ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

8 հուլիսի 2003թ. N 211

ք.Ստեփանակերտ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տեղագրական և կադաստրային քարտեզագրման ոլորտների 2004-2008 թվականների զարգացման ծրագիրը հաստատելու մասին

Ղեկավարվելով «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի «բ» կետի և 8-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի պահանջներով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տեղագրական և կադաստրային քարտեզագրման ոլորտների 2004-2008 թվականների զարգացման ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` նշված ծրագրի իրականացման նպատակով ըստ տարիների Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեում համապատասխան ֆինանսավորում նախատեսելու համար:

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

2003թ. _______________

թիվ ________ որոշմամբ

Ծ Ր Ա Գ Ի Ր

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տեղագրական և կադաստրային քարտեզագրման ոլորտների 2004–2008թթ. զարգացման

1. Իրավիճակի վերլուծությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքը ծածկված է 1963թ. կոորդինատային համակարգում 1:10000 մասշտաբի, 1942թ. կոորդինատային համակարգում մոտ 30%–ի չափով՝ 1:25 000 և ամբողջ տարածքը 1:50000, 1:100000 և 1:200000 մասշտաբների տեղագրական քարտեզներով /տես՝ հավելված 1/, ո րոնք հրատարակվել են ԽՍՀՄ Գեոդեզիայի և քարտեզագրության գլխավոր վարչության կողմից 1948-1972թթ. ընթացքում: Նշված մասշտաբային շարքի տեղագրական քարտեզները 1972թվականից չեն թարմացվել:

Նշված մասշտաբների քարտեզների լիարժեք օգտագործումը սահմանափակվում է հետևյալ հիմնական պատճառներով.

  • քարտեզների հրատարակման վաղեմությունը կազմում է 30 տարուց ավելի,

  • բոլոր քարտեզներն առկա են միայն ավանդական /թղթային/ տեսքով, թվային և էլեկտրոնային քարտեզներ գոյություն չունեն,

  • բացակայում են տեղագրական քարտեզների մշտական պահպանության դիապոզիտիվները,

  • առանձին քարտեզների թերթեր առկա են ընդամենը մեկական օրինակով, իսկ մի քանի թերթեր իսպառ բացակայում են,

  • քարտեզների լեզուն ռուսերենն է, որն աղավաղումներով է փոխանցում հայեցի աշխարհագրական անվանումները,

  • տեղանունների մեծ մասը /մոտ 70%/ օտարալեզու է,

  • քարտեզները հիմնականում նախատեսված են եղել պաշտպանական նպատակներով օգտագործման համար, որի հետևանքով տեղանքի տարրերի մի մասի վերաբերյալ տեղեկատվությունը դասվում է «գաղտնիների» շարքին,

  • 1: 25000 — 1: 100000 մասշտաբների քարտեզների հիմքերը / մշտական պահպանության դիապոզիտիվները/ գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում, հանրապետությունում առկա են միայն 1: 10000 մասշտաբի տեղագրական քարտեզների հրատարակչական օրինակները:

Քանի որ 1: 25000 –ից մինչև 1: 200000 մասշտաբների քարտեզները օգտագործման մեծ պահանջարկ ունեն, ապա առաջնահերթ պետք է թարմացվեն դրանց համար բազային հիմք հանդիսացող 1: 10000 և 1:25000 մասշտաբների տեղագրական քարտեզները:

Ելնելով առկա նյութերի օգտագործման և տարածքների բնակեցման տեսանկյունից ու տնտեսական վիճակից, ԼՂՀ տարածքը պետք է ծածկվի 1942թ. կոորդինատային համակարգում 1:10 000 մասշտաբի, իսկ ազատագրված տարածքները` 1:25000 մասշտաբի տեղագրական քարտեզներով: Միաժամանակ պաշտպանական նպատակների համար անհրաժեշտ են ԼՂՀ հարակից որոշ տարածքների 1:50000 մասշտաբի տեղագրական քարտեզները / տես՝ հավելված 2/:

Հաշվի առնելով ԼՂՀ–ի քաղաքական և պաշտպանական ներկա իրավիճակը` նշված քարտեզների թարմացման աշխատանքները հնարավոր է իրականացնել միայն տիեզերահանութագրման եղանակով:

Նկատի ունենալով, որ ԼՂՀ տարածքի համար գոյություն ունեցող ամենախոշորը 1:10 000 մասշտաբի տեղագրական քարտեզն է, որն ամբողջությամբ ծածկում է հանրապետության տարածքը և հանդիսանում է բազային ԼՂՀ պետական մասշտաբային շարքի փոքր մասշտաբի տեղագրական քարտեզների համար, այդ իսկ պատճառով էլ անհրաժեշտ է առաջնահերթ թվային եղանակով ստեղծել 1:10 000 մասշտաբի տեղագրական քարտեզները, ինչը հնարավորություն կտա ընդհանրացման (գեներալիզացիայի) եղանակով կամերալ պայմաններում ստեղծել 1:25000-ից մինչև 1:200 000 մասշտաբի տեղագրական քարտեզները:

Հանրապետությունում բացակայում են բնակավայրերի 1:5000 և 1: 2000 մասշտաբի տեղագրական հատակագծերը, բացառությամբ Ստեփանակերտ քաղաքի 1: 2000 մասշտաբի տեղագրական հատակագծի, որը քաղաքապետարանի պատվերով իրականացվել է 2000 թվականին:

2000 թվականից առ այսօր ԼՂՀ առավել խիտ բնակեցված տարածքներից շուրջ 46 համայնքներում իրականացվել են կադաստրային քարտեզագրման հանութային աշխատանքներ՝ բնակավայրերի տարածքում 1:1000 մասշտաբով, իսկ համայնքի վարչական սահմանների ներսում սեփականաշնորհված տարածքները` 1:5000 մասշտաբով: Ստացված կադաստրային քարտեզների վրա տեղանքի ռելիեֆն արտահայտված չէ:

2.Բազային քարտեզի մասշտաբի սահմանումը

Յուրաքանչյուր պետություն, ելնելով իր տարածքի չափերից և առանձնահատկություններից, տնտեսության զարգացման վիճակից և հեռանկարներից, սահմանում է բազային քարտեզի /քարտեզների/ մասշտաբը /մասշտաբները/: Բազային մասշտաբի քարտեզը /այսուհետև՝ բազային քարտեզ/ պետական մասշտաբային շարքի այն ամենախոշոր մասշտաբի քարտեզն է, որն ամբողջությամբ ծածկում է տվյալ երկրի տարածքը: ԼՂՀ-ում այդպիսի մասշտաբ կարող է հանդիսանալ 1: 10 000, իսկ բնակավայրերի համար՝ 1:2000 մասշտաբի տեղագրական քարտեզը: Պետական մասշտաբային շարքը կազմող մնացած քարտեզները՝ 1: 25 000 — 1: 200 000, հանդիսանում են ածանցյալ և կազմվում են բազային քարտեզի հիման վրա: Բազային քարտեզների ստեղծումը դասվում է պետական նշանակության աշխատանքների թվին, մնացած մասշտաբների հատակագծերի /1:500, 1:1000 և 1:5000/ ստեղծումը դասվում է տեղական նշանակության աշխատանքների թվին և իրականացվում է տեղական ինքնակառավարման մարմինների միջոցների հաշվին:

3.Ծրագրի նպատակն ու խնդիրները

Բազային քարտեզների ստեղծման նպատակն է` ԼՂՀ տարածքը պետական մասշտաբային շարքի քարտեզներով ապահովելը, որի իրականացման համար անհրաժեշտ է լուծել հետևյալ խնդիրները.

  • բազային տեղագրական քարտեզների և հատակագծերի մասշտաբների սահմանումը, թարմացումն ու հրատարակումը,

  • բազային քարտեզագրական նյութեր ստանալու համար տիեզերահանութագրման աշխատանքների իրականացումը,

  • թեմատիկ, այդ թվում կադաստրային քարտեզների ստեղծումը,

  • տեղագրական ու թեմատիկ քարտեզների և հատակագծերի, ինչպես նաև դրանց վերաբերող այլ նյութերի, ԼՂՀ պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի ստեղծումը և կառավարումը,

  • բազային քարտեզների գաղտնիության ռեժիմի և բաց հրատարակման ենթակա բազային քարտեզների տեղեկատվության պարունակության սահմանումը,

  • աշխարհագրական անվանումների կանոնակարգումը,

  • նոր թվային տեխնոլոգիաների ներդրումը, թվային ծրագրային ապահովվածության փաթեթների ձեռք բերումը, թվային տեխնոլոգիաների մասնագետների պատրաստումը,

  • երկրատեղեկատվական համակարգի ներդրումը,

  • իրավական և նորմատիվ — տեխնիկական փաստաթղթերի մշակումը և սահմանումը:

Բազային քարտեզները նախատեսված են երկրի առջև ծառացած տարաբնույթ խնդիրների լուծման համար, որոնք ստեղծվում են միասնական կոորդինատային և բարձունքային համակարգերում և կազմվում են տեխնիկական պահանջների և սահմանված տեղեկատվության հիման վրա, որոնք արտացոլում են տեղանքի պատկերը տվյալ ժամանակահատվածում:

Բազային քարտեզը ներկայացվում է թվային և ավանդական /անալոգային/ ձևերով:

Թվային քարտեզների վրա բոլոր օբյեկտները և տարրերը պատկերվելու են վեկտորային ֆորմատով: Դա թույլ կտա անհրաժեշտության դեպքում տեղեկատվություն տրամադրել ոչ միայն ողջ քարտեզի ծավալով, այլև առանձին շերտերի ձևով, որով վերջնականապես կկարգավորվեն «գաղտնի» և «հատուկ նշանակության օբյեկտների» վերաբերյալ տեղեկատվության տրամադրման սահմանափակման խնդիրը և քաղաքացիական օգտագործման նպատակներով քարտեզների և հատակագծերի հրատարակումը:

Ստեղծվող թվային բազային քարտեզները հիմք են հանդիսանալու տարբեր գերատեսչական /պաշտպանական, քաղաքաշինական, բնապահպանական, արդյունաբերության, կադաստրի, տարածքների պլանավորման, գյուղատնտեսական հողերի հաշվառման, հողերի միավորման, հողերի օգտագործման և գոտիավորման սխեմաների կազմման, գույքահարկի և գնահատման բազաների ճշգրտման, վարչական և տնտեսական գործունեության, մելիորացիայի, երկրաբանական հետախուզական աշխատանքների, անտառատնտեսության և այլն/ խնդիրների լուծման նպատակով թեմատիկ քարտեզների ստեղծմանը:

4.Բազային քարտեզների ստեղծման եղանակները և դրանց իրականացման միջոցառումները

ԼՂՀ տարածքի բազային քարտեզների կազմման համար հիմք են հանդիսանալու ԼՂՀ քարտեզագրագեոդեզիական առկա 1:10 000 մասշտաբի տեղագրական քարտեզների հրատարակչական օրինակները, կամ այդ նպատակի համար իրականացվող տիեզերական հանութագրման նյութերը:

Ելնելով ԼՂՀ տարածքի ռելիեֆի և աշխարհագրական դիրքի առանձնահատկություններից` ԼՂՀ տարածքի բազային տեղագրական քարտեզների ստեղծման համար կարող են կիրառվել հետևյալ հիմնական եղանակները.

  • տիեզերական հանութագրման,

  • վերգետնյա /ավանդական/,

  • համակցման /կոմբինացված/:

5.ԼՂՀ տարածքի տիեզերական հանութագրումը և նրա առանձնահատկությունները

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օդալուսահանութագրման եղանակի կիրառումն անհնարին է, քանի որ հանրապետության հյուսիսային և արևելյան սահմանագիծը հանդիսանում է հակամարտության գոտի, իսկ հարավային մասով հանրապետությունը սահմանակից է Իրանին, արևելյան մասով` իր ազատագրված տարածքով, սահմանակից է Հայաստանի Հանրապետությանը: Սահմանամերձ պետությունների հետ պետական սահմանի երկայնքով օդալուսանկարահանման աշխատանքների իրականացման ժամանակ, միջազգային նորմերին համապատասխան, անհրաժեշտություն է առաջանում ապահովել նվազագույնը 5 – 6 կմ ոչ թռիչքային գոտի՝ համապատասխան սահմանների երկայնքով, իսկ հակամարտության գոտում ընդհանրապես թռիչքներն արգելվում են:

Հաշվի առնելով ԼՂՀ–ի աշխարհագրական դիրքը և վերը նշված օբյեկտիվ պատճառները, հանրապետությունում եղած քարտեզների թարմացման և նոր քարտեզների ստեղծման աշխատանքները հնարավոր է իրականացնել միայն տիեզերահանութագրման եղանակով:

Նկատի ունենալով ԼՂՀ–ի քաղաքական և տնտեսական իրավիճակը, առաջարկվում է տիեզերահանութագրումն իրականացնել՝ հանրապետության նախկին 4389 քառ.կմ ընդհանուր տարածքը 1:10000 մասշտաբով, իսկ ազատագրված 5689 քառ. կմ տարածքները՝ 1:25000 մասշտաբով, պաշտպանական նպատակների համար հակամարտության գոտու 5328 քառ. կմ հատված՝ 1:50000 մասշտաբով /տես՝ հավելված 2/:

Ելնելով վերը նշվածից` հանրապետության տարածքի 4389 քառ.կմ տարածքի 1:10000 մասշտաբի քարտեզներ ստանալու համար տիեզերալուսանկարահանումն իրականացնել 1 մետր թույլատրելիությամբ /ռեզոլյուցիայով/, իսկ մնացած 11017 քառ.կմ տարածքների 1:25000 և 1:50000 մասշտաբի քարտեզներն ստանալու համար՝ 2 մետր թույլատրելիությամբ /ռեզոլյուցիայով/:

Ֆինանսական ծախսերի խնայման համար այն տարածքները, որտեղ անհրաժեշտ է 2 մետր թույլատրելիությամբ /ռեզոլյուցիայով/ տիեզերալուսանկարներ, կարելի է ձեռք բերել Ռուսաստանի Դաշնության համապատասխան կազմակերպությունների արխիվներից, որոնք իրականացվել են 2001–2003 թվականներին, իսկ 1 մետր թույլատրելիությամբ տիեզերալուսանկարահանման աշխատանքները կիրականացվեն մրցույթների միջոցով:

Տիեզերական հանութագրման աշխատանքներն իրենց մեջ ընդգրկում են՝ տիեզերահանութագրման պատկերների ստացումը, մուտքագրումը, դրանց հիման վրա գոյություն ունեցող քարտեզների թարմացումը և պատրաստումը հրատարակման:

Տիեզերական հանութագրումը տվյալ տարածության սահմաններում, որպես տեղանքի մասին տեղեկատվության ներկայացման միջոց, ունի մի շարք առավելություններ.

  • տիեզերալուսանկարը հանդիսանում է մետրիկ ինքնուրույն հիմք բազային տեղագրական ու կադաստրային քարտեզագրման և երկրատեղեկատվական համակարգի համար,

  • տիեզերալուսանկարը, բացի տիեզերական պատկերից, իր մեջ ներառում է տվյալ տարածքի համար համատեղ մոնտաժված մի քանի ստանդարտ բազային տեղագրական և կադաստրային քարտեզների թերթեր,

  • տիեզերալուսանկարն իր մեջ պարունակում է 2–10 անգամ ավելի տեղեկատվություն` կախված տեղանքի ֆիզիկաաշխարհագրական պայմաններից և քարտեզագրման մասշտաբից, քան ավանդական վերգետնյա եղանակով ստեղծված տեղագրական քարտեզները,

  • տիեզերալուսանկարն իր բովանդակությամբ արժեքավոր է այն սպառողների և օգտագործողների համար, որոնց խնդիրն է հանդիսանում տարածքի իրավիճակի վերլուծությունը, կառավարումը և պլանավորումը,

  • ժամանակակից արբանյակային լուսանկարահանման նյութերի մշակման և թվայնացման սարքավորումները կազմում են այն հիմքը, որի վրա կարելի է մշակել և ստեղծել տեղագրական և կադաստրային քարտեզագրման, ինչպես նաև երկրատեղեկատվական համակարգի ցանկացած նյութեր:

ԼՂՀ տարածքի 1:10 000 մասշտաբի բազային տեղագրական քարտեզների 235 թերթերը, որը կազմում է 4389 քառ.կմ, պետք է թվայնացվեն:

235 թերթերի թվայնացման աշխատանքները կիրականացվեն հետևյալ հաշվարկով՝

  • 1 թերթի թվայնացումը 5 շերտերով կտևի 15աշխատանքային օր /3շաբաթ/.

  • երեք աշխատանքային տեղերը երկու հերթափոխով 3շաբաթում – 6 թերթ

  • 235 թերթը կթվայնացվի մոտ 118 շաբաթում կամ 25 ամսում:

1:25000 մասշտաբի 182 և 1:50000 մասշտաբի 60 թերթերը՝ համապատասխանաբար –26 ամսում:

Ընդհանուր աշխատանքները կավարտվեն 4.5 – 5 տարում:

Տիեզերալուսանկարահանման պլանա-բարձունքային հիմքի պատրաստման, դաշտային վերծանման աշխատանքները նախատեսվում է իրականացնել մասնավոր լիցենզավորված իրավաբանական և ֆիզիկական անձանց միջոցով՝ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից օգնության կարգով տրամադրված միջոցների հաշվին:

Քարտեզների թվայնացման և հրատարակման աշխատանքները, հանդիսանալով պետական նշանակության աշխատանքներ, կիրականացվեն ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից` իր ֆինանսական միջոցների հաշվին:

6.ԼՂՀ վարչատարածքային միավորների սահմանագծերի նկարագրման և սահմանների ամրացման աշխատանքները

ԼՂՀ վարչատարածքային միավորների սահմանագծերի նկարագրման և սահմանների ամրացման աշխատանքներն իրականացվում են ԼՂՀ հողային օրենսգրքի, «ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին» «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» ԼՂՀ օրենքների, ԼՂՀ կառավարության 20.08.02թ. «Հողերի օգտագործման սխեմաներ կազմելու կարգը հաստատելու մասին» թիվ 216, 25.12.01թ. «ԼՂՀ հողային հաշվեկշիռը կազմելու մասին» թիվ 318 որոշումներով և ԼՂՀ վարչատարածքային միավորների սահմանագծերի նկարագրման և սահմանների ամրացման հրահանգի պահանջներով:

ԼՂՀ համայնքների վարչական տարածքների սահմանագծերի նկարագրման աշխատանքներն իրականացնելու համար հանրապետության նախկին տարածքում որպես քարտեզագրական հիմք կծառայեն առկա 1:10000 տեղագրական քարտեզները, իսկ ազատագրված տարածքների համար` նոր ստեղծվող 1:25000 կամ առկա 1:50000 տեղագրական քարտեզները:

ԼՂՀ շրջանների վարչատարածքային սահմանագծերի նկարագրման համար հիմք կծառայեն 1:50 000 տեղագրական քարտեզները:

ԼՂՀ համայնքների վարչական տարածքի սահմանագծերի նկարագրման համար հիմք պետք է հանդիսանան գոյություն ունեցող տեղագրական, հողաշինարարական և կադաստրային 1:1000-ից մինչև 1:200 000 մասշտաբի քարտեզները, պետական գեոդեզիական ցանցի կետերի կոորդինատների կատալոգները, հողի օգտագործման իրավունքի պետական ակտերը, ԼՂԻՄ մարզային խորհրդի կողմից նախկին տարիների նոր վարչական միավորների կազմավորումների հետ կապված որոշումները, տարբեր տարիներին ԼՂԻՄ մարզային խորհրդի կողմից կայացված հող հատկացման կամ փոխանակման որոշումները:

Ելնելով ԼՂՀ բնակավայրերի հողօգտագործման առանձնահատկություններից և տնտեսական նպատակահարմարությունից` Ստեփանակերտ քաղաքի, շրջկենտրոնների և խիտ բնակեցված բնակավայրերի համայնքների վարչական տարածքների սահմանագծերի նկարագրման և ամրացման աշխատանքները պետք է իրականացվեն տեղանքում գործիքային չափումներով, իսկ մնացած համայնքների վարչական տարածքների սահմանագծերի նկարագրման աշխատանքները կկատարվեն 1:10000 և 1:25000 մասշտաբի տեղագրական քարտեզների հիման վրա` կամերալ պայմաններում:

ԼՂՀ համայնքների վարչական տարածքների սահմանագծերի նկարագրությունը համաձայնեցվում է սահմանակից համայնքների ղեկավարների և շրջանների վարչակազմերի ղեկավարների հետ:

ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն ամփոփում է ԼՂՀ վարչատարածքային միավորների սահմանագծերի նկարագրության համաձայնեցված նյութերի տարբերակը և ներկայացնում ԼՂՀ կառավարության որոշմամբ ստեղծված ԼՂՀ վարչատարածքային բաժանման քարտեզների կազմման կառավարական հանձնաժողովի քննարկմանը:

ԼՂՀ վարչատարածքային բաժանման քարտեզների կազմման կառավարական հանձնաժողովի կողմից տրված կարծիքը քննարկվում է ԼՂՀ կառավարությունում և հավանության արժանանալուց հետո ներկայացվում ԼՂՀ Ազգային ժողովի հաստատմանը:

ԼՂՀ Ազգային ժողովի հաստատումից հետո ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից սահմանված կարգով կատարվում են սահմանների ամրացման աշխատանքները:

ԼՂՀ վարչատարածքային միավորների սահմանագծերի նկարագրման և սահմանների ամրացման աշխատանքների ծավալները և դրանց իրականացման ժամանակացույցը տրված են 3–րդ և 4–րդ հավելվածներում:

7. ԼՂՀ համայնքների բնակավայրերի և վարչական տարածքների կադաստրային քարտեզագրման աշխատանքները

Շարունակել ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից իրականացվող ԼՂՀ 300 համայնքներից մնացած 254–ի վարչական տարածքների կադաստրային քարտեզագրման աշխատանքները 1942թ. կոորդինատային համակարգում:

Համայնքների բնակավայրերի տարածքների կադաստրային քարտեզագրման հանույթային աշխատանքները պետք է կատարել 1:1000 մասշտաբով, իսկ վարչական տարածքներից սեփականաշնորհված և վարձակալությամբ տրամադրվող գյուղնշանակության տարածքների կադաստրային քարտեզագրման հանույթները՝ ելնելով տարածքի առանձնահատկություններից, իրականացնել 1:2000 կամ 1:5000 մասշտաբով:

ԼՂՀ համայնքների վարչական տարածքների կադաստրային քարտեզագրման աշխատանքների ծավալները և դրանց իրականացման ժամանակացույցը տրված են 3–րդ և 4–րդ հավելվածներում:

8. ԼՂՀ համայնքների հողերի սկզբնական հաշվառման հողային հաշվեկշիռների կազմման աշխատանքները

Հողերի պետական հաշվառումը հանդիսանում է կարևոր պետական միջոցառում, որի նպատակն է ճշտել ըստ համայնքների ու շրջանների վարչական տարածքների հողերի փաստացի առկայությունն ըստ սեփականության ձևերի, նպատակային և գործառնական նշանակության ու հողատեսքերի: Այդ տվյալները կնպաստեն անշարժ գույքի հարկման բազայի ճշգրտմանը, հողային հարաբերությունների կարգավորմանը, հողատարածությունների արդյունավետ օգտագործմանը:

Հողային ֆոնդի սկզբնական հաշվառումն իրականացվում է ԼՂՀ հողային օրենսգրքի պահաջներին համապատասխան:

Հողային հաշվեկշիռը հողերի ընթացիկ հաշվառման հիման վրա կազմվող յուրաքանչյուր տարվա հողային ֆոնդի առկայության և բաշխման մասին հաշվետվությունն է:

Յուրաքանչյուր տարվա հողային հաշվեկշռում ընդգրկվում են ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացված հողերի գույքագրման տվյալները, ինչպես նաև կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում կադաստրային քարտեզագրման տվյալները:

Հողերի ընթացիկ հաշվառման արդյունավետությունը բարձրացնելու, տվյալների հավաստիությունն ապահովելու, հողային ֆոնդի հաշվառման տվյալները լիարժեք դարձնելու նպատակով, հողերի սկզբնական հաշվառումն իրականացնելիս անհրաժեշտ է կատարել ներքոհիշյալ աշխատանքները՝

ա/ հողի սեփականության ձևերի ճշտում,

բ/ հողի օգտագործման ձևերի ճշտում,

գ/ հողի նպատակային նշանակության ճշտում,

դ/ հողատեսքերի, դրանց գործառնական նշանակության ճշտում,

ե/ նոր հողերի իրացման, բազմամյա տնկարկների հիմնման և քանդման տվյալների ճշտում,

զ/ ոռոգելի, անջրդի, անօգտագործելի և չորացված հողերի վիճակի, պետական սեփականություն հանդիսացող հողերի շարժի և փոխակերպման /տրանսֆորմացիայի/ տվյալների ճշտում,

է/ նոր անտառատնկումների և անտառահատումների տվյալների ճշտում,

ը/ ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարման, օգտագործման և վարձակալության իրավունքով տրամադրման տվյալների ճշտում:

Այն տարածքներում և ենթատարածքներում, որտեղ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվել են հողերի գույքագրման և կադաստրային քարտեզագրման աշխատանքներ, դրանց արդյունքում ստացված տվյալները ամփոփվում և ընդգրկվում են հողային հաշվեկշիռներում: Հողային հաշվեկշռում ընդգրկվում են նաև ընթացիկ տարում ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված բնակավայրերի գլխավոր հատակագծերով և համայնքների հողերի օգտագործման սխեմաներով նախատեսված հողհատկացումները:

Նշված աշխատանքներն ավարտելուց հետո անհրաժեշտ է՝

ա/ ԼՂՀ հողային օրենսգրքի համաձայն ճշտված տվյալների հիման վրա կատարել հողերի դասակարգում՝ ըստ նպատակային նշանակության /կատեգորիաների/, ըստ գործառնական նշանակության, սեփականության ձևերի և հողատեսքերի:

բ/«ա» ենթակետով նշված տվյալները գրանցել հաշվետվության ձևում, ամփոփել և ստանալ յուրաքանչյուր նպատակային օգտագործման ընդհանուր տարածքների մակերեսները՝ ըստ գործառնական նշանակության, սեփականության ձևերի ու հողատեսքերի:

գ/ ստացված գումարային տվյալները գրանցել հողային հաշվեկշռի ամփոփ ձևում /22 ձև/ և կազմել տվյալ համայնքի /շրջանի/ հողային հաշվեկշիռը՝ այն սահմանված կարգով համաձայնեցնելով ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանման և համայնքի ղեկավարների հետ:

դ/ համաձայնեցված սկզբնական հողային հաշվեկշիռը հանձնել համայնքի ղեկավարին ընթացիկ հաշվառում իրականացնելու համար:

Նշված աշխատանքները նախատեսվում է իրականացնել ԼՂՀ 300 համայնքներում, որոնց ծավալները և դրանց իրականացման ժամանակացույցը տրված են 3–րդ և 4–րդ հավելվածներում:

9. ԼՂՀ շրջանների և համայնքների վարչական տարածքներում առկա թերությունների վերացման և ճշտման աշխատանքները

ԼՂՀ տարածքում շրջանների վարչական, միջհամայնքային, ինչպես նաև այլ հողօգտագործողների սահմանների փոփոխման և ճշտման նախագծահետազոտական աշխատանքների կատարումը հողային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման նպատակով, հաշվի է առնվում նոր իրավիճակը կապված հողի սեփականաշնորհման հետ, ինչպես նաև այն անհարմարությունները, որոնք կապված են հողային ռեսուրսների օգտագործման հետ: Այդ անհարմարությունների դասին են պատկանում ոչ սահմանակից /2-րդ և այլ/ հատվածները /սեկտորներ/, հեռավոր հողատարածքները, սեփականությունները, որոնք նախկին կոլտնտեսություններին են ամրակցված պետական ակտերով և ստեղծում են խոչընդոտներ հողային ռեսուրսների օգտագործման համար, ֆերմերային և գյուղացիական տնտեսություններ ստեղծելուն:

Այս աշխատանքների կատարումը կստեղծի բոլոր նախապայմանները հողային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման, ինչպես նաև դրա վերաբերյալ հարկային համակարգի կարգավորումը համայնքային ու շրջանային հողօգտագործման կտրվածքով:

Նշված աշխատանքները անհրաժեշտ է իրականացնել 5 փուլով.

I – նախապատրաստական աշխատանքներ,

II – դաշտային հետազոտություններ,

III – նախագծի կազմում,

IV – նախագծի իրականացումը տեղում /սահմանների վերականգնում և ճշտում/,

V – փաստաթղթերի պատրաստում:

10. Ծրագրի ֆինանսավորումը և ժամկետները

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տեղագրական և կադաստրային քարտեզագրման ոլորտների 2004–2008թթ. զարգացման ծրագրով նախատեսված աշխատանքների գումարը կազմում է 1128664.3 հազ. դրամ, որը ըստ տարիների կիրականացվի դրամաշնորհների, օգնությունների և ԼՂՀ պետական բյուջեի միջոցների հաշվին (տես հավելված 4):

Ծրագրով նախատեսված աշխատանքների մեծ ծավալների և դրանց կազմակերպման բարդությունների ու (կամ) անհրաժեշտ ֆինանսական միջոցներ չհատկացվելու պատճառով նախատեսվում է այդ աշխատանքներն իրականացնել հաջորդ տարիների ընթացքում համապատասխան պայմանների ստեղծմանը և ֆինանսավորմանը զուգընթաց։

11. Կադրերի պատրաստումը և վերապատրաստումը

Համակարգում թվային ֆոտոգրամետրիական տեխնոլոգիաներով աշխատող մասնագետների ուսուցման և պատրաստման գործընթացն կիրականացվի ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մասնագետների աջակցությամբ, ինչպես նաև ԼՂՀ անշարժ գույքի գրանցման ծրագրի շրջանակներում: Առաջնահերթ անհրաժեշտ է կազմակերպել ուսուցում ժամանակակից թվային պատկերների՝ օդալուսանկարների, արբանյակային պատկերների մշակման, ներառյալ օրթոֆոտոների և թվային քարտեզների ստեղծման, բարձունքային տվյալների ստացման, բազային քարտեզների թարմացման և ստեղծման ուղղությամբ: Նախատեսվում են նաև թվային տեխնոլոգիաներով քարտեզագրության փորձի փոխանակման նպատակով գործուղումներ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե և ԱՊՀ երկրներ:

12. Բազային քարտեզագրական նյութերի պահպանությունը

Բազային քարտեզները կազմում են ԼՂՀ պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի մասը: Նյութերը արխիվներում պահպանվելու են թվային և ավանդական /թղթային/ ձևերով, ընդ որում ավանդական /թղթային/ ձևով առկա նյութերի հետագա կարգավիճակի և պահպանման նպատակահարմարության վերաբերյալ համապատասխան դիրքորոշման անհրաժեշտություն կլինի:

13.Պետական գաղտնիք հանդիսացող նյութերի և տվյալների պահպանումը և տրամադրումը

Բազային քարտեզներում պետական գաղտնիք հանդիսացող տվյալները պահպանվում են առանձին շերտի /շերտերի/ տեսքով: Դա հնարավորություն է տալիս տեղագրական ողջ տեղեկատվությունը, բացառությամբ»գաղտնի, դրոշմագիր ունեցողների, տրամադրել քաղաքացիական նպատակով օգտագործողներին:

14. Ծրագրի իրականացման արդյունքում սպասվելիք ակնկալիքները

Տվյալ ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է ունենալ հետևյալ ձեռքբերումները.

  • ԼՂՀ տարածքի 1:10000 մասշտաբի բազային, ազատագրված տարածքների 1:25000 մասշտաբի և հանրապետության պաշտպանական գոտու 1:50000 մասշտաբի տեղագրական քարտեզներ /թվային և ավանդական/, ԼՂՀ ողջ տարածքի 1:10000 և 1:25000 մասշտաբի կադաստրային թվային քարտեզներ, ԼՂՀ տարածքի նոր և բարձր թույլատրելիությամբ /ռեզոլյուցիայով/ տիեզերալուսանկարներ,

  • ԼՂՀ պետական մասշտաբային շարքի 1:25000-ից մինչև 1:200000 մասշտաբի տեղագրական քարտեզներ, որոնք կստեղծվեն 1:10000 և 1:25000 մասշտաբի տեղագրական թվային քարտեզների ընդհանրացման (գեներալիզացիայի) եղանակով կամերալ պայմաններում.

  • բոլոր ստեղծված քարտեզագրական նյութերը կհամալրեն ԼՂՀ պետական քարտեզագրա-գեոդեզիական ֆոնդը.

  • տեխնոլոգիաներ և մասնագետներ, որոնք անհրաժեշտ են տվյալներ մշակելու, թվայնացված տիեզերալուսանկարներից բազային քարտեզների ստեղծման և պահպանման նպատակով,

  • գիտելիքներ և մասնագետներ, որոնք անհրաժեշտ են տիեզերալուսանկարահանման նյութերի օգտագործման միջոցով կադաստրային տվյալների թարմացման և պահպանման, ինչպես նաև հողօգտագործման պլանավորման, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի և այլ կարևոր նպատակներով կիրառման դեպքերում:

Ծրագրի իրականացման արդյունքում ստացված բազային քարտեզագրական նյութերի հիման վրա հնարավոր կլինի իրականացնելու հետևյալ աշխատանքները.

1. Անշարժ գույքի կադաստրի վարումը.

2. Հողի հարկի և գույքահարկի բազայի տվյալների ճշգրտումը.

3.ԼՂՀ պետական, վարչատարածքային միավորների (շրջանների, համայնքների) սահմանների նկարագրման և ամրացման աշխատանքները.

4. ԼՂՀ Հողային բալանսի կազմումը ըստ վարչատարածքային միավորների.

5. Համայնքների հողերի օգտագործման սխեմաների կազմումը.

6. Գյուղատնտեսական հողատեսքերի գնահատումը և մոնիտորինգի անցկացումը .

7. ԼՂՀ տարածքի հերթապահ քարտեզի վարումը.

8. Քաղաքաշինական, բնապահպանական և տարածքային կառավարման խնդիրների պլանավորումը և լուծումը.

9. ԼՂՀ տնտեսության, պետական ու պաշտպանական այլ խնդիրների լուծումը:

Հավելված 3

Հ Ա Շ Վ Ա Ր Կ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական մասշտաբային շարքի բազային

տեղագրական և կադաստրային քարտեզների ստեղծման, վարչատարածքային միավորների սահմանների նկարագրման և ամրացման, շրջանների և համայնքների վարչական տարածքներում առկա թերությունների վերացման և ճշտման աշխատանքների

NN

ը/կ

Աշխատանքի անվանումը Չափման

միավորը

Ծավալները Միավորի

արժեքը

/դրամ/

Գումարը

/հազ.դրամ/

1

Տիեզերալուսանկարահանում 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզներ ստանալու համար

կմ2 4389 40500 177754.5
2

Տիեզերալուսանկարահանում 1:25000 մասշտաբի տեղագրական քարտեզներ ստանալու համար

կմ2 5659 2900 16411.1
3

Տիեզերալուսանկարահանում 1:50000 մասշտաբի տեղագրական քարտեզներ ստանալու համար

կմ2 5328 2900 15451.2
4

Տիեզերալուսանկարահանման նյութերի դաշտային վերծանում և պլանա–բարձունքային հիմքի ապահովում

կմ2 4389 7000 30723.0
5

Տիեզերալուսանկարներից 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզների մշակում և թվայնացում

թերթ 235 100000 23500.0
6

Տիեզերալուսանկարներից 1:25000 մասշտաբի տեղագրական քարտեզների մշակում և թվայնացում

թերթ 182 100000 18200.0
7

Տիեզերալուսանկարներից 1:50000 մասշտաբի տեղագրական քարտեզների մշակում և թվայնացում

թերթ 60 100000 6000.0
8

1:100000 և 1:200000 մասշտաբների տեղագրական թվային քարտեզների ստացում ընդհանրացման եղանակով

թերթ 24 61000 1464.0
9

Քարտեզների հրատարակում /5օրինակ/

թերթ 501 10000.0 5010.0
10

ԼՂՀ վարչատարածքային միավորների տարածքների ճշգրտում, սահմանագծերի նկարագրում և ամրացում գործիքներով

համայնք 161 431576 69483,7
11

ԼՂՀ վարչատարածքային միավորների սահմանագծերի նկարագրումը կամերալ պայմաններում

համայնք 139 103000 14317.0
12

ԼՂՀ համայնքների բնակավայրերի և վարչական տարածքների կադաստրային քարտեզագրման աշխատանքներ

միավոր 270000 2650 715500.0
13

ԼՂՀ համայնքների հողերի սկզբնական հաշվառման հողային հաշվեկշիռների կազմման աշխատանքները

համայնք 300 116166 34849.8
Ընդամենը 1128664.3

Հավելված 4

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական մասշտաբային շարքի բազային

տեղագրական և կադաստրային քարտեզների ստեղծման, վարչատարածքային միավորների սահմանների նկարագրման և ամրացման, շրջանների և համայնքների վարչական տարածքներում առկա թերությունների վերացման և ճշտման աշխատանքների

NN

ը/կ

Աշխատանքի

անվանումը

Գումարը

/հազ. դրամ/

2004 2005 2006 2007 2008
1

Տիեզերալուսանկարահանում 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզներ ստանալու համար

177754.5 87754.5 90000.0
2

Տիեզերալուսանկարահանում 1:25000 մասշտաբի տեղագրական քարտեզներ ստանալու համար

16411.1 16411.1
3

Տիեզերալուսանկարահանում 1:50000 մասշտաբի տեղագրական քարտեզներ ստանալու համար

15451.2 15451.2
4

Տիեզերալուսանկարահանման նյութերի դաշտային վերծանում և պլանա–բարձունքային հիմքի ապահովում

30723.0 6723.0 8000.0 8000.0 8000.0
5

Տիեզերալուսանկարներից 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզների մշակում և թվայնացում

23500.0 1500.0 5500.0 5500.0 5500.0 5500.0
6

Տիեզերալուսանկարներից 1:25000 մասշտաբի տեղագրական քարտեզների մշակում և թվայնացում

18200.0 2200.0 4000.0 4000.0 4000.0 4000.0
7

Տիեզերալուսանկարներից 1:50000 մասշտաբի տեղագրական քարտեզների մշակում և թվայնացում

6000.0 1000.0 1500.0 1500.0 1000.0 1000.0
8

1:100000 և 1:200000 մասշտաբների տեղագրական թվային քարտեզների ստացում ընդհանրացման եղանակով

1464.0 700.0 764.0
9

Քարտեզների հրատարակում /5օրինակ/

5010.0 2510.0 2500.0
10

ԼՂՀ վարչատարածքային միավորների սահմանագծերի նկարագրում և ամրացում գործիքներով

69483,7 18156,7 26827,0 8500.0 8000.0 8000.0
11

ԼՂՀ վարչատարածքային միավորների սահմանագծերի նկարագրումը կամերալ պայմաններում

14317.0 4860.0 4737.0 4720.0
12

ԼՂՀ համայնքների բնակավայրերի և վարչական տարածքների կադաստրային քարտեզագրման աշխատանքները

715500.0 143100.0 143100.0 143100.0 143100.0 143100.0
13

ԼՂՀ համայնքների հողերի սկզբնական հաշվառման հողային հաշվեկշիռների կազմման աշխատանքները

34849.8 8800.0 8800.0 8600.0

8649.8

Ընդամենը 1128664.3 292296.5 197727.0 274260.0 186147.0 178233.8

Ծանոթություն- Հաշվարկների համար հիմք են ընդունվել նախկին ԽՍՀՄ — աշխատանքների գնահատման հավաքածուի /հրատ. Մոսկվա -1986թ./ և ՀՀ –ում ու ԼՂՀ – ում համանման աշխատանքների համար գործող սակագները: