Օրենքը փոփոխությունների չի ենթարկվել

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

Հայաստանի Հանրապետության 2004 թվականի աշխատանքային օրենսգիրքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործողության մեջ դնելու մասին

Ընդունվել է 27.04.2005

Հոդված 1. 2005թ. հուլիսի 1-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործողության մեջ դնել 2004թ. նոյեմբերի 9-ին ընդունված Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը (դրա հետագա փոփոխություններով և լրացումներով հանդերձ), այն վերանվանելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսգիրք» (այսուհետ՝ օրենսգիրք):

Հոդված 2. Մինչեւ օրենսգիրքը գործողության մեջ դնելը ծագած աշխատանքային հարաբերությունները շարունակվում են, եւ դրանց նկատմամբ կիրառվում են օրենսգրքի դրույթները:

Հոդված 3. Օրենսգիրքը գործողության մեջ դնելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, անհրաժեշտ է օրենսգրքին համապատասխանեցնել աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող օրենքները եւ այլ իրավական ակտեր:

Մինչեւ աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող օրենքները եւ այլ իրավական ակտեր օրենսգրքին համապատասխանեցնելը դրանք կիրառվում են այնքանով, որքանով չեն հակասում օրենսգրքին: Մինչեւ օրենսգրքի գործողության մեջ դնելը հրապարակված այլ նորմատիվ իրավական ակտեր, գերատեսչական եւ տեղական ինքնակառավարման մարմինների այն ակտերը, որոնցով կարգավորվող հարաբերություններն օրենսգրքի համաձայն պետք է կարգավորվեն միայն օրենքով, գործում են մինչեւ համապատասխան օրենքները գործողության մեջ դնելը:

Հոդված 4. Օրենսգիրքը գործողության մեջ դնելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, գործատուները պարտավոր են առանց աշխատանքային պայմանագրի աշխատանքային հարաբերությունների մեջ մտած աշխատողների հետ կնքել աշխատանքային պայմանագրեր` օրենսգրքով սահմանված կարգով:

Հոդված 5. Գործատուն պարտավոր է օրենսգիրքը գործողության մեջ դնելուց հետո` երեք տարվա ընթացքում, ապահովել օրենսգրքի 208-րդ հոդվածի 1-ին մասի, 243-րդ, 245-րդ, 249-255-րդ հոդվածների պահանջների կատարումը:

Հոդված 6. Աշխատանքային վեճերի նկատմամբ օրենսգրքի դրույթները տարածվում են այն դեպքում, եթե աշխատանքային վեճն առաջացել է օրենսգիրքը գործողության մեջ դնելուց հետո:

Հոդված 7. Օրենսգրքի 156-րդ հոդվածի առաջին կետի դրույթները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում չեն կիրառվում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ոչ աշխատանքային, տոն և հիշատակի օրերը սահմանվում են առանձին օրենքով:

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

12.05.2005

ՀՕ-186