ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 մարտի 2007թ. N135

ք.Ստեփանակերտ

Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա կառուցված բազմաբնակարան շենքի պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասը տվյալ շենքի բնակարանների և (կամ) ոչ բնակելի տարածքների սեփականատերերին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով անհատույց փոխանցման կարգի մասին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 224-րդ և «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածներին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է․

1. Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա կառուցված բազմաբնակարան շենքի պահպանման և սպասարկման համար տվյալ շենքի բնակարանների և (կամ) ոչ բնակելի տարածքների սեփականատերերին (այսուհետ` բազմաբնակարան շենքի սեփականատերեր) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով անհատույց փոխանցվող անհրաժեշտ հողամաս (այսուհետ ՝ հողամաս) է համարվում`

ա) կցակառույցներ չունեցող բազմաբնակարան շենքի համար` շենքի պարագծով ինչպես անմիջականորեն շենքի տակ գտնվող հողատարածքը, այնպես էլ սալվածքի չափով (մինչև 1,5 մետր լայնությամբ) հողաշերտը, եթե այն չի հանդիսանում ճանապարհ, փողոց կամ դրանց հարող հատված կամ այլ անձի սեփականություն հանդիսացող հողամաս.

բ) օրինական և ինքնակամ կցակառույցներ ունեցող բազմաբնակարան շենքի համար` ինչպես սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետում նշված հողատարածքը, այնպես էլ օրինական կցակառույցի պարագծով դրա տակ գտնվող հողատարածքը, եթե այն չի հանդիսանում այլ անձի սեփականություն:

2. Սահմանել, որ`

ա) ամբողջությամբ ինքնակամ կցակառույցներ ունեցող բազմաբնակարան շենքերի սեփականատերերի անվամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքի պետական գրանցումը կատարվում է սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետում նշված հողատարածքի նկատմամբ, իսկ կցակառույցներով զբաղեցված հողատարածքները տնօրինվում են սույն կետի «բ» ենթակետով սահմանված կարգով.

բ) սույն որոշման 1-ին կետի «բ» և սույն կետի «ա» ենթակետերում նշված` ինքնակամ կցակառույցներով զբաղեցված հողատարածքների նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումն իրականացվում է սույն որոշման 3-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված հիմքերով.

գ) հարակից շենքերի, շինությունների միջև 3 մետրից պակաս հողատարածքի առկայության դեպքում փաստացի հողատարածքը բաժանվում է հավասար մասերի:

3. Ստեփանակերտի քաղաքապետին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարներին (համայնքների ղեկավարների միջոցով)` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում`

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին տրամադրել սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետով սահմանված պահանջներին համապատասխան կազմված և սահմանված կարգով հաստատված` բազմաբնակարան շենքերի պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի հատակագծերը.

բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով ապահովել բազմաբնակարան շենքերում առկա ինքնակամ կցակառույցների և դրանց զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի վերաբերյալ որոշումների ընդունումը և դրանց տրամադրումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներին` անմիջականորեն շենքի և կցակառույցների տակ գտնվող հողամասերի նկատմամբ շենքերի բնակարանների և (կամ) ոչ բնակելի տարածքների սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքների պետական գրանցման համար:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սույն որոշման 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերի հիման վրա ապահովել հողամասերի նկատմամբ շենքերի բնակարանների և (կամ) ոչ բնակելի տարածքների սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքների պետական գրանցումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ԼՂՀ վարչապետ Ա. Դանիելյան