ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

«22» օգոստոսի 2001թ. N 235

«Արցախհողշիննախագիծ» պետական փակ բաժնետիրական ընկերության վերակազմավորման մասին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան`Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Վերակազմավորել «Արցախհողշիննախագիծ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը «Գեոդեզիայի, քարտեզագրման և հողաշինության նախագծային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության:

2. Բաժնետիրական ընկերությունների մասին «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված լիազորությունները վերապահել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչությանը:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչությանը`

ա․ սահմանված կարգով մինչև 2001թ. սեպտեմբերի 10-ը հաստատել «Գեոդեզիայի, քարտեզագրման և հողաշինության նախագծային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրությունը, կանոնադրական կապիտալի չափը և ներկայացնել պետական գրանցման.

բ․ 15-օրյա ժամկետում նախկին «Արցախհողշիննախագիծ» պետական փակ բաժնետիրական ընկերության հաշվեկշռում գտնվող գույքը հանձնել «Գեդեզիայի, քարտեզագրման և հողաշինության նախագծային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրինությանը:

գ․ 15-օրյա ժամկետում սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն ներկայացնել

առաջարկություն` իր կանոնադրությունում սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:

դ․ պետական կառավարման իրավասու մարմինների հետ քննարկել և սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ընկերության շենքային պայմանների ապահովման վերաբերյալ:

ԼՂՀ վարչապետ Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ