1.

10

20.01.07

ԼՂՀ Ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին

ԼՂՀ ջրային օրենսգիրք

ԳԼՈՒԽ 1.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենսգրքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենսգրքում օգտագործվող հասկացություններն ունեն հետեւյալ իմաստները՝

ազգային ջրային պաշար՝ այնպիսի որակի եւ քանակի ջրեր, որոնք պահանջվում են մարդկանց հիմնական կարիքները ներկայում եւ ապագայում բավարարելու, ինչպես նաեւ ջրային էկոհամակարգերը պահպանելու եւ տվյալ ջրային ռեսուրսի կայուն զարգացումն ու օգտագործումն ապահովելու համար.

օգտագործելի ջրային ռեսուրսներ՝ ջրային ռեսուրսների այն մասը, որը կարող է բաշխվել սպառման համար՝ առանց նվազեցնելու ազգային ջրային պաշարը.

ջրային ռեսուրսներ՝ բոլոր մակերեւութային եւ ստորերկրյա (ստորգետնյա) ջրերը, այդ թվում՝ առուները, գետերը, աղբյուրները, գերխոնավ տարածքները, լճերը, լճակները, ձնածածկույթները, սառցադաշտերը, ջրանցիկ շերտերը եւ ջրային որեւէ այլ մարմինները, ներառյալ՝ կարճատեւ ջրային ռեսուրսները.

ջրային համակարգ՝ ջրային ռեսուրսների օգտագործմանն առնչվող հիդրոտեխնիկական կառուցվածքներ (այսուհետ` ՀՏԿ), որոնք առաջացնում են ջրային հոսքի փոփոխում կամ օգտագործվում են ջրային ռեսուրսների փոխադրման համար` ներառելով (սակայն չսահմանափակելով) պատվարները, պատնեշները, ամբարտակները, ջրանցքները, թունելները, ջրհորները, ջրատար խողովակները, պոմպակայանները, մաքրման կայանները, ջրընդունիչները, ջրհեռները, ջրատարները, ջրանցույցները, ջուր ամբարող այլ կառույցները, մեքենաները, սարքավորումները, սարքերը, որոնք կառուցվում, տեղաբաշխվում կամ օգտագործվում են ջրերը պատնեշելու, ամբարելու, փոխադրելու, բաշխելու, ջրահեռացման, հսկման, արդյունահանման, էլեկտրաէներգիայի արտադրման, ջրի մաքրման, օգտագործման կամ տեղումների հավաքման համար: Սույն օրենսգրքի նպատակներով ջրային համակարգերը կարող են ընդգրկել ամբողջական համակարգը կամ դրա առանձին մասերը.

ջրային հարաբերություններ՝ ջրային ռեսուրսների, ջրային համակարգերի, այդ թվում՝ ջրամատակարարման, ջրահեռացման համակարգերի եւ ՀՏԿ-ների կամ դրանց մասի տնօրինման, տիրապետման, օգտագործման եւ պահպանման ոլորտում ծագող հարաբերությունները.

անձ՝ ֆիզիկական եւ (կամ) իրավաբանական անձ.

հասարակայնության ծանուցում՝ առաջարկվող գործունեության ազդեցության վերաբերյալ շահագրգիռ կողմերի տեղեկացում, որը տպագրվում է առավելագույն տպաքանակ ունեցող տպագիր միջոցներում: Ծանուցումը պարունակում է առաջարկվող գործունեության կամ հարցի վերաբերյալ որոշման ներկայացումը եւ դրանց հավանական ազդեցությունների համառոտ նկարագիրը, այն վայրը, որտեղ կարելի է ծանոթանալ առաջարկվող գործունեությանը կամ որոշմանը, առաջարկվող գործունեության կամ որոշման վերաբերյալ գրավոր դիտողությունները, այն վայրը, որտեղ կարող են հանձնվել դիտողությունները, դրանց ներկայացման իրատեսական ժամկետները, ինչպես նաեւ դիտողությունների հասարակական լսման ժամկետները եւ վայրը.

հասարակական շահ՝ ջրային հարաբերություններում այնպիսի գործողություն, որի հիմնական նպատակն է օգտակար լինել հասարակությանը.

Ջրի ազգային խորհուրդ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր միջբնագավառային խորհրդատվական մարմին.

վեճերը լուծող հանձնաժողով՝ Ջրի ազգային խորհրդի կազմում գործող հանձնաժողով, որը լուծում է ջրօգտագործման թույլտվություններին առնչվող վեճերը.

Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմին, որը պատասխանատու է ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության համար.

Ջրային համակարգերի կառավարման մարմին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմին, որը պատասխանատու է ջրամատակարարման եւ ջրահեռացման կազմակերպման, ջրային համակարգերի կառավարման, դրանց անվտանգության ապահովման եւ պահպանության համար.

ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունները կանոնակարգող խորհուրդ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր մարմին.

Հանձնաժողով ՝ ջրային հարաբերություններում սակագնային քաղաքականություն սահմանող եւ ջրային համակարգերի օգտագործման թույլտվություններ տվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծ-ված պետական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով).

ջրի ազգային քաղաքականություն` ջրային ռեսուրսների եւ ջրային համակարգերի ռազմավարական օգտագործման եւ պահպանության հեռանկարային զարգացման հայեցակարգ.

ջրի ազգային ծրագիր՝ ջրային ռեսուրսների եւ ջրային համակարգերի կառավարման եւ պահպանության հեռանկարային զարգացման հիմնական փաստաթուղթ, որով իրականացվում են սույն օրենսգրքով սահմանված խնդիրները.

ջրավազանային կառավարման պլան` ջրավազանային կառավարման համապարփակ փաստաթուղթ, որը նկարագրում է ջրավազանում իրականացվելիք կառավարման եւ պահպանության այն գործողությունները, որոնք անհրաժեշտ են սույն օրենսգրքի նպատակների իրականացման համար.

պետական ջրային կադաստր՝ մշտապես գործող համակարգ, որը համապարփակ տվյալներ է գրանցում ջրային ռեսուրսների քանակական ու որակական ցուցանիշների, ջրհավաք ավազանների, ջրավազանների հուներից ու ափերից արդյունահանվող նյութերի, կենսառեսուրսների կազմի ու չափաքանակների, ջրօգտագործողների, ջրօգտագործման թույլտվությունների եւ ջրային համակարգերի օգտագործման թույլտվությունների մասին.

ջրային ռեսուրսների մոնիտորինգ՝ հիդրոլոգիական, հիդրոերկրաբանական, հիդրոֆիզիկական եւ հիդրոքիմիական ցուցանիշների նկատմամբ կանոնակարգված (եւ տարածման ենթակա) դիտարկումների համակարգ, որն ապահովում է դրանց հավաքումը եւ մշակումը.

ջրօգտագործում` ջրային ռեսուրսից ջուր վերցնելը կամ այլ եղանակով նվազեցնելը, ջրի կուտակումը, ջրային հոսքի խոչընդոտումը կամ շեղումը, ջրային ռեսուրսի աղտոտումը, ջրային ռեսուրսի մեջ կեղտաջրերի արտանետումը, վնասակար նյութերի կուտակումն այնպիսի եղանակով, որը կարող է վնասակար ազդեցություն ունենալ ջրային ռեսուրսի վրա, ինչպես նաեւ ջրային ռեսուրսի հատակների, ափերի, հոսքի կամ հատկությունների փոփոխումը.

ջրօգտագործման թույլտվություն՝ փաստաթուղթ, որը ներառում է ջրային ռեսուրսից ջրառի եւ ջրի վերադարձի հետ առնչվող անձանց իրավունքներն ու պարտականությունները.

ազատ ջրօգտագործում` ջրօգտագործում, որը չի պահանջում ջրօգտագործման թույլտվություն.

ոչ մրցակցային ջրամատակարար՝ խմելու ջրի մատակարարման, կեղտաջրերի հեռացման եւ մաքրման կամ ոռոգման ծառայությունների մատուցման առեւտրային սեփականատեր, որը չունի մրցակից.

ոչ մրցակցային ջրամատակարարման համակարգ՝ ՀՏԿ-ների համակարգ, որի առաջնային նպատակը ջրերի ամբարումն է, խմելու ջրի մատակարարումը, կեղտաջրերի մաքրումը եւ ոռոգման ծառայությունների մատուցումը բնակչությանը, եւ որի միջոցով մատուցվող ծառայությունները միակն են.

ջրային համակարգի օգտագործման թույլտվություն՝ սույն օրենսգրքով սահմանված կարգով տրված փաստաթուղթ, որը հաստատում է որոշակի ՀՏԿ-ների օգտագործմամբ ոչ մրցակցային գործունեություն ծավալելու եւ ծառայություններ մատուցող անձի իրավունքներն ու պարտականությունները, որով սահմանվում են սպառողներից գանձվող սակագները, եւ կարգավորվում է ջրամատակարարների կողմից մատուցվող ծառայությունների որակը.

ջրամատակարար՝ ջրառ իրականացնող, ջուրն ամբարող եւ (կամ) այն ջրօգտագործողներին մատակարարող անձ.

պետական կառավարում` Ջրային համակարգերի կառավարման մարմնի կողմից ջրային համակարգի օգտագործման իրավունքի փոխանցումը 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնեմաս (բաժնետոմսեր) ունեցող իրավաբանական անձանց.

մասնավոր կառավարում` Ջրային համակարգերի կառավարման մարմնի կողմից ջրային համակարգի օգտագործման իրավունքի փոխանցումն անհատ ձեռնարկատերերին եւ (կամ) 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնեմաս (բաժնետոմս) չունեցող իրավաբանական անձանց.

ոռոգման ջրամատակարարման կառավարում` ոռոգման ջրի պահանջարկի, պլանավորման, մատակարարման եւ բաշխման ոլորտում ջրամատակարարներին ներկայացվող պահանջներ.

կոնցեսիայի պայմանագիր՝ ջրային համակարգի կամ դրա մասի նկատմամբ օգտագործման իրավունքների փոխանցման գրավոր պայմանագիր.

ջրային հողեր՝ ջրային համակարգերի օգտագործման եւ պահպանության համար առանձնացված հողեր.

ջրային համակարգի կառավարիչ՝ անձ, որին սահմանված կարգով տրված են ջրային համակարգի օգտագործման իրավունքը եւ պահպանման պարտավորությունը.

կշռային գործակից՝ տոկոսային կամ բացարձակ մեծություն, որի միջոցով որոշվում է մրցույթի հաղթողը.

անդրսահմանային ջրային ռեսուրսներ՝ պետական սահմանը հատող, պետական սահմանը նշող կամ նրա վրա գտնվող մակերեւութային եւ (կամ) ստորերկրյա ջրային ռեսուրսներ, որոնց սահմանաբաժան (դեմարկացիոն) գծի կողմերից մեկում ընկած հատվածի հատակը եւ ափերը պատկանում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը.

ջրերի ստանդարտներ` ջրերի որակական եւ քանակական չափանիշներ եւ պահանջներ, որոնք անհրաժեշտ են ջրային ռեսուրսների (ներառյալ՝ ազգային ջրային պաշարի) քանակի պահպանության եւ ջրային ռեսուրսների որակի բարելավման համար.

կարգավորվող սակագին՝ արդյունահանված, առաքված, մշակված եւ (կամ) տեղափոխված ջրի միավորի համար Հանձնաժողովի կողմից սահմանված գին կամ գների համակարգ.

հաշվարկային սակագին՝ արդյունահանված, առաքված, մշակված եւ (կամ) տեղափոխված ջրի միավորի համար փաստացի կատարված ծախսերով եւ ողջամիտ շահույթով հաշվարկված գին.

ՀՏԿ-ների անվտանգության ցուցանիշներ` ՀՏԿ-ների եւ դրանց օգտագործման պայմանների վթարային վիճակի ռիսկային արժեքներ.

աղտոտում՝ ջրային ռեսուրսի ֆիզիկական, քիմիական կամ կենսաբանական հատկությունների ուղղակի կամ անուղղակի փոփոխում, որի պատճառով այն դառնում է՝

1) նվազ պիտանի այն օգտակար նպատակի համար, որը տրամաբանորեն կարելի էր ակնկալել դրա օգտագործմամբ, կամ՝

2) վնասակար կամ հնարավոր վնասակար` մարդկանց բարեկեցության, առողջության կամ անվտանգության, ջրային կամ ոչ ջրային օրգանիզմների, ջրային ռեսուրսների որակի կամ հատկությունների համար: Աղտոտումը ներառում է նաեւ տվյալ էկոհամակարգի համար օտար մարմինների կուտակումը ջրային ռեսուրսում (աղբոտում).

ջրային ռեսուրսի հյուծում՝ ջրի ծավալի կամ հոսքի այնպիսի կրճատում եւ (կամ) որակի փոփոխություն, որի դեպքում առաջանում է ջրային ռեսուրսի հավասարակշռված էկոլոգիական վիճակի խախտում.

ջրերի պահպանում՝ ջրերի աղտոտումը եւ հյուծումը կանխարգելող ու վերացնող միջոցառումներ.

կեղտաջրեր՝ ջրային ռեսուրս թափվող աղտոտված ջրեր.

սահմանային թույլատրելի կոնցենտրացիա՝ վնասակար նյութի այն քանակը, որի առկայությունը վնասակար ազդեցություն չի թողնում մարդու առողջության վրա եւ չի առաջացնում անբարենպաստ հետեւանքներ.

թույլատրելի սահմանային արտահոսք՝ վնասակար նյութի այն նորմավորված մեծությունը, որը սահմանվում է ջրերի կետային եւ (կամ) ցրված աղտոտման աղբյուրի համար՝ հաշվի առնելով արտահոսքի տեխնոլոգիական նորմավորման եւ ջրային ռեսուրսների ֆոնային աղտոտվածությունը բնութագրող մեծությունները.

ջրերի վնասակար ներգործություն՝ ողողումներ, էրոզիա, հեղեղումներ, սելավներ, ջրածածկումներ, ափերի պաշտպանական պատնեշների եւ պատվարների փլուզումներ, գրունտային ջրերի հորիզոնների բարձրացումներ, հողերի ճահճացումներ եւ աղակալումներ, նոր ձորակների առաջացում, հների հուների խորացում, սողանքային երեւույթների ակտիվացում, սակավաջրություն, երաշտ.

գումարային ազդեցություն՝ շրջակա միջավայրի վրա հավաքական ազդեցություն, որն առաջանում է ջրային ռեսուրսի վիճակի փոփոխությունից եւ դիտարկվում է այլ գործողությունների ազդեցությունների հետ համատեղ.

անդրսահմանային ազդեցություն՝ շրջակա միջավայրի վրա վնասակար հետեւանքներ, որոնք առաջանում են անդրսահմանային ջրային ռեսուրսների վիճակի փոփոխությունից, եթե փոփոխության աղբյուրը մարդածին է եւ գտնվում է անդրսահմանային ջրային ռեսուրսի սահմանակից երկրներից մեկում, իսկ դրա ազդեցությունը տարածվում է նաեւ մյուս երկրների շրջակա միջավայրի վրա.

հատուկ պահպանվող ջրհավաք ավազաններ եւ գերխոնավ տարածքներ` ջրհավաք ավազաններ եւ գերխոնավ տարածքներ կամ դրանց մի մասը, որոնք ջրերի ստանդարտների պահպանության տեսակետից համարվում են կարեւոր եւ պահանջում են համապատասխան կառավարում, ներառյալ՝ ջրհավաք ավազանները եւ գերխոնավ տարածքները, կամ դրանց մի մասը, որոնք ջրերի ստանդարտների պահպանության տեսակետից ունեն միջազգային նշանակություն.

ջրաէկոհամակարգ` ջրային համակարգի եւ (կամ) դրա ջրհավաք ավազանի կենդանի ու անկենդան ենթահամակարգերի միջեւ փոխհարաբերությունների ամբողջականություն.

ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիներ`

— սանիտարական պահպանման գոտի` բնակչության` խմելու, առողջապահական, կոմունալ, կենցաղային սպասարկման, բուժիչ, կուրորտային եւ առողջարարական կարիքների պահանջների բավարարման նպատակով օգտագործվող ջրային ռեսուրսների պահպանման գոտի,

— հոսքի ձեւավորման գոտի` տարածք, որտեղ ձեւավորվում է գետը,

— ստորերկրյա ջրերի պահպանման գոտի` տարածքներ, որոնք խոցելի են ստորերկրյա ջրերի համար,

— ջրապահպան գոտի` ջրային ռեսուրսների աղտոտումը եւ հյուծումը կանխելու, ինչպես նաեւ բարենպաստ ջրային ռեժիմ ապահովելու նպատակով սահմանված տարածք, որը ենթակա չէ մասնավորեցման եւ առգրավման,

— էկոտոն՝ ջրային եւ ցամաքային էկոհամակարգերի փոխկապակցված անցումային գոտի, որը ներառում է ափամերձ եւ ջրամերձ տարածքները,

— ջրային ավազանում արտակարգ էկոլոգիական իրավիճակի եւ էկոլոգիական աղետի գոտի` ջրային ավազանում արտակարգ էկոլոգիական իրավիճակի եւ էկոլոգիական աղետի տարածք,

— անօտարելի գոտի` ջրամատակարարման, ջրահեռացման համակարգերի եւ ՀՏԿ-ների օգտագործման, վերականգնման եւ պահպանման որոշակի ռեժիմ ունեցող առանձնացված տարածք, որը ենթակա չէ մասնավորեցման կամ առգրավման.

էկոլոգիական թողք` ջրի նվազագույն ելք, որն ապահովում է ջրային ռեսուրսի էկոլոգիական հավասարակշռությունը եւ ինքնավերականգնումը.

ջրային ռեսուրսների օգտագործման նորմավորում` ջրային ռեսուրսի օգտագործման կանոնների, ՀՏԿ-ների օգտագործման կանոնների, ինչպես նաեւ ջրավազաններից, դրանց հուներից ու ափերից արդյունահանվող նյութերի եւ կենսառեսուրսների չափաքանակների սահմանում.

ջրային ռեսուրսների պահպանության նորմավորում` սահմանային թույլատրելի մարդածին բեռնվածությունների սահմանում, ջրային ռեսուրսներ վերադարձվող կեղտաջրերի եւ դրանցում գտնվող նյութերի կազմի սահմանային քանակների սահմանում, ջրօգտագործման եւ ջրահեռացման էկոլոգիապես անվտանգ չափաքանակների սահմանում, ջրային ռեսուրսի պահպանման կանոնների սահմանում, ժամանակային կտրվածքով ջրային ռեսուրսներից առավելագույն ջրառի եւ նվազագույն բնապահպանական հոսքերի չափաքանակների սահմանում:

Հոդված 2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրային օրենսդրությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ջրային հարաբերությունները կարգավորվում են սույն օրենսգրքով, օրենքներով եւ իրավական այլ ակտերով:

Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենսգրքում, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Հոդված 3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության իրավասությունները

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը (այսուհետ՝ կառավարություն) համապատասխան պետական կառավարման մարմինների միջոցով իրականացնում է սույն օրենսգրքի նպատակները, ապահովում է ջրերի պահպանությունը, պաշտպանությունը վնասակար ազդեցությունից, օգտագործումը հանրության շահերի համար՝ հանուն բոլոր անձանց անվտանգության։

Հոդված 4. Ջրային ռեսուրսների եւ ջրային համակարգերի նկատմամբ պետական սեփականությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում առկա ջրային ռեսուրսները պետական սեփականություն են ու տնօրինվում, տիրապետվում եւ օգտագործվում են օրենսդրությամբ սահմանված կարգով:

Ջրի ազգային ծրագրով սահմանված պետական նշանակության ջրային համակարգերը պետական սեփականություն են եւ մասնավորեցման ենթակա չեն:

Մայրուղային եւ միջհամայնքային ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի անօտարելի գոտիները պետական սեփականություն են եւ մասնավորեցման ենթակա չեն:

Հոդված 5. Ջրային ռեսուրսների եւ ջրային համակարգերի կառավարման, օգտագործման եւ պահպանության հիմնական սկզբունքները

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ջրային ռեսուրսների եւ ջրային համակարգերի կառավարման, օգտագործման եւ պահպանության հիմնական սկզբունքներն են՝

1) ներկա եւ ապագա սերունդների հիմնական կենսական կարիքների բավարարումը.

2) ազգային ջրային պաշարի ծավալների պահպանումը եւ ավելացումը.

3) ջրային եւ հարակից էկոհամակարգերի եւ դրանց կենսաբանական բազմազանության պաշտպանությունը, ինչպես նաեւ հողի, օդի, ջրի եւ կենսաբանական բազմազանության ամբողջական եւ կապակցված հարաբերությունների ճանաչումը.

4) ջրօգտագործման թույլտվությունների միջոցով ջրօգտագործման կարգավորումը.

5) ոչ մրցակցային ջրամատակարարման համակարգերի կառավարումը եւ սակագների կարգավորման իրականացումը՝ ջրային համակարգերի օգտագործման թույլտվությունների միջոցով.

6) օգտագործելի ջրային ռեսուրսների մատչելիության արդարացի սկզբունքների խթանումը.

7) ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման խթանումը՝ ի շահ հասարակության.

8) ստորերկրյա եւ մակերեւութային ջրային ռեսուրսների փոխկապակցվածության եւ համալիր կառավարման ընդունումը.

9) օգտագործելի ջրային ռեսուրսների նկատմամբ բնակչության եւ տնտեսության աճող պահանջարկի պլանավորումը եւ բավարարումը.

10) ջրային ռեսուրսների օգտագործման, բաշխման եւ պահպանության գործընթացներում ջրի տնտեսական արժեքը հաշվի առնելը: Ջրային ռեսուրսների` որպես ազգային ժառանգության, պաշտպանությունը, պահպանությունը, օգտագործումը՝ ի շահ ապագա սերունդների.

11) ջուրն այլընտրանք չունի, այն ունի բնապահպանական եւ տնտեսական արժեք ոչ միայն այն դեպքում, երբ օգտագործվում է, այլ նաեւ, երբ չի օգտագործվում: Ջրի տնտեսական արժեքը հիմնականում կազմվում է ջրի խմելու, բնապահպանական, էներգետիկ ներուժի եւ գյուղատնտեսական արժեքների գումարից.

12) ջրի այլընտրանքային արժեքը կազմվում է այն առավելագույն օգուտից, որը կարող էր բերել, եթե օգտագործվեր որեւէ այլընտրանքային ծրագրով եւ նպատակով.

13) սպառողի համար նվազագույն բավարար քանակության եւ անհրաժեշտ որակի ջրի օգտագործումը մատչելի դարձնելու նպատակով ջրի կարգավորվող սակագինը սահմանվում է` ելնելով ջրի սակավության նվազեցված արժեքից.

14) կարգավորվող սակագնի սահմանված չափը հաշվարկային սակագնի արժեքից փոքր լինելու դեպքում ջրօգտագործումից առաջացող դրամամուտքի դեֆիցիտի նախատեսում պետական բյուջեում՝ սուբսիդիաների կամ օրենսդրությամբ սահմանված հարկային արտոնությունների տեսքով: Ջրօգտագործողների վճարունակության բարձրացմանը զուգընթաց լրավճարները պետք նվազեցվեն, եւ կարգավորվող սակագնի չափը պետք է մոտեցվի հաշվարկային սակագնի արժեքին.

15) ջրային ռեսուրսների օգտագործում եւ տրամադրում վճարովի հիմունքներով՝ ջրօգտագործման երաշխավորված վճարների կիրառմամբ: Օգտագործելի ջրային ռեսուրսներն ազատ ջրօգտագործման են տրամադրվում սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ կառավարության սահմանած կարգով.

16) ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանման գործընթացում հասարակության մասնակցության եւ իրազեկության կարեւորության ճանաչումը.

17) ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի արդյունավետության բարձրացումը.

18) ՀՏԿ-ների անվտանգության եւ օգտագործման արդյունավետության խթանումը.

19) ջրային հարաբերություններում պարենային եւ ազգային անվտանգության ապահովումը.

20) ջրային ռեսուրսները, ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերը համարվում են կենսաապահովման օբյեկտներ եւ պահպանվում են օրենքով ու իրավական այլ ակտերով սահմանված կարգով.

21) ջրհեղեղների ու երաշտների աղետաբեր հետեւանքները կառավարելու, դրանց դիմակայելու եւ դրանցից խուսափելու համար հնարավորությունների ստեղծումը.

22) ջրային ռեսուրսների աղտոտման նվազեցումն ու կանխարգելումը.

23) աղտոտված ջրերի մաքրման ծախսերի փոխհատուցումն աղտոտողի կողմից.

24) էկոլոգիական թողքերի հաշվին ջրօգտագործողների պահանջների բավարարման արգելումը:

Հոդված 6. Սույն օրենսգրքի նպատակը

Սույն oրենսգրքի նպատակն ազգային ջրային պաշարի պահպանությունն է, օգտագործելի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման միջոցով քաղաքացիների եւ տնտեսության պահանջների բավարարման, շրջակա միջավայրի էկոլոգիական կայունության ապահովման, ինչպես նաեւ սույն օրենսգրքի խնդիրների լուծման համար իրավական հիմքերի ապահովումը:

Հոդված 7. Սույն օրենսգրքի խնդիրները

Սույն օրենսգրքի խնդիրներն են՝

1) ջրային ռեսուրսների կառավարման համապատասխան մեխանիզմների ստեղծումը.

2) ջրային ռեսուրսների պահպանումն ու պաշտպանությունը` ապահովելով աղտոտման նվազեցումը, ջրերի ստանդարտների ու ազգային ջրային պաշարի մակարդակի պահպանումը եւ վերահսկողության իրականացումը.

3) ջրերի վնասակար ներգործության կանխարգելումը.

4) ջրային ռեսուրսների հաշվառման ապահովումը.

5) բնակչությանն ու տնտեսությանը կարգավորվող սակագներով անհրաժեշտ քանակի եւ որակի ջրով ապահովումը.

6) ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի անվտանգ ու անխափան աշխատանքը եւ դրանց օգտագործման ու պահպանման բնականոն պայմանների ապահովումը եւ վերահսկողության իրականացումը.

7) ՀՏԿ-ների անվտանգ եւ անխափան օգտագործման ու պահպանման պայմանների ապահովումը եւ վերահսկողության իրականացումը.

8) ջրային համակարգերի կառավարման կազմակերպումը, պահպանումը եւ զարգացումը:

ԳԼՈՒԽ 2.

ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

Հոդված 8. Ջրի ազգային խորհուրդը

Ջրի ազգային խորհուրդը ջրային ռեսուրսների կառավարման բնագավառում բարձրագույն խորհրդատվական մարմինն է, որը միջբնագավառային մասնակցության միջոցով քննարկում եւ առաջարկություններ է ներկայացնում ջրի ազգային քաղաքականության, ջրի ազգային ծրագրի եւ բնագավառին վերաբերող այլ իրավական ակտերի վերաբերյալ:

Ջրի ազգային խորհրդի նախագահը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետն է: Ի պաշտոնե Ջրի ազգային խորհրդի անդամներ են տարածքային կառավարման լիազորված մարմնի ղեկավարը, Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնի ղեկավարը, Ջրային համակարգերի կառավարման մարմնի ղեկավարը եւ Հանձնաժողովի ղեկավարը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի որոշմամբ խորհրդի կազմում ներկայացուցիչներ են ընդգրկվում բնապահպանության, գյուղատնտեսության, քաղաքաշինության, պետական գույքի կառավարման, առողջապահության, ֆինանսների եւ էկոնոմիկայի պետական կառավարման լիազորված մարմիններից եւ բնագավառի մասնագետներից: Ջրի ազգային խորհրդի կազմում կարող են ընդգրկվել նաեւ այլ պետական կառավարման լիազորված մարմինների ներկայացուցիչներ:

Ջրի ազգային խորհուրդը գործում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի հաստատած կանոնակարգի հիման վրա:

Ջրի ազգային խորհրդի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության:

Ջրի ազգային խորհուրդը՝

1) քննարկումներ է կազմակերպում ջրային ռեսուրսների տնօրինման, տիրապետման եւ օգտագործման բնագավառում ծագած հարցերի,

2) առաջարկություններ է ներկայացնում կառավարություն՝ ջրի ազգային քաղաքականության, ջրի ազգային ծրագրի եւ դրանցում առաջարկվող փոփոխությունների նախագծերի, ջրային հարաբերություններին առնչվող օրենքների եւ իրավական այլ ակտերի նախագծերի, ջրի ազգային ծրագրի կատարման տարեկան հաղորդումների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրային ռեսուրսների օգտագործման եւ պահպանության բնագավառում պետական կառավարման մարմինների գործողություններում առաջացող տարաձայնությունների վերաբերյալ:

Ջրի ազգային խորհրդի կազմում կարող է ստեղծվել վեճերը լուծող հանձնաժողով:

Հոդված 9. Վեճերը լուծող հանձնաժողովը

Վեճերը լուծող հանձնաժողովը կարող է լուծել ջրային հարաբերություններում ծագած ջրօգտագործման թույլտվություններին առնչվող վեճերը: Վեճերի լուծման համար հանձնաժողովը կարող է օգտագործել միջնորդությունը եւ բոլոր կողմերի համաձայնությամբ ծառայել որպես վեճերի վերջնական լուծում տվող միջնորդ: Վեճերը լուծող հանձնաժողովի որոշումները պարտադիր կատարման ուժ չունեն, եւ դրա չկատարման դեպքում հարցը լուծվում է դատական կարգով:

Վեճերը լուծող հանձնաժողովի անդամները նշանակվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

Վեճերը լուծող հանձնաժողովը գործում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի հաստատած կանոնակարգի հիման վրա:

Հոդված 10. Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմինը

Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմինը՝

1) համակարգում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրի ազգային քաղաքականության եւ ջրի ազգային ծրագրի նախագծի նախապատրաստման աշխատանքները.

2) ջրի ազգային քաղաքականության եւ ջրի ազգային ծրագրի սահմաններում իրականացնում է ջրային ռեսուրսների կառավարումը եւ պահպանությունը.

3) մշակում է ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետեւանքով առաջացած ազդեցության գնահատման էկոլոգիատնտեսական հիմնավորման սկզբունքները եւ նորմերը.

4) դասակարգում է ջրային ռեսուրսներն ըստ օգտագործման գործառույթի եւ կարգավիճակի.

5) մասնակցում է ջրերի ստանդարտների մշակմանը եւ վերահսկում է դրանց կիրառումը.

6) ջրի ազգային ծրագրի համաձայն սահմանում է ջրային ռեսուրսների սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի ու էկոլոգիական նվազագույն ելքերը եւ հաստատում է կեղտաջրերի թույլատրելի սահմանային արտահոսքի որակական եւ քանակական չափանիշները.

7) հաստատում է մակերեւութային եւ ստորերկրյա ջրառի սահմանային մեծությունները.

8) ապահովում է ջրավազանային կառավարման պլանների մշակումը եւ դրանց իրականացումը.

9) իր հաստատած կանոնակարգի համաձայն՝ լիազորված անձանց միջոցով ստանում է ջրօգտագործման թույլտվության հայտերը.

10) տալիս է ջրօգտագործման թույլտվությունները.

11) մասնակցում է ջրօգտագործման եւ ջրահեռացման, ինչպես նաեւ ջրային համակարգերում կորուստների նորմատիվների մշակմանը.

12) աջակցում է ջրային ռեսուրսների մոնիտորինգի իրականացմանը, պլանավորման եւ կառավարման գործընթացում ներառում է դրանց արդյունքները.

13) ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության բնագավառում ապահովում է միասնական գիտատեխնիկական պետական քաղաքականության իրականացումը, կազմակերպում է բնագավառի հիմնարար ու կիրառական գիտական հետազոտությունների կատարման եւ արդյունքների ներդրման գործընթացը.

14) համակարգում է ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանման հարցերին առնչվող ծրագրերի մշակման եւ իրականացման աշխատանքները.

15) բացահայտում է ջրհավաք ավազանների հյուծման սպառնալիքները եւ մշակում է միջոցառումներ` ջրային էկոհամակարգերի վրա վնասակար ազդեցությունները կանխելու համար.

16) կառավարության հաստատած կարգին համապատասխան ապահովում է իր կողմից մշակված փաստաթղթերի հրապարակայնությունը եւ հասարակայնության ծանուցումը.

17) սահմանում է ստորերկրյա ջրերի արտոնյալ օգտագործման իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ ջրառի սահմանային ծավալի չափը՝ սույն օրենսգրքով սահմանված դեպքերի համար.

18) ապահովում է ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիների քարտեզների մշակումը.

19) ջրի ազգային ծրագրի պահանջների համաձայն վերահսկողություն է իրականացնում ջրային ռեսուրսների օգտագործման եւ պահպանության բնագավառում սահմանված նորմերի՝ չափաքանակների եւ սահմանափակումների կատարման նկատմամբ:

Ջրային ռեսուրսների առավել արդյունավետ, նպատակաուղղված եւ ապակենտրոնացված կառավարումը խթանելու համար Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնի կազմում օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են ստեղծվել ջրավազանային կառավարման մարմիններ:

Հոդված 11. Ջրավազանային կառավարման մարմինները

Ջրավազանային կառավարման մարմիններն իրականացնում են ջրավազանային կառավարման պլանները:

Ջրավազանային կառավարման մարմինները՝

1) ջրի ազգային ծրագրի հիման վրա, համակարգելով բնագավառի եւ հասարակական շահերը, մշակում են ջրավազանային կառավարման պլանները.

2) Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնի եւ ջրավազանի կողմից սպասարկվող համայնքների համար հանդիսանում են կապող օղակներ.

3) հաշվառում են Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնի կողմից տրված ջրօգտագործման թույլտվությունները.

4) ապահովում են ջրային ռեսուրսների պահպանությունը.

5) ապահովում են, որպեսզի օգտագործվող ջրային հոսքերի մակարդակը չգերազանցի ջրօգտագործման թույլտվությամբ նշված թույլատրելի սահմանը, որի վերաբերյալ հաշվետվություն են ներկայացնում Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմին.

6) Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնի հաստատմամբ սահմանում են ջրառի չափաքանակները, ռեժիմը, ինչպես նաեւ իրականացնում ու վերահսկում են ջրառի հաշվառումը.

7) մասնակցում են ջրօգտագործողների միջեւ ջրի բաշխման հեռանկարային պլանների՝ ջրի մատակարարման սահմանային չափաքանակների եւ ջրամատակարարման ռեժիմի կազմմանը.

8) մշակում են ավազանի ջրային ռեսուրսների կառավարման, օգտագործման եւ պահպանության հեռանկարային ծրագրերի նախագծերը:

Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնի ղեկավարը ջրավազանային կառավարման մարմինների լիազոր ներկայացուցիչներ է նշանակում համապատասխան աշխատանքային փորձ ունեցողներին: Ջրավազանային կառավարման մարմիններում խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են ընդգրկվել ներկայացուցիչներ՝ քաղաքացիներից, ջրօգտագործողների միություններից, այլ կազմակերպություններից:

Հոդված 12. Ջրային համակարգերի կառավարման մարմինը

Ջրային համակարգերի կառավարման մարմինը՝

1) պատասխանատու է պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերի կառավարման եւ անվտանգ օգտագործման համար.

2) մասնակցում է ջրի ազգային ծրագրի նախագծի նախապատրաստման աշխատանքներին.

3) ապահովում է ջրի ազգային ծրագրի իրականացումը.

4) մասնակցում է օգտագործելի ջրային ռեսուրսների պահանջարկի հաշվարկման ամենամյա եւ հեռանկարային աշխատանքներին.

5) ապահովում է օգտագործելի ջրային ռեսուրսների վերաբաշխման աշխատանքների իրականացումը.

6) ապահովում է ջրային համակարգերի ներդրումային քաղաքականության մշակումն ու իրականացումը, ինչպես նաեւ կազմակերպում է ներդրումային ծրագրերի փորձաքննությունը.

7) կառավարության կողմից նախատեսված լինելու դեպքում կատարում է ոլորտում ներդրումային ծրագրերի իրականացման պետական հիմնարկների կառավարման լիազորությունները.

8) ապահովում է ջրային համակարգերի վրա ազդող օբյեկտների շինարարական եւ վերակառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերի նախնական փորձաքննություն եւ ներկայացնում է առաջարկություններ.

9) կառավարության հաստատած կարգով կարգավորում եւ վերահսկում է ՀՏԿ-ների օգտագործման անվտանգությունը.

10) ըստ ջրային համակարգի օգտագործման թույլտվության պայմանների, վերահսկում է ոչ մրցակցային ջրամատակարարման համակարգերում աշխատանքների կազմակերպումը.

11) կառավարության կողմից նախատեսված լինելու դեպքում առեւտրային գործունեություն իրականացնող կազմակերպություններում ապահովում է պետության բաժնեմասի կառավարման հետ կապված գործառույթները, ներառյալ՝ պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերի արդյունավետ կառավարման պայմանագրերի կնքումը եւ ջրային համակարգերի օգտագործման թույլտվությամբ սահմանված պահանջների կատարման վերահսկողությունը.

12) մասնակցում է ջրամատակարարման եւ ջրահեռացման, ինչպես նաեւ այլ ջրային համակարգերում կորուստների նորմատիվների մշակմանը.

13) Հանձնաժողով ներկայացնում է առաջարկություններ՝ կարգավորվող սակագների վերաբերյալ.

14) Հանձնաժողովին ներկայացնում է առաջարկություններ՝ ջրային համակարգերի օգտագործման թույլտվությունների եւ դրանցում ներառվող պայմանների վերաբերյալ:

Հոդված 13. Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունները կանոնակարգող խորհուրդը

Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունների կանոնակարգող խորհրդի կազմավորման ու գործունեության կարգը սահմանվում է օրենքով:

Հոդված 14. Հանձնաժողովը

Հանձնաժողովը իրականացնում է ջրային հարաբերություններում սակագնային քաղաքականությունը եւ ոչ մրցակցային ջրամատակարարներին տալիս է ջրային համակարգերի օգտագործման թույլտվությունները:

Հանձնաժողովը մշակում եւ իրականացնում է սակագնային քաղաքականությունը, ինչպես նաեւ ոչ մրցակցային ջրամատակարարներին ջրային համակարգերի օգտագործման թույլտվությունները տրամադրում է օրենքով սահմանված կարգով` սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան:

ԳԼՈՒԽ 3.

ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ, ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ

Հոդված 15. Ջրի ազգային քաղաքականությունը

Ջրի ազգային քաղաքականությունը՝

1) սահմանում է ջրային ռեսուրսների օգտագործման եւ պահպանության ռազմավարական զարգացման հեռանկարային նպատակները եւ հիմնախնդիրները, որոնց հիման վրա սահմանվում են ջրօգտագործման գերակայական սկզբունքները.

2) սույն օրենսգրքի նպատակների եւ սկզբունքների իրականացման համար դրույթներ է պարունակում ջրային հարաբերությունների բնագավառում իրականացվող քաղաքականության, ներառյալ՝ այդ ոլորտում ջրավազանային ռազմավարությունների եւ պլանների մշակման վերաբերյալ, առաջիկա 10-15 տարիների համար.

3) տալիս է բաշխման ենթակա ջրերի քանակի եւ որակի նախնական գնահատականը, ուրվագծում է բնակչության եւ տնտեսության ներկա եւ ապագա պահանջարկը՝ լուծելու համապատասխան քանակի եւ որակի ջրային ռեսուրսների հետ կապված հիմնախնդիրները:

Կառավարության ներկայացմամբ ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթները սահմանվում են օրենքով:

Հոդված 16. Ջրի ազգային ծրագիրը

Ջրի ազգային ծրագիրը կառավարության ներկայացմամբ հաստատում է Ազգային ժողովը` համապատասխան օրենքի ընդունմամբ: Ջրի ազգային ծրագիրը ներառում է`

1) ազգային ջրային պաշարի եւ ջրային ռեսուրսների ծավալներն ըստ ջրային ռեսուրսների, ինչպես նաեւ այն միջոցառումները, որոնք ուղղված են ազգային ջրային պաշարի պահպանմանը եւ ավելացմանը.

2) բնագավառի պահպանման եւ զարգացման հիմնական խնդիրները.

3) պետական նշանակության ջրային համակարգերի որոշման չափանիշները եւ այդ համակարգերի ցանկը.

4) ջրային ռեսուրսների կառավարման արդիականացման միջոցառումների նկարագիրը.

5) նախատեսված միջոցառումների նկարագիրը, ծավալները եւ իրականացման ժամանակացույցը.

6) ջրօգտագործման թույլտվության վճարի (ջրօգտագործման վճարի) առավելագույն եւ նվազագույն չափերի, ներառյալ՝ ջրային ռեսուրսների արդյունահանման, հետ վերադարձման եւ բնապահպանական վճարների դրույքաչափերի սահմանումը.

7) ջրի ազգային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական պահանջները եւ ֆինանսավորման առաջարկվող աղբյուրները.

8) հաղորդում` ջրային հարաբերություններում սույն օրենսգրքի կատարումն ապահովող իրավական եւ նորմատիվ ակտերի ընդունման ու կատարման, ինչպես նաեւ առաջարկություններ դրանց կատարելագործման վերաբերյալ.

9) նախատեսված միջոցառումների իրականացման առաջնայնությունները.

10) այլ պայմաններ, որոնք անհրաժեշտ են ջրի ազգային ծրագրի իրականացման համար:

Ջրի ազգային ծրագիրը նկարագրում է կառավարության հաստատած ջրավազանային կառավարման տարածքների՝

1) սահմանները, առկա ջրերի քանակը, որակը եւ ջրային ռեսուրսների դասակարգումը.

2) ջրային համակարգերի դասակարգումը.

3) ազգային ջրային պաշարի մեծությունները, դրա պահպանմանը եւ ավելացմանն ուղղված միջոցառումները.

4) ոլորտների ջրօգտագործումը եւ դրանց համալիր ազդեցության գնահատականը ջրային ռեսուրսների բաշխման վրա.

5) ջրերի նկատմամբ պահանջարկը` ըստ գերակայությունների.

6) ջրի պահպանության եւ կառավարման ընթացիկ գործողությունների արդյունավետության չափանիշները, ջրային ռեսուրսների անվտանգ էկոլոգիական վիճակի պահպանման եւ ինքնավերականգնման ընդունակության ապահովման նպատակով սահմանված էկոլոգիական թողքերի մեծությունները եւ ջրերի անվերադարձ վերցման սահմանային թույլատրելի ծավալները.

7) ջրային ռեսուրսների ամբարման, բաշխման եւ օգտագործման ռազմավարությունը.

8) ջրային ռեսուրսների մոնիտորինգի բարելավման եւ աղտոտման կանխարգելմանն ուղղված միջոցառումները, ներառյալ՝ արդիական տեխնոլոգիաների կիրառումը.

9) ջրերի ստանդարտները.

10) ծրագրի իրականացման համար պետական կառավարման մարմինների կողմից իրականացվող գործողությունների նկարագրությունը եւ դրանց համակարգումը.

11) ծրագրի իրականացման հետ կապված ծախսերը եւ ստացվելիք դրամամուտքերը.

12) հասարակության իրազեկության ապահովման մեխանիզմները.

13) հատուկ պահպանվող ավազանային տարածքների կամ դրանց մասի ցանկը, որոնց մակերեւութային եւ (կամ) ստորերկրյա ջրերի կամ դրանցով պայմանավորված կենդանական եւ (կամ) բուսական աշխարհի համար պահանջվում է պահպանության հատուկ համակարգի կիրառում.

14) ջրային ավազաններում արտակարգ էկոլոգիական իրավիճակների եւ էկոլոգիական աղետների գոտիները.

15) կենսական նշանակության ջրհավաք ավազանների եւ գերխոնավ տարածքների քայքայման սպառնալիքները, եւ ջրաէկոհամակարգերի վրա վնասակար ազդեցությունների կանխմանն ուղղված համապատասխան միջոցառումները:

Կառավարությունը ջրի ազգային ծրագրի կատարման, ինչպես նաեւ դրանում առաջարկվող փոփոխությունների մասին ամենամյա հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով՝ մինչեւ հաջորդ տարվա մայիսի 15-ը:

Հոդված 17. Ջրավազանային կառավարման պլանները

Ջրի ազգային ծրագրից ելնելով` Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմինը մշակում է ջրավազանային կառավարման պլաններ, որոնք հաստատում է կառավարությունը:

Ջրավազանային կառավարման պլանավորման միջոցով հավասարակշռվում են ջրօգտագործողների, ներառյալ՝ համայնքների, էներգետիկայի, արդյունաբերության, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի փոխկապակցված հարաբերությունները:

Հոդված 18. Ազգային ջրային պաշարը

Ազգային ջրային պաշարի մեծությունը սահմանվում է ջրի ազգային ծրագրով՝ ըստ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գտնվող ջրային ռեսուրսների:

Ջրային ռեսուրսները չեն կարող արդյունահանվել, բաշխվել, ինչպես նաեւ տրամադրվել ջրօգտագործման այնպես, որ նախատեսվի ազգային ջրային պաշարի ծավալի նվազում:

Հոդված 19. Ջրային ռեսուրսների մոնիտորինգը եւ տեղեկատվական համակարգերը

Ջրային ռեսուրսների մոնիտորինգ իրականացնող պետական լիազորված մարմինը պատասխանատու է ջրային ռեսուրսների մոնիտորինգի իրականացման համար՝ օրենքով սահմանված կարգով:

Պետական ջրային կադաստրի տեղեկատվական համակարգերի միջոցով տեղեկատվության տրամադրման կարգը սահմանում է կառավարությունը:

Ջրային կադաստր ներառելու համար մոնիտորինգն ապահովում է տվյալներ՝

1) ջրային ռեսուրսների քանակական ցուցանիշների, այդ թվում՝ ձնածածկույթների,

2) ջրային ռեսուրսների որակական ցուցանիշների,

3) ջրային ռեսուրսների օգտագործման արդյունավետության,

4) ջրային ռեսուրսների վրա մարդածին ազդեցությունների հետեւանքների, ներառյալ՝ աղտոտման,

5) կեղտաջրերի եւ դրանցում գտնվող նյութերի կազմի ու քանակների,

6) ջրային ռեսուրսների վերականգնման,

7) ջրհեղեղների, սելավների, երաշտների կանխատեսումների,

8) ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիների եւ դրանց վիճակի,

9) մթնոլորտային տեղումների եւ մթնոլորտի ջերմաստիճանային ռեժիմի,

10) ջրօգտագործման թույլտվությունների եւ ջրային համակարգերի օգտագործման թույլտվությունների,

11) ջրի ազգային ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ:

Պետական ջրային կադաստրի տվյալները համարվում են պաշտոնական:

Ջրային ռեսուրսների համապատասխան կառավարումը եւ պահպանությունն ապահովելու նպատակով պետական ջրային կադաստրի տեղեկատվությունը մատչելի է:

Պետական ջրային կադաստրը հաշվառում է ջրային ռեսուրսների հաշվեկշիռը՝ ըստ առանձին ջրավազանների եւ գումարային:

Ստորերկրյա ջրերի երկրաբանական ուսումնասիրություն եւ պաշարների գնահատում կատարելու, ինչպես նաեւ դրանց վերաբերյալ տվյալները պետական ջրային կադաստր ներկայացնելու կարգերը սահմանվում են օրենքով:

Յուրաքանչյուր տարի ջրային ռեսուրսների մոնիտորինգ իրականացնող պետական լիազորված մարմինը ջրային ռեսուրսների մոնիտորինգի մասին Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմին է ներկայացնում համալիր հաշվետվություն, որը ներառվում է ջրի ազգային ծրագրի կատարման մասին կառավարության ամենամյա հաղորդման մեջ:

Մատակարարվող ջրերի հաշվառումն իրականացվում է ջրաչափերի միջոցով, իսկ դրանց բացակայության դեպքում կիրառվում է կառավարության հաստատած ջրերի հաշվառման այլընտրանքային կարգը:

Ջրաչափերի հավաստագրումն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով: Բաց հուներում հավաստագրման են ենթակա նաեւ ջրաչափական դիտակետերը:

Ջրաչափի կամ ջրաչափական դիտակետի անսարքությունները եւ վթարները վերացվում են ջրամատակարարման պայմանագրով սահմանված կարգով: Մինչեւ ջրաչափի կամ ջրաչափական դիտակետի անսարքությունների եւ վթարների վերացումը ջրի հաշվառումը կատարվում է կառավարության սահմանած հաշվարկային կարգով, որը հիմնվում է ջրօգտագործողի կողմից ջրի հնարավոր առավելագույն քանակի օգտագործման եւ ջրամատակարարի ծախսերի նվազագույն փոխհատուցման սկզբունքի վրա:

Հոդված 20. Հանրային մասնակցությունը

Պետական կառավարման լիազորված մարմինների կողմից հասարակայնության ծանուցման են ենթակա՝

1) ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների նախագիծը.

2) ջրի ազգային ծրագրի նախագիծը.

3) ջրավազանային կառավարման պլանների նախագծերը.

4) ջրօգտագործման քննարկվող թույլտվությունները.

5) ջրային համակարգերին օգտագործման տրվելիք թույլտվությունները.

6) ջրերի ստանդարտների նախագծերը.

7) ջրերի սակագնային ռազմավարության նախագիծը:

Եթե ջրային ռեսուրսների որակը կամ ջրօգտագործումը վտանգ է սպառնում մարդկանց կյանքին կամ անվտանգությանը, կամ եթե աղտոտվում են ջրային ռեսուրսները, ապա այդ մասին տեղյակ յուրաքանչյուր անձ կարող է տվյալ իրավիճակի եւ դրա տեղանքի մասին ծանուցել Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնին: Ջրային ռեսուրսներն աղտոտողը պարտավոր է այդ մասին անհապաղ տեղյակ պահել Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնին: Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմինն այս մասին անհապաղ տեղյակ է պահում հասարակությանը՝ երաշխավորելով վտանգի տակ գտնվող անձանց ռիսկի աստիճանը եւ տեղեկացնում հնարավոր հետեւանքների մասին:

Ջրային բնագավառում տեղեկատվություն ստանալու համար յուրաքանչյուր ոք իրավունք ունի դիմել համապատասխան մարմին եւ 30 օրվա ընթացքում ստանալ պատասխան, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի: Ջրային բնագավառում տեղեկատվության տրամադրման կարգը հաստատում է կառավարությունը:

ԳԼՈՒԽ 4.

ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 21. Ջրօգտագործման թույլտվությունը

Ցանկացած տեսակի ջրօգտագործման համար յուրաքանչյուր ոք պարտավոր է ստանալ ջրօգտագործման թույլտվություն, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:

Հոդված 22. Ազատ ջրօգտագործումը

Ազատ ջրօգտագործում է համարվում`

1) այնպիսի ջրօգտագործումը, որը նպատակաուղղված չէ շահույթ ստանալուն.

2) հանգստի, լողալու, ջրային մարզաձեւերով (այդ թվում՝ առանց շարժիչների օգտագործման ջրային սպորտաձեւերով) զբաղվելը.

3) կարթով ձկնորսությունը եւ սպորտային որսորդությունը.

4) տեղումների օգտագործումն անձանց սեփականություն հանդիսացող հողատարածքներում.

5) ջրի օգտագործումը հակահրդեհային նպատակներով.

6) էկոլոգիական նպատակներով սանիտարական ելքերի համար ջուր վերցնելը:

Եթե ազատ ջրօգտագործումը խախտում կամ սպառնում է խախտել ջրերի ստանդարտները, ապա Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմինը պետք է կանոնակարգի այդ գործողությունը՝ կիրառելով սույն օրենսգրքով սահմանված ջրօգտագործման թույլտվություն տալու ընթացակարգը, ինչպես նաեւ ապահովի այլ կանխարգելող միջոցառումներ՝ ջրային ռեսուրսները պահպանելու համար:

Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմինը կառավարության սահմանած կարգով կարող է որոշակի ջրօգտագործողների ազատել ջրօգտագործման թույլտվություն ստանալու պահանջից՝

1) եթե այդպիսի ջրօգտագործումն էական չէ.

2) այնքան ժամանակով, մինչեւ այդպիսի գործունեությունը չի խախտում կամ չի սպառնում խախտել ջրերի ստանդարտները:

Հոդված 23. Լճափերի, գետափերի եւ այլ ջրափերի մատչելիությունը

Յուրաքանչյուր ոք ռեկրեացիոն նպատակներով իրավունք ունի ազատորեն եւ անվճար օգտագործել բնական մակերեւութային ջրային ռեսուրսները եւ դրան հարակից տարածքները, քանի դեռ կառավարությունը կամ նրա լիազորած մարմինը չի սահմանել, որ այդպիսի օգտագործումը կարող է վնասակար լինել մարդկանց առողջության կամ անվտանգության համար կամ հակասում է հասարակական շահերին:

Հոդված 24. Ջրերի հատկացումը հակահրդեհային նպատակներով

Հակահրդեհային նպատակների համար օրենսդրությամբ սահմանված կարգով թույլատրվում է անհրաժեշտ քանակությամբ ջուր վերցնել ցանկացած ջրային ռեսուրսից եւ ջրամատակարարման համակարգից:

Հակահրդեհային նպատակներով ջրօգտագործման կարգը սահմանում է կառավարությունը:

Հոդված 25. Ստորերկրյա ջրերի օգտագործումը

Հողի սեփականատերն իր տարածքում ունի ստորերկրյա ջրերի համար ջրօգտագործման թույլտվության ձեռքբերման առաջնահերթության իրավունք:

Այլ անձի սեփականություն հանդիսացող հողային տարածքում ստորերկրյա ջրերի նկատմամբ ջրօգտագործման թույլտվություն կարող է տրվել միայն հողի սեփականատիրոջ գրավոր համաձայնության դեպքում, որը կցվում է ջրօգտագործման թույլտվությանը: Եթե որեւէ անձի սեփականություն հանդիսացող հողային տարածքում ստորերկրյա ջրերի արդյունահանումը Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնի կողմից համարվում է անհրաժեշտություն, իսկ հողի սեփականատերը չի տալիս իր համաձայնությունը, ապա հողամասը սեփականատիրոջից օտարվում է օրենքի հիման վրա՝ դրա նախնական համարժեք փոխհատուցմամբ կամ օրենքով սահմանված կարգով հարկադիր սերվիտուտի կիրառմամբ:

Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմինը սահմանում է ստորերկրյա ջրային աղբյուրներից ջրառի առավելագույն սահմանաքանակը՝ հաշվի առնելով ազգային ջրային պաշարը:

Հոդված 26. Ոռոգելի աղակալված հողերի լվացումը

Ոռոգելի աղակալված հողերի լվացման եւ խոնավալիցք հաղորդելու նպատակով վաղ գարնանային եւ ուշ աշնանային ջրերը սույն օրենսգրքի պահանջներին համապատասխան տրված ջրօգտագործման թույլտվությամբ ջրօգտագործողներին մատակարարվում են անվճար:

Հոդված 27. Ջրօգտագործման թույլտվության վավերությունը

Ջրօգտագործման թույլտվությունը վավեր է, եթե այն ստորագրված է Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնի ղեկավարի եւ ջրօգտագործման թույլտվություն ստացած անձի կողմից, հաստատված է Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնի կնիքով եւ գրանցված է պետական ջրային կադաստրում:

Ջրօգտագործման թույլտվության յուրաքանչյուր կողմ պարտավոր է կատարել ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված պարտավորությունները:

Ջրօգտագործման բոլոր թույլտվությունները պետք է լինեն գրավոր՝ Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնի սահմանած ձեւաթղթին համապատասխան:

Հոդված 28. Ջրօգտագործման թույլտվության համար կիրառվող ընդհանուր նախապայմանները

Յուրաքանչյուր ջրօգտագործման թույլտվության օգտագործումը պետք է համապատասխանի.

1) սույն օրենսգրքի պահանջներին.

2) ջրի ազգային քաղաքականությանը.

3) ջրի ազգային ծրագրին.

4) համապատասխան ջրավազանային կառավարման պլաններին.

5) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերին.

6) ազգային ջրային պաշարի պահպանման պահանջին.

7) ջրերի ստանդարտներին.

8) սույն օրենսգրքի համաձայն ընդունված համապատասխան այլ իրավական ակտերի պահանջներին:

Հոդված 29. Ջրօգտագործման թույլտվության հայտը

Ջրօգտագործման թույլտվությունը տրվում է դիմողի հայտի հիման վրա: Հայտը կարող է մերժվել, եթե դրանով պահանջվող ջրօգտագործումը չի համապատասխանում՝

1) սույն օրենսգրքին, ջրի ազգային քաղաքականությանը, ջրի ազգային ծրագրին, ջրավազանային կառավարման պլաններին եւ դրանց առնչվող իրավական այլ ակտերին.

2) ջրի ազգային պաշարի պահպանման պահանջներին, ջրերի ստանդարտներին:

Եթե ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար պահանջվում է սերվիտուտ կամ այլ անձանց սեփականությունից (ջրընդունիչ, կառուցվածք եւ այլն) օգտվելու անհրաժեշտություն, ապա այդ մասին պետք է նշվի հայտի մեջ: Նման դեպքերում Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմինը ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար դիմողից կարող է պահանջել հնարավոր սերվիտուտների եւ համապատասխան գույքից օգտվելու նկարագրությունը, սեփականատիրոջ (սեփականատերերի) անունը եւ գտնվելու վայրը:

Եթե ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար դիմողն ունի կամ մտադիր է ՀՏԿ կառուցել, ապա այդ մասին նա նշում է իր հայտի մեջ եւ Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմին է ներկայացնում համապատասխան տեղեկատվություն:

Ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար ներկայացված յուրաքանչյուր հայտի մեջ պետք է նշվի դիմողի կողմից իրականացված նախկին ջրօգտագործման մասին, ներառյալ՝ ջրօգտագործման թույլտվությամբ կամ առանց դրա իրականացված ջրօգտագործումը:

Հոդված 30. Ջրօգտագործման թույլտվություն ստանալու գործընթացը

Ջրօգտագործման թույլտվություն ստանալու ցանկություն ունեցող յուրաքանչյուր անձ հայտ է ներկայացնում Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմին կամ ջրավազանային կառավարման մարմին:

Ջրօգտագործման թույլտվության հայտը ստանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմինը նախնական կարծիք է տալիս հայտն ընդունելու կամ մերժելու վերաբերյալ՝ ուղարկելով հայտի նախնական քննարկման արդյունքները հայտը ներկայացնող անձին՝ ուղղակիորեն կամ լիազորված մարմնի (անձի) միջոցով:

Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնի կողմից հայտի նախնական գնահատումը ներառում է սույն օրենսգրքով նախատեսված ջրօգտագործմանը ներկայացվող հատուկ պայմանների սահմանումը, պահանջվող լրացուցիչ տեղեկությունների եւ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման անհրաժեշտության նշումը:

Ջրօգտագործման թույլտվություն ստանալու հայտի նախնական գնահատումը կատարելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմինն ապահովում է հասարակայնության ծանուցումն սպասվելիք ջրօգտագործման թույլտվության հայտի մասին:

Օրենքով նախատեսված դեպքում ջրօգտագործման թույլտվության հայտ ներկայացրած անձը պետք է ներկայացնի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում: Անհրաժեշտության դեպքում հայտի քննարկման ժամկետը համապատասխանեցվում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման անցկացման ժամկետներին:

Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմինը սույն օրենսգրքով սահմանված լինելու դեպքում ջրօգտագործման թույլտվություն ստանալու հայտը ներկայացնում է Ջրի ազգային խորհրդի քննարկմանը: Այդ դեպքում հայտի քննարկման գործընթացը կարող է երկարաձգվել, սակայն 60 օրից ոչ ավելի ժամկետով:

Վերը նշված նախնական քննարկումներն իրականացնելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմինն իրականացնում է ջրօգտագործման թույլտվության հայտի վերջնական քննարկումը:

Վերջնական քննարկումը ներառում է ջրօգտագործման թույլտվություն տալուն առնչվող բոլոր հարցերի դիտարկումը, ներառյալ՝ հասարակայնության ծանուցման արդյունքում ստացված կարծիքները, ջրօգտագործման թույլտվության հատուկ պայմանների սահմանումը, որոնք վերաբերում են ջրի քանակի ու որակի պահպանությանը եւ կցվում են ջրօգտագործման թույլտվությանը:

Վերջնական քննարկումն ավարտելուց հետո Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմինը վերադարձնում է ջրօգտագործման թույլտվության հայտի վերջնական որոշումը եւ, ըստ անհրաժեշտության, լրացված եւ ստորագրված ջրօգտագործման թույլտվության պատճենները կարծիքների, պայմանների եւ հրահանգների հետ՝ ուղղակիորեն կամ լիազորված անձի միջոցով ներկայացնում է հայտատուին:

Եթե պայմանները չեն բավարարում ջրօգտագործման թույլտվության հայտատուին, ապա նա իրավունք ունի բողոքարկել Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնի որոշումը՝ օրենքով սահմանված կարգով:

Ջրօգտագործման թույլտվությունը ստանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, հայտը ներկայացնողը պետք է ստորագրված թույլտվությունը վերադարձնի Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմին:

Հայտ ներկայացնողի կողմից ստորագրված ջրօգտագործման թույլտվությունը Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմին ներկայացնելուց հետո՝ 10 օրվա ընթացքում, Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմինը սույն օրենսգրքով սահմանված կարգով գրանցում է ջրօգտագործման թույլտվությունը եւ դրան կից պայմանները:

Հոդված 31. Ջրօգտագործման թույլտվության հայտի գնահատման չափանիշները

Ջրօգտագործման թույլտվություն չի տրվում, եթե այդ ջրօգտագործումը կարող է նվազեցնել ազգային ջրային պաշարը կամ խախտել ջրերի ստանդարտները:

Ջրօգտագործման թույլտվություն տալու որոշումը կայացնելիս Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմինը կիրառում է հետեւյալ չափանիշները՝

1) սույն օրենսգրքի, ջրի ազգային քաղաքականության, ջրի ազգային ծրագրի, ջրավազանային կառավարման պլանների եւ այլ իրավական ակտերի պահանջները.

2) նախատեսվող ջրօգտագործման ուղղակի եւ գումարային ազդեցություններն ազգային ջրային պաշարի եւ ջրային ռեսուրսների որակի եւ քանակի վրա.

3) նախատեսվող ջրօգտագործման համապատասխանությունը ջրի բաշխման գերակայություններին եւ նշանակությանը.

4) հայցվող ջրօգտագործման թույլտվության հնարավոր ազդեցությունը գործող ջրօգտագործման թույլտվություն ունեցողների իրավունքների վրա.

5) սոցիալ-տնտեսական եւ շրջակա միջավայրի վրա ազդեցությունները.

6) հասարակայնության ծանուցման արդյունքում ստացված կարծիքները.

7) համապատասխանությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային համաձայնագրերին:

Ջրօգտագործման թույլտվություն ստանալու հայտերը քննարկելիս Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմինն առաջնորդվում է սահմանափակ ջրային ռեսուրսները մրցակցող շահագրգիռ կողմերի միջեւ բաշխելու գերակայությունները սահմանող հետեւյալ չափանիշներով`

1) առաջնահերթությունը տրվում է մարդկանց բարեկեցության եւ շրջակա միջավայրի պահպանությանն ու բարելավմանը (ինչպես դա սահմանվում է ազգային ջրային պաշար հասկացությամբ)` առաջին հերթին ապահովելով խմելու ջրամատակարարման եւ ջրահեռացման գերակայությունը.

2) երկրորդ գերակայությունը տրվում է բնական ջրահոսքերի հուներից ջրառ չպահանջող ավանդական ջրօգտագործումներին.

3) երրորդ գերակայությունը տրվում է հասարակական շահի համար առավելագույն օգուտներ ապահովող ջրօգտագործման թույլտվության հայտերին.

4) չորրորդ գերակայությունը տրվում է այն անձանց, որոնք առաջարկում են ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման խրախուսմանն ու որակի բարելավմանն ուղղված որոշակի միջոցառումներ:

Հոդված 32. Ջրօգտագործման թույլտվության բովանդակությունը

Յուրաքանչյուր ջրօգտագործման թույլտվություն պետք է ներառի՝

1) ջրօգտագործման թույլտվություն ստացողի անվանումը (անունը, ազգանունը), գտնվելու վայրը եւ հասցեն.

2) ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնի ղեկավարի անունը, ազգանունը.

3) ջրօգտագործման թույլտվության տրման ամսաթիվը.

4) ջրօգտագործման թույլտվության գործողության ժամկետը.

5) ջրառի եւ ջրօգտագործման վայրերը.

6) ջրօգտագործման նպատակները.

7) օգտագործվող ջրի քանակը.

8) ջրօգտագործման ժամանակահատվածը.

9) ջրօգտագործման թույլտվության պայմանների ապահովման վերահսկողության մեխանիզմները.

10) ջրերի ստանդարտները եւ (կամ) դրանց վերաբերյալ հրապարակումների տեղեկությունները.

11) հատուկ միջոցառումներ, որոնք կիրառվելու են արդյունավետ ջրօգտագործումը խթանելու եւ ջրի որակը բարելավելու, գերխոնավ եւ առափնյա կարեւոր բնական միջավայրերը եւ առնչվող կենսաբազմազանությունը պահպանելու համար.

12) համապատասխան պահանջներ ջրօգտագործման հաշվառման, մոնիտորինգի, գրանցման եւ ճշգրտման համար.

13) համապատասխան երաշխիքներ` ջրային ռեսուրսներին վնասներ հասցվելու դեպքում.

14) ջրօգտագործման թույլտվությանն առնչվող սույն օրենսգրքով սահմանված վճարներն ու վճարման ժամանակացույցը:

Առաջարկված ջրօգտագործումը սույն օրենսգրքի պահանջներին համապատասխանեցնելու եւ սոցիալական ու էկոլոգիական կայունությունը չխախտելու առաջնահերթություններն ապահովելու համար Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմինը ջրօգտագործման թույլտվությանը կարող է կցել սույն օրենսգրքին չհակասող պայմաններ: Այդ պայմանները համարվում են ջրօգտագործման թույլտվության անբաժանելի մասը եւ սույն օրենսգրքով սահմանված կարգով ենթակա են գրանցման:

Ջրօգտագործման թույլտվությունն իրավունք չի վերապահում փոփոխել, ձեւափոխել կամ այլ կերպ օգտագործել ջրային ռեսուրսի հունը կամ ափերը, եթե դա չի սահմանվում որպես ջրօգտագործման թույլտվության առանձին պայման: Ջրային ռեսուրսի հունը կամ ափերը փոփոխելու, ձեւափոխելու կամ այլ կերպ օգտագործելու իրավունքը պետք է համապատասխանի օրենքով սահմանված պահանջներին:

Ջրօգտագործման թույլտվության գործողության ամբողջ ժամանակահատվածում տրամադրված սերվիտուտները համարվում են օգտագործվող հողատարածքների անքակտելի մասը:

Ջրօգտագործման թույլտվության վերաձեւակերպման, վաճառքի կամ այլ ձեւով փոխանցման դեպքում սերվիտուտի պահանջը մնում է անփոփոխ:

Հոդված 33. Ջրօգտագործման թույլտվության գործողության ժամկետը

Մինչեւ ջրի ազգային ծրագրի ընդունումը սույն օրենսգրքի հիման վրա տրված ջրօգտագործման թույլտվությունը վավեր է 3 տարուց ոչ ավելի:

Ջրավազանային կառավարման պլան ունեցող տարածքներում ջրօգտագործման թույլտվության գործողության ժամկետը չի կարող 25 տարուց ավելի լինել:

Ջրավազանային կառավարման պլան չունեցող տարածքներում ջրօգտագործման թույլտվության գործողության ժամկետը չի կարող 5 տարուց ավելի լինել:

Եթե ներդրումային ծախսերը կարող են երաշխավորվել, ապա Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմինը, Ջրի ազգային խորհրդի դրական եզրակացության դեպքում, ջրավազանային կառավարման պլանների հիման վրա կարող է ջրօգտագործման թույլտվություն տալ ավելի երկար ժամկետով, որը չի կարող գերազանցել 40 տարին:

Ջրօգտագործման թույլտվություն ունեցողը թույլտվության ժամկետը լրանալուց առնվազն 6 ամիս առաջ կարող է դիմել Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմին` ջրօգտագործման թույլտվության ժամկետը երկարաձգելու համար: Եթե ջրօգտագործման թույլտվության պայմանները չեն խախտվել, եւ դրա երկարաձգումը չի հակասում օրենքներին, այլ իրավական ակտերին եւ ջրավազանային կառավարման պլաններին, ապա ջրօգտագործման թույլտվությունը Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնի կողմից ենթակա է վերաձեւակերպման` նույն ժամկետով եւ պայմաններով:

Հոդված 34. Ջրօգտագործման թույլտվությունը կասեցնելը, փոփոխելը եւ չեղյալ համարելը

Սույն օրենսգրքի պահանջների խախտումով տրված ջրօգտագործման թույլտվությունները համարվում են չեղյալ՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Սահմանված պարտավորությունները չկատարելը դիտվում է որպես ջրօգտագործման թույլտվության պայմանների խախտում՝ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության նորմերի կիրառմամբ:

Ջրօգտագործման թույլտվության պայմանների փոփոխման դեպքում թույլտվություն ունեցող անձը ներկայացնում է նոր հայտ՝ սույն օրենսգրքով սահմանված կարգով ջրօգտագործման նոր թույլտվություն ստանալու համար: Եթե ջրօգտագործման թույլտվություն ունեցող անձն այլեւս դրա կարիքը չունի կամ հրաժարվում է ջրօգտագործման իր թույլտվությունից, ապա նա այդ մասին գրավոր տեղյակ է պահում Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմին, վերադարձնում է ջրօգտագործման թույլտվության իր օրինակը՝ կատարելով նշում դրանից հրաժարվելու մասին:

Հասարակական շահերը պաշտպանելու, ջրերի ստանդարտները եւ շրջակա միջավայրը պահպանելու անհրաժեշտության դեպքում, օրենսդրությամբ սահմանված կարգով, ջրօգտագործման թույլտվությունը կարող է կասեցվել Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնի կողմից: Եթե կասեցման պատճառն էկոլոգիական արտակարգ իրավիճակը չէ, ինչպիսիք են երաշտը, աղտոտումը կամ այլ աղետները, ապա ջրօգտագործման թույլտվություն ունեցող անձը պետք է համարժեք փոխհատուցում ստանա հասցված վնասի դիմաց, ներառյալ` կորցված շահույթները:

Ջրօգտագործման թույլտվության պայմանների խախտման դեպքում, նախքան թույլտվության գործողության կասեցումը, Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմինը թույլտվություն ունեցող անձի համար սահմանում է ողջամիտ ժամկետ՝ նրա հետագա գործունեությունը թույլտվության պահանջներին համապատասխանեցնելու հնարավորություններն ապացուցելու համար:

Հոդված 35. Ջրօգտագործման թույլտվությունը փոխանցելը եւ պայմանագրով տրամադրելը

Ջրօգտագործման թույլտվություն ունեցող անձը կառավարության սահմանած կարգով կարող է վաճառել կամ այլ կերպ փոխանցել այդ թույլտվությամբ իրեն տրված իրավունքը կամ դրա մասը երրորդ անձի, եթե դա չի արգելվում ջրօգտագործման թույլտվության պայմաններով:

Ջրօգտագործման թույլտվություն ունեցող անձի կողմից մեկ այլ անձի փոխանցվող ջրօգտագործման իրավունքն օրինական է, եթե՝

1) փոխանցումն իրականացվում է գրավոր պայմանագրով՝ կողմերի ստորագրությամբ.

2) փոխանցման պայմանագիրը գրանցված է սույն օրենսգրքով սահմանված կարգով:

Փոխանցման պայմանագիրը վավեր է, եթե՝

1) կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է պահպանել տվյալ ջրօգտագործման թույլտվության պահանջները.

2) սահմանվում են տվյալ ջրօգտագործման թույլտվության պայմանների խախտման համար պատասխանատվությունները.

3) կողմերը պարտավորվում են կատարել պայմանագրային պարտավորությունները եւ իրավունք ունեն համապատասխան միջոցներ ձեռնարկել խախտող կողմի նկատմամբ:

Ջրօգտագործման թույլտվությունը համարվում է ժառանգվող կամ իրավահաջորդությամբ փոխանցվող սեփականություն:

Հոդված 36. Ջրօգտագործման թույլտվության դադարեցումը

Եթե ջրօգտագործման թույլտվություն ունեցողը 3 տարի անընդմեջ չի օգտագործում թույլտվությամբ ստացած իր իրավունքն առանց որեւէ օրինական հիմքերի, ապա նրա ջրօգտագործման թույլտվությունը համարվում է դադարեցված եւ ճանաչվում է առ ոչինչ:

Եթե ջրօգտագործման թույլտվություն ունեցող անձից սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում պահանջվում է ունենալ ջրային համակարգի օգտագործման թույլտվություն, սակայն անձը մեկ տարվա ընթացքում չի ստանում այն, ապա նրա ջրօգտագործման թույլտվությունը համարվում է առ ոչինչ:

Հոդված 37. Ջրի նպատակային օգտագործումը

Ջուրը պետք է վերցվի եւ օգտագործվի միայն ջրօգտագործման թույլտվության մեջ նշված նպատակներով եւ չպետք է գերազանցի արդյունավետ օգտագործման համար Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնի հիմնավորած եւ սահմանած չափաքանակները:

Ջրային համակարգերի օգտագործումը պետք է ապահովի արդյունավետ ջրօգտագործումը:

ԳԼՈՒԽ 5.

ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 38. Ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունենալու պարտադիր պայմանը

Յուրաքանչյուր ոչ մրցակցային ջրամատակարար պարտավոր է ունենալ ջրային համակարգի օգտագործման թույլտվություն: Ջրային համակարգի օգտագործման թույլտվությունը ներառում է այն ջրային համակարգի նկարագրությունը, որի միջոցով իրականացվում է ոչ մրցակցային ջրամատակարարումը եւ համարվում է տվյալ ջրային համակարգի անբաժանելի մասը:

Յուրաքանչյուր ջրային համակարգի օգտագործման թույլտվությամբ սահմանվում եւ ամրագրվում է՝

1) ոչ մրցակցային ջրամատակարարման համակարգի օգտագործման իրավունքը.

2) կորց 10

3) մատուցվող ծառայությունների որակին ներկայացվող պահանջները։

Նոր ջրային համակարգի շինարարության կամ գոյություն ունեցող ջրային համակարգի վերակառուցման դեպքում տվյալ ջրային համակարգի սեփականատերը պետք է սույն օրենսգրքով սահմանված կարգով ստանա ջրային համակարգի օգտագործման թույլտվություն:

Հոդված 39. Ջրային համակարգի օգտագործման թույլտվության վավերությունը

Ջրային համակարգի օգտագործման թույլտվությունը պետք է համապատասխանի Հանձնաժողովի սահմանած ձեւաթղթին։

Սույն օրենսգրքի պահանջների խախտումով տրված ջրային համակարգի օգտագործման թույլտվությունը համարվում է չեղյալ՝ օրենսդրությամբ սահմանված կարգով: Ջրային համակարգի օգտագործման թույլտվության պահանջների խախտման դեպքում Հանձնաժողովը իրականացնում է համապատասխան միջոցառումներ՝ օրենքով սահմանված կարգով:

Ջրային համակարգի օգտագործման թույլտվությունն անձին իրավունք չի վերապահում ունենալ այդ թույլտվության հետ առնչվող գետի, աղբյուրի, լճի կամ այլ ջրային ռեսուրսի նկատմամբ տիրապետման եւ օգտագործման իրավունք, ձեւափոխել, խախտել այդ ջրերի հունը, ափերն ու եզրերը, բացառությամբ այն դեպքերի, երբ ջրային համակարգի օգտագործման թույլտվությամբ նախատեսված է իրականացնել նման գործողություններ: Այդ դեպքերում ջրային համակարգերի օգտագործման թույլտվություն ունեցող անձն իր գործունեությունն իրականացնում է օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 40. Ջրային համակարգի օգտագործման թույլտվության նախապայմանները

Ջրային համակարգի օգտագործման թույլտվությունը պետք է համապատասխանի՝

1) սույն օրենսգրքի, ջրի ազգային քաղաքականության, ջրի ազգային ծրագրի պահանջներին.

2) համապատասխան ջրավազանային կառավարման պլաններին.

3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերին.

4) կարգավորող (ներառյալ՝ ջրերի) ստանդարտներին.

5) սույն օրենսգրքի համաձայն ընդունված այլ իրավական ակտերի պահանջներին:

Հոդված 41. Ջրային համակարգի օգտագործման թույլտվության հայտը

Ջրային համակարգի օգտագործման թույլտվությունը տրվում է դիմողի հայտի հիման վրա: Հայտը կարող է մերժվել, եթե դրանով պահանջվող ջրային համակարգի օգտագործումը եւ կառավարումը՝

1) չի համապատասխանում սույն օրենսգրքին, ջրօգտագործման պլաններին եւ ռազմավարությանը, ինչպես նաեւ դրանց առնչվող իրավական այլ ակտերին.

2) ունի վնասակար ազդեցություն ջրային ռեսուրսների որակի կամ քանակի վրա:

Եթե ջրային համակարգից օգտվելու համար ջրային համակարգի օգտագործման թույլտվության համար դիմած անձին անհրաժեշտ է սերվիտուտ՝ մեկ այլ անձի սեփականության նկատմամբ, ապա դիմողն այդ մասին պետք է համապատասխան նշում կատարի իր հայտում։

Հանձնաժողովը ջրային համակարգի օգտագործման թույլտվության համար դիմող անձից պահանջում է նկարագրել անհրաժեշտ սերվիտուտի բնույթը, նշել հնարավոր ազդեցության տակ ընկնող գույքի սեփականատիրոջ (սեփականատերերի) անունը, ինչպես նաեւ դիտարկվող գույքի տեղակայությունները։

Ջրային համակարգի օգտագործման թույլտվության համար դիմող անձը ներկայացնում է ապացույցներ, որ հնարավոր ազդեցության տակ ընկնող գույքի սեփականատերերը նախազգուշացվել են ջրային համակարգի օգտագործման թույլտվության հայտի մասին եւ համաձայն են ջրային համակարգի օգտագործման թույլտվության համար դիմող անձին տրամադրել անհրաժեշտ սերվիտուտ։

Ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ստանալու համար ներկայացված հայտի մեջ պետք է նշվեն դիմողի կողմից ջրային համակարգի օգտագործման նախկին թույլտվությունների, ինչպես նաեւ ջրային համակարգի օգտագործման ու կառավարման նախկին փորձի մասին։

Հոդված 42. Ջրօգտագործման թույլտվությունը` որպես նախապայման

Որպես ջրային համակարգի օգտագործման թույլտվություն տալու նախապայման, օգտագործման թույլտվության համար դիմող յուրաքանչյուր անձ պետք է ունենա ջրօգտագործման թույլտվություն, որը պետք է համապատասխանի առաջարկվող ոչ մրցակցային ջրամատակարարման համակարգի օգտագործման ու կառավարման պահանջներին, իսկ ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ստանալու համար ներկայացված յուրաքանչյուր հայտ պետք է պարունակի սույն օրենսգրքով սահմանված փաստաթղթերը։

Հոդված 43. Ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ստանալու գործընթացը

Ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ստանալու ցանկություն ունեցող անձը սույն օրենսգրքով սահմանված կարգով հայտ է ներկայացնում Հանձնաժողով:

Հայտն ստանալուց հետո՝ 60 օրվա ընթացքում, Հանձնաժողովը քննարկում եւ ընթացք է տալիս այդ հայտին:

Հայտերը քննարկելու եւ ջրային համակարգի օգտագործման թույլտվություն տալու ընթացակարգն ու պայմանները սահմանվում են Հանձնաժողովի կողմից՝ սույն օրենսգրքի պահանջներին համապատասխան:

Ջրային համակարգի օգտագործման թույլտվության հայտն ստանալուց հետո՝ 10 օրվա ընթացքում, Հանձնաժողովը ապահովում է հասարակայնության ծանուցումը եւ տալիս տեղեկատվություն՝ ջրային համակարգի հայցվող օգտագործման թույլտվության վերաբերյալ։

Առանձին դեպքերում ջրային համակարգի օգտագործման թույլտվության տրամադրման համար Հանձնաժողովը խորհրդակցում է Ջրային համակարգերի կառավարման մարմնի հետ:

Հանձնաժողովը համապատասխան պետական կառավարման մարմիններին հնգօրյա ժամկետում ծանուցում է քննարկվող ջրային համակարգի օգտագործման թույլտվության հայտի մասին։ Ծանուցումն ստանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, տվյալ պետական կառավարման մարմիններն ապահովում են հայտի քննարկումն ու կարծիքների տրամադրումը:

Օրենքով նախատեսված դեպքում ջրային համակարգի օգտագործման թույլտվության հայտ ներկայացրած անձը պետք է ներկայացնի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում: Անհրաժեշտության դեպքում հայտի քննարկման ժամկետը համապատասխանեցվում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման անցկացման ժամկետներին:

Հասարակական քննարկումը եւ օրենքով նախատեսված դեպքում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումն ավարտվելուց հետո՝ 60 օրվա ընթացքում, Հանձնաժողովը վերջնական քննության է առնում ջրային համակարգի օգտագործման թույլտվության հայտը՝ որոշելով եւ կցելով վերջնական հատուկ պայմանները, որոնք պահանջվում են ջրի որակը եւ քանակը պահպանելու համար: Անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովը կարող է երկարաձգել որոշում ընդունելու ժամկետը, բայց ոչ ավելի, քան մեկ ամիս:

Հանձնաժողովը ջրայ