաստաթղթերի հիման վրա:

Գլուխ 2. Գործավարության կարգը

Գործավարությունը տարածքային ստորաբաժանումներում իրականացվում է համաձայն ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2002թվականի հունիսի 13-ի թիվ 31-01/01 հրամանով հաստատված և ԼՂՀ արդարադատության պետական վարչության կողմից 2002թվականի հունիսի 18-ին գրանցված /գրանցման N156/ «ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում գործավարության կազմակերպման հրահանգ»-ով սահմանված կարգի:

Երկրորդ բաժին

Գլուխ 3. Պետական գրանցման իրականացումը

1. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքները համարվում են գրանցված՝ ստորաբաժանման ղեկավարի կողմից անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանի/ըստ սեփականության ձևի/ համապատասխան մասում ստորագրելու պահից:

2. Պետական գրանցումը կատարվում է կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում՝ ըստ անշարժ գույքի գտնվելու վայրի:

3. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումն իրականացվում է դիմումը ստորաբաժանում ներկայացնելու օրվանից սկսած 15 աշխատանքային օրվա ընթացքում:

4. Դիմումատուի պատվերով պետական գրանցումը կարող է կատարվել նաև 12, 8, 5 օրվա ընթացքում՝ համապատասխանաբար պետական գրանցման վճարների նկատմամբ կիրառելով 1.5; 2; 3 գործակիցներ:

5. Ստորաբաժանում դիմումին կից ներկայացվում է «Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքով սահմանված՝ տվյալ գործարքի համար նախատեսված պետական տուրքի վճարման անդորրագիրը:

6. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար պետական տուրքի գանձումը և հաշվառումն իրականացվում է ԼՂՀ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության 2000թվականի օգոստոսի 21-ի թիվ 14-01/01 հրամանով հաստատված կարգի համաձայն:

7. Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վերաբերյալ ավելի վաղ ներկայացված դիմումներն ունեն առաջնություն ավելի ուշ ներկայացված դիմումների համեմատ: Գրանցված իրավունքները, այդ թվում՝ գրավը և հիփոթեքը, սահմանված ժամկետում ներկայացված, սակայն դեռևս չգրանցված իրավունքների նկատմամբ ունեն գերակայություն:

Օրինակ՝ եթե քաղաքացին, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում կատարելու համար դիմելով ստորաբաժանում, ներկայացրել է առուվաճառքի պայմանագիր՝ գրանցման ժամկետ նշելով 15 օր, որից հետո միևնույն անշարժ գույքի օտարման վերաբերյալ այլ քաղաքացու կողմից ներկայացվել է մեկ այլ պայմանագիր, ապա անկախ պետական գրանցման համար դիմումներում նշված ժամկետներից, հիմք է ընդունվում ավելի վաղ ներկայացված դիմումը, իսկ ավելի ուշ ներկայացրած դիմումատուի խնդրանքը մերժվում է՝ նշելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ԼՂՀ օրենքի 23 հոդվածի պահանջները:

Գլուխ 4. Անշարժ գույքի նկատմամբ կատարվող գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման առանձնահատկությունները

1. Ընդհանուր կանոններ

1. Գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն /ԼՂՀ քաղ.օր. 289հոդվ./:

2. Գործարքները կարող են լինել նաև պայմանով կնքված /ԼՂՀ քաղ.օր. 293 հոդվ./: Պետական գրանցման սուբյեկտների կողմից պայմանով կնքված գործարքից ծագող իրավունքների պետական գրանցման համար սահմանված կարգով դիմում ներկայացնելու դեպքում, այն ընդունվում է, սակայն դիմումի ընթացքը կասեցվում է մինչև գործարքում նշված պայմանի իրականացումը, որի մասին սահմանված կարգով և ժամկետներում պատասխան գրությամբ դիմողը տեղյակ է պահվում: Պատասխան գրությունում նշվում է նաև, որ տվյալ պայմանի իրականացումից հետո դիմողը կարող է կրկին դիմել ստորաբաժանում՝ նախորդ դիմումին ընթացք տալու խնդրանքով, ընդ որում՝ նոր դիմումին կից պետք է ներկայացվի պայմանի իրականացված լինելը հավաստող փաստաթուղթ /փաստաթղթեր/:

3. Օտարման պայմանագրերից ծագող իրավունքների պետական գրանցումից հետո, կողմերի համաձայնությամբ տվյալ պայմանագրում կատարված փոփոխություններն իրավունքների պետական գրանցման հիմք հանդիսանալ չեն կարող: Օրինակ՝ քաղաքացի Ա-ն իր տունը վաճառել է քաղաքացի Բ-ին 02.04.2000թ. առուվաճառքի պայմանագրով, որից ծագող իրավունքներն ստացել են պետական գրանցում: Այնուհետև` քաղաքացիներ Ա-ի և Բ-ի միջև կնքվել է համաձայնագիր ի փոփոխումն 02.04.2000թ. պայմանագրի, ըստ որի պետք է օտարվի ոչ թե ամբողջ տունը, այլ դրա մի մասը, կամ կողմերի համաձայնությամբ լուծվել է պայմանագիրը: Նման համաձայնությունը ենթակա չէ պետական գրանցման:

4. Անշարժ գույքի օտարման /առուվաճառք, նվիրատվություն, փոխանակություն, մասնավորեցում, ապապետականացում/ և այլ պայմանագրերը, որոնցից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման, կնքված են համարվում համապատասխան իրավունքների պետական գրանցման պահից: Պայմանագիրը պետք է համապատասխանի այն կնքելու պահին գործող օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված կանոններին:

5. Եթե պայմանագիրը կնքելուց հետո ընդունվել է օրենք, որը սահմանում է կողմերի համար պարտադիր այլ կանոններ, քան պայմանագիրը կնքելիս գործող կանոնները, ապա կնքված պայմանագրի պայմանները պահպանում են իրենց ուժը, բացի այն դեպքերից, երբ օրենքում սահմանված է, որ դրա գործողությունը տարածվում է նախկինում կնքված պայմանագրերից ծագող հարաբերությունների վրա/ԼՂՀ քաղ.օր. 438հոդվ/:

2. Հավատարմագրային կառավարման պայմանագրերից ծագող իրավունքների պետական գրանցում

1. Գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրով մեկ կողմը /կառավարման հիմնադիրը/ որոշակի ժամկետով գույք է հանձնում մյուս կողմի /հավատարմագրային կառավարչի/ հավատարմագրային կառավարմանը, իսկ մյուս կողմը պարտավորվում է այդ գույքի կառավարումն իրականացնել ի շահ կառավարման հիմնադրի կամ նրա նշած անձի /շահառուի/ /ԼՂՀ քաղ.օր. 954 հոդվ/:

2. Հավատարմագրային կառավարիչը կարող է լինել միայն անհատ ձեռնարկատեր կամ առևտրային կազմակերպություն, բացառությամբ այն դեպքերի, երբ գույքի հավատարմագրային կառավարումն իրականացվում է օրենքով նախատեսված հիմքերով /ԼՂՀ քաղ.օր. 957 հոդվ/:

3. Գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրում պետք է նշվեն՝

ա/ հավատարմագրային կառավարման հանձնված գույքի կազմը.

բ/ իրավաբանական անձի անվանումը կամ քաղաքացու անունը՝ ի շահ որի իրականացվում է գույքի կառավարումը.

գ/ կառավարչի վարձատրության չափը և ձևը, եթե պայմանագրով նախատեսված է վարձատրություն.

դ/ պայմանագրի գործողության ժամկետը /պետք է լինի ոչ ավելի, քան հինգ տարի ժամկետով/:

Պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց հետո, այն դադարեցնելու մասին կողմերից որևէ մեկի դիմումի բացակայության դեպքում, պայմանագիրը համարվում է երկարաձգված այն ժամկետով և պայմաններով, որոնք նախատեսված են պայմանագրով /ԼՂՀ քաղ.օր. 958 հոդվ./:

4. Հավատարմագրային կառավարման հանձնված գույքն առանձնացվում է կառավարման հիմնադրի այլ գույքից, ինչպես նաև հավատարմագրային կառավարչի գույքից /ԼՂՀ քաղ.օր. 960 հոդվ/: Ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքում բաժնեմասը չի կարող լինել հավատարմագրային կառավարման պայմանագրի առանձին օբյեկտ:

5. Հավատարմագրային կառավարման իրավունքի գրանցման դեպքում տրվում է անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման վկայական: Վկայականում և միասնական մատյանում «իրավունքի տեսակը» տողերում նշվում է «Հավատարմագրային կառավարում»:

3. Անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրերից

ծագող իրավունքների պետական գրանցում

1. Առուվաճառքի պայմանագրում պետք է նշվեն տվյալներ, որոնք հնարավորություն են տալիս որոշակիորեն սահմանելու գնորդին՝ պայմանագրով փոխանցման ենթակա անշարժ գույքը, ներառյալ՝ համապատասխան հողամասում կամ այլ անշարժ գույքի կազմում անշարժ գույքի դիրքը որոշող տվյալներ /ԼՂՀ քաղ.օր 566 հոդվ/:

2. Առուվաճառքի պայմանագիրը պետք է պարտադիր պարունակի պայմանագրի առարկա հանդիսացող անշարժ գույքի՝ կողմերի համաձայնությամբ նախատեսված վաճառքի գինը:

Պայմանագրում վերը նշված պայմանների բացակայության դեպքում համապատասխան պայմանագիրը համարվում է չկնքված:

3. Անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցումը միասնական մատյանում կատարվում է հետևյալ կերպ՝ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով անշարժ գույքի սեփականատիրոջ փոփոխման դեպքում տվյալ գույքի գրանցման թերթիկի «Անշարժ գույքի միավորի նկատմամբ իրավունքներ»-ը բաժնի՝ ըստ անշարժ գույքի՝ հողամաս, շենքեր, շինություններ ենթաբաժիններում սեփականատիրոջ /օգտագործողի/ ազգանունը, անունը /անվանումը/ սյունակում նախկին սեփականատիրոջ անվան, ազգանվան /անվանման/ վրա կարմիր տուշով գիծ է քաշվում, նոր տողից գրվում է նոր սեփականատիրոջ ազգանունը, անունը/անվանումը/, նույն ենթաբաժնի մյուս սյունակներում լրացվում է նոր սեփականատիրոջ բնակվելու /գտնվելու/ վայրը, նշվում է իրավունքի տեսակը և գործողության ժամկետը, եթե բաժնային սեփականություն է՝ բաժնեմասի չափը կամ տոկոսը, իսկ տողի վերջում տվյալ ստորաբաժանման ղեկավարը գրում է իր ազգանունը և ստորագրում՝ նշելով նաև ամիսը, ամսաթիվը:

4. Եթե սեփականատերը ցանկանում է օտարել իրեն պատկանող անշարժ գույքի մասը, ապա նախօրոք օրենսդրությամբ սահմանված կարգով պետք է տվյալ գույքը բաժանի առանձին միավորների, որոնց նկատմամբ իրավունքների պետական գրանցումից հետո նոր օտարի արդեն առանձնացված միավորը:

5. Անշարժ գույքի նվիրատվության և փոխանակման պայմանագրերից ծագող իրավունքների պետական գրանցումն իրականացվում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման կարգով:

Արգելվում է՝

— մանկահասակների և անգործունակ ճանաչված քաղաքացիների անունից նրանց օրինական ներկայացուցիչների կատարած նվիրատվությունը .

— պետական, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողներին՝ նրանց պաշտոնական դիրքի կամ ծառայողական պարտականությունների կատարման առնչությամբ նվիրատվությունը .

— առևտրային կազմակերպությունների միջև հարաբերություններում նվիրատվությունը /ԼՂՀ քաղ.օր. 598հոդվ/:

4. Ընդհանուր սեփականություն հանդիսացող անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրերից ծագող իրավունքների պետական գրանցում

1. Ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրում պետք է պարտադիր նշվեն բոլոր համասեփականատերերի անունները /անվանումները/ կամ տեղեկություն լինի նրանց համաձայնության վերաբերյալ:

2. Եթե անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով գույքը գնել են մեկից ավելի անձինք, ապա տվյալ պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման ժամանակ համապատասխան գրանցման թերթիկում «սեփականատիրոջ /օգտագործողի/ անունը /անվանումը/» սյունակում նշվում են բոլոր սեփականատերերի անունները, իսկ մյուս սյունակներում լրացումները կատարվում են սույն հրահանգով սահմանված կարգով:

3. Եթե ամուսինները, որոնցից մեկն օտարերկրյա քաղաքացի է, անշարժ գույք են ձեռք բերել համատեղ սեփականության իրավունքով, ապա իրավունքի պետական գրանցումը կատարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների համար նախատեսված անշարժ գույքի պետական գրանցման միասնական մատյանում: Եթե օրենքով թույլատրվող հիմքերով անձին որպես սեփականություն անցել է /այդ թվում ժառանգության հիման վրա/ այնպիսի գույք, որն օրենքի ուժով չի կարող պատկանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձին /օրինակ՝ հողամաս/, ապա իրավունքի պետական գրանցումը կատարվում է նույն կարգով, միաժամանակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձը տեղյակ է պահվում սեփականության իրավունքի ծագման պահից մեկ տարվա ընթացքում գույքը /տվյալ դեպքում՝ հողամասը/ օտարելու մասին, եթե այլ ժամկետ նախատեսված չէ օրենքով: Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձն է /առանց համատեղ սեփականության իրավունքի/ ձեռք բերել նման գույք, ապա պետական գրանցումը կատարվում է միասնական 5-րդ մատյանում: Տվյալ դեպքում միասնական մատյանի թերթիկի «Լրացուցիչ նշումներ» բաժնում նշում է կատարվում հողամասը մեկ տարվա ընթացքում օտարելու վերաբերյալ: Նշված դեպքերում մեկ տարվա ժամկետում գույքը չօտարվելու դեպքում պետական մարմնի դիմումի հիման վրա կայացված դատարանի վճռով գույքը վաճառվում է հարկադիր կարգով և ստացված գումարը հանձնվում է նախկին սեփականատիրոջը կամ գույքը վերածվում է պետական սեփականության՝ նախկին սեփականատիրոջը հատուցելով գույքի արժեքը /ԼՂՀ քաղ.օր. 282հոդվ/:

4. ԼՂՀ օրենսդրության պահանջների համաձայն ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ նրանց միջև կնքված պայմանագրով /ԼՂՀ քաղ.օր. 201հոդվ/:

Մինչև ամուսնությունն ամուսիններից յուրաքանչյուրի գույքը, ինչպես նաև ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի նվեր կամ ժառանգություն ստացած գույքը նրա սեփականությունն է /ԼՂՀ քաղ.օր. 201հոդվ/:

Եթե ամուսիններից մեկի անունով գրանցված է համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված անշարժ գույք և մյուս ամուսինը դիմելով կոմիտեի համապատասխան ստորաբաժանում, ցանկանում է իրեն գրանցել տվյալ անշարժ գույքի համասեփականատեր, ապա ղեկավարվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ԼՂՀ օրենքի 41 հոդվածի պահանջներով, դիմումատուի պահանջը կարող է բավարարվել, եթե վերջինս անշարժ գույքի սեփականատեր հանդիսացող ամուսնու հետ միասին ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը՝

ա/ ամուսինների համատեղ դիմում՝ պետական գրանցում կատարելու մասին.

բ/ տվյալ անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման վկայականը.

գ/ ամուսնության վկայականի պատճենը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված:

5. Աճուրդի արդյունքների հիման վրա կնքված առուվաճառքի պայմանագրերից ծագող իրավունքների պետական գրանցում

Եթե առուվաճառքի պայմանագիրը կնքվել է աճուրդի արդյունքների հիման վրա, ապա աճուրդի միջոցով անշարժ գույք ձեռք բերած անձը, անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի հետ միասին/նոտարական վավերացմամբ/ ներկայացնում է նաև աճուրդ անցկացնելու մասին որոշումը և դրա արդյունքների վերաբերյալ արձանագրությունը:

Եթե աճուրդը կայացել է դատարանի վճռի, որոշման, դատավճռի հիման վրա, ապա աճուրդում հաղթած անձի կողմից ներկայացվում է առուվաճառքի պայմանագիրը, աճուրդի արդյունքների վերաբերյալ արձանագրությունը:

Պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրին պետք է կցված լինի նաև անշարժ գույքի հատակագիծը՝ հաստատված լիազորված մարմնի կողմից, բացառությամբ դատարանի վճռի /որոշման/ հիման վրա իրականացված անշարժ գույքի օտարման գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման ժամանակ:

6. Հողամասի նկատմամբ իրավունքը փոխանցելը դրա վրա գտնվող շենքը կամ շինությունն օտարելիս

1. Շենքի, շինության կամ այլ անշարժ գույքի օտարման պայմանագրով գնորդին՝ այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցելու հետ միաժամանակ փոխանցվում են հողամասի այն մասի նկատմամբ իրավունքները, որն զբաղեցված է այդ անշարժ գույքով և անհրաժեշտ է այն օգտագործելու համար, եթե այլ բան նախատեսված չէ անշարժ գույքի օտարման մասին պայմանագրով/ԼՂՀ քաղ.օր. 564հոդվ/:

2. Վաճառողին սեփականության իրավունքով չպատկանող հողամասում գտնվող անշարժ գույքի վաճառքը թույլատրվում է առանց այդ հողամասի սեփականատիրոջ համաձայնության, եթե դա չի հակասում նման հողամասի օգտագործման համար օրենքով կամ պայմանագրով սահմանված պայմաններին: Այդպիսի անշարժ գույքի վաճառքի դեպքում գնորդն օգտագործման իրավունք է ձեռք բերում հողամասի համապատասխան մասի նկատմամբ նույն պայմաններով և ծավալով, ինչ ուներ անշարժ գույքի նախկին սեփականատերը:

3. Հողամասի նկատմամբ սեփականության իրավունքն այլ անձի փոխանցելը հիմք չէ այդ հողամասի վրա գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ հողամասի օգտագործման իրավունքը փոփոխելու կամ դադարելու համար/ԼՂՀ քաղ.օր. 207հոդվ/:

Օրինակ՝ եթե վարձակալության իրավունքով օգտագործվող հողամասում գտնվող, քաղաքացուն սեփականության իրավունքով պատկանող շենքը վաճառվում է, ապա նոր սեփականատիրոջն է փոխանցվում նաև հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքը, տվյալ դեպքում շենքի նոր սեփականատիրոջ անունով նույն պայմաններով գրանցվում է հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքը:

7. Հողամասի վրա գտնվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքը հողամասը օտարելիս

Այն դեպքում, երբ հողամասը, որի վրա գտնվում է վաճառողին պատկանող շենքը, շինությունը կամ այլ անշարժ գույքը, վաճառվում է առանց այդ անշարժ գույքը գնորդի սեփականությանը փոխանցելու, վաճառողը վաճառքի պայմանագրով որոշված պայմաններով պահպանում է հողամասի այն մասի օգտագործման իրավունքը, որն զբաղեցված է այդ անշարժ գույքով և անհրաժեշտ է այն օգտագործելու համար /ԼՂՀ քաղ.օր. 565 հոդվ/:

Եթե սեփականատերը ցանկանում է վաճառել սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասում գտնվող շենքը, պահպանելով հողամասի նկատմամբ իր սեփականության իրավունքը, ապա անհրաժեշտ է տվյալ շենքը և հողամասը նախօրոք բաժանել և գրանցել որպես առանձին միավորներ /տվյալ դեպքում նախկին գրանցման թերթիկը փակվում է և բացվում են գրանցման երկու առանձին թերթիկ/: Եթե պայմանագրում նշված է սերվիտուտի մասին, ապա «Սերվիտուտ, իրավունքի ձեռք բերում և դադարում» ենթաբաժնում կատարվում է համապատասխան լրացում:

8. Ռենտայի պայմանագրերից ծագող իրավունքների պետական գրանցում

1. Ռենտայի պայմանագրով մի կողմը /ռենտա ստացողը/ մյուս կողմին /ռենտա վճարողին/ սեփականության իրավունքով հանձնում է գույք, իսկ ռենտա վճարողը պարտավորվում է ստացողին այդ գույքի դիմաց պարբերաբար վճարել ռենտա՝ որոշակի գումար /ԼՂՀ քաղ. օր.571 հոդվ./:

2. Ռենտայի վճարի դիմաց օտարվող գույքը ռենտա ստացողի կողմից կարող է վճարով կամ անվճար, որպես սեփականություն, հանձնվել ռենտա վճարողին /ԼՂՀ քաղ.օր. 574 հոդվ./:

Օրինակ՝ քաղաքացի Ա-ն /ռենտա ստացողը/ քաղաքացի Բ-ին /ռենտա վճարողին/ սեփականության իրավունքով հանձնում է իր բնակելի տունը 250,0 հազար դրամի դիմաց կամ անվճար, իսկ Բ-ն պարտավորվում է քաղաքացի Ա-ին այդ բնակելի տան դիմաց յուրաքանչյուր օրացուցային եռամսյակի վերջում վճարել 10,0 հազար դրամ:

3. Հողամասը կամ այլ անշարժ գույքը ռենտայի դիմաց հանձնելու դեպքում ռենտա ստացողն այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում գրավի իրավունք՝ ի ապահովումն իր հանդեպ ռենտա վճարողի պարտավորության կատարման /ԼՂՀ քաղ.օր. 576 հոդվ./:

4. Ռենտայի պայմանագրով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման հետ միասին պետական գրանցում է ստանում նաև տվյալ գույքի նկատմամբ ռենտա ստացողի գրավի իրավունքը և վերջինիս տրվում է գրավի /հիփոթեքի/ իրավունքի գրանցման վկայական:

Եթե գույքը մնում է ռենտա ստացողի տիրապետման և օգտագործման ներքո, ապա պետությունը կամ համայնքը պայմանագրի մեկ կողմում չեն կարող հանդես գալ որպես ռենտա վճարող:

5. Մշտական ռենտա ստացողներ կարող են լինել միայն քաղաքացիները, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպությունները, եթե դա չի հակասում օրենքին և համապատասխանում է նրանց գործունեության նպատակներին /ԼՂՀ քաղ.օր. 579հոդվ/, իսկ ցմահ ռենտա ստացողներ՝ միայն քաղաքացիները /ԼՂՀ քաղ.օր. 585հոդվ/:

9. Ընդերքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում

1. Ընդերքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բացառիկ սեփականությունն է, որը կարող է տրվել օգտագործման իրավունքով և սեփականաշնորհման ենթակա չէ: Ընդերքի տեղամասերը չեն կարող հանդիսանալ առք ու վաճառքի, գրավի առարկա կամ օտարվել այլ ձևով: Ընդերքօգտագործման իրավունքը կարող է օտարվել կամ անցնել մեկ օգտագործողից մյուսին՝ ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով /ԼՂՀ ընդերքի մասին օրենսգրքի 4 հոդվ/: Ընդերքօգտագործողներ են համարվում ԼՂՀ օրենքներով և իրավական այլ ակտերով թույլտվություն ունեցող իրավաբանական անձինք /այդ թվում օտարերկրյա/ և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները:

2. Ընդերքի նկատմամբ իրավաբանական անձի օգտագործման իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ է կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանում սահմանված ժամկետում ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

2.1. Արտոնագիր : Օգտակար հանածոների արդյունահանման համար ընդերքը օգտագործման է տրվում ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում ընդերքօգտագործում տրամադրող լիազորված պետական մարմինների միջոցով ընդերքի օգտագործման իրավունք հաստատող փաստաթղթերին համապատասխան, որոնք տալիս են թույլտվություն /արտոնագիր/:

2.2. Պայմանագիր ՝ վավերացված պետնոտարի կողմից: Տրված թույլտվությունների /արտոնագրերի/ հիման վրա ընդերքից օգտվողի և հատկապես լիազորված մարմնի միջև կնքվում է պայմանագիր՝ սահմանված կարգով: Պայմանագրում պետք է նախատեսվեն՝

ա/ կողմերի պարտականությունները.

բ/ ընդերքից օգտվելու ժամկետներն ու պայմանները.

գ/ վարձի չափը և դրա մուծման կարգը.

դ/ օրենսդրությամբ սահմանված այլ պայմաններ.

2.3. Լեռնահատկացման փաստաթղթեր : Լեռնահատկացմամբ որոշվում են օգտակար հանածոների արդյունաբերական շահագործման և ստորերկրյա կառույցների շինարարության համար տրվող ընդերքի մասի սահմանները: Լեռնահատկացումը ձևակերպվում է համապատասխան ակտով, որը տալիս է ընդերքից օգտվելու աշխատանքներն սկսելու իրավունք:

2.4. Օգտակար հանածոներ արդյունահանող ձեռնարկությունների և օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ստորերկրյա կառույցների նախագիծ՝ կազմված և հաստատված իրավասու մարմինների կողմից:

2.5. Հողի հատկացման համապատասխան որոշում՝ ընդունված իրավասու մարմինների կողմից:

2.6. Հողի օգտագործման պայմանագիր՝ վավերացված պետնոտարի կողմից:

2.7. Հողի հատկացման գլխավոր հատակագիծ:

2.8. Իրավաբանական անձի գրանցման վկայագիր:

2.9. Իրավաբանական անձի կանոնադրություն:

10. Վարձակալության պայմանագրերից ծագող իրավունքների պետական գրանցում

1. Գույքը վարձակալության հանձնելու իրավունքը պատկանում է դրա սեփականատիրոջը /ԼՂՀ քաղ.օր. 609հոդվ/:

2. Վարձակալության հանձնված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն /առուվաճառքի պայմանագրի ուժով/ այլ անձի հիմք չէ վարձակալության պայմանագիրը լուծելու կամ փոփոխելու համար /ԼՂՀ քաղ.օր. 619հոդվ/:

3. Անշարժ գույք վարձակալած քաղաքացու մահվան դեպքում վարձակալության պայմանագրով նրա իրավունքները և պարտականությունները փոխանցվում են ժառանգներին, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով /ԼՂՀ քաղ.օր.619հոդվ/:

4. Օրենքով կամ վարձակալության պայմանագրով կարող է նախատեսվել, որ վարձակալած գույքը, վարձակալության ժամկետը լրանալուց հետո կամ մինչև դրա լրանալը, անցնում է վարձակալի սեփականությանը՝ վարձակալի կողմից պայմանագրով պայմանավորված ամբողջ գումարը վճարելու պայմանով /ԼՂՀ քաղ.օր. 627հոդվ/:

Շենքի, շինության վարձակալության պայմանագիրը պետք է նախատեսի վարձավճարի չափ: Վարձավճարի չափի մասին պայմանի բացակայության դեպքում շենքի կամ շինության վարձակալության պայմանագիրը համարվում է չկնքված: Բնակելի տարածության և հողամասի վարձակալության պայմանագրում վարձավճարի պայմանի բացակայության դեպքում կիրառվում է ԼՂՀ քաղ. օր. 440 հոդվածի 3-րդ կետով նախատեսված կանոնները /ԼՂՀ քաղ. օր. 658 հոդվ./:

Ենթավարձակալության պայմանագրում նշված ժամկետը չի կարող ավել լինել վարձակալության պայմանագրում նշված ժամկետից:

5. Վարձակալության պայմանագրով շենքի կամ շինության վարձատուն պարտավորվում է վճարի դիմաց վարձակալի ժամանակավոր տիրապետմանը և /կամ/ օգտագործմանը հանձնել շենք կամ շինություն/ԼՂՀ քաղ.օր.653 հոդվ/:

6. Վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ դադարելու հետ միասին դադարում է նաև դրան համապատասխան կնքած ենթավարձակալության պայմանագիրը:

7. Անշարժ գույքի նկատմամբ վարձակալության իրավունքը չի գրանցվում, եթե գրանցված չէ տվյալ գույքի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունքը:

Նույն կարգով է գրանցվում նաև ենթավարձակալության պայմանագրից ծագող իրավունքը:

8. Պետական գրանցման համար վարձակալության պայմանագրին կցվում է նաև վարձակալության առարկա հանդիսացող անշարժ գույքի միավորի հատակագիծը՝ տրված իրավասու մարմինների կողմից:

11. Անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրերից ծագող իրավունքների պետական գրանցում

1. Անշարժ գույքն անհատույց օգտագործման հանձնելու իրավունքը պատկանում է դրա սեփականատիրոջը և օրենքով կամ սեփականատիրոջ կողմից դրա համար լիազորված այլ անձանց /ԼՂՀ քաղ.օր.688հոդվ/:

2. Անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցումը կատարվում է անշարժ գույքի վարձակալության պայմանագրերից ծագող իրավունքների պետական գրանցման կարգին համապատասխան: Գրանցումը կատարվում է միասնական մատյանի համապատասխան գրանցման թերթիկի «Վարձակալություն. Իրավունքի ձեռք բերում և դադարում» ենթաբաժնում և տրվում է անշարժ գույքի վարձակալության իրավունքի գրանցման վկայական:

3. Անշարժ գույքի ֆինանսական վարձակալության /լիզինգ/ պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցումը կատարվում է անշարժ գույքի վարձակալության պայմանագրերից ծագող իրավունքների պետական գրանցման կարգին համապատասխան և տրվում է անշարժ գույքի վարձակալության իրավունքի գրանցման վկայական:

12. Անշարժ գույքի սահմանների փոփոխման, միավորման և բաժանման պայմանագրերից ծագող իրավունքների պետական գրանցում

1. Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունք ունեցող անձինք կարող են փոփոխել սեփականության իրավունքով իրենց պատկանող անշարժ գույքի սահմանները, միավորել դրանք, ինչպես նաև բաժանել մի քանի մասերի:

Փոփոխությունները կատարվում են պայմանագրերի, դատարանի որոշման, վճռի առկայության դեպքում, որոնց հիման վրա կատարվում են փոփոխություններ միասնական մատյանի՝ տվյալ անշարժ գույքի միավորի գրանցման թերթիկում /գրանցման նախկին թերթիկը փակելու և նորը բացելու միջոցով/ և կադաստրային քարտեզներում /«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ԼՂՀ օրենքի 39 հոդվ/:

Անշարժ գույքի սահմանների փոփոխման, միավորման կամ բաժանման վերաբերյալ պայմանագրերի պետական գրանցումը կարող է մերժվել, եթե այդ փոփոխությունները հակասում են օրենքին կամ քաղաքաշինական, հողաշինարարական կամ սանիտարական նորմերին / «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ԼՂՀ օրենքի 39հոդվ/:

Անշարժ գույքի միավորների միավորում թույլատրվում է, եթե տվյալ անշարժ գույքի միավորները սահմանակից են՝ ունեն ընդհանուր սահման և միևնույն գործառական /ֆունկցիոնալ/ նշանակությունը:

2. Եթե հողամասի սեփականատերը հողամասի մի մասը օտարելու նպատակով սահմանված կարգով դիմում է կոմիտեի տարածքային ստորաբաժանում՝ հողամասը երկու կամ ավելի մասերի բաժանելու համար, ապա «Կադաստրային քարտեզագրման աշխատանքների իրականացման հրահանգ»-ի 2.1.6. բաժնում նախատեսված անձանց կամ ստորաբաժանման մասնագետների կողմից՝ սեփականատիրոջ ցանկությամբ և նրա նշված տարբերակներով, նրա մասնակցությամբ միավորը բաժանվում է մասերի, ընդ որում սեփականատիրոջ միջոցների հաշվին հողամասի մասերի սահմանները պետք է փաստացի սահմանազատվեն միմյանցից:

3. Եթե անշարժ գույքի մասը /սենյակը, հարկը և այլն/ օտարվում է կից անշարժ գույքի սեփականատիրոջը, ապա՝ այս դեպքում գույքի առանձին մասերի նախապես գրանցումը չի պահանջվում, քանի որ մեկ սենյակը օտարելուց հետո օժանդակ մակերեսները պետք է մնան վաճառողի տնօրինության տակ և անհրաժեշտություն կառաջանա վաճառողի մասի նկատմամբ նոր գրանցում կատարել, իսկ մասը օտարելուց հետո սենյակի առանձնացումը նախկին բնակարանից և միացումը նոր բնակարանին կատարված լինելու դեպքում պետական գրանցում կատարելիս նշված խոչընդոտները չեն առաջանա:

4. Եթե անշարժ գույքի սահմանների միավորման պայմանագրով միավորվում են երկու տարբեր սեփականության սուբյեկտներին պատկանող անշարժ գույքի միավորները, ապա կողմերի ցանկությամբ է ընտրվում տվյալ միասնական մատյանը, որտեղ պետք է գրանցվի տվյալ անշարժ գույքի միավորի նկատմամբ իրավունքները:

13. Գրավի պայմանագրերից ծագող իրավունքների պետական գրանցում

1. Գրավի, հիփոթեքի իրավունքի պետական գրանցումը կատարվում է գրավի, հիփոթեքի առարկա հանդիսացող գույքի գտնվելու վայրում:

Գրավի, հիփոթեքի իրավունքի պետական գրանցումը կատարվում է գրանցման մատյանում գրավի, հիփոթեքի առարկա հանդիսացող գույքի գրանցման թերթիկների համապատասխան բաժնում / «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ԼՂՀ օրենքի 27 հոդվ/:

Գրավի պայմանագրում պետք է նշված լինեն կողմերի անունները /անվանումները/ և բնակության /գտնվելու/ վայրերը, գրավի առարկան, գրավով ապահովված պարտավորության էությունը, չափն ու կատարման ժամկետը /ԼՂՀ քաղ.օր. 234 հոդվ/:

Առանց դատարան դիմելու` գրավ դրված գույքի հաշվին գրավառուի պահանջները բավարարել թույլատրվում է գրավառուի և գրավատուի միջև կնքված ու նոտարական կարգով վավերացված համաձայնության հիման վրա /ԼՂՀ քաղ.օր. 249հոդվ/:

Հիփոթեքի պայմանագրով կարող են գրավ դրվել միայն քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերը, բազմաբնակարան և անհատական բնակելի տները, բնակարանները /ԼՂՀ քաղ.օր.265հոդվ/:

Գրավատուն իրավունք ունի, առանց գրավառուի համաձայնության, հիփոթեքի պայմանագրով գրավ դրված հողամասի վրա սահմանված կարգով կառուցել շենքեր և շինություններ /ԼՂՀ քաղ.օր.267 հոդվ/:

Գրավի, հիփոթեքի իրավունքի գրանցումից հետո գույքի նկատմամբ սահմանված կարգով կիրառվում է սահմանափակում /արգելադրում/: Արգելադրման կիրառման կարգը սահմանում է անշարժ գույքի պետական ռեգիստրը: Գրավի, հիփոթեքի իրավունքի գրանցման ընթացքում դրան հակասող փաստաթուղթ, առանց գրավառուի համաձայնության, չպետք է գրանցվի:

Գրավը դադարում է՝ գրավով ապահովված պարտավորությունը դադարելով և օրենքով նախատեսված այլ հիմքերով /ԼՂՀ քաղ.օր.247 հոդվ/:

Կողմերի համաձայնությամբ պարտավորությունը կարող է դադարել կատարման փոխարեն հրաժարագին տրամադրելով /դրամ վճարելով, գույք հանձնելով և այլն/: Հրաժարագնի չափը, ինչպես նաև այն տրամադրելու ժամկետները և կարգը սահմանում են կողմերը /ԼՂՀ քաղ.օր.425 հոդվ/:

2. Հողամասի հիփոթեքի դեպքում գրավի իրավունքը չի տարածվում այդ հողամասի վրա գտնվող կամ կառուցվող` գրավատուի շենքերի և շինությունների վրա, եթե այլ պայման նախատեսված չէ հիփոթեքի պայմանագրում /ԼՂՀ քաղ.օր. 266 հոդվ/:

Գլուխ 5. Սահմանափակումների պետական գրանցում

Ստորաբաժանումները իրավասու մարմինների որոշումների հիման վրա կամ օրենքի ուժով իրականացնում են գույքի նկատմամբ իրավունքի սահմանափակման պետական գրանցում: Սահմանափակման դադարման պետական գրանցումը կատարվում է համապատասխան իրավասու մարմնի կողմից սահմանափակումը դադարելու մասին որոշման հիման վրա կամ օրենքի ուժով:

Սահմանափակման գրանցման դեպքում դրան հակասող փաստաթուղթ չպետք է գրանցվի:

Գույքի նկատմամբ իրավունքների սահմանափակում սահմանող փաստաթղթում պետք է նշված լինի, թե ինչ ծավալներով են սահմանափակվում տվյալ գույքի նկատմամբ իրավունքները:

Նույն կարգով են գրանցվում նաև անշարժ գույքի սեփականատերերի կամ օգտագործողների կողմից սահմանափակումների վերաբերյալ ներկայացված պայմանագրերը:

Գլուխ 6. Ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա իրավունքի փոխանցման պետական գրանցում

1. Ժառանգությունը կատարվում է ըստ կտակի և ըստ օրենքի /ԼՂՀ քաղ. օր. 1185հոդվ/:

Ժառանգությունը բացվում է քաղաքացու մահից հետո /ԼՂՀ քաղ.օր.1187 հոդվ/: Ժառանգության բացման վայրը ժառանգատուի բնակության վերջին վայրն է/ԼՂՀ քաղ.օր.1184 հոդվ/:

Ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում /ԼՂՀ քաղ.օր. 1227 հոդվ/:

2. Ժառանգությունը ձևակերպվում է ժառանգության իրավունքի վկայագրի միջոցով, որը տալիս է ժառանգության բացման վայրի նոտարը կամ օրենքով նման նոտարական գործողություն կատարելու իրավունք ունեցող պաշտոնատար անձը /ԼՂՀ քաղ.օր.1245 հոդվ/:

Ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա սեփականության իրավունքի փոխանցման գրանցումն ըստ էության չի տարբերվում անշարժ գույքի օտարման գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման կարգից: Ուղղակի, որպես իրավունք հաստատող փաստաթուղթ նշվում է ոչ թե համապատասխան օտարման պայմանագիրը, այլ ժառանգության իրավունքի վկայագիրը:

Ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա փոխանցված սեփականության իրավունքի գրանցման դեպքում, տվյալ անշարժ գույքի գրանցման թերթիկի «Անշարժ գույքի միավորի նկատմամբ իրավունքները» բաժնում սեփականատիրոջ /օգտագործողի/ անունը /անվանումը/ սեփականատերերի /օգտագործողների/ թիվը սյունակում նշված սեփականատիրոջ անվան վրա կարմիր տուշով գիծ է գծվում, նոր տողում գրվում է նոր սեփականատիրոջ անունը /անվանումը/, մյուս բաժիններում էլ կատարվում են համապատասխան նշումներ, իսկ վերջին սյունակում ստորագրում է տարածքային ստորաբաժանման ղեկավարը, նշվում է ամիսը, ամսաթիվը:

3. Քաղաքացին իրավունք ունի իր ամբողջ գույքը կամ դրա մասը ժառանգել, ինչպես ըստ օրենքի ժառանգներին, այնպես էլ մեկ կամ մի քանի այլ անձանց /ԼՂՀ քաղ.օր. 1195 հոդվ/:

Եթե ժառանգությունը բացված է ամբողջ գույքի մի մասի նկատմամբ, ապա միասնական մատյանի և իրավունքի գրանցման վկայականի «լրացուցիչ նշումներ» բաժնում պետք է նշվի ժառանգություն չբացված գույքի մասին տվյալներ:

Օրինակ` եթե քաղաքացի Ա-ի գույքի 1/3 մասի նկատմամբ ընդունվել է ժառանգություն, իսկ գույքի մնացած մասի նկատմամբ` ոչ, ապա վկայականի «Լրացուցիչ նշումներ» մասում նշվում է «քաղաքացի Ա-ի գույքի 2/3 մասի նկատմամբ ժառանգություն չի բացվել»:

4. Ժառանգությունը ձեռք բերելու համար ժառանգը պետք է այն ընդունի:

Ժառանգությունը պայմանով կամ վերապահումով ընդունել չի թույլատրվում: Ժառանգի կողմից ժառանգության մի մասի ընդունումը նշանակում է իրեն հասանելիք ամբողջ ժառանգության ընդունում, անկախ այն բանից, թե ինչ է այն իրենից ներկայացնում և որտեղ է գտնվում /ԼՂՀ քաղ.օր.1225հոդվ/:

Օրինակ` ժառանգության հասանելիք մասը կազմում է բնակելի տան 1/2 մասը: Այս դեպքում ժառանգը չի կարող ընդունել իրեն հասանելիք 1/2 մասի, որը կազմում է 27.0քմ բնակմակերես, 1/3 մասը` 9.0 քմ բնակմակերես: Ժառանգն այս դեպքում պետք է ընդունի կամ 27.0 քմ բնակմակերեսը, կամ հրաժարվի իրեն հասանելիք ամբողջ մասից:

Գլուխ 7. Այգետնակների /ամառանոցների/ նկատմամբ իրավունքների պետական գրանցում

Քաղաքացիներին այգեգործության համար հատկացված հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման համար հիմք է հանդիսանում այգեգործի անդամատոմսը /վկայականը/, որտեղ պետք է տվյալներ լինեն հողհատկացում կատարած իրավասու մարմնի անվան, որոշման ամսաթվի, ամսվա, տարեթվի և համարի, հողամասի չափի և հողակտորի համարի վերաբերյալ: Նշված տվյալների բացակայության դեպքում կարող է ներկայացվել քաղվածք հողհատկացման համապատասխան որոշումից:

Պետական գրանցումը կատարվում է ԼՂՀ քաղաքացիների սեփականություն հանդիսացող անշարժ գույքի պետական գրանցման միասնական մատյանում՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման կարգին համապատասխան:

Գլուխ 8. Իրավաբանական անձանց պատկանող գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման առանձնահատկությունները

1. Իրավաբանական անձի հիմնադիրների կողմից իրավաբանական անձին գույքի կամ գույքային իրավունքների հանձնումը համարվում է գույքի օտարման գործարք, որն իրականացվում է իրավաբանական անձի հիմնադրման մասին պայմանագրի կամ այլ գործարքի կամ կանոնադրության պահանջներին համապատասխան:

2. Եթե կազմակերպությունից դուրս եկող մասնակցին /անդամին/ նրա բաժնեմասի դիմաց տրվել է սեփականության իրավունքով կազմակերպությանը պատկանող անշարժ գույք, ապա այդ գույքը մասնակցին օտարելու մասին փաստաթուղթը պետք է համարվի կազմակերպության համապատասխան իրավասու մարմնի որոշումը, որի հիման վրա պետք է կատարվի անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի փոփոխություն:

3. Իրավաբանական անձի լուծարման դեպքում, պարտատերերի պահանջները բավարարելուց հետո իրավաբանական անձի մնացած գույքը նրա հիմնադիրներին /մասնակիցներին/ հանձնելու դեպքում, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հիմք է հանդիսանում իրավաբանական անձի հիմնադիրների /մասնակիցների/ կամ նրա լիազորված մարմնի կողմից հաստատված լուծարման հաշվեկշիռը և իրավասու պետական մարմնի կողմից հաստատված իրավաբանական անձի լուծարումը հաստատող փաստաթուղթը:

4. Իրավաբանական անձի վերակազմակերպման դեպքում նրա իրավունքներն ու պարտականություններն անցնում են այլ իրավաբանական անձին կամ նոր առաջացած իրավաբանական անձին /անձանց/ փոխանցման ակտին կամ բաժանիչ հաշվեկշռին համապատասխան: Նշված իրավահաջորդության դեպքում, իրավաբանական անձի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար հիմք են հանդիսանում համապատասխանաբար փոխանցման ակտը կամ բաժանիչ հաշվեկշիռը և իրավաբանական անձի պետական գրանցման վկայականը դրա բոլոր ներդիրների հետ միասին:

5. Իրավաբանական անձի անվանափոխությունը իրավահաջորդություն չի առաջացնում: Օրինակ` «Ախթալայի ԼՀԿ» ՊՓԲԸ-ն վերանվանվել է «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ կամ «Հրատարակչական կենտրոն» ԴՁ ՓԲԸ-ն, որի կանոնադրությունը պետական գրանցում է ստացել 1999թվականի հունվարի 1-ից հետո, վերանվանել է «Հրատարակչական կենտրոն» ՓԲԸ-ի: Իրավաբանական անձանց, ինչպես նաև քաղաքացիների անվանափոխության դեպքում համապատասխան իրավունքի վկայականում կամ միասնական մատյանում, պետական գրանցման սուբյեկտի դիմումի հիման վրա, կատարվում է փոփոխություն՝ նախորդ անվան /անվանման/ վրա կարմիր գիծ քաշելով այնպես, որ նախորդ անունը /անվանումը/ ընթեռնելի լինի, և լրացվում է նոր անունը /անվանումը/, իսկ «Լրացուցիչ նշումներ» մասում նշվում է այն փաստաթուղթը, որի հիման վրա կատարվել է փոփոխությունը: Նշված փաստաթուղթը սահմանված կարգով կարվում է կադաստրային գործում:

6. Իրավունքների պետական գրանցման համար իրավաբանական անձի կողմից դիմումին կից ստորաբաժանմանը պետք է ներկայացվի նաև՝

  • Իրավաբանական անձի գրանցման վկայականը.

  • կանոնադրությունը.

  • գույքի ձեռք բերման հիմքերը՝ հողհատկացում, շենքերի, շինությունների նկատմամբ իրավունքը հաստատող փաստաթուղթը կամ համապատասխան պայմանագիրը /գործարքը/, որից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:

Մինչև 2000թվականի մարտի 21-ը գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռք բերման դեպքում, իրավաբանական անձի՝ տվյալ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար որպես իրավունքը հաստատող փաստաթուղթ կարող է ներկայացվել գույքի հաշվեկշռային արժեքի վերաբերյալ տեղեկանք՝ հաստատված /այսինքն՝ նշում, որ «տեղեկանքում նշված գույքի համար կազմակերպությունը հաշվառված է որպես հարկատու»/ համապատասխան տարածքային հարկային տեսչության կողմից, եթե ձեռք բերման հիմքերը չեն պահպանվել: Տեղեկանքում պետք է նշում լինի այն մասին, որ գույքը ձեռք է բերվել մինչև 2000թվականի մարտի 21-ը, ինչպես նաև պետք է նշվի գույքի սեփականության իրավունքի ձեռք բերման եղանակի վերաբերյալ /գործարք, իրավահաջորդություն, նոր ստեղծված գույք/:

7. Եթե իրավաբանական անձի գույքի նկատմամբ իրավունքները գրանցված են, ապա բաժնետոմսերի մասնավորեցման պայմանագրից ծագող իրավունքները գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում իրականացնող մարմնում պետական գրանցման ենթակա չեն:

8. Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար իրավաբանական անձի դիմումի ընթացքը կասեցվում է սույն հրահանգով սահմանված կարգով, եթե նրա կանոնադրությունը կամ կազմակերպական-իրավական տեսակը չի համապատասխանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 5-րդ գլխի նորմերի պահանջներին: Դիմումի կասեցման վերաբերյալ դիմողին ուղղված պատասխան գրության մեջ նշվում է նաև, որ դիմումին ընթացք չի տրվի մինչև նշված անհամապատասխանության վերացումը:

9. Իրավաբանական անձի անունից պետական գրանցման նպատակով ստորաբաժանմանը դիմում տալու դիմողի լիազորությունները ստուգվում են կազմակերպության կանոնադրության հիման վրա:

10. Հասարակական և հասարակական քաղաքական կազմակերպություններին պատկանող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար հիմք է հանդիսանում տվյալ կազմակերպության կանոնադրությունը, կազմակերպության գրանցման վկայականը, տվյալ անշարժ գույքի ձեռքբերման հիմքերը՝ հողհատկացում, շենքերի, շինությունների նկատմամբ իրավունք հաստատող փաստաթղթեր և այլն, կազմակերպության ժողովի որոշումը` հաստատված կնիքով, կազմակերպության անունից հանդես եկող անձին տրված լիազորագիրը և այլն:

Գրանցումները կատարվում են ոչ պետական կազմակերպությունների և ձեռնարկությունների պետական գրանցման միասնական մատյանում /3-րդ մատյան/, որի «սեփականատիրոջ /օգտագործողի/ անունը, /անվանումը/» սյունակում նշվում է հասարակական կամ հասարակական-քաղաքական կազմակերպության անվանումը, մյուս լրացումները կատարվում են իրավաբանական անձանց պատկանող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման կարգին համապատասխան:

Գլուխ 9. Ինքնակամ կառույց

1. Ինքնակամ կառույց իրականացրած անձը դրա նկատմամբ ձեռք չի բերում սեփականության իրավունք: Նա իրավունք չունի տնօրինել կառույցը՝ այն վաճառել, նվիրել, հանձնել վարձակալության, կնքել այլ գործարքներ /ԼՂՀ քաղ.օր. 188հոդվ/:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1998թվականի հուլիսի 7-ի թիվ 91 որոշման համապատասխան` մինչև 1998թվականի հունվարի 1-ը իրականացված ինքնակամ կառուցված բնակելի /այդ թվում՝ այգեգործական տներ/, տնտեսական, կենցաղային, ինչպես նաև առնվազն 50 տոկոսով կառուցված անավարտ /կիսակառույց/ շենքերի և շինությունների նկատմամբ նշված որոշմամբ սահմանված կարգով ճանաչվում է քաղաքացիների սեփականության իրավունքը:

3. Ինքնակամ կառուցված շենքի, շինության նկատմամբ քաղաքացիների սեփականության իրավունքը ճանաչվում է և դրանք սահմանված կարգով ներկայացվում են պետական գրանցման, եթե համապատասխանում են գործող քաղաքաշինական, սանիտարական և տեխնիկական նորմերի պահանջներին ու պայմաններին:

4. «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների, ինքնակամ զբաղեցված հողամասերի, տիրազուրկ /լքված/ անշարժ գույքի հաշվառման կարգ»-ը հաստատված է ԼՂՀ կառավարության 2003թվականի հունվարի 21-ի թիվ 23 որոշմամբ:

5. Կոմիտեի տարածքային ստորաբաժանումները կադաստրային քարտեզագրման աշխատանքների իրականացման, գույքի նկատմամբ իրականացվող գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման, տեղեկատվության տրամադրման ժամանակ հայտնաբերված ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների, ինքնակամ զբաղեցված հողամասերի մասին տեղեկատվությունը ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների, ինքնակամ զբաղեցված հողամասերի հաշվառման մատյանում գրանցելուց հետո 5-օրյա ժամկետում տեղեկացնում են համապատասխան համայնքի ղեկավարին /Ստեփանակերտում՝ Ստեփանակերտի քաղաքապետին/ և շրջանի վարչակազմի ղեկավարին /համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի վրա կառուցված շենքերի և շինությունների մասով/:

Գլուխ 10. Պետական գրանցման մերժման հիմքերը

1. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը մերժվում է, եթե.

ա/ գրանցման համար ներկայացված փաստաթղթերը կազմված են օրենքով սահմանված կարգին ոչ համապատասխան,

բ/ բացակայում է պետական գրանցման համար պետական տուրքի վճարի անդորրագիրը,

գ/ ներկայացվել են մատիտով գրված, ջնջումներով, ուղղումներով, ինչպես նաև ոչ պատշաճ ձևակերպված փաստաթղթեր/ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ԼՂՀ օրենքի 43 հոդված/:

Արգելվում է այլ պատճառներով գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մերժումը, այդ թվում՝ աննպատակահարմարության պատճառաբանությամբ:

2. Գրանցումը մերժելու դեպքում դիմողը գրավոր տեղյակ է պահվում մերժման բոլոր պատճառների մասին հետևյալ ժամկետներում՝ աշխատանքը կատարելու համար 5-օրյա պատվերի դեպքում՝ 3-րդ օրը,մնացած դեպքերում՝ 5-րդ օրը: Մերժման վերաբերյալ գրության պատճենը կարվում է տվյալ անշարժ գույքի միավորի կադաստրային գործում և սահմանված կարգով նշում է կատարվում դիմումների հաշվառման մատյանում:

Երրորդ բաժին

Գլուխ 11. Գործավարությունը ստորաբաժանման գրանցման բաժնի տեղեկատվության ենթաբաժնում

1. Կադաստրային /արխիվային/ փաստաթղթեր հասկացությունն իր մեջ ներառում է ձեռագիր և մեքենագիր տեքստային փաստաթղթեր, հողամասերի, շենքերի, շինությունների հատակագծեր, սխեմաներ, կադաստրային քարտեզներ և հանույթներ, անշարժ գույքի հաշվառման գրքեր, միասնական մատյաններ, ինքնակամ կառույցների հաշվառման մատյաններ, դիմումների հաշվառման մատյաններ, անշարժ գույքի նկատմամբ իրավունք հաստատող փաստաթղթեր, համակարգչային և էլեկտրոնային սկավառակներ /կրիչներ/ և այլն:

2. Արգելվում է այլ անձանց, այդ թվում նաև ստորաբաժանման մյուս աշխատակիցների մուտքը գրանցման բաժնի տեղեկատվության ենթաբաժին /արխիվ/:

3. Արգելվում է կադաստրային տվյալների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար կադաստրային գործի տրամադրումը կամ արխիվից դուրս բերումը, բացի օրենքով և սույն հրահանգով նախատեսված դեպքերից և կարգով:

4. Դատարանին, դատախազին, քննիչին և հետաքննության մարմնին կադաստրային գործից փաստաթղթեր կամ գործն ամբողջությամբ տրվում է միայն օրենքով նախատեսված կարգով և ձևով կայացված գրավոր որոշումների հիման վրա: Այս դեպքում, կադաստրային գործը տրամադրելուց առաջ, այն պատճենահանվում և թողնվում է անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումում: Տարածքային ստորաբաժանումից դուրս հանվող կադաստրային գործերի համար նախատեսված ելից-մտից մատյանում /ձև N1-ը կցվում է/ նշվում են՝

1/ հերթական համարը.

2/ կադաստրային գործի տրամադրման ամիսը, ամսաթիվը, տարին.

3/ անշարժ գույքի գնտվելու վայրը.

4/ կադաստրային գործի համարը և էջերի քանակը.

5/ ուր է ուղարկվում կադաստրային գործը.

6/ կադաստրային գործը ստացողի պաշտոնը, ազգանունը, ստորագրությունը.

7/ կադաստրային գործը տրամադրողի պաշտոնը, ազգանունը, ստորագրությունը.

8/ կադաստրային գործի վերադարձման ամիսը, ամսաթիվը, տարին.

9/ կադաստրային գործը վերադարձնողի պաշտոնը, ազգանունը, ստորագրությունը.

10/ կադաստրային գործն ընդունողի պաշտոնը, ազգանունը, ստորագրությունը:

Կադաստրային գործի վերադարձման ժամանակ՝ ընդունող պաշտոնատար անձը, հանձնողի ներկայությամբ պետք է հաշվի կադաստրային գործի էջերի քանակը:

5. Կոմիտեի նախագահի, նախագահի տեղակալի, բաժնի պետերի պահանջով, տվյալ տարածքային ստորաբաժանման կողմից կադաստրային գործն առանց պատճենահանման ներկայացվում է պետական կոմիտեի ընդհանուր բաժին, որտեղ ընդունվում է կադաստրային գործը, մուտքագրվում համապատասխան մատյանում՝ նշելով ստորաբաժանումը, կադաստրային գործի համարը, էջերի քանակը, ստանալու ամիսը, ամսաթիվը, ժամը և ստորագրությամբ հանձնվում է այն պահանջող պաշտոնատար անձին:

6. Կադաստրային գործը վերադարձվում է ստորաբաժանմանը նույն կարգով:

7. Կադաստրային գործը տեղեկատվության տրամադրման ենթաբաժնից ստանում է գրանցման բաժնի պետը՝ ստորաբաժանման ղեկավարի կողմից գրանցման սուբյեկտի ներկայացրած դիմումի վրա կատարված մակագրության հիման վրա:

8. Յուրաքանչյուր աշխատանքային օրվա վերջում բաժինների աշխատակիցները կադաստրային գործերը հանձնում են բաժինների պետերին:

Գլուխ 12. Տեղեկատվության տրամադրում

1. Անշարժ գույքի և դրա նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին տեղեկատվությունը տրամադրվում է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ԼՂՀ օրենքի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 15.06.99թ. թիվ 118 որոշմամբ հաստատված» Գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների մասին տեղեկատվության տրամադրման կարգ»-ին համապատասխան:

2. Անշարժ գույքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման ժամանակ միասնական մատյանից և /կամ/ կադաստրային գործից տրամադրվում են քաղվածքներ կամ պատճեններ:

Կոմիտեի համակարգում տեղեկատվության տրամադրումը բաց է, անշարժ գույքի կադաստրային տվյալների մասին տեղեկություններից կարող են օգտվել՝ ԼՂՀ օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունները, տեղական ինքնակառավարման մարմինները, քաղաքացիները, կազմակերպությունները, օտարերկրյա պետությունները, օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձինք, քաղաքացություն չունեցող անձինք, միջազգային կազմակերպությունները:

3. Գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը վճարովի է:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական տեսչության մարմիններին անշարժ գույքի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրվում է առանձին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով /ԼՂՀ կառավարության 26.12.2000թ. թիվ 260 որոշում/:

5. Պետական և ծառայողական գաղտնիք պարունակող, պետական գաղտնիք հանդիսացող կամ գաղտնագրված տեղեկությունների բացահայտմանը նպաստող տեղեկատվություն պարունակող անշարժ գույքի նկատմամբ իրավունքները գրանցվում են կոմիտեի նախագահի հրամանով ստեղծվող հանձնաժողովի կողմից՝ սահմանված հատուկ կարգով և տվյալ կադաստրային գործերն ու փաստաթղթերը պահվում են կոմիտեի աշխատակազմի ղեկավարի մոտ՝ առանձին մետաղյա պահարանում: Նշված գործերի փաստաթղթերի պահպանման և տեղեկատվության տրամադրման պատասխանատվությունը դրվում է աշխատակազմի ղեկավարի վրա և միայն վերջինս է իրավասու վարել նշված գործերի գործավարությունը, որն իրականացվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի և ԼՂՀ պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկի պահանջներին համապատասխան:

6. Շենքերի, շինությունների մանրամասն հատակագծերը և իրավունքի վկայականները տրամադրվում են միայն սեփականատիրոջը, կամ նրա՝ նոտարական կարգով վավերացված գրավոր համաձայնությամբ:

7. Փաստացի առկա անշարժ գույքի և սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման վկայականում նշվածի միջև տարբերություն լինելու դեպքում առաջանում է գույքի նկատմամբ իրավունքի նոր պետական գրանցման անհրաժեշտություն /տեղեկատվություն չի տրամադրվում/, այդ դեպքում սահմանված կարգով կատարվում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցում, որից հետո միայն տրվում է տեղեկանք:

8. Անշարժ գույքի հետ կապված գործարքներ կատարելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը տրամադրվում է դիմումը հաշվառելու օրվանից սկսած 5-օրյա ժամկետում՝ դիմումի և սահմանված վճարի մուծման անդորրագրի ներկայացման օրվանից:

9. Մինչև տեղեկանք տալը՝ մատուցված ծառայությունների համար դիմողից գանձվում է սահմանված չափի վճար, որը դիմողը մուծում է ստորաբաժանման դրամարկղում:

10. Դիմողի չներկայանալու դեպքում, անշարժ գույքի հետ կապված գործարքներ կատարելու համար անհրաժեշտ տեղեկատվության վերաբերյալ տեղեկանքը /քաղվածքը/ ընդհանուր բաժնում պահվում է 15 օր, որից հետո այն վերադարձվում է տեղեկատվության ենթաբաժին և կարվում է համապատասխան կադաստրային գործի մեջ:

11. Անշարժ գույքի հետ գործարքներ կատարելու համար անհրաժեշտ տեղեկատվության վերաբերյալ տեղեկանքը /քաղվածքը/ ուժի մեջ է 15 օր:

Չորրորդ բաժին

Գլուխ 13. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյան

1. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանի, անշարժ գույքի սեփականության/օգտագործման/ իրավունքի, անշարժ գույքի գրավի, հիփոթեքի իրավունքի, անշարժ գույքի վարձակալության իրավունքի գրանցման վկայականների ձևերը հաստատվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1999թվականի ապրիլի 29-ի թիվ 82 որոշմամբ /Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2002թվականի փետրվարի 26-ի թիվ 51 որոշման խմբագրությամբ/:

2. Ստորաբաժանումներում կադաստրային տարածքների և ենթատարածքների համար ըստ պետական գրանցման սուբյեկտների առանձնացվում են անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյաններ՝

ա/ պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյան՝ N 1.

բ/ համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյան՝ N 2.

գ/ իրավաբանական անձանց սեփականություն հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյան՝ N 3.

դ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների սեփականություն հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյան՝ N 4.

ե/ օտարերկրյա պետությունների և կազմակերպությունների, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց սեփականություն հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյան՝ N 5:

3. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանը բաղկացած է անշարժ գույքի գրանցման թերթիկներից: Անշարժ գույքի յուրաքանչյուր միավորի համար լրացվում է գրանցման առանձին թերթիկ, որի վերևի ձախ անկյունում հատկացված մասում նշվում է տվյալ անշարժ գույքի վերաբերյալ կադաստրային գործի համարը, իսկ դրանից վերև՝ աղյուսակից դուրս, մատիտով նշվում է նաև տվյալ անշարժ գույքի համար տրված իրավունքի պետական գրանցման վկայականի համարը:

4. Գրանցման թերթիկը կազմված է հետևյալ բաժիններից`

Բաժին 1. Անշարժ գույքի միավորի նկարագիրը.

Բաժին 2. Անշարժ գույքի միավորի նկատմամբ իրավունքները.

Բաժին 3. Անշարժ գույքի միավորի նկատմամբ սահմանափակումները:

Գրանցման թերթիկի վերը նշված բաժինները կազմված են ենթաբաժիններից, իսկ վերջիններս, ըստ տվյալների լրացման, կազմված են հերթական համարակալումով սյունակներից:

Յուրաքանչյուր ենթաբաժնում լրացումներ կատարելու համար նախատեսվում է հինգ տող:

5. «Անշարժ գույքի միավորի նկարագիրը» և «Անշարժ գույքի միավորի նկատմամբ իրավունքները» բաժինները ունեն երեք ենթաբաժին`

1/ հողամաս ;

2/ շենք ;

3/ շինություն :

ԲԱԺԻՆ 1. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՄԻԱՎՈՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

Ենթաբաժին 1.1. Հողամաս

ըստ սյունակների լրացվում են`

ա/ կադաստրային ծածկագիրը /համարը / — նշվում է կադաստրային քարտեզագրման արդյունքների հիման վրա տրված ծածկագիրը /նշված սյունակի տողերում թվերը չտեղավորվելու դեպքում օգտագործվում են հաջորդականությամբ մյուս տողերը/.

բ/ գտնվելու վայրը /հասցեն/ — նշվում է համառոտ հասցեն /շրջան, համայնք/ տարածք, փողոց, /հնարավորության դեպքում նաև հողամասի անվանումը/.

գ/ նպատակային նշանակությունը – նշվում է նպատակային նշանակությունն ըստ հողային ֆոնդի` գյուղատնտեսական, բնակավայրերի, արդյունաբերության, անտառային, ջրային, պահուստային և այլն.

դ/ օգտագործման նպատակը – նշվում է անշարժ գույքի օգտագործման նպատակը՝ հողատեսքը կամ գործառնական նշանակությունը/օրինակ՝ վարելահող, բազմամյա տնկարկ, բնակելի կառուցապատման, հասարակական կառուցապատման, արդյունաբերական օբյեկտների հողերի/.

ե/ ընդհանուր մակերեսը/քառ.մ/ — նշվում է քառակուսի մետրերով.

Հողամասի չափը լրացնելիս ենթաբաժնի 5-րդ սյունակում լրացվում է հողամասի ընդհանուր մակերեսը, իսկ 6-15 սյունակներում հողամասերի չափերը լրացվում են ըստ հողատեսքերի /վարելահող, բազմամյա տնկարկներ, խոպան, խոտհարք, արոտ, անօգտագործելի, տնամերձ, այգեգործական, բնակելի տան շինարարության և սպասարկման համար, հասարակական, արտադրական օբյեկտների կառուցման և սպասարկման համար/:

զ/ կադաստրային արժեքը /հազ. դրամ/ — նշվում է կադաստրային գնահատման արդյունքով հաշվարկված արժեքը՝ ՀՀ դրամով.

Ենթաբաժին 1.2. Շենք

ըստ սյունակների լրացվում են`

ա/ կադաստրային ծածկագիրը /համարը/ — նշվում է կադաստրային քարտեզագրման արդյունքների հիման վրա տրված ծածկագիրը /նշված սյունակի տողերում թվերը չտեղավորվելու դեպքում օգտագործվում են հաջորդականությամբ մյուս տողերը/.

բ/ նպատակային նշանակությունը – նշվում է նպատակային նշանակությունն ըստ ԼՂՀ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության 1999թվականի մայիսի 10-ի թիվ 3-01/01 հրամանով հաստատված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում շենքերի և շինությունների դասակարգման հրահանգ»-ի.

  • բնակելի,

  • հասարակական,

  • արդյունաբերական,

  • գյուղատնտեսական,

  • ինժեներական.

գ/ օգտագործման նպատակը /անվանումը/ — նշվում է օգտագործման նպատակն իրավահաստատող փաստաթղթերի հիման վրա /բնակելիի դեպքում՝ բնակարան, բնակելի տուն և այլն, հասարակականի դեպքում՝ առևտրի սրահ, տաղավար և այլն, արդյունաբերականի դեպքում՝ գործարան, արտադրամաս և այլն/.

դ/ ընդհանուր բնութագիրը – տրվում է ընդհանուր նկարագիրը, նշելով`

անհատական բնակելի տների համար՝ հարկայնությունը, հարկի բարձրությունը, ծածկը /փայտ, երկաթբետոն/, պատերի շինանյութը /տուֆ, բետոն, բազալտ, փայտ, աղյուս, բուտաքար/, շահագործման տևողությունը, ավարտվածության աստիճանը /մինչև 50%, 50%-80% ու ավելի/, տանիքը, կոմունալ հարմարությունների ապահովություն, վնասվածության աստիճանը, արտաքին հարդարումը, տեղադրությունը /գոտիականությունը/.

բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների համար` պատերի շինանյութը /տուֆ, երկաթբետոն/, ծածկը /փայտ, երկաթբետոն/, բնակարանի հարկը, հարկի ներքին բարձրությունը, շահագործման տևողությունը, վնասվածության աստիճանը, ավարտվածության աստիճանը/մինչև 50%, 50%-80% ու ավելի/: Շենքերի ընդհանուր ծավալում գտնվող հասարակական և արտադրական նշանակության տարածքների համար լրացվում են բնակարանի համար նախատեսված տվյալները, իսկ առանձին կանգնած հասարակական և արտադրական շինությունների համար` անհատական բնակելի տների համար նախատեսված տվյալները:

ե/ ընդհանուր մակերեսը /քառ.մ./ – նշվում է քառակուսի մետրերով

Այդ թվում` բնակելի, օժանդակ.

զ/ կադաստրային արժեքը /հազ. դրամ/ — նշվում է կադաստրային գնահատման արդյունքում ստացված արժեքը` ՀՀ դրամով:

Ենթաբաժին 1.3. Շինություն

ըստ սյունակների լրացվում են`

ա/ կադաստրային ծածկագիրը /համարը/ — նշվում է կադաստրային քարտեզագրման արդյունքների հիման վրա տրված ծածկագիրը /նշված սյունակի տողերում թվերը չտեղավորվելու դեպքում օգտագործվում են հաջորդականությամբ մյուս տողերը/.

բ/ օգտագործման նպատակը /անվանումը/ — նշվում է օգտագործման նպատակը իրավահաստատող փաստաթղթերի հիման վրա` ավտոտնակ, խորդանոց, անասնաշենք և այլն.

գ/ ընդհանուր բնութագիրը – նշվում է հարկայնությունը, հարկի բարձրությունը, ծածկը /փայտ, երկաթբետոն/, պատերի շինանյութը /տուֆ, բետոն, բազալտ, փայտ, աղյուս, բուտաքար/, շահագործման տևողությունը, ավարտվածության աստիճանը` տոկոսներով, տեղադրությունը և այլն.

դ/ ընդհանուր մակերեսը /քառ.մ./ – նշվում է քառակուսի մետրերով.

ե/ կադաստրային արժեքը /հազ.դրամ/ — նշվում է կադաստրային գնահատման արդյունքում ստացված արժեքը` ՀՀ դրամով:

ԲԱԺԻՆ 2. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՄԻԱՎՈՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ

Ենթաբաժին 2.1. Հողամաս

ըստ սյունակների լրացվում են`

ա/ սեփականատիրոջ /օգտագործողի/` ազգանունը, անունը /անվանումը/, բնակության /գտնվելու/ վայրը – լրացվում են բոլոր սեփականատերերի ազգանունները, անունները, /անվանումները/ /դրանք համարակալվում են/, հասցեները,

բ/ Իրավունքի` տեսակը, գործողության ժամկետը –«տեսակը» սյունակում նշվում է սեփականության կամ օգտագործման, իսկ գործողության ժամկետը` անժամկետ կամ պայմանագրում նշված ժամկետը.

Սեփականության իրավունքը նշելիս, եթե բաժնային սեփականություն է` նշվում է բաժնային, եթե ընդհանուր համատեղ սեփականություն է` ընդհանուր համատեղ:

գ/ ընդհանուր սեփականության դեպքում` համասեփականատերերի թիվը, բաժնեմասը /տոկոս/ — նշվում է յուրաքանչյուր սեփականատիրոջ բաժնեմասը, եթե բաժնային սեփականություն է, սեփականատիրոջ անուն-ազգանունի դիմաց նշվում է բաժնեմասի չափը` կոտորակով կամ տոկոսով:

դ/ իրավունքը հաստատող փաստաթուղթը և ամիս-ամսաթիվը — նշվում է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ԼՂՀ օրենքի 21 հոդվածով սահմանված համապատասխան փաստաթուղթը /օրինակ` առուվաճառքի պայմանագիր, նվիրատվության պայմանագիր և այլն/, դրա վավերացման ամսաթիվը, համարը:

ե/ իրավունքի դադարումը հաստատող փաստաթուղթը և ամիս-ամսաթիվը — նշվում է սահմանված կարգով ներկայացված համապատասխան փաստաթուղթը: Օրինակ ` եթե օտարվել է գույքը առուվաճառքի պայմանագրով, ապա նշվում է տվյալ պայմանագիրը և դրա կնքման ամիս-ամսաթիվը:

Ենթաբաժին 2.2. Շենք

Ենթաբաժին 2.3. Շինություն

«Շենք» և «Շինություն» ենթաբաժիններում նշված սյունակների լրացումները կատարվում են «Հողամաս» ենթաբաժնի լրացման կարգին համապատասխան: Շենքերում գտնվող անշարժ գույքի առանձին միավորներից /բնակարաններ, առևտրի սպասարկման օբյեկտներ և այլն/ յուրաքանչյուրն իր առանձին կադաստրային ծածկագրով պետք է ունենա առանձին գրանցման թերթիկ: Շենքերում գտնվող բնակարանների, առևտրի սպասարկման օբյեկտների և այլ շինությունների անհատական համարները պետք է կապված լինեն այն հողամասերի համարներին, որոնց վրա գտնվում են այդ շենքերը:

ԲԱԺԻՆ 3. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՄԻԱՎՈՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

Ենթաբաժին 3.1. Սահմանափակումներ, իրավունքի ձեռք բերում և դադարում

ըստ սյունակների լրացվում են`

ա/ այն սեփականատիրոջ /օգտագործողի/ անունը /անվանումը/, ում օգտին է ձեռք բերվել սահմանափակումը – սյունակում լրացվում է, օրինակ` գրավի պայմանագրի պետական գրանցման դեպքում սահմանափակման կիրառման ժամանակ` գրավառուի տվյալները, հարկադիր կատարումն իրականացնող մարմնի որոշմամբ սահմանափակում կիրառելու դեպքում` հարկադիր կատարումն իրականացնող մարմնի տվյալները և այլն,

բ/ Սահմանափակման` առարկան, ժամկետը – նշվում են անշարժ գույքը /մասը/, որի նկատմամբ կիրառվում է սահմանափակումը, և այն ժամկետը, որը նախատեսված է սահմանափակման իրավունքը հաստատող փաստաթղթում: Եթե սահմանափակման իրավունքը հաստատող փաստաթղթում նման ժամկետ մատնանշված չէ, ապա գրվում է անժամկետ:

գ/ Սահմանափակման պայմանները, բնույթը — նշվում է, թե ինչպիսի պայմաններ են նախատեսված սահմանափակման իրավունք հաստատող փաստաթղթում, օրինակ` գրավատուն իրավունք չունի սահմանափակման ընթացքում գույքը տնօրինել, գրավառուն իրավունք չունի գույքը հանձնել երրորդ անձի օգտագործմանը և այլն:

դ/ Իրավունքի սահմանափակումը հաստատող փաստաթուղթը և ամիս-ամսաթիվը – նշվում է հարկադիր կատարումն իրականացնող մարմնի, դատարանի, դատախազի, քննիչի որոշումը, գրավի պայմանագիրը և այլն, ինչպես նաև տվյալ որոշման կայացման կամ պայմանագրի կնքման ամիս-ամսաթիվը:

ե/ Իրավունքի սահմանափակման դադարումը հաստատող փաստաթուղթը և ամիս-ամսաթիվը – նշվում է այն փաստաթղթի անվանումը, ամիս-ամսաթիվը, որի ուժով դադարել է տվյալ սահմանափակումը:

Ենթաբաժին 3.2. Գրավ, հիփոթեք, իրավունքի ձեռք բերում և դադարում

ըստ սյունակների լրացվում են`

ա/ Գրավառուի` ազգանունը, անունը /անվանումը/, բնակության /գտնվելու/ վայրը – նշվում է գրավ ստացող անձի տվյալները, օրինակ` «Արցախբանկ» ՓԲԸ և այլն, գրավառուի բնակության /գտնվելու/ վայրը, եթե քաղաքացի է` մշտական բնակության հասցեն, իրավաբանական անձի դեպքում` իրավաբանական հասցեն:

բ/ Գրավի առարկան – նշվում է անշարժ գույքը /մասը/, որը գրավ է դրվել:

գ/ Գրավի առարկայի արժեքը /դրամ/ — նշվում է գրավի պայմանագրում գրավի առարկայի նշված արժեքը` ՀՀ դրամով:

դ/ Գրավի պայմանագրի կնքման ամիս-ամսաթիվը, համարը – նշվում է գրավի պայմանագրի վավերացման ամիս- ամսաթիվը:

ե/ Գրավի գործողության ժամկետը – նշվում է պայմանագրում նշված ժամկետը:

զ/ Գրավի պայմանագրով նախատեսված հիմնական պարտավորությունները և պայմանները – նշվում է հիմնական պարտավորությունը, որը նախատեսված է պայմանագրով:

է/ Տեղեկություններ նախորդ գրավի մասին – նշվում է վերջին գրավի պայմանագրի ժամկետը` սկիզբը և վերջը, գրավառուի անունը, ազգանունը /անվանումը/:

ը/ Իրավունքի դադարումը հաստատող փաստաթղթի անվանումը, ամիս-ամսաթիվը – նշվում է այն փաստաթղթի անվանումը, որի ուժով դադարել է գրավի պայմանագիրը` դատարանի վճիռը, հարկադիր կատարողի որոշումը, աճուրդի արձանագրությունը, առուվաճառքի պայմանագիրը, կողմերի համաձայնությունը /վավերացված նոտարական կարգով/:

Ենթաբաժին 3.3. Վարձակալություն, իրավունքի ձեռք բերում և դադարում

ըստ սյունակների լրացվում են`

ա/ Վարձակալի` ազգանունը, անունը /անվանումը/, բնակության /գտնվելու/ վայրը – նշվում է օգտագործողի անունը, ազգանունը՝ ֆիզիական անձի դեպքում, անվանումը՝իրավաբանական անձի դեպքում, բնակության /գտնվելու/ վայրը /քաղաքացու դեպքում` մշտական բնակության հասցեն, իրավաբանական անձի դեպքում` իրավաբանական հասցեն/:

բ/ Վարձակալության առարկան — նշվում է անշարժ գույքը /մասը/, որը հանձնված է վարձակալության:

գ/ Վարձակալության պայմանագրի կնքման ամիսը-ամսաթիվը և համարը – նշվում է, երբ է կնքվել վարձակալության /անհատույց օգտագործման/ պայմանագիրը և համարը:

դ/ Վարձակալության գործողության ժամկետը – նշվում է պայմանագրում նշված ժամկետը` 1 տարի, 5 տարի և այլն:

ե/ Վարձակալության պայմանագրով նախատեսված հիմնական պարտավորությունները և պայմանները – նշվում է վարձակալության /անհատույց օգտագործման/ պայմանագրում նշված պայմանները:

զ/ Ենթավարձակալության առկայությունը – նշվում է ենթավարձակալության պայմանագրի ամիս — ամսաթիվը, ենթավարձակալի տվյալները:

է/ Իրավունքի դադարումը հաստատող փաստաթղթի անվանումը, ամիս — ամսաթիվը – նշվում է օրինակ` դատարանի վճիռը, որի ուժով դադարել է վարձակալությունը, պայմանագիրը` եթե ավարտվել է վարձակալության ժամկետը և այլն:

Սույն ենթաբաժնում է կատարվում նաև անշարժ գույքի անհատույց օգտագործման, ֆինանսական վարձակալության /լիզինգի/ պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցումը: Նշված իրավունքների պետական գրանցումից հետո տրվում է անշարժ գույքի վարձակալության իրավունքի գրանցման վկայական:

Ենթաբաժին 3.4. Սերվիտուտ, իրավունքի ձեռք բերում և դադարում

ըստ սյունակների լրացվում են`

ա/ Սերվիտուտի իրավունքից օգտվողի` ազգանունը, անունը /անվանումը/, բնակության /գտնվելու/ վայրը – նշվում է այն անձի անունը, ազգանունը /անվանումը/, ում տրամադրվել է սերվիտուտի իրավունք /օրինակ` անցուդարձի, ճանապարհից օգտվելու/:

բ/ Սերվիտուտի առարկան – նշվում է թե ինչ իրավունք է տրվել սերվիտուտով /նշվում է ` ճանապարհի, անցուդարձի և այլ թույլտվություն ստանալու համար/:

գ/ Սերվիտուտի պայմանագրի կնքման ամիս-ամսաթիվը, համարը – նշվում է պայմանագրի վավերացման կամ դատարանի որոշման, վճռի ամիսը, ամսաթիվը, տարեթիվը և համարը:

դ/ Սերվիտուտի գործողության ժամկետը – նշվում է պայմանագրով կամ այլ փաստաթղթով նախատեսված ժամկետը:

ե/ Իրավունքի դադարումը հաստատող փաստաթղթի անվանումը, ամիս-ամսաթիվը – նշվում է իրավունքի դադարման վերաբերյալ պայմանագրի, կողմերի համաձայնության նոտարական վավերացման, դատարանի վճռի, որոշման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը, համարը:

6. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյաններում գրանցման թերթիկների բոլոր բաժինների ենթաբաժիններում «Գրանցումը կատարող անձի ստորագրությունը, ազգանունը և ամիս-ամսաթիվը» սյունակում գրվում է կոմիտեի տարածքային ստորաբաժանման ղեկավարի` իսկ նրա բացակայության դեպքում կոմիտեի նախագահի հրամանով` ստորաբաժանման ղեկավարի պարտականությունները կատարող անձի անվան սկզբնատառը և ազգանունը, որից հետո ստորագրվում է նրա կողմից և նշվում ամիս, ամսաթիվը:

7. Յուրաքանչյուր համայնքի համար նախատեսված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանների վրա նշվում է տվյալ համայնքի ծածկագիրը, մատյանի համարը` ըստ սեփականության ձևի և հերթական համարը:

Օրինակ` 02-020-1-1, 02-020-2-1, 02-020-3-1, 02-020-4-1, 02-020-5-1, որտեղ 02-ը շրջանի ծածկագիրն է, 020-ը` համայնքի, 1,2,3,4,5-ը մատյանի համարը ըստ սեփականության ձևի, 1-ը` տվյալ մատյանի հերթական համարը:

Մատյանները լրանալուց հետո նոր մատյանները համապատասխանաբար համարակալվում են ըստ հերթականության` 02-020-1-2, 02-020-2-2, 02-020-3-2, 02-020-4-2, 02-020-5-2 և այլն:

Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող շենքերի, շինությունների /բացառությամբ բնակարանային ֆոնդի անհատույց սեփականաշնորհման դեպքերի/ հետ կատարվող գործարքներից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման, եթե նշված անշարժ գույքի նկատմամբ գրանցված է սեփականության կամ օգտագործման իրավունքը:

Պետական սեփականություն հանդիսացող հողամասերը, ըստ առանձին հողակտորների, օտարելու, վարձակալության կամ այլ իրավունքով այլ անձանց հատկացնելու դեպքում, տվյալ հողամասի համար, որի նկատմամբ ներկայացվել է վարձակալության պայմանագիրը, բացվում է առանձին գրանցման թերթիկ, որտեղ գրանցվում է նշված վարձակալության իրավունքը:

Վարձակալության պայմանագրերը գրանցվում են վարձակալության առարկայի ըստ սեփականության ձևի անշարժ գույքի պետական գրանցման միասնական մատյանում, օրինակ եթե վարձակալության է տրվում պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույք, ապա վարձակալության պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցումը կատարվում է պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի պետական գրանցման միասնական մատյանում /N1/:

Համայնքների վարչական սահմաններից դուրս, շրջանի վարչական սահմանների մեջ գտնվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար` յուրաքանչյուր տարածքային ստորաբաժանումում՝ առանձնացվում է տվյալ շրջանի համար առանձին անշարժ գույքի պետական գրանցման միասնական մատյաններ:

Գրանցման թերթիկում, եթե առաջ է գալիս նոր իրավունքների պետական գրանցման անհրաժեշտություն կամ փոխվում է անշարժ գույքի նկարագիրը, ինչպես նաև անշարժ գույքի սեփականատիրոջ փոփոխման դեպքում, փոփոխման ենթակա բառի կամ թվի վրա կարմիր տուշով գիծ է քաշվում, այնպես, որ նախկին գրառումը ընթեռնելի լինի, որից հետո լրացվում է համապատասխան բաժնի, ենթաբաժնի սյունակի հաջորդ տողը՝ գրելով նոր բառը կամ թիվը:

8. Ընդհանուր համատեղ կամ բաժնային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի սեփականատերերի անունները լրացնելիս` սեփականատերերի անուններից առաջ դրվում են համարներ` 1; 2; 3 և այլն, «բաժնեմասի չափը» սյունակում տվյալ սեփականատիրոջ համարը նշելով՝ գծիկով լրացվում է նրա բաժնեմասի չափը /օրինակ` 1- 3/4, 2-1/4 և այլն/, իսկ «համասեփականատերերի թիվը» սյունակում՝ համասեփականատերերի թիվը: Ընդհանուր սեփականություն հանդիսացող անշարժ գույքի սեփականատերերի անունները լրացնելիս, եթե դրանք չեն տեղավորվում լրացուցիչ տեղեկություններ բաժնում` լրացնելու համար, ապա նույն գույքի համար պետական կոմիտեի նախագահի գրավոր թույտվությամբ բացվում է լրացուցիչ գրանցման թերթիկ՝ նախկին թերթիկում հղում անելով նոր բացված թերթիկին և շարունակվում է լրացվել կիսատ մնացած տվյալները:

9. Բոլոր սյունակներում լրացումները կատարվում են առաջին տողի վրա: Բացառիկ դեպքերում կարելի է լրացնել երկրորդ տողը:

Անշարժ գույքի ընդհանուր համատեղ կամ բաժնային սեփականության դեպքում «սեփականատիրոջ, օգտագործողի ազգանունը, անունը/անվանումը/» սյունակում կարելի է թվարկել միևնույն ազգանունը կրող սեփականատերերի, օգտագործողների անունները, իսկ ազգանունը նշել բոլորի համար: «Անշարժ գույքի նկարագիրը» բաժնի «Հողամաս» ենթաբաժնի «գտնվելու վայրը» սյունակի բոլոր տողերը կարելի է օգտագործել:

Գրանցման թերթիկը լրացնելիս թույլատրվում է օգտագործել հապավումներ, սակայն դրանք պետք է հասկանալի լինեն: Քաղաքացիների անունների, ազգանունների համար հապավումներ կիրառել չի թույլատրվում:

10. Գրանցման թերթիկը լրացնելիս համապատասխան սյունակը չբավարարելու դեպքում, նշված սյունակի վերջին տողում նշվում է` տես լրաց. տեղ. և մնացած նշումները կատարվում են գրանցման թերթիկի «Լրացուցիչ տեղեկություններ» տողերում` հղում անելով համապատասխան բաժնի և սյունակի համարի վրա:

11. Եթե անշարժ գույքը վերանում է, ապա գրանցման թերթիկի «Լրացուցիչ տեղեկություններ» բաժնում կարմիր տուշով գրվում է` «թերթիկը փակված է», որից հետո ստորագրվում և կնիքվում է տարածքային ստորաբաժանման ղեկավարի, իսկ նրա բացակայության դեպքում կոմիտեի նախագահի հրամանով` ստորաբաժանման ղեկավարի պարտականությունները կատարող անձի կողմից, միաժամանակ չլրացված սյունակի բաց մասում դրվում է /Z/ նշանը, իսկ ամբողջ թերթիկի վրա` /X/ նշանը: Գրանցման թերթիկները փակվում են նաև երկու և ավելի անշարժ գույքի միավորների միավորման դեպքում և բացվում է գրանցման նոր թերթիկ:

Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունք ունեցող անձինք կարող են փոփոխել սեփականության իրավունքով իրենց պատկանող անշարժ գույքի սահմանները, միավորել դրանք, ինչպես նաև բաժանել մի քանի մասերի:

Փոփոխությունները կատարվում են պայմանագրի, դատարանի որոշման, վճռի առկայության դեպքում, որոնց հիման վրա կատարվում են փոփոխություններ գրանցման մատյանի` տվյալ անշարժ գույքի միավորի գրանցման թերթիկում /գրանցման նախկին թերթիկը փակելու և նորը բացելու միջոցով/ և կադաստրային քարտեզներում:

Անշարժ գույքի միավորի սահմանների միավորման կամ բաժանման դեպքում անշարժ գույքի նախկին ծածկագիրը համարվում է չեղյալ և տրվում է նոր ծածկագիր:

Անշարժ գույքի միավորի որևէ մասի նկատմամբ իրավունքները չեն կարող ստանալ պետական գրանցում, եթե սեփականատերը նախօրոք, օրենսդրությամբ սահմանված կարգով, չի բաժանել անշարժ գույքն առանձին միավորի կամ չկա դատարանի որոշումը, վճիռը:

Անշարժ գույքի սահմանների փոփոխման, միավորման կամ բաժանման վերաբերյալ պայմանագրերի պետական գրանցումները կարող են մերժվել, եթե այդ փոփոխությունները հակասում են օրենքին, քաղաքաշինական, հողաշինարարական կամ սանիտարական նորմերին:

12. Գույքի միավորման դեպքում, երբ երկու և ավելի անշարժ գույքի միավոր միավորվում են, նախկին գրանցման թերթիկները սահմանված կարգով փակվում են և բացվում է նոր գրանցման թերթիկ, դրվում է նոր կադաստրային համար:

Հողամասերի սահմանների փոփոխման /միավորման կամ բաժանման/ դեպքում նախկին գրանցման թերթիկը պարտադիր փակվում է և բացվում նորը:

Գրանցման թերթիկը փակվում է նաև սեփականության ձևի փոփոխման դեպքում և անշարժ գույքի գրանցումը կատարվում է պետական գրանցման համապատասխան մատյանում՝ օրինակ, եթե համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքը օտարվում է քաղաքացու, ապա համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի պետական գրանցման միասնական մատյանի /N2/ համապատասխան գրանցման թերթիկը փակվում է, իսկ գույքը գրանցվում է ԼՂՀ քաղաքացիների սեփականություն հանդիսացող անշարժ գույքի պետական գրանցման միասնական մատյանում /N4/, գրանցման թերթիկը փակվում է ամբողջական մասի օտարման դեպքում, իսկ գույքի մասի օտարման դեպքում գրանցման թերթիկում սույն մեթոդական ցուցումի համաձայն փոփոխություն է կատարվում, իսկ նոր սեփականատիրոջ անունով բացվում է նոր գրանցման թերթիկ:

Եթե անշարժ գույքը վերակառուցվում է, ապա վերակառուցման հետևանքով առաջացած փոփոխությունները լրացվում են համապատասխան սյունակներում՝ օրինակ, եթե քաղաքացին իրեն պատկանող մեկ հարկանի տունը դարձրել է երկհարկանի, ապա գրանցման թերթիկի նկարագրման մասում՝ «շենք» ենթաբաժնի «ընդհանուր բնութագիրը» սյունակում նշվում է երկրորդ հարկի կառուցման մասին նշումներ, նշումներ են կատարվում նաև «ընդհանուր մակերեսը» /այդ թվում բնակելի, օժանդակ/ սյունակում:

13. Միասնական մատյանը պարտադիր լրացվում է սև տուշով, մատյանում մատիտով կամ այլ գույնի թանաքով նշումներ կատարել չի թույլատրվում:

14. Գրանցման թերթիկի ցանկացած սյունակում 5/հինգ/ փոփոխություն կատարելուց հետո բացվում է նոր գրանցման թերթիկ: Նոր գրանցման թերթիկ է բացվում նաև ցանկացած սյունակի տողերի լրանալու դեպքերում: Վերը նշված երկու դեպքում էլ չլրացված բաժինների դիմաց դրվում է /Z/ նշան, իսկ ամբողջ թերթիկի վրա դրվում է /X/ նշան և «Այլ էջ կամ այլ միասնական մատյան տեղափոխման մասին նշում» բաժնում գրվում են տեղափոխված միասնական մատյանի և թերթիկի համարները: Նշված գրառումը ստորագրվում և կնիքվում է տարածքային ստորաբաժանման ղեկավարի, իսկ նրա բացակայության դեպքում կոմիտեի նախագահի հրամանով` ստորաբաժանման ղեկավարի պարտականությունները կատարող անձի կողմից: Բոլոր սյունակներում որպես կանոն լրացումները կատարվում են մեկ տողի վրա, բացառիկ դեպքերում կարելի է լրացնել նաև հաջորդ տողը: Իսկ հաջորդ տողն էլ չբավարարելու դեպքում, համապատասխան նշումով մնացած գրառումները տեղափոխվում են «Լրացուցիչ տեղեկություններ» բաժին:

15. Միասնական մատյանում չի թույլատրվում կատարել ջնջումներ, սխալ գրառում կատարելու դեպքում կարմիր տուշով գծիկ է գծվում սխալ գրված բառի կամ թվի վրա այնպես, որ կարդացվի սխալ արված գրառումը, որը համարակալվում ու նշվում է ճիշտ բառը կամ թիվը, և գրվում է «տես լրացուցիչ տեղեկություններում», իսկ լրացուցիչ տեղեկություններ բաժնում գրվում է «ուղղումը կատարված է իմ կողմից», կատարված գրառումը ստորագրվում և կնիքվում է տարածքային ստորաբաժանման ղեկավարի, իսկ նրա բացակայության դեպքում կոմիտեի նախագահի հրամանով` ստորաբաժանման ղեկավարի պարտականությունները կատարող անձի կողմից ` նշելով ամսաթիվը, ամիսը, տարեթիվը:

Սխալները և ուղղումները «Լրացուցիչ տեղեկություններ» բաժնում համարակալվում են, կատարված սխալների համարները և լրացուցիչ տեղեկություններում կատարված ճիշտ գրառումների համարները պետք է համընկնեն: Միասնական մատյաններում թույլատրվում է կատարել ոչ ավելի քան հինգ սխալի ուղղման գրառում, որից հետո գրանցման թերթիկը փակվում է:

Անշարժ գույքի պետական գրանցման միասնական մատյանում գրանցման ժամանակ թույլ տրված սխալները, եթե դրանք էականորեն ազդում են անշարժ գույքի նկատմամբ իրավունքների բնույթի և բովանդակության վրա, կարող են ուղղվել անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների/մարմնի/ կողմից միայն շահագրգիռ կողմերի գրավոր համաձայնության առկայության դեպքում:

Եթե անշարժ գույքի պետական գրանցման միասնական մատյանում անշարժ գույքի պետական գրանցումը կատարվել է որևէ իրավասու պետական մարմնի տված փաստաթղթի հիման վրա, ապա թույլ տրված սխալների ուղղումը կարող է կատարվել միայն այդ մարմնի ներկայացրած փաստաթղթերում տվյալ մարմնի կողմից համապատասխան ուղղում կատարելուց հետո:

Անշարժ գույքի պետական գրանցման մատյանի կազմը պատրաստվում է հաստ ստվարաթղթից: Մատյանների յուրաքանչյուր թերթը համարակալվում է: Մատյանները համարակալվում են, որից հետո վերջին էջը ստորագրվում է ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պատասխանատու անձի կողմից և կնքվում է կոմիտեի կնիքով:

16. Միասնական մատյաններում գրանցման ընթացքում /մինչև գրանցումը/ թույլ տրված սխալները կարող են ուղղվել ստորաբաժանման ղեկավարի թույլտվությամբ՝ համապատասխան պաշտոնատար անձի կողմից:

ԳԼՈՒԽ 14. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման վկայականներ

1. Անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման վկայական

1. Անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման վկայականի առաջին թերթում.

ա/ վկայականը տրված է — իրավունքով տողատակում գրված սեփականության /օգտագործման/ տողի վրա նշվում է «սեփականության» կամ «օգտագործման», իսկ անշարժ գույքի նկատմամբ ընդհանուր սեփականության դեպքում նշվում է «ընդհանուր համատեղ սեփականություն» կամ «ընդհանուր բաժնային սեփականություն» ելնելով անշարժ գույքի նկատմամբ ընդհանուր սեփականության ձևից :

բ/ սեփականատիրոջ /օգտագործողի/ անունը /անվանումը/ — նշվում է սեփականատիրոջ անունը, ազգանունը` ըստ անձնագրային տվյալների /անվանումը` ըստ ռեգիստրում գրանցված տվյալների/:

Ֆիզիկական անձանց ընդհանուր համատեղ կամ բաժնային սեփականության դեպքում նշվում են բոլոր սեփականատերերի անուն-ազգանունները, ընդհանուր բաժնային սեփականության դեպքում յուրաքանչյուրի անվան մոտ նշվում է նաև բաժնեմասի չափը:

գ/ անշարժ գույքի գտնվելու վայրը /հասցեն/, անվանումը – նշվում է համայնքի, բնակավայրի անվանումը, հասցեն և անշարժ գույքի անվանումը՝ ըստ օգտագործման նպատակի /բնակարան, բնակելի տուն, խանութ, այգետնակ, դպրոց և այլն/:

դ/ անշարժ գույքի ձեռքբերման իրավունքը հաստատող փաստաթղթի անվանումը – նշվում է փաստաթղթի անվանումը /ԼՂՀ օրենք, ԼՂՀ կառավարության, համայնքի ղեկավարի որոշում, դատարանի վճիռ, դատավճիռ, որոշում, ժառանգության իրավունքի վկայագիր, պայմանագիր և այլն/, ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, համարը:

ե/ գրանցված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական ______________ մատյանի ____________համարի տակ – նշվում են անշարժ գույքի պետական գրանցման միասնական մատյանի և գրանցման թերթիկի համարները:

զ/ Սույն վկայականը կազմված է երկու օրինակից, մեկը տրվում է սեփականատիրոջը/օգտագործողին/, մյուսը պահվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի__________________ տարածքային ստորաբաժանումում — նշվում է համապատասխան տարածքային ստորաբաժանման անվանումը:

է/ ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանման ղեկավար – ստորագրում է տարածքային ստորաբաժանման ղեկավարը /նրա բացակայության դեպքում` կոմիտեի նախագահի հրամանով ստորաբաժանման ղեկավարի պարտականություններ կատարող անձը/, գրվում է ստորագրողի անվան առաջին տառն ու ազգանունը, նշվում է անշարժ գույքի գրանցման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը և կնիքվում:

2. Վկայականի «հողամասի հատակագիծը» մասի վերևում նշվում է մասշտաբը, որից հետո գծագրվում է հողամասի և նրա վրա ամրակայված շենքերի և շինությունների հատակագիծը, որում ցույց են տրվում շենքերի, շինությունների արտաքին չափերը, դասավորությունը հողամասի նկատմամբ և միմյանց միջև: Հատակագծում ցույց են տրվում նաև շենքի ծավալից դուրս գտնվող պատշգամբները և աստիճանները, պարիսպներն ու դարպասը: Հատակագիծը գծվում է սև տուշով: Հողամասի ներքևի ձախ անկյունից սկսած` ժամացույցի սլաքի ուղղությամբ հողամասի բոլոր անկյունները համարակալվում են /տես գծ. 1/:

Գծագիր N1

3. Հողամասի հատակագիծը կազմվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության կողմից 23.09.1999թ. N12.01/01 հրամանով հաստատված «Անշարժ գույքի հաշվառման» մեթոդական ցուցումների «Հողամասի և նրա վրա ամրակայված շինությունների չափագրում» բաժնի համապատասխան:

Մինչև 5000 քմ. հողամասի և նրա վրա ամրակայված շինությունների հատակագիծը կազմվում է 1:500 մասշտաբի, իսկ 5000քմ-ից ավել` 1:2000, ավելի մեծ հողակտորների համար 1:5000 և 1:10000 մասշտաբի:

Կազմվում է աղյուսակ, որտեղ առաջին սյունակում լրացվում է հողամասի սահմանագծի հատվածը ըստ համարակալման հերթականության, երկրորդ սյունակում նշվում է տվյալ հատվածի երկարության չափը, երրորդ սյունակում գրվում է սահմանակից սեփականատիրոջ, օգտագործողի ազգանունը, անունը, /անվանումը/, իսկ եթե այդպիսիք չկան ապա տեղանքի անվանումը /փողոց, գետ, անտառ, առու և բնական լանդշաֆտի այլ տվյալներ/ տես աղյուսակ «ա»/.

աղյուսակ «ա»

Հատվածը

Երկարության չափը /մետր/

Սահմանակից սեփականատիրոջ օգտագործողի/ անուն-ազգանունը /անվանումը/

1-2

12

Ծատուրյան Արմեն

2-3

14

Հարությունյան Բենիկ

3-4

7

Ոսկանյան Մարինե

4-5

6

Բալայան Վլադիմիր

5-6

9

Միրզոյան Իննա

6-7

10

Ավետիսյան Մետաքսե

7-8

12

Մելքումյան Աշոտ

8-9

160

Բաղրյան Իրա

9-10

5

Փողոց

10-1

8

Գետ

Հողամասի վրա գտնվող բոլոր շինությունները համարակալվում են սկսած հիմնական շինությունից և կազմվում է աղյուսակ, որտեղ առաջին սյունակում գրվում է շինության համարակալման թիվն ըստ հատակագծի, երկրորդ սյունակում՝ համապատասխան շինության անվանումը /տես աղյուսակ «բ»/.

աղյուսակ «բ»

Շինության համարը

Շինության անվանումը

1

Բնակելի տուն

2

Ավտոտնակ

3

Անասնաշենք

4

Մառան

5

Կաթսայատուն

4. Վկայականի «Շենքի հատակագիծը» մասում գծվում են բնակելի հարկերը կտրվածքներով: Վերևի մասում գծվում է նկուղային հարկի հատակագիծը, այնուհետև` հերթականությամբ դեպի ներքև գծվում են մնացած հարկերը: Գծագրերը կատարվում են թղթի եզրերին սիմետրիկ, ընդ որում գծագրի և թղթի եզրերի միջև թողնվում է 2-3սմ-ից ոչ պակաս տարածություն: Գծագրերը կատարվում են ուրվագծի տվյալների հիման վրա 1:100 մասշտաբի, մեծ մակերես ունեցող շենքի համար բացառության կարգով 1:200 և 1:500 մասշտաբի: Հարկի ներքևի տարածքները հատակագծի վրա համարակալվում են մուտքի դռնից սկսած ժամացույցի սլաքի ուղղությամբ, յուրաքանչյուր տարածքի կենտրոնում գիծ է գծվում և համարիչում գրվում է հերթական համարը, իսկ հայտարարում տվյալ տարածքի մակերեսը: Չափերը գրվում են նույնանման թվերով, իրենց ներքևի մասով պետք է ուղղված լինեն թղթի ներքևի մասին կամ թղթի աջ կողմին /նայիր գծագիր N2/: Յուրաքանչյուր հարկի գծագրի վերևի աջ մասում գրվում է հարկի անվանումը /նկուղ, կիսանկուղ, առաջին հարկ և այլն/, արտաքին և ներքին բարձրությունները, պատերի և միջնապատերի հաստությունները/տես գծ. N2/:

Գծ. N2

5. Եթե շենքի, բաժանմունքի համարակալման և մակերեսի չափի կոտորակը չի տեղավորվում տարածքի ներսում, ապա այն սլաքով դուրս է բերվում գծագրից և գրվում է ազատ տեղում, բայց այնպես, որ պարզ լինի, թե որ տարածքին է այն վերաբերվում /գծ. N3/:

Գծ. N3

Եթե շենքի, շինության մակերեսների մեծ լինելու կամ հարկերի քանակը շատ լինելու պատճառով լրիվ գծագիրը չի տեղավորվում հատակագծի վրա, ապա մնացած հարկերի համար գծագրվում են լրացուցիչ հատակագծեր և որպես ներդիր դրվում են իրավունքի վկայականի մեջ: Յուրաքանչյուր ներդիրի վրա լրացվում է տվյալ վկայականի համարը, դրանք էջակալվում են և ստորագրվում ու կնիքվում են ստորաբաժանման ղեկավարի կողմից:

6. «Հողամասի տվյալներ» բաժնում նշվում են.

ա/ կադաստրային համարը — անշարժ գույքի միավորի այն համարն է, որը հաշվառման և քարտեզագրման ընթացքում տրվում է անշարժ գույքի յուրաքանչյուր միավորին.

բ/ նպատակային նշանակությունը – նշվում է հողային ֆոնդը` գյուղատնտեսական, բնակավայրերի, պահուստային, արդյունաբերության նշանակության և այլն:

գ/ օգտագործման նպատակը – հողամասի օգտագործման նպատակը՝ հողատեսքը, գործառնական նշանակությունը /օրինակ՝ վարելահող, բազմամյա տնկարկ, այգեգործական, բնակելի կառուցապատման և սպասարկման /տնամերձ/, հասարակական կառուցապատման և սպասարկման, արդյունաբերական օբյեկտների համար և այլն:

դ/ հողամասի չափը /հա/ — նշվում է հեկտարով /օրինակ` 0.1250 հա/

ե/ իրավունքի տեսակը – սեփականության, անհատույց օգտագործման, վարձակալության և այլն:

Վկայականներում հողամասերի մակերեսները գրառելիս, դրանք կլորացվում են մաթեմատիկական սկզբունքով.

ա/ բնակավայրերի տարածքներում – հեկտարի 0.001 ճշտությամբ

բ/ բնակավայրերից դուրս այլ տարածքներում – հեկտարի 0.01 ճշտությամբ

7. «Շենքի տվյալները» բաժնում նշվում են.

ա/ կադաստրային համարը — անշարժ գույքի միավորի այն համարն է, որը կադաստրային հաշվառման և քարտեզագրման ընթացքում տրվում է անշարժ գույքի յուրաքանչյուր միավորին.

բ/ նպատակային նշանակությունը – բնակելի, հասարակական, արդյունաբերական, գյուղատնտեսական, ինժեներական.

գ/ օգտագործման նպատակը — ԼՂՀ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության 1999թվականի մայիսի 10-ի թիվ 3-01/01 հրամանով հաստատված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում շենքերի և շինությունների դասակարգման հրահանգ»-ին համապատասխան` բազմաբնակարան բնակելի շենքի բնակարան, բնակելի տուն, այգետնակ, դպրոց, արխիվ, դեղատուն, կինոթատրոն, գործարան, անասնաշենք և այլն.

դ/ մակերեսը /քմ/ — նշվում է թվերով /օրինակ` 125.25քմ/.

ե/ իրավունքի տեսակը – նշվում է սեփականության, օգտագործման և այլն:

8. «Շինության տվյալները» բաժնում նշվում է.

ա/ կադաստրային համարը — անշարժ գույքի միավորի այն համարն է, որը կադաստրային հաշվառման և քարտեզագրման ընթացքում տրվում է անշարժ գույքի յուրաքանչյուր միավորին.

բ/ օգտագործման նպատակը – նշվում է ԼՂՀ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության 1999թվականի մայիսի 10-ի թիվ 3-01/01 հրամանով հաստատված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում շենքերի և շինությունների դասակարգման հրահանգ»-ին համապատասխան ՝ ավտոտնակ, բենզալցման կայան, սիլոսի հոր, ջերմոց և այլն.

գ/ մակերեսը /քառ.մ./ — նշվում է թվերով /օրինակ` 125.05քմ/.

դ/ իրավունքի տեսակը – սեփականության, օգտագործման և այլն:

9. «Լրացուցիչ նշումներ, փոփոխություններ» որպես լրացուցիչ նշումներ գրվում են`

Սերվիտուտի առկայության դեպքում

ա/ սերվիտուտի պայմանագրի /որոշման, վճռի/ ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, համարը, գործողության ժամկետը.

բ/ ինչ իրավունք է տրվել սերվիտուտով և ում է տրվել.

Որպես փոփոխություններ նշվում են վկայականում փոփոխություններ կատարելու համար հիմք հանդիսացող փաստաթղթերի ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, համարը և կատարված փոփոխությունները:

10. Անշարժ գույքի նկատմամբ ընդհանուր սեփականության դեպքում, երբ վկայականի առաջին էջի տողերը չեն բավարարում բոլոր սեփականատերերի անուն, ազգանունները լրացնելու համար, ապա «Լրացուցիչ նշումներ, փոփոխություններ» բաժնում նշվում են մյուսների անուն — ազգանունները: Վերջինիս տողերը նույնպես չբավարարելու դեպքում օգտագործվում է ներդիր, որը սահմանված կարգով ստորագրվում և կնիքվում է ստորաբաժանման ղեկավարի կողմից: Օրինակ, եթե վկայականում անշարժ գույքի սեփականատերերի ազգանունները լրացնելիս չի բավականացնում նաև «Լրացուցիչ նշումներ» բաժինը, ապա մնացած անունները լրացվում են նույն չափի թղթի վրա և որպես ներդիր դրվում է համապատասխան իրավունքի գրանցման վկայականի մեջ: Ներդիր է օգտագործվում նաև, եթե չեն բավականացնում վկայականի մյուս բաժինների տողերը լրացնելու համար, ինչպես նաև իրավունքի գրանցման մյուս վկայականների համար:

11. Վկայականում նշված «Կատարողներ՝»-ի դիմաց ստորագրում են հաշվառման, գրանցման բաժինների պետերը կամ մասնագետները, նշվում են նրանց անվան առաջին տառերը և ազգանունները:

2. Անշարժ գույքի գրավի, հիփոթեքի իրավունքի գրանցման վկայական

ա/ Գրավատուի`

ազգանունը, անունը /անվանումը/ — նշվում է գրավատուի ազգանունը, անունը` ըստ անձնագրային տվյալների, իրավաբանական անձի /անձանց/ դեպքում` անվանումը՝ ըստ ռեգիստրում գրանցված տվյալների:

բնակության /գտնվելու/վայրը — նշվում է բնակվելու /գտնվելու/ վայրի՝ շրջանի, համայնքի, բնակավայրի անվանումը, հասցեն:

բ/ Գրավառուի`

ազգանունը, անունը /անվանումը/ — նշվում է գրավառուի ազգանունը, անունը՝ ըստ անձնագրային տվյալների, իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը՝ ըստ ռեգիստրում գրանցված տվյալների:

բնակության /գտնվելու/ վայրը — նշվում է բնակվելու /գտնվելու/ վայրի՝ շրջանի, համայնքի, բնակավայրի անվանումը, հասցեն:

գ/ Գրավի, հիփոթեքի առարկան – նշվում է գրավի առարկա հանդիսացող անշարժ գույքի տեսակը /հող՝ տնամերձ, այգեգործական, բնակելի տան կառուցման և սպասարկման, գործարանի, խանութի կառուցման համար և այլն, դրան ամրակայված գույք՝ բնակարան, բնակելի տուն, գործարան, խանութ և այլն/:

դ/ Գրավի, հիփոթեքի առարկայի ՝

— գտնվելու վայրը – նշվում է գրավի, հիփոթեքի առարկայի գտնվելու վայրը /շրջան, համայնք, բնակավայրի անվանումը, հասցեն/,

— նկատմամբ իրավունքի տեսակը – նշվում է գրավատուի՝ գրավի առարկայի նկատմամբ իրավունքի տեսակը՝ սեփականության, օգտագործման /օգտագործման դեպքում նշվում է «մշտական օգտագործման», վարձակալության/,

— արժեքը /հազ.դրամ/ — նշվում է կադաստրային կամ գնահատված արժեքը թվերով, այդ թվում՝ հողի, շենքի, շինության արժեքները նշվում են առանձին-առանձին:

ե/ Գրավի, հիփոթեքի պայմանագրի ՝

— գրանցման համարը – նշվում է պայմանագրի համարը,

— ամսաթիվը, ամիսը, տարին – նշվում է պայմանագրի կնքման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը և ժամը,

— գործողության ժամկետը – նշվում է պայմանագրով նախատեսված գործողության ժամկետը, որի սկիզբը համարվում է պայմանագրի կնքման օրը:

զ/ Գրավի, հիփոթեքի պայմանագրով պարտավորությունները – համառոտ նշվում են պայմանագրում նախատեսված պարտավորությունները:

Գրավի, հիփոթեքի առարկայի հատակագիծը բաժնում կազմվում է գրավի առարկայի հատակագիծը, իսկ մասշտաբը տողում լրացվում է հատակագծի մասշտաբը:

Հատակագիծը կազմվում է անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման վկայականի «Հողամասի հատակագծի» կամ «Շենքի հատակագծի» բաժիններին համապատասխան: Ընդ որում, եթե գրավի, հիփոթեքի առարկա է հանդիսանում անշարժ գույքի մի մասը, ապա գծվում է ամբողջ անշարժ գույքը և կարմիր տուշով շտրիխվում է գրավ դրված մասը:

Եթե շենքի, շինության մակերեսների մեծ լինելու կամ հարկերի քանակը շատ լինելու պատճառով լրիվ գծագիրը չի տեղավորվում հատակագծի վրա, ապա մնացած հարկերի համար գծագրվում են լրացուցիչ հատակագծեր և որպես ներդիր դրվում են իրավունքի վկայականի մեջ: Յուրաքանչյուր ներդիրի վրա լրացվում է տվյալ վկայականի համարը, դրանք էջակալվում են և ստորագրվում ու կնիքվում են ստորաբաժանման ղեկավարի կողմից:

Օրինակ՝ գրավի առարկա է հանդիսանում բնակելի տան երկու բակային կառույցները հողամասի ընդհանուր մակերեսը 600քմ:

Գծ. N4, օրինակ I

օրինակ II, բնակարանի մի մասը

էա/ «Կատարողը» – ստորագրում են հաշվառման, գրանցման բաժինների պետերը կամ մասնագետները, նշվում են նրանց անվան առաջին տառերը և ազգանունները:

էբ/ Սույն վկայականը կազմված է մեկ օրինակից և հանձնված է գրավառուին:

Վկայականի պատճեն պահվում է ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի _________ տարածքային ստորաբաժանումում – նշվում է համապատասխան ստորաբաժանման անվանումը:

էգ/ ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանման ղեկավար ՝ — ստորագրում է ստորաբաժանման ղեկավարը /նրա բացակայության դեպքում՝ կոմիտեի նախագահի հրամանով ստորաբաժանման ղեկավարի պարտականությունները կատարող անձը/, նշվում է նրա անվան առաջին տառն ու ազգանունը, լրացվում է ամսաթիվը, ամիսը, տարեթիվը և կնիքվում:

3. Անշարժ գույքի վարձակալության իրավունքի գրանցման վկայական

1. ա/ Վարձակալի`

ազգանունը, անունը /անվանումը/ — նշվում են վարձակալի ազգանունը, անունը՝ ըստ անձնագրային տվյալների, իրավաբանական անձի /անձանց/ դեպքում՝ անվանումը՝ ըստ ռեգիստրում գրանցված տվյալների:

բնակության /գտնվելու/ վայրը — նշվում է շրջանի, համայնքի, բնակավայրի անվանումը, հասցեն:

բ/ Վարձատուի`

ազգանունը, անունը /անվանումը/ — նշվում են վարձատուի ազգանունը, անունը՝ ըստ անձնագրային տվյալների, իրավաբանական անձի /անձանց/ դեպքում՝ անվանումը՝ ըստ ռեգիստրում գրանցված տվյալների:

բնակության /գտնվելու/ վայրը — նշվում է շրջանի, համայնքի, բնակավայրի անվանումը, հասցեն:

գ/ Վարձակալության առարկան — նշվում է վարձակալության առարկա հանդիսացող անշարժ գույքի տեսակը /հող՝ տնամերձ, այգեգործական, բնակելի տան կառուցման և սպասարկման, գործարանի, խանութի կառուցման համար և այլն, դրան ամրակայված գույք /բնակելի տուն, բնակարան, խանութ, առևտրի սրահ և այլն/:

դ/ Վարձակալության առարկայի ՝

— գտնվելու վայրը – նշվում է վարձակալության առարկայի գտնվելու վայրը /շրջան, համայնք, բնակավայրի անվանումը, հասցեն/,

— չափը /մակերեսը/ — հողամասը նշվում է հեկտարով /հա/ /օրինակ՝ 1,1250 հա/, շենք, շինությունը՝ քառակուսի մետրով /ք.մ/

այդ թվում՝

— ըստ հողատեսքերի /նույնպես հեկտարով նշվում է յուրաքանչյուրն առանձին/,

— շենքերի – նշվում է թվերով /օրինակ՝ 35,05 ք.մ./, որից բնակելի, օժանդակ /նշվում են առանձին-առանձին/

— շինությունների – նույնպես նշվում է քառակուսի մետրերով,/օրինակ 50.05քմ/

— վարձավճարի չափը /արժեքը/ /դրամ / — նշվում է թվերով, այդ թվում հողի, շենքի, շինության՝ նշվում են դրանց արժեքները առանձին-առանձին,

— նկատմամբ իրավունքի տեսակը – նշվում է վարձատուի վարձակալության առարկայի նկատմամբ իրավունքի տեսակը՝ սեփականության, օգտագործման /օգտագործման դեպքում նշվում է «մշտական օգտագործման»/,

ե/ Վարձակալության պայմանագրի ՝

— գրանցման ամիսը, ամսաթիվը, տարին, համարը – նշվում է պայմանագրի ամիսը, ամսաթիվը, տարին, համարը,

— գործողության ժամկետը – նշվում է պայմանագրով նախատեսված գործողության ժամկետը, որի սկիզբը համարվում է պայմանագրի կնքման օրը,

զ/ Վարձակալության առարկայի պետական գրանցման համարը, տարին՝

— նշվում է միասնական մատյանի թերթիկի հողամասի, շենքի, շինության պետական գրանցման համարը և պետական գրանցման տարին:

2. Անշարժ գույքի անհատույց օգտագործման, ֆինանսական վարձակալության /լիզինգի/ պայմանագրերի գրանցման ժամանակ տրվում են վարձակալության վկայականներ, որտեղ՝ անհատույց օգտագործման դեպքում, վարձակալը դիտվում է որպես փոխառու, իսկ վարձատուն որպես փոխատու:

3. Անհատույց օգտագործման պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման վկայականների՝

սույն հրահանգի 1-ին կետի «գ» ենթակետի՝ վարձակալության առարկայի

ա/ նկատմամբ իրավունքի տեսակը – նշվում է «անհատույց օգտագործման»,

բ/ վարձավճարի չափը /դրամ/ — նշվում է «անհատույց»:

Վկայականի հատակագծում նշվում է մասշտաբը, այնուհետև ցույց է տրվում վարձակալության առարկա հանդիսացող անշարժ գույքը: Հատակագիծը կազմվում է անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման վկայականի «Հողամասի հատակագիծ» կամ «Շենքի հատակագիծ» բաժիններին համապատասխան, ընդ որում, եթե վարձակալության առարկա է հանդիսանում անշարժ գույքի մի մասը, ապա գծվում է ամբողջ անշարժ գույքը և կարմիր տուշով շտրիխվում է վարձակալությամբ տրված մասը:

Գծ. N5. Օրինակ I վարձակալության առարկա է հանդիսանում բնակելի տան երկու բակային կառույցները և ընդհանուր հողամասի 600քմ:

Օրինակ II, բնակարանի մի մասը

«Կատարողը» – ստորագրում են հաշվառման, գրանցման բաժինների պետերը կամ մասնագետները, նշվում են նրանց անվան առաջին տառերը և ազգանունները:

ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանման ղեկավար – ստորագրում է ստորաբաժանման ղեկավարը /նրա բացակայության դեպքում՝ կոմիտեի նախագահի հրամանով ստորաբաժանման ղեկավարի պարտականություններ կատարող անձը/, նշվում է նրա անվան առաջին տառն ու ազգանունը, լրացվում է ամսաթիվը, ամիսը, տարեթիվը և կնիքվում:

Սույն վկայականը կազմված է մեկ օրինակից և հանձնված է գրավառուին:

Վկայականի պատճենը պահվում է ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի _____________________________ տարածքային ստորաբաժանումում – նշվում է համապատասխան ստորաբաժանման անվանումը:

4. Անշարժ գույքի գրավի, հիփոթեքի և անշարժ գույքի վարձակալության իրավունքների գրանցման վկայականներում փոփոխություններ կատարել չի թույլատրվում: Յուրաքանչյուր փոփոխություն գրանցելու անհրաժեշտության դեպքում տրվում է նոր վկայական /նախկինը կարվում է կադաստրային գործում/:

5. Անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի, անշարժ գույքի գրավի, հիփոթեքի իրավունքի, անշարժ գույքի վարձակալության իրավունքի գրանցման վկայականներում բոլոր գծագրերն ու գրառումները կատարվում են սև տուշով:

6. Իրավունքների գրանցման վկայականներում հատակագծերի գծագրումը և աղյուսակների լրացումն սահմանված կարգով իրականացվում են հաշվառման բաժնում:

4. Իրավունքի գրանցման վկայականների կրկնօրինակներ տրամադրելը

1. Անշարժ գույքի սեփականատերերի, օգտագործողների և այլ սուբյեկտների դիմումների հիման վրա նրանց տրվում է համապատասխան իրավունքի գրանցման վկայականի կրկնօրինակ, որոնք իրենց մեջ պարունակում են վկայականի բոլոր տվյալները` ներառյալ վկայականի համարը:

2. Կադաստրային գործում առկա վկայականից կրկնօրինակ տրամադրելիս լրացվում են բոլոր տվյալները, բացառությամբ ստորագրություններից, նույնությամբ գծվում է հատակագիծը: Կրկնօրինակի վրա ստորագրում են համապատասխան վերարտադրող մասնագետները, որից հետո կրկնօրինակի կազմի վրա դրվում է կրկնօրինակի տրման ամիսը, ամսաթիվը, տարեթիվ, կնքվում և ստորագրվում է տարածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից:

3. Կրկնօրինակի կազմի վրա նախատեսված «Կրկնօրինակ» տողում լրացվում է այն փաստաթղթի անվանումը, որից տրվում է կրկնօրինակը, օրինակ՝

1/ «Կրկնօրինակ տեխնիկական անձնագրի»,

2/ «Կրկնօրինակ սեփականության վկայականի»,

3/ «Կրկնօրինակ սեփականության վկայագրի»,

4/ «Կրկնօրինակ անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման վկայականի» և այլն:

Գլուխ 15. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ընթացքում թույլ տրված սխալների ուղղման կարգը

1. Իրավունքների պետական գրանցման ժամանակ թույլ տրված սխալների ուղղումը կատարվում է՝

ա/ անշարժ գույքի սեփականատիրոջ կամ օգտագործողի նախաձեռնությամբ դիմումի /համաձայնագրի/ հիման վրա,

բ/ ստորաբաժանման ղեկավարի նախաձեռնությամբ,

գ/ կոմիտեի նախագահի /տեղակալի/ նախաձեռնությամբ, վերադասության սկզբունքով:

2. Իրավունքների պետական գրանցման ժամանակ թույլ տրված սխալներն են՝

  • չափագրում – չափերի սխալ, մակերեսի հաշվարկման սխալ,

  • տեղազննություն — գույքի որակական հատկանիշների փոփոխում /չափի և մակերեսի/

Ինքնակամ կամ այլ կառույցը ուրվագծում չնախատեսելու հետևանքով կատարված սխալները ուղղման ենթակա են միայն դատական կարգով:

  • կադաստրային գնահատում – սխալ գնահատում,

  • իրավունքների պետական գրանցում — անվանման, իրավունքի տեսակի, ահմանափակման սխալ: Գույքի նկատմամբ իրավունք գրանցված լինելու կամ չլինելու հետևանքով կատարված սխալը ենթակա է ուղղման միայն դատական կարգով /օրինակ՝ ընկերության տնօրենը իրավասու չէր օտարել տվյալ գույքը, սակայն այլ անձի՝ գույք ձեռք բերողի իրավունքը ստացել է պետական գրանցում/,

  • ֆինանսական գանձում – ծառայությունների դիմաց կատարված մուծումների չափը, պետական տուրքի չափը,

  • տեղեկատվության տրամադրում — գույքի նկատմամբ գրանցված իրավունքի տեսակի, մակերեսի, գնահատման, սահմանափակումների վերաբերյալ տված տեղեկատվության սխալ:

3. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ժամանակ թույլ տրված սխալը, եթե թույլ է տրվել ստորաբաժանման աշխատակցի կողմից և հնարավոր չէ վկայականում կատարել ուղղում, ապա իրավունքի նոր վկայականը տրամադրվում է անվճար՝ ստորաբաժանման հաշվին:

4. Եթե անշարժ գույքի պետական գրանցումը կատարվել է որևէ իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի հիման վրա, ապա թույլ տրված սխալների ուղղումը պետական գրանցման փաստաթղթերում կարող է կատարվել միայն ներկայացված փաստաթղթերում՝ տվյալ մարմնի կողմից համապատասխան ուղղում կատարելուց հետո և տրվում է նոր վկայական՝ դիմումատուի հաշվին:

5. Սեփականատիրոջը /օգտագործողին/ գրավոր հիմնավորված առաջարկություն է ներկայացվում 15 օրվա ընթացքում վերադարձնել իր՝ համապատասխան իրավունքի վկայականը՝ սխալները ուղղելու համար, իսկ չվերադարձնելու դեպքում՝ սխալների ուղղումը կատարելուց հետո նրան այդ մասին գրավոր տեղյակ է պահվում:

Առանց սեփականատիրոջ կամ օգտագործողի համաձայնության, բայց վերջիններիս պատշաճ ձևով տեղյակ պահելուց հետո կատարված սխալների ուղղումը ստանում է իրավաբանական ուժ միասնական մատյանում այն լրացնելու պահից: Այս դեպքում ռեգիստրը պատասխանատու չէ նախկինում կատարված, այնուհետև ուղղված սխալի հետևանքով երրորդ անձանց, ինչպես նաև սեփականատիրոջը /օգտագործողին/ պատճառված վնասների համար:

Օրինակ՝ քաղաքացի Է. Կարապետյանը հանդիսանում է քաղաքացի Կ. Պետրոսյանի սեփականության իրավունքով պատկանող հողամասի կամ շենք, շինության օգտագործողը, սակայն իրավունքի գրանցման ընթացքում սխալմամբ նշված գույքի նկատմամբ գրանցվել է քաղաքացի Է Կարապետյանի սեփականության իրավունքը:

6. Անշարժ գույքի նկատմամբ սեփականության /օգտագործման/, գրավի, հիփոթեքի, վարձակալության իրավունքների գրանցման վկայականներում, ինչպես նաև գործավարության մյուս մատյաններում սխալ գրառում կատարելու դեպքում կարմիր տուշով գիծ է քաշվում սխալ գրված բառի /տառի/ կամ թվի վրա այնպես, որ ընթեռնելի լինի սխալ արված գրառումը, այնուհետև գրվում է ճիշտ բառը կամ թիվը /տառը/ և նշվում՝ «ուղղումը կատարվել է մեր կողմից»: Կատարված գրառումը ստորագրվում և կնիքվում է համապատասխան ստորաբաժանման ղեկավարի՝ նրա բացակայության դեպքում կոմիտեի նախագահի հրամանով՝ ստորաբաժանման ղեկավարի պարտականություններ կատարող անձը:

7. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման վկայականներում սխալների ուղղում թույլատրվում է կատարել յուրաքանչյուր տողում մեկ անգամ: Մեկից ավելի ուղղում կատարելու, ինչպես նաև սխալ հատակագիծ գծելու դեպքում կազմվում է համապատասխան արձանագրություն, որը ստորագրում են կատարողը, գրանցման բաժնի պետը, տեղեկատվության բաժնի աշխատակիցը և հաստատվում է ստորաբաժանման ղեկավարի կողմից: Վկայականի առաջին էջի վրա վերևի աջ անկյունում կատարվում է գրառում «Վկայականը համարել չեղյալ», կատարված գրառումը ստորագրվում ու կնիքվում է ստորաբաժանման ղեկավարի՝ նրա բացակայության դեպքում կոմիտեի նախագահի հրամանով՝ ստորաբաժանման ղեկավարի պարտականություններ կատարող անձի կողմից, և չեղյալ ճանաչված վկայականը ու կազմված արձանագրությունը հանձնվում և պահվում են տեղեկատվության ենթաբաժնում՝ չեղյալ ճանաչված վկայականների համար նախատեսված թղթապանակներում:

8. Ամենամսյա գերատեսչական հաշվետվություն ներկայացնելու ընթացքում միաժամանակ կոմիտե են ներկայացվում չեղյալ ճանաչված վկայականները և արձանագրությունները:

9. Ամենամսյա ներկայացվող գերատեսչական հաշվետվություններում նշվում են չեղյալ և դատարանի կողմից անվավեր ճանաչված վկայականների համարները:

10. Չեղյալ, ինչպես նաև դատարանի կողմից անվավեր ճանաչված վկայականների վերաբերյալ յուրաքանչյուր ամիս հայտարարություն է տրվում մամուլում՝ նշելով չեղյալ և անվավեր ճանաչված վկայականների համարները:

11. Անշարժ գույքի նկատմամբ սեփականության /օգտագործման/, գրավի, հիփոթեքի, վարձակալության իրավունքների գրանցման վկայականներում, ինչպես նաև գործավարության մյուս մատյաններում սխալների ուղղման և փոփոխությունների կատարման դեպքում ջնջումներ կատարել չի թույլատրվում:

Չորրորդ բաժին

Գլուխ 16. Կադաստրային գործ

1. Կադաստրային գործն իր մեջ ընդգրկում է անշարժ գույքի առանձին միավորների նկատմամբ իրավունքներ և սահմանափակումներ հաստատող փաստաթղթեր: Կադաստրային գործը կազմվում է փաստաթղթերն ըստ հաջորդականության թղթապանակի աջ կողմում դասավորելու միջոցով, սկզբից դրվում է քաղաքացու դիմումը, դրա վրա դրվում են դիմումում ներկայացված փաստաթղթերը, որից հետո դրվում են կազմված մյուս փաստաթղթերը, վերջում՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքի գրանցման վկայականը, որից հետո համարակալվում են գործի բոլոր թերթերը՝ որպես առաջին էջ ընդունելով դիմումը և վերջացնելով իրավունքի գրանցման վկայականով, այնուհետև դրվում է մաքուր թուղթ, կարվում է ամբողջ գործը, թելերի ծայրերը հանվում են նշված մաքուր թղթի վրա, սոսնձվում, կնիքվում և ստորագրվում ստորաբաժանման ղեկավարի կողմից: Օրինակ՝ 1. դիմում, 2. պայմանագիր /կամ իրավունք հաստատող այլ փաստաթղթեր/, 3. պետական տուրքի վճարման անդորրագիր, 4. ուրվագիծ, 5. մակերեսների հաշվարկի պարզաբանագիր, 6. գնահատման ամփոփ հաշվարկ, 7. պետական գրանցման վճարի անդորրագիր, 8. համապատասխան իրավունքի գրանցման վկայական, 9. կնիքված թուղթ: Կադաստրային գործի կազմի ներսի ձախ կողմից սոսնձվում է թուղթ, որի վրա ըստ հերթականության նշվում են՝ փաստաթղթի հերթական համարը, փաստաթղթի անվանումը, էջի համարը, ինչպես նաև միասնական մատյանի և մատյանում գրանցման թերթիկի և էջի համարները: Նշված թուղթը լրանալու դեպքում դրա վրա սոսնձվում է նոր թուղթ այնպես, որ նախկին թղթի գրառումները ընթեռնելի լինեն: Կադաստրային գործի կազմի վրա նշվում է հերթական համարը, կոդը, և լրացվում է անշարժ գույքի գտնվելու վայրը /շրջան, համայնք, հասցե/:

Կադաստրային գործերի ծածկագրումը /համարակալումը/ կատարվում է «Կադաստրային գործերի էլեկտրոնային արխիվի ստեղծման, վարման կարգ»-ի պահանջներին համապատասխան:

2. Անշարժ գույքի նկատմամբ ցանկացած գործարք կատարելու դեպքում նոր փաստաթղթերը նույն կարգով համարակալվում են հաջորդականությամբ /շարունակելով նախկին գործի վերջին համարից/, կարվում և կնիքվում են նույն կարգով՝ առանց նախկին կնիքը վնասելու, իսկ փաստաթղթերի ցանկում կատարվում է լրացում նոր առաջացած փաստաթղթերի վերաբերյալ: Վերը նշված աշխատանքները կատարվում են գրանցման բաժնում:

3. Եթե գույքը բաժանվում է տարբեր միավորների, նոր առաջացած միավոր/ներ/ի համար կազմվում է նոր կադաստրային գործ, նախկին գործում մնում են գույքի բաժանման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը և դիմումով ներկայացված անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ վկայականի սեփականատիրոջը տրամադրված օրինակը, շարունակելով առաջացած միավորներից մեկի հետ կատարվող գործարքները, իսկ նոր գործում դրվում են գույքի բաժանման համար հիմք հանդիսացող փաստաթղթերի պատճենները՝ հղում անելով բնօրինակները պարունակող կադաստրային գործին: Օրինակ՝ քաղաքացի Ա-ն դիմումով բաժանել է իր հողամասը երկու միավորի՝ մի մասը օտարելու համար: Առաջացած միավորներից մեկի գործը շարունակվում է նախկին գործում, նախապես այնտեղ կարելով բաժանման մասին դիմումը և սեփականատիրոջը նախկինում տրամադրված սեփականության /օգտագործման/ վկայականի օրինակը: Մյուս միավորի համար կազմվում է նոր գործ, որտեղ դրվում է քաղաքացու դիմումի և սեփականատիրոջը նախկինում տրամադրված սեփականության /օգտագործման/ վկայականի օրինակի պատճենները, կադաստրային գործի կազմի ներսի մասում նշելով «Հիմքերը տես N——գործում»:

4. Եթե վերանում է անշարժ գույքը /բնական աղետների հետևանքով և այլ դեպքերում/ կադաստրային գործը փակվում է և գործի կազմի վրա գրվում է «փակված»՝ նշելով պատճառը: Փակված կադաստրային գործը, ինչպես նաև փակված բոլոր մատյանները /միասնական, դիմումների հաշվառման/ տեղեկատվության տրամադրման ենթաբաժնում պահվում են առանձին տեղում:

5. Կադաստրային գործերի պահպանման համար պատասխանատվություն են կրում գրանցման բաժնի պետը /տեղեկատվության տրամադրման ենթաբաժնի մասնագետը/, տարածքային ստորաբաժանման ղեկավարը:

6. Կադաստրային գործը կամ առանձին փաստաթղթերը կորցնելու, վնասվելու դեպքում տարածքային ստորաբաժանման ղեկավարը անմիջապես այդ մասին մանրամասն զեկուցագիր է ներկայացնում ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին և միջոցներ է ձեռնարկում դրանք վերականգնելու ուղղությամբ:

Գլուխ 17. Կադաստրային գործի վերականգնումը

1. Կադաստրային գործը վերականգնվում է հետևյալ կերպ`

Գրանցման բաժնի պետը /մասնագետը/ զեկուցագիր է ներկայացնում ստորաբաժանման ղեկավարին` կադաստրային գործը կորչելու վերաբերյալ, իսկ տարածքային ստորաբաժանման ղեկավարը՝ կոմիտեի նախագահի անվամբ մանրամասն զեկուցագիր է ներկայացնում կադաստրային գործի կորստյան կամ վնասվելու վերաբերյալ:

2. Կոմիտեի նախագահի կողմից կադաստրային գործը վերականգնելու վերաբերյալ համապատասխան թույլտվություն ստանալուց հետո,

ա/ եթե տվյալ անշարժ գույքի նկատմամբ իրավունքները գրանցված չեն միասնական մատյանում, ապա որպես հիմք ընդունվում են սեփականության վկայականում նշված իրավահաստատող փաստաթղթերը, որի կրկնօրինակները ձեռք են բերվում համապատասխան մարմիններից և վերականգնվում է կորած կամ վնասված կադաստրային գործը: Գործի կազմի վրա նշվում է «Վերականգնված», ստորագրվում և կնիքվում է տարածքային ստորաբաժանման ղեկավարի /նրա բացակայության դեպքում` կոմիտեի նախագահի հրամանով՝ ստորաբաժանման ղեկավարի պարտականություններ կատարող անձի/ կողմից:

բ/ եթե տվյալ անշարժ գույքի նկատմամբ իրավունքը գրանցված է միասնական մատյանում, ապա որպես հիմք ընդունվում է պետական գրանցման միասնական մատյանում նշված իրավահաստատող փաստաթղթերը, որոնց կրկնօրինակները ձեռք են բերվում համապատասխան մարմիններից և վերականգնվում է կորած կամ վնասված կադաստրային գործը: Գործի կազմի վրա նշվում է «Վերականգնված», ստորագրվում և կնիքվում է տարածքային ստորաբաժանման ղեկավարի /նրա բացակայության դեպքում` կոմիտեի նախագահի հրամանով` ստորաբաժանման ղեկավարի պարտականություններ կատարող անձի/ կողմից:

3. Կադաստրային գործի՝ վնասվելու, փչանալու պատճառով, վերականգնման ժամանակ` կադաստրային գործում լրիվ վնասված փաստաթղթերը վերականգնվում են սույն հրահանգի 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում նշված կարգով, իսկ այն վնասված փաստաթղթերը, որոնք ընթեռնելի են` պատճենահանվում են, հաստատվում են ստորաբաժանման կնիքով և կարվում են կադաստրային գործում:

Գլուխ 18. Եզրափակիչ դրույթներ

Մինչև սույն հրահանգի հաստատումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի համապատասխան հրամաններով հաստատված բոլոր մեթոդական ցուցումների և հրահանգների դրույթները գործում են այնքանով, որքանով չեն հակասում սույն հրահանգին: Հակասության դեպքում գործում է սույն հրահանգի դրույթների պահանջները: