ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հունիսի 2009թ. N 406-Ա

ք.Ստեփանակերտ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում համայնքների բնակավայրերի 1:2000 մասշտաբի տեղագրական հանութագրման և 2000-2004 թվականներին կատարված կադաստրային քարտեզագրման աշխատանքներում ի հայտ եկած սխալների ուղղման ծրագիրը հաստատելու մասին

Հիմք ընդունելով «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 4-րդ և 10-րդ հոդվածների պահանջները՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում համայնքների բնակավայրերի 1:2000 մասշտաբի տեղագրական հանութագրման և 2000-2004 թվականներին կատարված կադաստրային քարտեզագրման աշխատանքներում ի հայտ եկած սխալների ուղղման ծրագիրը` համաձայն հավելվածի:

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հավելված

ԼՂՀ կառավարության

« ___»____________2009թ

թիվ____որոշման

ԾՐԱԳԻՐ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ 1: 2000 ՄԱՍՇՏԱԲԻ ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՀԱՆՈՒԹԱԳՐՄԱՆ ԵՎ 2000-2004 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԿԱՏԱՐՎԱԾ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԱԳՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒՄ Ի ՀԱՅՏ ԵԿԱԾ ՍԽԱԼՆԵՐԻ ՈՒՂՂՄԱՆ

1. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ

Հանրապետության տարածքը ծածկված է 1963 թվականի կոորդինատային համակարգում 1:10000 մասշտաբի տեղագրական հիմքով մոտ 95 %-ով, 1:50000 և 1:10000 մասշտաբի 1942 թվականի կոորդինատային համակարգում տեղագրական քարտեզներով 100%-ով, որոնք հրատարակվել են 1948-1988 թվականների Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության գեոդեզիայի, քարտեզագրության գլխավոր վարչության և ռազմատեղագրական վարչության կողմից և 1988 թվականից ի վեր չեն թարմացվել` բացառությամբ 6 հատ 1:50000 մասշտաբի տեղագրական քարտեզների, որոնք թարմացվել են պաշտպանության բանակի ռազմատեղագրական ծառայության կողմից:

2000 թվականից առ այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 163 համայնքում իրականացվել է կադաստրային քարտեզագրում` բնակավայրի սահմանում 1:1000, իսկ վարչական սահմաններում սեփականաշնորհված տարածքները` 1:2000, 1:5000 մասշտաբներով: Ստացված կադաստրային քարտեզների հիման վրա տեղանքի ռելիեֆը արտահայտված չէ, իսկ մինչև 2004 թվականը ստեղծված 52 համայնքի կադաստրային քարտեզներում, որոնք ստեղծվել են առանց համապատասխան գործիքների և ցածր մասնագիտական պատրաստվածության աշխատողների կողմից, կան սխալներ և անճշտություններ: Մասնավորապես` հանութագրումը կատարվել է հիմնականում չափաժապավենի միջոցով` առանց հաշվի առնելու տեղանքի կառուցապատման բնույթը և այլն: Օգտագործվել են 1998 թվականի հողերի սեփականաշնորհման հանձնաժողովների կողմից ստեղծված հողաբաժանման նյութերը: Գյուղատնտեսական նշանակության հողերից քարտեզագրվել են միայն սեփականաշնորհված հողերը, որոնք չեն կապակցվել գեոդեզիական կոորդինատային ցանցին, ինչպես նաև փոխկապակցված չեն եղել միմյանց հետ, որի պատճառով հեկտարների տեղադիրքերը և չափերը ստացվել են ոչ ճիշտ, արդյունքում ստացվել է աղավաղված կադաստրային քարտեզ:

Մինչ այժմ համայնքների կադաստրային քարտեզագրումը կատարվել է համայնքների չճշտված սահմաններով, որը հանգեցրել է անճշտությունների և տեղիք տվել սահմանային վեճերի ու ոչ ճիշտ հաշվեկշիռների ստացման:

Պետական գեոդեզիական և խտացման ցանցերի խտությունը դեռևս հեռու է բավարար լինելուց:

Ելնելով հանրապետության տարածքի առանձնահատկություններից, տնտեսության զարգացման վիճակից և հեռանկարներից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բազային մասշտաբի քարտեզ կարող է հանդիսանալ 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզը, իսկ բնակավայրերի համար` 1:2000 մասշտաբի տեղագրական հատակագծերը: Պետական մասշտաբային շարքի մնացած` 1:25000 — 1:200000 մասշտաբների քարտեզները, կազմվում են բազային քարտեզների հիման վրա, որի ստեղծումը դասվում է պետական նշանակության աշխատանքների թվին:

2. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Քարտեզագրական աշխատանքների իրականացման հիմնական նպատակը կադաստրային քարտեզներում ընդգրկված տարածքների վերականգնումն է ժամանակակից տեխնոլոգիաների և սարքերի կիրառմամբ, ինչպես նաև 1:2000 մասշտաբի տեղագրական հանույթի իրականացումը և կադաստրային քարտեզներում կատարված փոփոխությունների քարտեզագրումը, որի նպատակը հանրապետության պետական, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններին, տնտեսության տարբեր ճյուղերին ժամանակակից պահանջներին համապատասխան քարտեզագրական նյութերով ապահովումն է, ինչպես նաև տեղագրական, կադաստրային և թեմատիկ քարտեզների ու դրանց մասին տեղեկատվական բանկի ստեղծումն ու կառավարումը:

Առանց ժամանակակից քարտեզների անհնար է այնպիսի ճյուղերի բնականոն զարգացումը, ինչպիսիք են պաշտպանությունը, քաղաքաշինությունը, գյուղատնտեսությունը, անշարժ գույքի կադաստրը և այն:

Քարտեզներն ու հատակագծերն առաջին անհրաժեշտության ելակետային նյութերն են քաղաքային ու գյուղական բնակավայրերի գլխավոր հատակագծերի մշակման, նախագծվող բնակելի ու արտադրական տարածքների տեղաբաշխման, քաղաքաշինական տարբեր խնդիրների լուծման, բնական աղետներից (սողանքային երևույթներ, սելավ և այլն) և վնասաբեր ազդեցություններից խուսափելու, ճարտարագիտական միջոցառումների մշակման, ավտոճանապարհային, ջրամբարների, ջրանցքների, բնակավայրերի գազաֆիկացման և ջրամատակարարման նախագծերը բնության մեջ տեղափոխման, հողային ֆոնդի հաշվառման, հողօգտագործման արդյունավետության բարձրացման, հողերի ֆոնդի գնահատման, ջրային ռեսուրսների կառավարման համար, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության ռազմավարական ծրագրերով նախատեսված խնդիրների լուծմանը:

a 3. ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

Ըստ հանրապետության զարգացման պահանջների` անհրաժեշտություն է առաջանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակավայրերում իրականացնել 1:2000 մասշտաբի տեղագրական հատակագծերի ստեղծման աշխատանքներ համապատասխան գեոդեզիական կոորդինատային համակարգում: Աշխատանքներն իրականացնելու ընթացքում դրանք պետք է միաժամանակ համադրվեն արդեն ստեղծված կադաստրային քարտեզների հետ, նոր առաջացած գույքի միավորները (շենքեր, շինություններ, ապօրինի կառույցներ) և պարտադիր սերվիտուտի ենթակա տարածքներն արտահայտելու տեղագրական հատակագծերի վրա:

Կադաստրային քարտեզներում պետք է լրացուցիչ թվայնացվեն դաշտային աշխատանքների ընթացքում կատարված լրացումները և բացթողումները:

Յուրաքանչյուր բնակավայրի հանութագրման համար անհրաժեշտ է կազմել տեխնիկական նախագիծ, որում արտահայտված լինեն աշխատանքների նպատակը, գեոդեզիական հիմքի ստեղծումն ու աշխատանքների կատարման եղանակները: Աշխատանքներն ավարտելուց հետո անհրաժեշտ է կազմել աշխատանքների իրականացման տեխնիկական հաշվետվություն, որից հետո ստեղծված նյութերը սահմանված կարգով հանձնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Տեղեկատվական կենտրոն» ստորաբաժանմանը` քարտեզագրագեոդեզիական ֆոնդի ստեղծման և պահպանման նպատակով:

4. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Ծրագրի իրականացման արդյունքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի կառուցապատված և տնտեսապես ակտիվ օգտագործվող տարածքներում պետական գեոդեզիական և խտացման ցանցերի խտությունը կհասնի մեկ կետ 12 քառ. կմ վրա, իսկ չկառուցապատված տարածքներում` մեկ կետ 20 քառ. կմ տարածքի վրա բնակավայրերի պետական մասշտաբային շարքի 1:2000 մասշտաբի տեղագրական հատակագծերն իրենց գեոդեզիական հիմքով: Ստեղծված նյութերը հիմք են հանդիսանալու գերատեսչական տարբեր ոլորտների, այդ թվում` քաղաքաշինության, բնապահպանության, արդյունաբերության, անշարժ գույքի կադաստրի, տարածքների պլանավորման, հողերի օգտագործման և գոտիավորման սխեմաների կազմման, վարչական և տնտեսական գործունեության, արտակարգ իրավիճակների ժամանակ օպտիմալ և օպերատիվ որոշումների կայացման, գլխավոր հատակագծերի ստեղծման և առանձին տարածքների զարգացման օպտիմալ պլանավորման, ստորգետնյա և վերգետնյա հաղորդակցուղիների նախագծման և այլ խնդիրների լուծման համար:

5. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

1. 1:2000 մասշտաբի տեղագրական հանույթի 1 հա-ի արժեքը նախատեսել`

  1. մինչև 2004 թվականը կադաստրային քարտեզագրումն ավարտված, ինչպես նաև կադաստրային քարտեզագրում չիրականացված համայնքներում դաշտային աշխատանքների համար 20250(քսան հազար երկու հարյուր հիսուն), թվայնացման աշխատանքների համար` 2747 (երկու հազար յոթ հարյուր քառասունյոթ)դրամ,

  2. 2004-2008 թվականներին կադաստրային քարտեզագրում իրականացրած համայնքների դաշտային աշխատանքների համար 14400 (տասնչորս հազար չորս հարյուր), թվայնացման աշխատանքների համար` 2747 (երկու հազար յոթ հարյուր քառասունյոթ) դրամ:

2. Կադաստրային հանույթի անշարժ գույքի մեկ միավորի արժեքը նախատեսել`

  1. մինչև 2004 թվականը կադաստրային քարտեզագրում իրականացրած համայնքներում 2450 (երկու հազար չորս հարյուր հիսուն), անշարժ գույքի միավոր թվայնացման աշխատանքների համար` 500 (հինգ հարյուր) դրամ,

  2. հետագայում կատարվելիք և 2004-2008 թվականներին կատարված կադաստրային քարտեզներում ավելացված անշարժ գույքի մեկ միավորի համար` 2650 (երկու հազար վեց հարյուր հիսուն), անշարժ գույքի միավոր թվայնացման աշխատանքների համար` 500 (հինգ հարյուր) դրամ:

3. Պետական, հատուկ և խտացման ցանցի մեկ կետի արժեքը նախատեսել 45000 (քառասունհինգ հազար) դրամ:

ՀԱՇՎԱՐԿ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակավայրերի 1:2000 մասշտաբի տեղագրական հանութագրման, 2000-2004 թվականներին առանց հանույթային ցանցի կատարված համայնքների կադաստրային քարտեզագրման և 2009-2015 թվականների աշխատանքների

Ծրագրով նախատեսված աշխատանքների կատարման ժամանակացույց

Ծանոթություն – Ծրագրում ընդգրկված չեն Ստեփանակերտ և Շուշի քաղաքները, որոնցում 1996-1998 թվականների գլխավոր հատակագծերի կազմման համար կատարվել է 1:2000 մասշտաբի տեղագրական հանույութ, իսկ նշված բնակավայրերի առանձին հատվածների մանրամասն հատակագծման նախագծերի կազմման համար կատարվելիք աշխատանքները կիրականացվեն պատվիրատու նախագծային կազմակերպության հաշվին:

Ծրագրով նախատեսված աշխատանքների գները հաշվարկված են 2009 թվականի առաջին եռամսյակի դրությամբ:

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ