ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«26» նոյեմբերի 2002թ. N 57

ք.Ստեփանակերտ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հողային պետական տեսչության կանոնադրությունը հաստատելու մասին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հողային պետական տեսչության կանոնադրությունը /կցվում է/:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1997թվականի նոյեմբերի 28-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ագրարային պետական տեսչությունների կանոնադրությունները հաստատելու մասին» թիվ 172 որոշման

ա) տեքստից հանել«ա/ հողային պետական տեսչության կանոնադրությունը (կցվում է)» տողը՝ ուժը կորցրած ճանաչելով որոշմամբ հաստատված ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության հողային պետական տեսչության կանոնադրությունը:

բ) «բ», «գ» և «դ» ենթակետերը համապատասխանաբար դարձնել «ա», «բ» և «գ» ենթակետեր:

ԼՂՀ վարչապետ Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ԼՂՀ կառավարության

2002 թ. ______________ ____-ի

թիվ _____ որոշմամբ

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀՈՂԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.1 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետև՝ կոմիտե) հողային պետական տեսչությունն (այսուհետև`տեսչություն) հանդիսանում է պետական կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանում, որն իր իրավասությունների սահմաններում կոչված է վերահսկելու հողային ֆոնդի նպատակային օգտագործմանը վերաբերող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրական այլ ակտերով սահմանված պահանջների կատարումը:

1.2 Տեսչությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով, կոմիտեի նախագահի հրամաններով, հրահանգներով, այլ իրավական ակտերով, կոմիտեի և սույն կանոնադրությամբ:

Տեսչությունն իր վերահսկողական գործունեությունն իրականացնում է հողային պետական տեսուչների (այսուհետև` տեսուչ) միջոցով:

1.3 Տեսչության կազմում կարող են գործել ահազանգման կետեր, հենակետեր, լաբորատորիաներ և կառուցվածքային այլ ստորաբաժանումներ:

1.4 Տեսչությունն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք ու դրոշմակնիք:

1.5 Տեսուչների թիվը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

II. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

2.1 Տեսչությունը

ա) իր իրավասության սահմաններում մասնակցում է հողային քաղաքականությանը, հողային ռեսուրսների կառավարմանը, հողօգտագործման արդյունավետության բարձրացման սկզբունքների մշակմանը, հողային հարաբերությունների կարգավորմանը.

բ) իր իրավասության սահմաններում մասնակցում է հողերի օգտագործման (գոտիավորման) սխեմաների, քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի (բնակավայրերի գլխավոր հատակագծեր, մանրամասն հատակագծման նախագծեր) կազմման սկզբունքների մշակմանը, ապահովում է դրանց տեխնիկական (նախագծման) առաջադրանքի և ավարտված սխեմայի (նախագծի) վերաբերյալ եզրակացության տրամադրումը.

գ) իր իրավասության սահմաններում ապահովում է հողօգտագործման արդյունավետությանն ուղղված նպատակային ծրագրերի, հողերի միավորման, բաժանման և կոնսոլիդացիայի նախագծերի մշակումը, մասնակցում է ոլորտի նորմատիվ-իրավական ակտերի մշակման աշխատանքներին.

դ) իր իրավասության սահմաններում մասնակցում է պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողերի մասնավորեցման և հետագա օգտագործման ուղղությունների, հողերի պահպանության, միավորման և վերաբաշխման նպատակային ծրագրերի մշակմանը.

ե) իր իրավասության սահմաններում մասնակցում է խախտված հողերի ռեկուլտիվացիայի, հողաշերտերը ջրային և հողմային հողատարումից, փլուզումներից և սողանքներից, ջրածածկումից, ճահճացումից, չորացումից, աղակալումից, արտադրական թափոնների, ռադիոակտիվ և քիմիական ախտահարումից պաշտպանելու, գյուղատնտեսական հողերը բարելավելու, նոր հողեր յուրացնելու, հողը պահպանելու և դրա բերրիությունը բարձրացնելու նպատակային ծրագրի մշակմանը.

զ) համակարգում է հողաշինության գծով քարտեզագրական, հողային, ագրոքիմիական, երկրաբուսաբանական և այլ հետազոտական աշխատանքների իրականացումը.

է) իր իրավասության սահմաններում մասնակցում է չօգտագործվող, անարդյունավետ օգտագործվող կամ իրենց նպատակային նշանակությանն անհամապատասխան օգտագործվող հողերի գույքագրման և հաշվառման աշխատանքներին.

ը) վարում է Լեռնային Ղարաբաղի հանրապետության հողերի նկատմամբ սահմանափակումների հերթապահ քարտեզը.

թ) մասնակցում է համակարգի գործունեությունը կարգավորող օրենսդրական և այլ իրավական ակտերի, նախագծերի, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի (հրահանգներ, մեթոդական ցուցումներ, հանձնարարականներ և այլն) մշականն ու ներդրմանը.

ժ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավական ակտերի և կոմիտեի նախագահի հանձնարարականների համաձայն իրականացնում է այլ գործառույթներ.

ի) վերահսկողություն է իրականացնում՝

— հողային ֆոնդի նպատակային օգտագործման նկատմամբ,

— հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ,

-տարածքային կառավարման մարմինների հողային հարաբերությունների բնագավառում իրականացնող գործունեության նկատմամբ.

— նոր հողերի յուրացման նկատմամբ,

լ) օրենքով սահմանված դեպքերում ու կարգով պարտադիր կատարման ցուցումներ է տալիս և նշանակում վարչական տույժեր, հաղորդումներ է ներկայացնում իրավասու մարմիններին՝ հողային օրենսդրության պահանջները խախտողներին օրենքով նախատեսված պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

III. ՏԵՍՈՒՉԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

3.1 Տեսուչն իրավունք ունի`

ա) կատարել տեսչական ստուգումներ հողի սեփականատերերի, օգտագործողների ու վարձակալների (այսուհետև` տնտեսավարող սուբյեկտներ) հողամասերում.

բ) պահանջել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկանքներ ու այլ տեղեկություններ և վերցնելու փորձանմուշ.

գ) տալ պարտադիր կատարման համար ցուցումներ` հողային օրենսդրության բացահայտված խախտումներն ու թերությունները վերացնելու նպատակով և հետևել դրանց կատարմանը.

դ) օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակել վարչական տույժեր, ինչպես նաև իրավասու պետական մարմիններ ներկայացնել հաղորդումներ` մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

3.1 Տեսուչը պարտավոր է`

ա) վերահսկել տնտեսավարող սուբյեկտների և քաղաքացիների կողմից հողային օրենսդրության պահանջների կատարումը, ինչպես նաև իրավասու պետական մարմինների կողմից պետական հողային կադաստրի վարման ու հողերի վիճակի համակարգված դիտարկման (մոնիթորինգ) աշխատանքները.

բ) հողային օրենսդրության խախտումների դեպքում կազմել արձանագրություն և կիրառել օրենքով սահմանված ներգործության միջոցներ.

գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ արգելված գործունեությամբ զբաղվելու դեպքեր հայտնաբերելիս համապատասխան մարմիններին ներկայացնել հաղորդումներ.

դ) չհրապարակել, չտարածել պետական, ծառայողական կամ առևտրային գաղտնիք հանդիսացող պետական կադաստրի տվյալներ.

ե) պահպանել տնտեսավարող սուբյեկտների, պաշտոնատար անձանց, ինչպես նաև քաղաքացիների օրենքով սահմանված իրավունքները.

զ) չխոչընդոտել տնտեսավարող սուբյեկտների, պաշտոնատար անձանց, ինչպես նաև քաղաքացիների բնականոն աշխատանքը.

է) իրավասու պետական մարմինների պահանջով ներկայացնել տեղեկանքներ հողային օրենսդրության խախտումների հետևանքով պատճառված վնասի չափի վերաբերյալ:

IV . ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

4.1 Տեսչության ֆունկցիաներն իրականացնում է պետական կոմիտեի հողային պետական տեսչության բաժինը:

4.2 Տեսչությունն իր գործունեությունն իրականացնում է աշխատանքային ծրագրերին համապատասխան:

4.3 Տեսչությունն ապահովում է հողաշինարարության աշխատանքների արդյունքում ստացվող փաստաթղթերի հաշվառումը, գրանցումը և շրջանառությունը :

4.4 Տեսչությունն իր իրավասության սահմաններում օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում մասնակցում է համայնքների և շրջանների վարչական տարածքներում գտնվող հողերի պետական հաշվառման աշխատանքներին և ապահովում դրանց ամփոփումն ու յուրաքանչյուր տարվա կտրվածքով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման մասին հաշվետվության (հողային հաշվեկշռի) կազմումը:

4.5 Տեսչությունը գլխավորում է կոմիտեի հողային պետական տեսչության բաժնի պետը, որին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում կոմիտեի նախագահը:

Տեսչության պետն ի պաշտոնե հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային գլխավոր պետական տեսուչ:

4.6 Տեսուչին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում կոմիտեի նախագահը:

4.7 Տեսչության պետը`

ա) կազմակերպում և ղեկավարում է տեսչության գործունեությունը.

բ) պատասխանատվություն է կրում տեսչության առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման համար, ապահովում է տեսչության խնդիրների ու գործառույթների իրականացումը և կատարում պարտականությունների բաշխում տեսուչների միջև.

գ) ապահովում է քաղաքացիների դիմումների, գանգատների, առաջարկությունների քննարկումը.

դ) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

4.8 Հողային օրենսդրության պահանջների խախտման դեպքում տեսուչը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմում է արձանագրություն` հատուկ համարակալված պաշտոնաթերթի վրա:

4.9 Տեսուչին տրվում է նրա ծառայողական կարգավիճակը հաստատող փաստաթուղթ (վկայական):

V. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

5.1 Տեսչության գործունեությունը դադարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: