ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 օգոստոսի 2010թ. N 537-Ն

ք.Ստեփանակերտ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերաբնակեցման ծրագրերում ընդգրկված համայնքների տարածքներում առկա պետական սեփականություն հանդիսացող անհատական բնակելի տների նկատմամբ իրավունքների պետական գրանցման առանձնահատկությունների մասին

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի պահանջներով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին`

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում վերաբնակեցման ծրագրերի շրջանակներում մինչև 2008 թվականի հունվարի 1-ը կառուցված պետական սեփականություն հանդիսացող, սակայն իրավունքը հաստատող անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության կամ չպահպանվելու պատճառով իրավունքի պետական գրանցում չստացած բնակելի տների նկատմամբ իրականացնել պետության սեփականության իրավունքների պետական գրանցման աշխատանքներ.

2) պետական գրանցման աշխատանքներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում ներկայացնել հաշվետվություն կատարված աշխատանքների մասին:

2. Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված բնակելի տների նկատմամբ պետության սեփականության իրավունքի պետական գրանցման համար հիմք են հանդիսանում սույն որոշումը, բնակելի տան սպասարկման համար առանձնացված հողամասի սահմանների ամրացման մասին համայնքի ղեկավարի համապատասխան որոշումը, բնակելի տան շինարարության սկզբի և ավարտի տվյալների մասին տեղեկանքը և սահմանված կարգով հաստատված հողամասի հատակագիծը:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի և վերաբնակեցման ծրագրերի շրջանակներում ընդգրկված համայնքների ղեկավարներին`

ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված փաստաթղթերի ներկայացումը իրավունքների պետական գրանցման աշխատանքների իրականացման համար:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ