1.

45

13.02.99

«ԼՂՀ պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին

2.

94

03.03.00

«ԼՂՀ պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին

3.

137

27.03.01

«ԼՂՀ պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին

4.

192

02.03.02

«ԼՂՀ պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին

5.

24

23.01.03

«ԼՂՀ պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին

6.

97

09.03.04

«ԼՂՀ պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին

7.

246

30.12.05

«ԼՂՀ պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին

8.

22

20.03.07

«ԼՂՀ պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին

9.

5

04.04.08

«ԼՂՀ պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

ԼՂՀ պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին

Սույն օրենքը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում պետական բնակարանային ֆոնդի և հանրային բնակարանային ֆոնդի (բնակելի շենքերի (տների) և այլ շինությունների բնակելի տարածությունների) սեփականաշնորհման հիմնական դրույթները, կարգավորում սեփականության հարաբերությունների ձևափոխման իրավական, տնտեսական և կազմակերպական հիմունքները, ինչպես նաև ապահովում բնակարանային ֆոնդի արդյունավետ օգտագործումն ու պահպանումը:

Գ Լ ՈՒ Խ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի շենքերի (տների) բնակարանների սեփականաշնորհումը՝ կամավորության սկզբունքով քաղաքացիներին բնակարանների (բնակելի տարածությունների) անհատույց հատկացումն է:

Հոդված 2. Սեփականաշնորհված բնակարանները (բնակելի տարածությունները) հանդիսանում են քաղաքացիների սեփականությունը, և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի իրացումը չպետք է հակասի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ երաշխավորված քաղաքացիների իրավունքներին:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները իրավունք ունեն տիրապետել, օգտագործել և տնօրինել սեփականաշնորհված բնակարանները (բնակելի տարածությունները) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 3. Սեփականաշնորհման սուբյեկտ են հանդիսանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մշտապես բնակվող, տվյալ բնակտարածությունում մշտական գրանցում ունեցող, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում բնակտարածության նկատմամբ իրավունքը պահպանած քաղաքացիները, բացառությամբ այն քաղաքացիների, որոնց վրա տարածվում են տների սեփականատիրական և բնակարանների վարձակալական իրավունքի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումներն ու արգելքները:

Հոդված 4. Սեփականաշնորհման օբյեկտ են հանդիսանում՝

ա) պետական (նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, Ստեփանակերտ քաղաքի և շրջանների վարչակազմերի, պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների տնօրինության տակ գտնվող) և հանրային (գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների և մյուս կոոպերատիվ (բացի բնակարանային) կազմակերպությունների, դրանց միավորումների, արհմիութենական և մյուս հասարակական կազմակերպությունների տնօրինության տակ գտնվող) բնակարանային ֆոնդի բնակարանները (այսուհետև՝ բնակարանային ֆոնդ).

բ) բնակելի տունը ամբողջությամբ՝ ներառյալ կից կառույցները, նկուղները և ընդհանուր օգտագործման տարածքները, որոնք նախատեսված են բնակելի տան տարածքի հատակագծով:

Հոդված 5. Սեփականաշնորհման ենթակա են՝

ա) առանձին մեկուսացված բնակարանները.

բ) երկու և ավելի վարձակալ ունեցող բնակարանների սենյակները.

գ) նոր կառուցվող այն բնակարանները (բնակելի տարածությունները), որոնք համապատասխան մարմինների կողմից հատկացվել են բնակիչներին.

դ) վերակառուցման կամ հիմնական նորոգման ենթակա շենքերի (տների) բնակարանները՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

ե) պատմական և մշակութային հուշարձաններ հանդիսացող կառույցների (տների) բնակարանները՝ հուշարձանների պահպանության համապատասխան մարմինների թույլտվության առկայության դեպքում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

զ) ցոկոլային և կիսանկուղային տարածությունները, որոնք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հատկացված են բնակիչների մշտական բնակության համար:

Հոդված 6. Սեփականաշնորհված բնակելի շենքերի (տների) տարածքների հատակագծով նախատեսված հողատարածքների, բակերի, ընդհանուր օգտագործման տարածքների, կից կառույցների, նկուղների, բնակելի տներին հարող հողատարածքների նկատմամբ սեփականության իրավունքի իրացման և օգտագործման կարգը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ:

Հոդված 7. Սեփականաշնորհված բնակարանները ենթակա են պարտադիր ապահովագրման երկու տարի ժամկետով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 8. Սեփականաշնորհման ենթակա չեն՝

ա) զինվորական ավաններում գտնվող բնակելի շենքերի (տների) բնակարանները.

բ) քանդման ենթակա վթարային բնակելի շենքերի (տների) բնակարանները.

գ) ուսանողական հանրակացարանների բնակելի տարածությունները.

դ) այն տներն ու բնակարանները, որոնց նախկին սեփականատերերի և վարձակալների վրա տարածվում են տների սեփականատիրական և բնակարանների վարձակալական իրավունքի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումներն ու արգելքները:

Հոդված 9. Պաշտոնեական (ծառայողական) բնակելի տարածությունները և հանրակացարանային բնակելի տարածությունները սեփականաշնորհվում են, եթե նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կոլեկտիվները միջնորդում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը՝ իրենց աշխատողների զբաղեցրած և իրենց տնօրինության տակ գտնվող պաշտոնեական, ինչպես նաև հանրակացարանային բնակելի տարածությունները սեփականության իրավունքով այդ աշխատողներին հատկացնելու վերաբերյալ, որի կարգը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից:

Հոդված 10. Ամրացման ենթակա և սահմանված կարգով վթարային ճանաչված բնակելի շենքերի (տների) բնակարանները ենթակա են սեփականաշնորհման Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով և ժամկետներում:

Գ Լ ՈՒ Խ 2

ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 11. Բնակարանային ֆոնդի սեփականաշնորհումը կատարվում է սույն օրենքով սահմանված կարգով և իրականացվում է Ստեփանակերտ քաղաքի, շրջանների վարչակազմերի կողմից:

Ստեփանակերտ քաղաքի և շրջանների վարչակազմերը իրականացնում են՝

ա) տվյալ վարչակազմերի տնօրինության տակ գտնվող բնակարանային ֆոնդի սեփականաշնորհումը.

բ) քաղաքային և շրջանային վարչակազմերի տարածքում տեղաբաշխված գերատեսչական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհումը:

Նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, պետական ձեռնարկությունների, կազմակերպությունների ներկայացուցիչները մասնակցում են իրենց տնօրինության տակ գտնվող բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման գործընթացին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Հոդված 12. Պետական և հանրային բնակարանային ֆոնդի բնակարանների (բնակելի տարածությունների) սեփականաշնորհումը կատարվում է տվյալ բնակարանի վարձակալի կողմից Ստեփանակերտ քաղաքի կամ շրջանի համապատասխան վարչակազմին հասցեագրված դիմումի հիման վրա՝ նրա հետ համատեղ բնակվող ընտանիքի չափահաս անդամների գրավոր համաձայնության առկայության դեպքում:

Սեփականաշնորհումը կատարվում է դիմումը ներկայացնելուց հետո երկու ամսվա ընթացքում:

Հոդված 13. Բնակարանային ֆոնդի բնակարանների սեփականաշնորհումը ընտանիքի չափահաս անդամների համաձայնության դեպքում ձևակերպվում է կամ տվյալ բնակարանի վարձակալի անունով, կամ նրա ընտանիքի որևէ չափահաս անդամի անունով՝ որպես ընտանիքի բոլոր անդամների ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնեմասային սեփականություն:

Վարձակալի ընտանիքի այն անդամները, որոնք բնակվում են նրա հետ համատեղ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակարանային օրենսգրքի համաձայն, վարձակալի հետ համահավասար օգտվում են բնակտարածության վարձակալության պայմանագրից բխող բոլոր իրավունքներից և կրում են բոլոր պարտականությունները, ինչպես նաև օգտվում են բնակարանների սեփականաշնորհումից բխող բոլոր իրավունքներից:

Հոդված 14. Երկու և ավելի վարձակալ ունեցող բնակարանները սեփականաշնորհվում են բնակարանների վարձակալների դիմումների հիման վրա՝ յուրաքանչյուր ընտանիքի չափահաս անդամների գրավոր համաձայնության դեպքում:

Տվյալ ընտանիքի բնակտարածության սեփականաշնորհումը ձևակերպվում է կամ տվյալ բնակարանի վարձակալի անունով, կամ նրա ընտանիքի որևէ չափահաս անդամի անունով՝ որպես ընտանիքի բոլոր անդամների ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնեմասային սեփականություն:

Երկու և ավելի վարձակալ ունեցող բնակարանների ընդհանուր օգտագործման տարածքը ձևակերպվում է որպես ընդհանուր համատեղ սեփականություն:

Հոդված 15. Բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման հետ կապված փաստաթղթերը ձևակերպելու նպատակով գանձվում է վարձ, որի մուծման կարգը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից:

Հոդված 16. Սեփականաշնորհման հետ կապված փաստաթղթերը ձևակերպելու նպատակով գանձվող վարձը փոխանցվում է պետական բյուջե:

Հոդված 17. Սեփականաշնորհված բնակարանները որպես անշարժ գույք ենթակա են հարկման Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 18. Բնակարանային ֆոնդի բնակարանների (բնակելի տարածությունների) սեփականաշնորհման մերժումը կարող է գանգատարկվել դատական կարգով:

Հոդված 19. Նախարարությունները, պետական վարչությունները, գերատեսչությունները, քաղաքային և շրջանային վարչակազմերը, պետական ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները կարող են սեփականաշնորհված բնակարանը քաղաքացուց գնել՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 20. Սեփականաշնորհված բնակելի շենքերը (տները), բնակարանները (բնակելի տարածությունները) սահմանված կարգով դուրս են հանվում պետական և հանրային բնակարանային ֆոնդից:

Հոդված 21. Սեփականաշնորհված բնակարանների (տների) սեփականատերերին տրվում են սեփականության վկայագիր, տնային գիրք և տեխնիկական անձնագիր՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Գ Լ ՈՒ Խ 3

ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ

ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ

Հոդված 22. Սեփականաշնորհված բնակարանների (բնակելի տների) շահագործման, նորոգման և սպասարկման համար անհրաժեշտ ծախսերը կատարվում են դրանց սեփականատերերի միջոցների հաշվին՝ բնակարանային ֆոնդի համար սահմանված շահագործման, նորոգման և սպասարկման միասնական կանոնների և նորմերի պահպանմամբ, որոնք մշակվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականատերերը ստեղծում են համապատասխան միավորումներ, ընկերություններ, այլ կազմակերպություններ՝ տների սպասարկման և նորոգման համար:

Հոդված 23. Սեփականատերերի կազմակերպությունների որոշմամբ բնակելի տան սպասարկումը պայմանագրային հիմունքներով կարող է իրականացվել ինչպես պետական բնակշահագործման և շիննորոգման կազմակերպությունների, այնպես էլ՝ ոչ պետական մասնագիտացված կազմակերպությունների կողմից:

Հոդված 24. Լրիվ կամ մասնակի սեփականաշնորհված շենքերում (տներում) տեղաբաշխված բնակարանների սեփականատերերի (վարձակալների) կողմից լիազորված ներկայացուցչական մարմնի և պետական իշխանության համապատասխան մարմնի միջև կնքվում է պայմանագիր, որտեղ ճշտվում են՝

ա) բնակելի շենքի (տան) բնակարանների սեփականատերերի (վարձակալների) ներկայացուցչական մարմնի տնօրինությանը հանձնվող բնակելի շենքին (տանը) հարող տարածքների սահմանները.

բ) բնակելի շենքին (տանը) հարող տարածքների նկատմամբ սեփականատերերի (վարձակալների) ներկայացուցչական մարմնի իրավասությունը և կողմերի պարտականությունների շրջանակները.

գ) բնակելի շենքին (տանը) հարող տարածքների սպասարկման միասնական նորմերը և կանոնները:

Հոդված 25. Սեփականաշնորհված բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի հսկողությունն իրականացնում են պետական կառավարման տեղական մարմինները՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Բնակելի շենքի արտաքին վերափոխումները թույլատրվում են միայն համապատասխան մասնագիտական ծառայությունների համաձայնության դեպքում:

Հոդված 26. Յուրաքանչյուր բնակարանի սեփականատեր, ինչպես նաև սեփականատերերի կազմակերպությունը պարտավոր են պահպանել ընդհանուր օգտագործման տարածքի հակահրդեհային, ճարտարապետական, սանիտարական, սեյսմիկ, տեխնիկական և մյուս կանոնները, ինչպես նաև՝ բոլոր սեփականատերերի ընդհանուր շահերը:

Հոդված 27. Սեփականաշնորհված բնակարանների, բնակելի շենքերի (տների) ինժեներական սարքավորումների և հարող տարածքների շահագործման կանոնների խախտումը հանգեցնում է պատասխանատվության՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 28. Սույն օրենքով բնակարանային ֆոնդի սեփականաշնորհումն իրականացվում է մինչև 2009 թվականի դեկտեմբերի 31-ը: երկարաձգված է 01.01.11-31.12.11թթ.

Սահմանված ժամկետում չսեփականաշնորհված բնակարանները համարվում են պետական բնակարանային ֆոնդ: Պետական բնակարանային ֆոնդը տնօրինում են Ստեփանակերտի քաղաքապետարանը և համապատասխան շրջանների վարչակազմերը:

(խմբ. 13.02.99, փոփ. 03.03.2000)

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ.ՔՈՉԱՐՅԱՆ

27 հունիսի 1996 թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-17