2012 թվականի փոփոխություններով հանդերձ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

19 հունիսի 2001թ. N 172

ք.Ստեփանակերտ

Կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման կարգը հաստատելու մասին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը կառավարությունը որոշում է.

1.Հաստատել կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման կարգը /կցվում է /:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` սույն կարգին համապատասխան կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքների կատարման համար:

3.Հանձնարարել Լեռնային Ղարաբաղի Հանրպետության շրջանների վարչակազմերի ղակավարներին և առաջարկել համայնքների ղեկավարներին սույն կարգով նախատեսված դեպքերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օտարել կամ պետական, համայնքային պահուստային ֆոնդի հողերին միացնել և վարձակալության կամ օգտագործման հանձնել այն հողատարածությունները,որոնք կադաստրային քարտեզագրման արդյունքում հաշվառվել են որպես անշարժ գույքի նկատմանբ իրավունքը հաստատող փաստաթղթերում նշված չափերից սեփականատերերի, օգտագործողների կողմից ավելի օգտագործվող հողատարածություններ:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ԼՂՀ վարչապետ Ա. Դանիելյան

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

2001թ. հունիսի 19 -ի

N 172 որոշմամբ

ԿԱՐԳ

ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ

1. Սույն կարգով սահմանվում է կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում պետական գրանցման նոր համակարգում անշարժ գույքի նկատմամբ սեփականության, օգտագործման իրավունքների, հիփոթեքի, սերվիտուտների, այլ գույքային իրավունքների առաջին պետական գրանցման կարգը:

2. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքներն իրականացվում են անշարժ գույքի նկատմամբ իրավունքը հաստատող փաստաթղթերի և կադաստրային քարտեզների հիման վրա:

3. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքը հաստատող փաստաթղթեր են հանդիսանում հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովների որոշումները՝ կնիքված համապատասխան համայնքների ղեկավարների կողմից, հողի սեփականության իրավունքի ժամանակավոր վկայականները, հողի սեփականության իրավունքի պետական ակտերը, անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման վկայականները, շենքերի սեփականության վկայագրերը, այգեգործների անդամատոմսերը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հողամասերի ձեռքբերման վերաբերյալ փաստաթղթերը և հողամասերի հատակագծերը՝ տրված իրավասու պետական մարմինների կողմից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված օտարման, սեփականաշնորհման, վարձակալության պայմանագրերը, անշարժ գույքի բռնագանձման վերաբերյալ վճիռներն ու դատավճիռները, կտակի, ըստ օրենքի իրավահաջորդության կամ ժառանգման վերաբերյալ փաստաթղթերը, գյուղական բնակավայրերում տնտեսությունների գրքերից /ծխամատյաններից/ քաղվածքները, անշարժ գույքի նկատմամբ իրավունքը հաստատող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթղթեր:

4. Կադաստրային քարտեզագրումն իրականացվում է հողամասի յուրաքանչյուր միավորի համար առանձին սահմանված մասշտաբներով լիցենզիա ստացած իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից, որում նշվում է անշարժ գույքը հողի և հողին ամրակայված գույքի յուրաքանչյուր միավորը՝ ըստ սեփականության ձևերի, նպատակային նշանակության, հողատեսքերի, տեղադրության, սահմանները, վերգետնյա և ստորգետնյա հաղորդակցության ցանցը և անշարժ գույքի վերաբերյալ այլ տվյալները:

5. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման ընթացքում կադաստրային քարտեզագրման արդյունքում անշարժ գույքի նկատմամբ իրավունքը հաստատող փաստաթղթերում նշված չափից սեփականատերերի կողմից, յուրաքանչյուր միավոր հողամասի հաշվով, մինչև 20 տոկոս փաստացի ավելի օգտագործման դեպքում սեփականության իրավունքը ճանաչվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի երկրորդ մասով սահմանված պայմաններով:

6. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքը հաստատող փաստաթղթերում նշված չափից 20 տոկոսից ավելի հողատարածություն օգտագործելու դեպքում համայնքի ղեկավարը փաստացի օգտագործողին առաջարկում է գնել, վարձակալել ավել օգտագործվող հողատարածությունը, եթե այն համապատասխանում է սույն կարգի 5-րդ կետում նշված պայմաններին:

Փաստացի օգտագործողի անհամաձայնության դեպքում ամբողջ ավել օգտագործվող հողատարածությունը մեկամսյա ժամկետում հետ է վերցվում և միացվում պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերին ու գրանցվում է որպես պետական կամ համայնքային սեփականություն:

7. Հողօգտագործողին՝ կադաստրային քարտեզագրման արդյունքում հայտնաբերված անշարժ գույքի նկատմամբ իրավունքը հաստատող փաստաթղթերում նշված չափից պակաս փաստացի հողատարածք հատկացված լինելու դեպքում հիմք է ընդունվում փաստացի հատկացված հողատարածքի չափը:

8. Կադաստրային քարտեզագրման արդյունքում կազմվում է քարտեզագրված տարածքի հողային հաշվեկշիռը՝ ըստ սեփականության սուբյեկտների, նպատակային նշանակության, տեսքերի, որը, համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 30-ի թիվ 63 որոշման, տրամադրվում է համապատասխան շրջվարչակազմի ղեկավարին և համայնքի ղեկավարին՝ հողերի ընթացիկ հաշվառումն իրականացնելու նպատակով:

9. Կադաստրային քարտեզագրման աշխատանքների ավարտից հետո համապատասխան համայնքի ղեկավարի հետ կազմվում է արձանագրություն տվյալ համայնքում կադաստրային քարտեզագրման աշխատանքների ավարտման վերաբերյալ:

10. Կադաստրային քարտեզագրման արդյունքում անշարժ գույքի նկատմամբ իրավունքը հաստատող փաստաթղթերում նշված և փաստացի օգտագործվող չափերի միջև /բացի սույն կարգի 5-7 կետերով նախատեսված դեպքերից/ տարբերությունների, ապօրինի զբաղեցված հողատարածությունների, շենքերի, շինությունների նկատմամբ իրավունքը հաստատող փաստաթղթերի բացակայության, ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների առկայության դեպքում դրանց մասին տվյալները լրացվում են ինքնակամ կառույցների, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի հաշվառման մատյանում՝ մինչև տվյալ անշարժ գույքի միավորի կարգավիճակը որոշելը:

11. Պետական գրանցման հիմնական փաստաթղթերի /անշարժ գույքի պետական գրանցման միասնական մատյան, կադաստրային քարտեզներ/ ստեղծումից հետո անշարժ գույքի պետական միասնական կադաստրի հանրապետական մարմնի ղեկավարը համապատասխան տարածքային ստորաբաժանմանը տալիս է հավաստագիր՝ կադաստրային քարտեզագրումն ավարտված համայնքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման նոր համակարգին անցնելու համար:

12. Պետական գրանցման նոր համակարգի աշխատանքների հրապարակայնությունն ապահովելու նպատակով կադաստրային քարտեզագրումն ավարտված համայնքներում անշարժ գույքի սեփականատերերի /անկախ սեփականության ձևից/ ցուցակները և սեփականության, օգտագործման իրավունքով նրանց պատկանող հողամասերի, շենքերի, շինությունների չափագրման փաստացի տվյալները մինչև պետական գրանցման աշխատանքներն սկսելը տաս օրով փակցվում են համապատասխան համայնքի վարչական շենքի տեսանելի մասում: Նշված 10-օրյա ժանկետից հետո մինչև հինգ աշխատանքային օրվա ընթացքում սեփականատերերը, օգտագործողները փակցված ցուցակների, քարտեզագրման տվյալների վերաբերյալ առարկություններ ունենալու դեպքում դրանք գրավոր ներկայացնում են համայնքի ղեկավարին: Վերջինս 10-օրյա ժամկետում քննարկում է դրանք և սույն կարգի 5-7-րդ կետերին համապատասխան ընդունում որոշում:

Առարկություններ ներկայացնելու ժամկետների և քննարկման կարգի մասին ծանոթագրության կարգով նշվում է փակցված ցուցակների ներքևի մասում:

Ընդունված որոշումների, փակցված ցուցակների և քարտեզագրման տվյալների հիման վրա սկսվում են պետական գրանցման աշխատանքները, որոնց վերաբերյալ առարկությունները հինգ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում են գրավոր, և 15-օրյա ժամկետում քննարկվում անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող հանրապետական մարմնում:

Հարցը վերջնական լուծում չստանալու դեպքում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման հետ կապված վեճերը ենթակա են լուծման՝ դատական կարգով:

13. Սույն կարգով սահմանված դրույթներին համապատասխանության դեպքերում անշարժ գույքի յուրաքանչյուր միավորի համար կազմվում է կադաստրային գործ, անշարժ գույքի պետական գրանցման միասնական մատյանում անշարժ գույքի յուրաքանչյուր միավորի համար լրացվում է անշարժ գույքի գրանցման թերթիկ /Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով թվայնացման և ծածկագրման աշխատանքների ավարտից հետո/ և պետական գրանցումից հետո տրվում է անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման վկայական:

Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքներն իրականացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 30-ի «Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարման կարգի և անշարժ գույքի համակարգված դիտարկումների /մոնիտորինգ/ իրականացման մասին» թիվ 63 որոշմամբ հաստատված կարգին համապատասխան:

14. Կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում, հողակտորների սահմանները սեփականատիրոջ, օգտագործողի միջոցների հաշվին տեղանքում ամրացվում են սահմանանիշերով՝ օգտագործողների կամ նրանց ներկայացուցիչների մասնակցությամբ:

15. Մինչև անշարժ գույքի կադաստրային քարտեզների ստեղծումը՝ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային մարմինների /ստորաբաժանումների/ կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան իրականացված պետական գրանցումներն ունեն իրավաբանական ուժ և ենթակա չեն վերագրանցման:

16. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքները և սահմանափակումներն ունեն իրավաբանական ուժ՝ անկախ առաջին պետական գրանցումից, սակայն ապահովված չեն պետական երաշխիքով հետևյալ դեպքերում՝

ա/ մինչև սույն կարգի հաստատումը հասարակական կարիքների համար գծային և ինժեներատրանսպորտային կառույցների/էլեկտրահաղորդակցության,ռադիոհեռախոսակապի, ջրագծերի, ջրանցքների, երկաթգծի, ավտոճանապարհների և այլն/, շինությունների սպասարկման և պահպանման նպատակով մուտքի իրավունքը.

բ/ ամուսինների, երեխաների և խնամքի տակ գտնվող այլ անձանց իրավունքները, որոնք սահմանված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ, եթե նույնիսկ դրանք առանձին չեն գրանցվել.

գ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված, ընդհանուր կանոն և արգելք հանդիսացող սահմանափակումները /առողջապահական, պաշտպանական, շրջակա միջավայրի պահպանման և այլն/:

17. Պետական գրանցման նոր համակարգում կադաստրային քարտեզագրումն ավարտված համայնքներում ( բացառությամբ Ստեփանակերտ քաղաքի) սույն կարգի 11-րդ կետին համապատասխան հավաստագրի տրամադրումից հետո քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող բնակելի նշանակության անշարժ գույքի (բացառությամբ առանձին միավոր հանդիսացող ավտոտնակների) և գյուղատնտեսական նշանակության հողամասերի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքները կատարվում են անվճար` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

18. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցումից հետո անշարժ գույքի հետ կատարվող գործարքներից ծագող իրավունքների հետագա պետական գրանցումները կատարվում են սեփականատերերի, օգտագործողների հաշվին:

19. Կադաստրային քարտեզագրումն ավարտված համայնքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը կատարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 15-ի թիվ 118 որոշմամբ հաստատված «Գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների մասին տեղեկատվության տրամադրման կարգ»-ին համապատասխան: