ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
O Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2011 թվականի մարտի 23-ին
Կադաստրային քարտեզի ճշգրտման արդյունքում արձանագրված` քաղաքացիների կողմից փաստացի օգտագործվող հողամասերի իրավական կարգավիճակի մասին
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղական համայնքներում (այսուհետ` համայնք) քաղաքացիներին անհատույց սեփականության իրավունքով հատկացված և իրավունքի պետական գրանցում ստացած բնակելի կառուցապատման հողամասերի և այդ համայնքներում իրականացված` կադաստրային քարտեզի ճշգրտման արդյունքում արձանագրված մակերեսների տարբերության դեպքում փաստացի օգտագործվող հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման հիմքերը, իրավունքների պետական գրանցման փաստաթղթերում (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական (այսուհետ` վկայական) և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյան) անճշտությունների ուղղման կարգը:
Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը
Սույն օրենքի գործողությունը տարածվում է քաղաքացիներին անհատույց սեփականության իրավունքով հատկացված բնակելի կառուցապատման այն հողամասերի վրա, որոնց նկատմամբ իրավունքները գրանցվել են 2000-2008 թվականներին իրականացված կադաստրային քարտեզագրման արդյունքում ստեղծված կադաստրային քարտեզների հիման վրա:
Սույն օրենքի գործողությունը տարածվում է նաև սույն հոդվածի առաջին պարբերության մեջ նշված այն հողամասերի վրա, որոնք օտարվել են:
Հոդված 3. Կադաստրային քարտեզի ճշգրտման արդյունքում արձանագրված` փաստացի ավել օգտագործվող հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման հիմքերը
1. Սույն օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներում նշված կադաստրային քարտեզի ճշգրտման արդյունքում արձանագրված` քաղաքացիներին անհատույց սեփականության իրավունքով հատկացված հողամասերից փաստացի ավել օգտագործվող հողամասերի նկատմամբ սույն օրենքի ուժով կարող է ճանաչվել սեփականության իրավունք, եթե այդ հողամասերը չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, և եթե այդ իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, և (կամ) չի առաջացնում սերվիտուտ:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչվում է համայնքի ղեկավարի որոշման հիման վրա` համայնքի ավագանու համաձայնությամբ:
Հոդված 4. Կադաստրային քարտեզի ճշգրտման արդյունքում արձանագրված` հատկացվածից փաստացի պակաս օգտագործվող հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման հիմքերը
Սույն օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներում նշված կադաստրային քարտեզի ճշգրտման արդյունքում արձանագրված` քաղաքացիներին անհատույց սեփականության իրավունքով հատկացված հողամասերից փաստացի պակաս օգտագործվող հողամասերի դեպքում գրանցվում է սեփականատիրոջ սեփականության իրավունքը` փաստացի օգտագործվող հողամասի նկատմամբ` միայն սեփականատիրոջ գրավոր համաձայնությամբ:
Հոդված 5. Կադաստրային քարտեզի ճշգրտման արդյունքում արձանագրված` հատկացվածից փաստացի տարբերությամբ օգտագործվող հողամասերի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հիմքերը և գրանցման փաստաթղթերում ուղղումներ կատարելու կարգը
1. Կադաստրային քարտեզի ճշգրտման աշխատանքները համայնքում ավարտելուց հետո, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` պետական կոմիտե) նախագահի կողմից, ըստ համայնքի գտնվելու վայրի տվյալ անշարժ գույքի կադաստր վարող պետական մարմնի տարածքային ստորաբաժանմանը (այսուհետ` տարածքային ստորաբաժանում) տրվում է հավաստագիր` տվյալ համայնքի տարածքում գտնվող անշարժ գույքի միավորների նկատմամբ արձանագրված փոփոխությունները գրանցելու և վկայականներում ուղղումներ կատարելու համար:
2. Համայնքի ղեկավարը, ի կատարումն տարածքային ստորաբաժանման ղեկավարի գրավոր պահանջի, ապահովում է քաղաքացիներին տրամադրված վկայականների հավաքագրումը և հանձնումը համապատասխան տարածքային ստորաբաժանմանը:
3. Տարածքային ստորաբաժանումը համայնքի ղեկավարին է տրամադրում քաղաքացիներին անհատույց սեփականության իրավունքով տրամադրված հողամասերից փաստացի ավել և պակաս օգտագործվող հողամասերի ցուցակներն` անհրաժեշտ տվյալներով:
Ընդ որում փաստացի ավել օգտագործվող հողամասերի ցուցակը ստանալուց հետո, 15 աշխատանքային օրվա ընթացքում համայնքի ղեկավարը, համաձայնեցնելով համայնքի ավագանու հետ, որոշում է կայացնում` համապատասխան քաղաքացիների կողմից ավել օգտագործվող հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու կամ մերժելու մասին:
4. Համապատասխան որոշումները, փաստացի պակաս օգտագործվող հողամասերի դեպքում նաև համաձայնությունները և հավաքագրված վկայականները 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում են տարածքային ստորաբաժանում` սույն հոդվածի 5-րդ մասում սահմանված աշխատանքներն իրականացնելու համար:
5. Տարածքային ստորաբաժանումը` ճշգրտված քարտեզի հիման վրա, հավաստագրով սահմանված ժամկետում, սահմանված կարգով գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյաններում և վկայականներում կատարում է ուղղումներ:
6. Ուղղում կատարելու համար հիմք է հանդիսանում համապատասխան կադաստրային քարտեզից քաղվածքը, որի հիման վրա վկայականում դրվում է ներդիր` տվյալ անշարժ գույքի ճշտված հատակագծով, ստորագրված և կնիքված տարածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
1 ապրիլի 2011թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-13-Ն