Համարը  

ՀՕ-239

Տեսակը  

Ինկորպորացիա

Տիպը  

Օրենսգիրք

Կարգավիճակը  

Գործում է

Սկզբնաղբյուրը  

ՀՀՊՏ 1998.08.10/17(50)

Ընդունման   վայրը  

Երևան

Ընդունող   մարմինը  

ՀՀ Ազգային ժողով

Ընդունման   ամսաթիվը  

05.05.1998

Ստորագրող   մարմինը  

ՀՀ Նախագահ

Ստորագրման   ամսաթիվը  

28.07.1998

Վավերացնող   մարմինը  

Վավերացման   ամսաթիվը  

Ուժի   մեջ   մտնելու   ամսաթիվը  

01.01.1999

Ուժը   կորցնելու   ամսաթիվը  

 

Կապեր այլ փաստաթղթերի հետ

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

 

ՀՀ քաղաքացիական օրենսգիրք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ

Օ Ր Ե Ն Ս Գ Ի Ր Ք

Ընդունված Ազգային ժողովի կողմից 1998 թվականի մայիսի 5-ին

ԱՌԱՋԻՆ ԲԱԺԻՆ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Գ Լ ՈՒ Խ 1

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՆՈՐՄԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ

Հոդված 1.

Քաղաքացիական օրենսդրությամբ և   քաղաքացիական   իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերով կարգավորվող հարաբերությունները

1. Հայաստանի Հանրապետության   քաղաքացիական   օրենսդրությունը կազմված է սույն օրենսգրքից և քաղաքացիական   իրավունքի նորմեր պարունակող այլ օրենքներից:

Այլ օրենքներում պարունակվող   քաղաքացիական   իրավունքի նորմերը պետք է համապատասխանեն սույն օրենսգրքին:

2.   Քաղաքացիական   օրենսդրությունը, ինչպես նաև   քաղաքացիական   իրավունքի նորմեր պարունակող` Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերը և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները (այսուհետ` այլ իրավական ակտեր) սահմանում են   քաղաքացիական շրջանառության մասնակիցների իրավական վիճակը, սեփականության իրավունքի և այլ գույքային իրավունքների, մտավոր գործունեության արդյունքների նկատմամբ բացառիկ իրավունքների (մտավոր սեփականություն) ծագման հիմքերն ու իրականացման կարգը, կարգավորում են պայմանագրային և այլ պարտավորություններ, ինչպես նաև այլ գույքային ու դրանց հետ կապված անձնական ոչ գույքային հարաբերություններ:

Քաղաքացիական   օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով կարգավորվող հարաբերությունների մասնակիցները` ֆիզիկական անձինք` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա պետությունների քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք (այսուհետ` քաղաքացիներ) ու իրավաբանական անձինք են, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունը և համայնքներն են (հոդված 128):

Քաղաքացիական   օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված կանոնները կիրառվում են օտարերկրյա իրավաբանական անձանց մասնակցությամբ հարաբերությունների նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:

3.   Քաղաքացիական   օրենսդրությունը և այլ իրավական ակտերը կարգավորում են ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանց միջև կամ նրանց մասնակցությամբ հարաբերությունները:

4. Ընտանեկան, աշխատանքային, բնական պաշարների օգտագործման ու շրջակա միջավայրի պահպանության հարաբերությունները կարգավորվում են   քաղաքացիական   օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով, եթե այլ բան նախատեսված չէ ընտանեկան, աշխատանքային, հողային, բնապահպան և այլ հատուկ օրենսդրությամբ:

5. Մարդու անօտարելի իրավունքների ու ազատությունների և մյուս ոչ նյութական բարիքների իրականացման ու պաշտպանության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են   քաղաքացիական օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով, եթե այլ բան չի բխում այդ հարաբերությունների էությունից:

6. Մեկ կողմի` մյուսի վարչական կամ այլ իշխանական ենթակայության վրա հիմնված գույքային` ներառյալ հարկային, ֆինանսական ու վարչական հարաբերությունների նկատմամբ   քաղաքացիական   օրենսդրությունը և այլ իրավական ակտերը չեն կիրառվում, եթե այլ բան նախատեսված չէ օրենսդրությամբ:

Հոդված 2.

Ձեռնարկատիրական գործունեություն

Ձեռնարկատիրական է համարվում անձի ինքնուրույն, իր ռիսկով իրականացվող գործունեությունը, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ ստանալն է:

Հոդված 3.

Քաղաքացիական   օրենսդրության սկզբունքները

1.   Քաղաքացիական   օրենսդրությունը հիմնվում է իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության և գույքային ինքնուրույնության, սեփականության անձեռնմխելիության, պայմանագրի ազատության, մասնավոր գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության,   քաղաքացիական   իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա:

2. Քաղաքացիները և իրավաբանական անձինք   քաղաքացիական   իրավունքները ձեռք են բերում ու իրականացնում իրենց կամքով և ի շահ իրենց: Նրանք ազատ են պայմանագրի հիման վրա սահմանելու իրենց իրավունքները և պարտականությունները, որոշելու պայմանագրի` օրենսդրությանը չհակասող ցանկացած պայման:

Քաղաքացիական   իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական և հասարակական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության ու բարքերի, այլոց իրավունքների և ազատությունների, պատվի ու բարի համբավի պաշտպանության համար:

3. Ապրանքները, ծառայությունները և ֆինանսական միջոցները Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում տեղաշարժվում են ազատորեն:

Ապրանքների և ծառայությունների տեղաշարժման սահմանափակումներ կարող են մտցվել օրենքին համապատասխան, եթե դրանք անհրաժեշտ են մարդկանց անվտանգության ապահովման, կյանքի և առողջության պաշտպանության, բնության ու մշակութային արժեքների պահպանության համար:

Հոդված 4.

Այլ իրավական ակտեր

1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 78 հոդվածին համապատասխան` սույն օրենսգրքի 1 հոդվածում նշված հարաբերությունները Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի սահմանած ժամկետում կարող են կարգավորվել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության` օրենքի ուժ ունեցող որոշումներով:

2. Սույն օրենսգրքի և այլ օրենքների հիման վրա ու ի կատարումն դրանց` Հայաստանի Հանրապետության Նախագահն իրավունք ունի ընդունել   քաղաքացիական   իրավունքի նորմեր պարունակող հրամանագրեր:

3. Սույն օրենսգրքի և այլ օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի հիման վրա ու ի կատարումն դրանց` Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ընդունել քաղաքացիական   իրավունքի նորմեր պարունակող որոշումներ:

4. Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը, սույն օրենսգրքին կամ այլ օրենքի հակասելու դեպքում, կիրառվում է սույն օրենսգիրք ը կամ համապատասխան օրենքը:

5. Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերում և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներում պարունակվող   քաղաքացիական   իրավունքի նորմերի գործողությունն ու կիրառումը որոշվում են սույն գլխի կանոններով:

6. Նախարարությունները և գործադիր իշխանության այլ մարմինները, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինները կարող են   քաղաքացիական   իրավունքի նորմեր պարունակող ակտեր հրապարակել միայն սույն օրենսգրքով, այլ օրենքներով և իրավական ակտերով նախատեսված դեպքերում ու սահմաններում:

Հոդված 5.

Քաղաքացիական   օրենսդրության և այլ իրավական ակտերի գործողությունը ժամանակի մեջ

1.   Քաղաքացիական   օրենսդրության ակտերը և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն ու կիրառվում են ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների նկատմամբ:

Օրենքի գործողությունը մինչև դրա ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա տարածվում է միայն այն դեպքերում, երբ դա ուղղակիորեն նախատեսված է օրենքով:

2. Մինչև   քաղաքացիական   օրենսդրության ակտի կամ այլ իրավական ակտի ուժի մեջ մտնելը ծագած հարաբերություններով այն կիրառվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո ծագած իրավունքների և պարտականությունների նկատմամբ: Մինչև   քաղաքացիական   օրենսդրության ակտի կամ այլ իրավական ակտի ուժի մեջ մտնելը կնքված պայմանագրի կողմերի հարաբերությունները կարգավորվում են սույն օրենսգրքի 438 հոդվածին համապատասխան:

Հոդված 6.

Քաղաքացիական   օրենսդրությունը, այլ իրավական ակտերը և միջազգային պայմանագրերը

1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը սույն օրենսգրքի 1 հոդվածում նշված հարաբերությունների նկատմամբ կիրառվում են անմիջականորեն, բացի այն դեպքերից, երբ միջազգային պայմանագրից բխում է, որ դրա կիրառման համար պահանջվում է ներպետական ակտի հրատարակում:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են   քաղաքացիական   օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով, ապա կիրառվում են միջազգա