ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

10 նոյեմբերի 2009թ. N 736-Ն

ք.Ստեփանակերտ

Կադաստրային քարտեզագրումն ավարտված համայնքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման ընթացքում չգրանցված բնակելի նշանակության անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար թույլտվություն տալու մասին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում քարտեզագրումն ավարտված համայնքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքները կանոնակարգելու, ինչպես նաև 2000-2004 թվականներին կատարված կադաստրային քարտեզագրման աշխատանքներում ի հայտ եկած սխալների ուղղման ծրագրի շրջանակներում առաջին պետական գրանցում ստացած կադաստրային գործերում ուղղումներ կատարելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Թույլատրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում կադաստրային քարտեզագրումն ավարտված համայնքներում (բացի` Ստեփանակերտ քաղաքից) անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման ժամանակ, իրավունք հաստատող փաստաթղթերում նշված չափի 20 տոկոսից ավելի հողամաս օգտագործելու պատճառով իրավունքի պետական գրանցում չստացած բնակելի տների և դրանց կառուցման ու սպասարկման համար հատկացված հողամասերի պետական գրանցումն, նախկինում սխալ քարտեզագրված և առաջին պետական գրանցում ստացած կադաստրային գործերում ուղղումներ կատարել:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված ավել օգտագործվող հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքն անհատույց փոխանցվում է անշարժ գույքը օգտագործողին` օրենքով սահմանված կարգով համապատասխան համայնքի ղեկավարի որոշումով համայնքի ավագանու համաձայնությամբ:

Նշված հողամասերի և դրանց վրա ամրակայված բնակելի տների նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման համար հիմք են հանդիսանում հատկացված հողամասի իրավունք հաստատող փաստաթուղթը (տնտեսական գրքից քաղվածքը), սույն որոշման 2-րդ կետի 1-ին պարբերությունում նշված որոշումը (սահմանված կարգով կազմված հողամասի հատակագծով) և հողամասի սեփականատիրոջ (օգտագործողի) դիմումը:

3. Սույն որոշման 1-ին կետում նշված` 2000-2004 թվականներին կատարված կադաստրային քարտեզագրման աշխատանքներում ի հայտ եկած սխալների ուղղման ծրագրի շրջանակներում նախկինում սխալ քարտեզագրված և առաջին պետական գրանցման ընթացքում գրանցված միավորների նկատմամբ իրավունքների պետական գրանցման ուղղում կատարելու համար հիմք են հանդիսանում համապատասխան կադաստրային քարտեզից քաղվածքը, որի հիման վրա սեփականության իրավունքի գրանցման վկայականում դրվում է ներդիր` տվյալ անշարժ գույքի ճշտված հատակագծով, ստորագրված և կնքված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի համապատասխան տարածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից:

4. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման գործընթացի ժամկետները սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի կողմից յուրաքանչյուր համայնքի համար լրացուցիչ տրվող հավաստագրով:

5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին`

պետական գրանցման աշխատանքներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում ներկայացնել հաշվետվություն կատարված աշխատանքների մասին:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից:

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ