ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 հոկտեմբերի 2003թ. N 292

ք.Ստեփանակերտ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2002թ.նոյեմբերի 26-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարելու և օգտագործման տրամադրելու կարգը հաստատելու մասին» թիվ 61 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2002թ.նոյեմբերի 26-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարելու և օգտագործման տրամադրելու կարգը հաստատելու մասին» թիվ 61 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

ա) Որոշման 3-րդ կետի`

«է» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«է») նոր բնակեցվող, ծայրամասային և լքված բնակավայրերում /ցանկը հաստատում է ԼՂՀ կառավարությունը/ քաղաքացիներին տրամադրված և սահմանված կարգով մասնավորեցված /սեփականաշնորհված/ բնակելի տների սեփականատերերը այդ տների /քոթեջների/ պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով և /կամ/ ԼՂՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածով սահմանված կարգով և չափերով հողամասի նկատմամբ ձեռք են բերում անհատույց սեփականության իրավունք»:

«է» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ը», «թ» և «ժ» ենթակետեր.

«ը»/ պաշտպանության և ազգային անվտանգության կարիքները հոգալու համար հողամասերի նպատակային նշանակությունը կարող է փոխվել՝ առանց սույն որոշման 3-րդ կետի,,ա,, ենթակետով սահմանված փաստաթղթերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումների հիման վրա: թ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի 118-րդ հոդվածի 7-րդ կետով սահմանված հիմքերով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման համար կադաստրային արժեքի վճարման անդորրագրի հետ միասին ներկայացվում է նաև համայնքի կամ շրջվարչակազմի ղեկավարի, Ստեփանակերտի քաղաքապետի /ըստ հողամասի գտնվելու վայրի/ կողմից տրված տեղեկանքն այն մասին, որ ձեռք բերվող հողամասը չի դասվում ԼՂՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին:

Սեփականաշնորհված /մասնավորեցված/ արտադրական նշանակության օբյեկտների զբաղեցրած հողամասերի,ինչպես նաև անհատական բնակելի տների շինարարության համար տրամադրված հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է գրանցվել միայն կադաստրային արժեքի վճարման անդորրագրի հիման վրա, եթե այդ հողամասերի նկատմամբ սահմանված կարգով գրանցված է օգտագործման իրավունքը:

ժ/ 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած փախստականների համար կառուցված բնակելի տները /քոթեջները/ սեփականության իրավունքով փախստականներին հատկացվելու դեպքում նշված տների զբաղեցրած և դրանց սպասարկման համար նախատեսված հողամասերը բնակելի տարածության օգտագործման իրավունք ունեցող ընտանիքի չափահաս անդամների գրավոր համաձայնության առկայության դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համապատասխան շրջվարչակազմերի ղեկավարների /Ստեփանակերտում` Ստեփանակերտի քաղաքապետի/ կողմից կառուցապատման նախագծերով սահմանված չափերով հատկացվում են անհատույց` սեփականության իրավունքով:

Կառուցապատման նախագծերի բացակայության դեպքում հողամասերի չափերը սահմանվում են դրանց փաստացի օգտագործվող չափերով, որոնք չպետք է գերազանցեն տվյալ համայնքում սահմանված հողամասերի չափերը:

բ) Որոշմամբ հաստատված,Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարելու և օգտագործման տրամադրելու կարգ»-ում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

7-րդ կետում «հողաշինարարական ծառայությունների» բառերը փոխարինել «համայնքի ղեկավարի, Ստեփանակերտի քաղաքապետի, շրջվարչակազմի ղեկավարի /ըստ հողամասի գտնվելու վայրի/» բառերով:

8-րդ կետում «հիմքերով» բառից հետո դնել բութ, ավելացնել «դատական կարգով» բառերը:

14-րդ կետում «տրամադրվում են» բառից հետո ավելացնել «օգտագործման» բառը:

20-րդ կետի «բ» ենթակետում «ոչ բնակելի» բառերից հետո հանել «տարածքները» բառը և լրացնել «շենքեր, շինություններ» բառերով:

26-րդ կետի «բ» ենթակետում «մասնակցության» բառից առաջ ավելացնել «աճուրդին» բառը:

44-րդ կետը լրացնել «ժ» ենթակետով ` հետևյալ բովանդակությամբ`

«ժ/ մինչև 20 քառ.մետր մակերես ունեցող տաղավարների, կրպակների, ավտոտնակների, առևտրի ու սպասարկման այլ օբյեկտների կառուցման համար»:

65-րդ կետում «հողերի վրա» բառերը փոխարինել «հողամասերի նպատակային նշանակության փոփոխումից հետո» բառերով:

66-րդ կետում «իրականացվում է շրջանի վարչակազմի ղեկավարի համապատասխան որոշմամբ` ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության եզրակացության հիման վրա» բառերը փոխարինել «իրականացվում են ԼՂՀ կառավարության կողմից սահմանված կարգով» բառերով:

Կարգի 70-85-րդ կետերը հանել և լրացնել նոր 70-80-րդ կետերով.

70. Օգտակար հանածոների արդյունահանման համար հողամասերը տրամադրվում են մրցույթով, վարձակալության իրավունքով, ընդերքի ուսումնասիրության կամ արդյունահանման իրավունքի հետ միաժամանակ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

71. Ընդերքօգտագործողների գործունեության ընդլայնման համար կարող են լրացուցիչ հողամասեր տրամադրվել առանց մրցույթի՝ հողամասի նպատակային նշանակությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխելուց հետո:

72. Ընդերքի օգտագործման հետևանքով խախտված հողերը վերականգնվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

73. Հողամասերում հետախուզական, երկրաբուսաբանական, երկրաբանական և այլ բնույթի աշխատանքները կարող են իրականացվել միայն համայնքների ղեկավարների /Ստեփանակերտում` Ստեփանակերտի քաղաքապետի/ և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարների կողմից սահմանված կարգով ընդունված որոշումների ու հողամասերն օգտագործողների հետ կնքված պայմանագրերի հիման վրա:

74. Նշված աշխատանքների իրականացման, ինչպես նաև հողամասերը սեփականության իրավունքով կամ օգտագործման տրամադրելու դեպքում նախկին հողօգտագործողներին պատճառված վնասները ենթակա են հատուցման` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

75. Հատուցման ենթակա են վարձատուի համաձայնությամբ գույքի անբաժանելի բարելավումների համար վարձակալի ներդրած միջոցները:

76. Հողամասերում հետախուզական աշխատանքները կարող են իրականացվել հողօգտագործողների հետ կնքված սերվիտուտի պայմանագրերի հիման վրա` նշելով աշխատանքներն սկսելու և ավարտելու ժամկետները, տեղը, վճարի և վնասի չափերը, հողերի վերականգնման ու պատճառված վնասների հատուցման պայմաններն ու օգտագործման վերադարձնելու պարտականությունները և այլ պայմաններ: Նույն կարգով տրվում է թույլտվություն` նաև հնագիտական հետախուզական պեղումներ իրականացնելու համար:

Այդ տարածքում հայտնաբերված պատմամշակութային անշարժ արժեքների պահպանության, անվթարության ապահովության կամ ամրակայման /կոնսերվացման/ անհրաժեշտության դեպքում հողամասը կարող է օրենքով սահմանված կարգով հետ վերցվել սեփականատիրոջից կամ օգտագործողից` հատուցելով վնասները:

Սույն կետում նշված փաստաթղթերը ներառվում են հողաշինարարական գործում:

77. Անտառային ֆոնդի հողերում կողմնակի անտառօգտագործման համար /բացի գյուղատնտեսական գործունեության դեպքերից/ հողհատկացում չի պահանջվում:

78. Անտառային հողերի նպատակային նշանակության փոփոխումն իրականացվում և դրանք քաղաքաշինական ու այլ նպատակներով տրամադրվում են օրենքով` սույն կարգին համապատասխան:

79. Բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերը տրամադրվում են սույն կարգին և այլ նորմատիվ իրավական ակտերին համապատասխան:

80. Այլ նշանակության հողերը տրամադրվում են սույն կարգի պահանջներին համապատասխան:

գ) Որոշմամբ հաստատված «Գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասերը վարձակալության հանձնելու մասին» պայմանագրի 5.3. կետում «պարբերաբար կամ միաժամանակ, բայց ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր հաջորդող տարվա հունվարի 25-ը» բառերը փոխարինել «հավասար չափերով ըստ տարվա օրացուցային եռամսյակների, ոչ ուշ, քան մինչև համապատասխան եռամսյակի վերջին ամսվա 25-ը» բառերով:

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ