Սույն թվականի հոկտեմբերի 23-ին ԼՂՀ և ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեների միջև ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակներում ԼՂՀ ժամանեց ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պատասխանատու մասնագետներից կազմված աշխատանքային խումբը` ՀՀ պետական կոմիտեի նախագահի խորհրդական Խաժակ Կարայանի գլխավորությամբ:

Պետական կոմիտեի նախագահ Կ. Պետրոսյանի մոտ անցկացված ընդլայնված խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ԼՂՀ տարածքում անշարժ գույքի պետական ռեգիստրի գործառույթների իրականացման համար դիմումների ընդունման և այդ գործառույթների արդյունքում կազմված փաստաթղթերի տրամադրման նպատակով սպասարկման գրասենյակի  բացման հարցը, ինչը թույլ կտա ՀՀ քաղաքացիներին տեղում ներկայացնել ՀՀ տարածքում գտնվող անշարժ գույքի վերաբերյալ համապատասխան դիմումներ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաև կառավարման ավտոմատացված համակարգերի կիրառմամբ պետական գրանցման վարույթների և գույքի ու դրա նկատմամբ  իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման գործառույթների (էլեկտրոնային վարույթներ)  իրականացման նպատակով պետական կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումներում համապատասխան ծրագրերի ներդրման հարցը:

Պետական կոմիտեի մասնագետների վերապատրաստման նպատակով  ձեռք է բերվել պայմանավորվածություն  կազմակերպել այցեր ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե: