1.

97

03.03.00

«Պետական գույքի մասնավորեցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի գործողության ոլորտը

Սույն օրենքը կարգավորում է պետական գույքի, այդ թվում՝ անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցման՝ սեփականաշնորհման (այսուհետ՝ մասնավորեցում) իրավահարաբերությունները:

Սույն օրենքի գործողությունը չի տարածվում պետական գույքն այլ պետություններին և միջազգային կազմակերպություններին օտարելուց բխող այն իրավահարաբերությունների վրա, որոնք կապված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դրանց ներկայացուցչական գործառույթները կատարելու հետ, ինչպես նաև պետական բնակարանային ֆոնդի օտարման հետ կապված իրավահարաբերությունների վրա:

Համայնքի գույքի, այդ թվում՝ անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցման իրավահարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով: Համայնքի գույքի մասնավորեցումն իրականացնում է մասնավորեցումն իրականացնող պետական կառավարման լիազորված մարմինը:

(խմբ. 03.03.2000)

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստները.

1. Պետական գույք ՝ սեփականության իրավունքով պետությանը պատկանող գույք, այդ թվում՝ պետական ընկերությունների բաժնետոմսեր, պետական մասնակցությամբ ընկերությունների և ոչ պետական ընկերությունների պետական բաժնետոմսեր, ինչպես նաև գույքի առանձին տարրեր:

2. Անավարտ շինարարության օբյեկտ ՝

ա) սահմանված կարգով հաստատված նախագիծ և հատկացված հողատարածություն ունեցող օբյեկտ, որտեղ շինմոնտաժային աշխատանքները սկսված չեն.

բ) օբյեկտ, որտեղ իրականացվել կամ իրականացվում են շինմոնտաժային աշխատանքներ, և որը սահմանված կարգով գործարկված կամ կոնսերվացված չէ.

գ) սահմանված կարգով կոնսերվացված օբյեկտ:

3. Կիսավեր օբյեկտ ՝ պատերազմական գործողություններից և այլ պատճառով ավերված, չգործող օբյեկտ:

4. Ոչ պետական ընկերություն ՝ ընկերություն, որի բաժնետոմսերի 50 տոկոսից ավելին քաղաքացիների կամ իրավաբանական անձանց սեփականությունն է:

5. Պետական մասնակցությամբ ընկերություն ՝ ընկերություն, որի բաժնետոմսերի 50 կամ ավելի տոկոսը պետական կամ համայնքի սեփականությունն է:

6. «փոքր» օբյեկտ ՝ հանրային սննդի, բնակչության կենցաղային սպասարկման և առևտրի ոլորտներում մասնագիտացված իրավաբանական անձինք կամ դրանց առանձնացված ստորաբաժանումները: «փոքր» մասնավորեցում է համարվում «փոքր» օբյեկտների մասնավորեցումը:

«փոքր» մասնավորեցումն իրականացվում է «փոքր» օբյեկտների աշխատավորական կոլեկտիվի անդամներին դրանց ուղղակի վաճառքի միջոցով՝ սույն օրենքով սահմանված կարգով:

7. Անհատույց մասնավորեցում ՝ պետական գույքի անհատույց տրամադրումն է առանց մասնավորեցման համար օգտագործվող վճարման միջոցների:

8. Պետական գույքի մասնավորեցման մասին սույն օրենքով սահմանված կարգով որոշում ընդունելու պահին ընկերության (ձեռնարկության) կամ «փոքր» օբյեկտի աշխատավորական կոլեկտիվի անդամ են համարվում ՝

ա) տվյալ ընկերությունում (ձեռնարկությունում) կամ «փոքր» օբյեկտում աշխատողները.

բ) տվյալ ընկերությունում (ձեռնարկությունում) կամ «փոքր» օբյեկտում վերջին երեք տարվա ընթացքում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ ունեցող անձինք.

գ) վերջին տասը տարվա ընթացքում տվյալ ընկերությունից (ձեռնարկությունից) կամ «փոքր» օբյեկտից կենսաթոշակի անցած և այնտեղ առնվազն երկու տարվա անընդհատ աշխատանքային ստաժ ունեցող անձինք.

դ) վերջին տասը տարվա ընթացքում տվյալ ընկերությունում (ձեռնարկությունում) կամ «փոքր» օբյեկտում առնվազն մեկ տարվա անընդհատ աշխատանքային ստաժ ունեցող բոլոր կարգի հաշմանդամները.

ե) տվյալ ընկերությունում (ձեռնարկությունում) կամ «փոքր» օբյեկտում առնվազն ութ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ ունեցող անձինք.

զ) ընկերությունների (ձեռնարկությունների) կամ «փոքր» օբյեկտների մասնավորեցման պատճառով վերակազմավորվող կամ լուծարվող վերադաս մարմինների ազատված աշխատակիցները, ովքեր տվյալ մարմնում ունեն առնվազն մեկ տարվա անընդհատ աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ.

է) ընկերության (ձեռնարկության) կամ «փոքր» մասնավորեցման մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից որոշում ընդունելու պահից հաստիքների կրճատման պատճառով աշխատանքից ազատված անձինք.

ը) տվյալ ընկերությունում (ձեռնարկությունում) կամ «փոքր» օբյեկտում աշխատած կերակրողին կորցնելու կապակցությամբ կենսաթոշակ ստացող անձինք.

թ) տվյալ ընկերությունում (ձեռնարկությունում) կամ «փոքր» օբյեկտում աշխատած զոհված ազատամարտիկի իրավահաջորդը կամ ընտանիքի անդամը.

ժ) տվյալ ընկերությունում (ձեռնարկությունում) կամ օբյեկտում աշխատած և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ հաշմանդամության խումբ ձեռք բերած ազատամարտիկները.

ժա) տվյալ ընկերությունից (ձեռնարկությունից) կամ «փոքր» օբյեկտից «Զինապարտության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան զինծառայության զորակոչված և զինծառայության մեջ գտնվող, ընկերությունում (ձեռնարկությունում) կամ «փոքր» օբյեկտում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ ունեցող, ինչպես նաև ընտրովի պետական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրված անձինք:

Քաղաքացիներն իրենց հայեցողությամբ կարող են ձեռք բերել աշխատավորական կոլեկտիվի անդամի կարգավիճակ միայն մեկ ընկերությունում (ձեռնարկությունում) կամ «փոքր» օբյեկտում:

9 . Օտարերկրյա անձինք ՝

ա) այլ պետությունների քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք.

բ) այլ պետությունների իրավաբանական անձինք.

գ) միջազգային կազմակերպությունները.

դ) այլ պետությունների ֆիզիկական և իրավաբանական անձանց, միջազգային կազմակերպություններին, այլ պետություններին լրիվ կամ առավելապես (գույքի կեսից ավելի մասով) պատկանող ընկերությունները (ձեռնարկությունները):

Հոդված 3. Մասնավորեցման հասկացությունը և օբյեկտները

1. Մասնավորեցումը պետական գույքի նկատմամբ սեփականության կամ այլ գույքային իրավունքների օտարումն է ֆիզիկական և իրավաբանական անձանց ու իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններին, իսկ սույն օրենքով սահմանված դեպքերում՝ նաև մասնավորեցվող ընկերության կամ «փոքր» օբյեկտի աշխատավորական կոլեկտիվի անդամներին:

Պետական գույքի մասնավորեցման մասին որոշումն ընդունում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը՝ սույն օրենքով սահմանված կարգով:

2. Մասնավորեցման օբյեկտ են՝

ա) պետական բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերը, ոչ պետական և պետական մասնակցությամբ ընկերություններում պետությանը պատկանող բաժնետոմսերը.

բ) սույն օրենքով սահմանված կարգով առանց դատարանի որոշման լուծարված պետական և պետական մասնակցությամբ ընկերության (ձեռնարկության) պետության բաժնեմաս համարվող գույքը.

գ) «փոքր» օբյեկտները.

դ) վարձակալությամբ տրված պետական գույքը, այդ թվում՝ անշարժ գույքը.

ե) բնակելի շենքերում պետական կամ համայնքի սեփականություն համարվող ընդհանուր օգտագործման տարածք չհամարվող ոչ բնակելի տարածքները.

(խմբ. 03.03.2000)

զ) անավարտ շինարարության օբյեկտները.

է) կիսավեր օբյեկտները.

ը) պետությանը պատկանող գույքային իրավունքները և գույքի ոչ նյութական օբյեկտները, այդ թվում՝ թողարկված նոր բաժնետոմսերի բաժանորդագրման իրավունքը, ընդերքի և բնական պաշարների օգտագործման իրավունքը սույն հոդվածի 3-րդ կետի «զ» և «է» ենթակետերով սահմանված դեպքերում.

թ) պետական ձեռնարկությունները կամ դրանց միավորումը՝ պետական բաժնետիրական ընկերությունների վերակազմավորվելուց հետո:

3. Մասնավորեցում չի համարվում՝

ա) բռնագանձելու, բռնագրավելու, տիրազուրկ ճանաչելու հետևանքով, ժառանգությամբ կամ նվիրատվությամբ, պարտքի դիմաց պետությանը սեփականության իրավունքով անցած գույքը օտարելը, ինչպես նաև պետության կողմից գրավի առարկան իրացնելը.

բ) դատարանի որոշմամբ անվճարունակ ճանաչված լուծարվող իրավաբանական անձանց պատկանող պետական գույքը օտարելը.

գ) պետական պահուստից օտարվող գույքը.

դ) օրենքով սահմանված կարգով պետական գույք համարվող գրավի առարկայի վրա դատարանի վճռով բռնագանձումը կամ գրավի առարկայի իրացումը գրավառուի կողմից.

ե) դատարանի որոշմամբ անվճարունակ ճանաչված իրավաբանական անձանց ֆինանսական առողջացման ծրագրերի շրջանակներում պետական գույքը օտարելը.

զ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդերքն օգտագործման տրամադրելը, բացառությամբ պետական և պետական մասնակցությամբ ընկերություններին օգտակար հանածոների արդյունահանման համար տրամադրված ընդերքի օգտագործման իրավունքի.

է) բնական վերարտադրվող պաշարների օգտագործման իրավունքը, բացառությամբ պետական և պետական մասնակցությամբ ընկերություններին բնական վերարտադրվող պաշարների օգտագործման իրավունքի.

ը) օրենսդիր, գործադիր, դատական իշխանության մարմիններին, բյուջետային հիմնարկներին պատկանող գույքը վարձակալությամբ տալը և օտարելը:

Հոդված 4. Պետական գույքի մասնավորեցման ծրագիրը

1. Մասնավորեցման ընթացիկ փուլի նպատակները, նախապատվությունը և սահմանափակումները սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման ծրագրերով (այսուհետ ՝ ծրագիր): Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի՝ ծրագրի գործադրմանը նախորդող նիստին է ներկայացնում ծրագրի նախագիծը: Մինչև ծրագրի գործադրման սկիզբը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը քննարկում և ընդունում է ծրագիրը, ինչպես նաև ընթացիկ ծրագրին նախորդող ծրագրի կատարման մասին հաշվետվությունը՝ օրենքների տեսքով: Եթե ծրագրի գործողության ժամկետը լրանալուց հետո նոր ծրագիր չի ընդունվում, ապա շարունակում է գործել նախորդ ծրագիրը:

Ծրագիրը պետք է բովանդակի՝

ա) մասնավորեցվող պետական գույքի ընտրության սկզբունքները.

բ) տնտեսության այն ճյուղերն ու ոլորտները (առանձին դեպքերում՝ նաև ընկերությունները և անավարտ շինարարության օբյեկտները), որոնցում մասնավորեցում չի նախատեսվում.

գ) մասնավորեցման ընթացքում գտնվող ընկերությունների նկատմամբ նախարարությունների և պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների իրավասության սահմանափակումները.

դ) տարաժամկետ վճարումների սանդղակը՝ «փոքր», անավարտ շինարարության և կիսավեր օբյեկտների ու վարձակալված գույքի մասնավորեցման դեպքերում.

ե) պետական բաժնետիրական, ոչ պետական և պետական մասնակցությամբ ընկերությունների և անավարտ շինարարության օբյեկտների ցանկը, որոնք ծրագրով նախատեսված են մասնավորեցման՝ նշելով բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության ձևով մասնավորեցվողները.

2. Նախորդ ծրագրերի ցանկերում ընդգրկված, սակայն չմասնավորեցված ընկերությունները (ձեռնարկությունները), անավարտ շինարարության և «փոքր» օբյեկտները նոր ծրագրի մասն են՝ վերջինիս ուժի մեջ մտնելու պահից:

Հոդված 5. Մասնավորեցման սուբյեկտները

1. Մասնավորեցման սուբյեկտներն են՝ իրավաբանական և ֆիզիկական անձինք, իսկ սույն օրենքով սահմանված դեպքերում՝ նաև մասնավորեցվող ընկերության կամ «փոքր» օբյեկտի աշխատավորական կոլեկտիվի անդամները:

2. Օտարերկրյա անձինք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ ունեն մասնավորեցմանը մասնակցելու հավասար իրավունքներ:

3. Պետական և պետական մասնակցությամբ ընկերությունները կարող են մասնակցել պետական գույքի առանձին տարրերի մասնավորեցմանը, եթե դա նախատեսված է այդ գույքի մասնավորեցման մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ:

4. Ազգայնացված, բռնագրավված կամ այլ ձևով պետականացված ընկերությունների նախկին սեփականատերերը, նրանց ժառանգները կամ իրավահաջորդներն այդ ձեռնարկությունների մասնավորեցմանը մասնակցում են ընդհանուր հիմունքներով:

Հոդված 6. Մասնավորեցման համար օգտագործվող վճարման միջոցները

Պետական գույքի մասնավորեցման համար որպես վճարման միջոց կարող են օգտագործվել հայկական դրամը, ազատ փոխարկելի արտարժույթը:

Որպես վճարման միջոց կարող են օգտագործվել նաև պարտքերի փոխարինումը բաժնետոմսերով, փոխարկելի պարտատոմսերը, այլ գույքը, եթե մասնավորեցումն իրականացվում է սույն օրենքի 11 հոդվածի 1-ին կետի «գ», «դ» (բացառությամբ աշխատավորական կոլեկտիվի անդամներին և վարձակալին մասնավորեցնելու դեպքերի), «ե» (բացառությամբ բաժնետոմսերի բաց տեղաբաշխման դեպքի) «զ» և «ը» ենթակետերով սահմանված ձևերով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ թույլատրված՝ նշված միջոցների օգտագործումը պետական գույքը մասնավորեցնելու համար: Եթե մասնավորեցումն իրականացվում է սույն օրենքի 11 հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետով սահմանված ձևով, ապա մասնավորեցման նպատակով օգտագործվող միջոցներ են համարվում նաև մասնավորեցման մասնակիցների կատարած վճարումները մասնավորեցվող ընկերության կանոնադրական հիմնադրամին:

Հոդված 7. Ընկերությունների (ձեռնարկությունների) և «փոքր» մասնավորեցման օբյեկտների աշխատավորական կոլեկտիվի անդամների՝ մասնավորեցմանը մասնակցելու իրավունքը

1. Մասնավորեցվող ընկերության (ձեռնարկության) կամ «փոքր» մասնավորեցման օբյեկտի աշխատավորական կոլեկտիվի անդամ համարվող անձինք ունեն այդ ընկերության (ձեռնարկության) կամ «փոքր» մասնավորեցման օբյեկտի գույքը ձեռք բերելու հավասար իրավունքներ:

2. Պետական բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության դեպքում՝ աշխատավորական կոլեկտիվի ընդհանուր ժողովի (լիազորների ժողովի կամ համաժողովի) որոշմամբ աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահվում է պետական բաժնեմասի որոշակի մասը, բայց 20 տոկոսից ոչ ավելի, ընդ որում, միայն այն դեպքում, երբ աշխատավորական կոլեկտիվի անդամների ավելի քան 50 տոկոսը ցանկություն է հայտնել և բաժանորդագրվել է ընկերության (ձեռնարկության) պետական բաժնեմասի մինչև 20 տոկոսին:

3. «փոքր» մասնավորեցման դեպքում ուղղակի վաճառքի ձևով այդ օբյեկտների աշխատավորական կոլեկտիվներն ունեն այդ օբյեկտների մասնավորեցման նախապատվության իրավունք: Սույն արտոնությունը չի տարածվում աճուրդով կամ մրցույթով վաճառվող «փոքր» մասնավորեցման օբյեկտների վրա: «փոքր» մասնավորեցման դեպքում այդ օբյեկտները ձեռք բերած աշխատավորական կոլեկտիվները կարող են օգտվել տարաժամկետ վճարումների սանդղակից:

Ընկերությունների կազմում գտնվող «փոքր» մասնավորեցման օբյեկտները մասնավորեցվում են այդ ընկերությունների կազմում, եթե այդ «փոքր» օբյեկտների աշխատավորական կոլեկտիվները մասնավորեցման հայտ չեն ներկայացրել մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահը:

Հոդված 8. Մասնավորեցումից հետո ընկերության և նրա աշխատավորական կոլեկտիվի փոխհարաբերությունները

Եթե մասնավորեցվում է ընկերության բաժնետոմսերի 50 տոկոսից ավելին, ապա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը մինչև 6 ամիս ժամկետով կարող է սահմանափակել մասնավորեցված ընկերության նոր սեփականատերերի (սեփականատիրոջ) կամ նրանց (նրա) լիազորած մարմինների իրավունքը փոփոխելու աշխատողների նվազագույն քանակը՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Նոր սեփականատերն աշխատավորական կոլեկտիվի անդամների համաձայնությամբ կարող է փոխել աշխատողների նվազագույն քանակի վրա դրված սահմանափակումը: Այդ դեպքում աշխատանքից ազատվելը տեղի է ունենում սահմանված ժամկետից շուտ, և սեփականատերը պարտավոր է փոխհատուցել համաձայնություն տված աշխատողի կրած վնասը՝ վճարելով չաշխատած ժամկետի համար՝ ըստ տվյալ աշխատողի վերջին մեկ տարվա միջին աշխատավարձի:

Մասնավորեցված օբյեկտի նոր սեփականատերերը կամ նրանց լիազորած մարմինները 6 ամսվա ընթացքում աշխատավորական կոլեկտիվի հետ կնքում են կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրեր: Մինչև նոր պայմանագրեր կնքելը գործում են նախկինում կնքված աշխատանքային պայմանագրերը:

ԳԼՈՒԽ 2

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

Հոդված 9. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության իրավասությունը մասնավորեցման գործում

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը՝

ա) սույն օրենքի 4 հոդվածով սահմանված կարգով ընդունում է մասնավորեցման ծրագրերի, դրանցում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծեր և ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողով,

բ) պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ տարեկան հաշվետվություններ է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողով:

Պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման մասին հաշվետվությունը պետք է բովանդակի.

— հաշվետու ժամանակաշրջանում ծրագրում նշված նպատակների իրագործման աստիճանը.

— Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության իրականացրած միջոցառումների նկարագրությունը, հաշվետու տարում պետական գույքի մասնավորեցման վերաբերյալ տեղեկությունները, այդ թվում՝ մասնավորեցման գործարքների վերաբերյալ քանակային ցուցանիշները՝ ըստ մասնավորեցման ձևերի և ձեռնարկությունների, մասնավորեցման հետևանքով պետական բյուջե մուտք եղած միջոցների, ինչպես նաև մասնավորեցման հետևանքով փաստացի կատարված ներդրումների և ներդրումային պարտավորությունների մասին:

Ծրագրի հաշվետվության ժամանակահատվածն ընդգրկում է օրացուցային տարին: Ընթացիկ տարվա ծրագրի կատարման մասին հաշվետվությունը ներկայացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողով՝ մինչև հաջորդ տարվա մայիսի 1-ը.

գ) սահմանափակումներ է կիրառում մասնավորեցման ընթացքում գտնվող ընկերությունների նկատմամբ.

դ) ընդունում է որոշումներ պետական գույքի մասնավորեցման մասին:

Պետական գույքի մասնավորեցման մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումը պետք է բովանդակի մասնավորեցման ձևը, ժամկետները, վճարման միջոցները և ժամկետները, նախապատրաստական աշխատանքների բովանդակությունը, մասնավորեցման մասնակիցներին տրվող արտոնությունները և այլն:

Եթե մասնավորեցվող գույքի կազմում գտնվում են օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված կարգով պատմամշակութային արժեք ճանաչված շենքեր, շինություններ և գույքի այլ օբյեկտներ, ապա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումը պետք է բովանդակի դրանց օգտագործման սահմանափակումները, մասնավորապես դրանք պահպանելու և արտաքին տեսքի կամ ներքին վերափոխման վերաբերյալ.

ե) հաստատում է մասնավորեցվող պետական գույքի գնահատման կարգը և գնահատման մեթոդների կիրառման կարգը.

զ) հաստատում է սույն օրենքով սահմանված մասնավորեցման ձևերի կանոնակարգերը.

է) հաստատում է «փոքր» և կիսավեր օբյեկտների տարածքի մեկ քառակուսի մետրի արժեքը, նրա հաշվարկման ուղղիչ գործակիցների նվազագույն և առավելագույն չափերը:

Հոդված 10. Մասնավորեցում իրականացնող պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությունները

Մասնավորեցում իրականացնող պետական կառավարման լիազորված մարմինը (այսուհետ՝ լիազորված պետական մարմին)՝

ա) մշակում է մասնավորեցման ծրագրերի, դրանցում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը և ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանը.

բ) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատած մասնավորեցման նախապատրաստական աշխատանքները.

գ) կնքում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության անունից մասնավորեցման գործարքներ (սեփականության իրավունքի փոխանցում նոր սեփականատիրոջը), վերահսկում է գործարքներ կատարելը և կիրառում գործարքներում նշված պատժամիջոցները.

դ) ընդունում է մասնավորեցման հայտեր և դրանց ընթացք տալիս սահմանված կարգով.

ե) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված լինելու դեպքում՝ ընկերություններում նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով նշանակում է կառավարիչ, վարձում է փորձագետներ.

զ) ընկերությունների բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ կամ աճուրդով մասնավորեցնելու դեպքում հաշվարկում է մասնավորեցվող պետական գույքի մեկնարկային գինը.

է) վերահսկում և վերլուծում է մասնավորեցման ընթացքը՝ այդ նպատակով տեղեկություններ ստանալով պետական կառավարման և դատական մարմիններից.

ը) քննարկում է մասնավորեցման վերաբերյալ առաջարկությունները, դիմումները, գանգատները.

թ) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած այլ լիազորություններ:

ԳԼՈՒԽ 3

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 11. Պետական գույքի մասնավորեցման ձևերը

1. Պետական գույքի մասնավորեցումն իրականացվում է հետևյալ հիմնական ձևերով՝

ա) բաժնետոմսերի ազատ բաժանորդագրություն.

բ) աճուրդ.

գ) մրցույթ (այդ թվում՝ միջազգային մրցույթ).

դ) ուղղակի վաճառք կամ անհատույց տրամադրում.

ե) նոր բաժնետոմսերի բաց կամ փակ տեղաբաշխում.

զ) պարտատոմսերի թողարկում բաժնետոմսերի փոխարկման իրավունքով.

է) բաժնետոմսերի վաճառք մասնագիտացված շուկաներում.

ը) պետական գույքի, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց և համայնքների գույքի նկատմամբ պետությանը պատկանող օգտագործման իրավունքի փոխանցում:

2. Պետական գույքի մասնավորեցման ձևի մասին որոշումն ընդունում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը՝ սույն օրենքով սահմանված կարգով:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է կիրառվել ինչպես մասնավորեցման ձևերից մեկը, այնպես էլ՝ դրանց համակցությունը:

Մասնավորեցման ձևի ընտրությունը կատարվում է ելնելով՝

— ճյուղային առանձնահատկություններից.

— ներքին և արտաքին շուկաներում գրաված դիրքից.

— ձեռնարկության ֆինանսական վիճակից.

— պետական գույքը որպես գործող ընկերություն մասնավորեցնելու նպատակահարմարությունից.

— անհրաժեշտ ներդրումներ կատարելու պահանջից:

Հոդված 12. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ պետական գույքի մասնավորեցումը

1. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ պետական գույքի մասնավորեցումը՝ տվյալ ընկերությունում պետական բաժնեմասի ամբողջությամբ վաճառքն է բաժնետոմսերի քանակի բաց աճուրդի միջոցով:

Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ պետական գույքի մասնավորեցումն իրականացվում է փակ բաժանորդագրությամբ՝ աշխատավորական կոլեկտիվի անդամների համար և բաց բաժանորդագրությամբ՝ այլ անձանց համար, ընդ որում, կոլեկտիվի անդամները բաց բաժանորդագրությանը կարող են մասնակցել ընդհանուր հիմունքներով: Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ պետական գույքի մասնավորեցման դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվում է մասնավորեցվող ընկերության մեկնարկային գինը, որը ներառում է բաժնետոմսերի մեկնարկային քանակը և բաժնետոմսի անվանական արժեքը, որը պետք է հարյուր դրամին բազմապատիկ լինի, բայց քսան հազար դրամից ոչ ավելի: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվում են նաև ազդագրի հրապարակման ժամկետները, ընկերության պարտավորությունները որոշումն ընդունելու պահին, ներառյալ հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարումների համար ապառքները, տույժերը և տուգանքները:

Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ պետական գույքի մասնավորեցման դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել բաժանորդագրության կայացման նվազագույն սահման:

2. Պետական գույքի մասնավորեցումը բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության միջոցով իրականացնում է լիազորված պետական մարմինը՝ ազդագրի հրապարակման տասներորդ օրվանից սկսած:

Լիազորված պետական մարմինը բաժնետոմսերի փակ և բաց բաժանորդագրությունն անցկացնում է զուգահեռ:

Բաժանորդագրությունն իրականացվում է 35 օրվա ընթացքում, այդ թվում՝ աշխատավորական կոլեկտիվի անդամներին՝ փակ բաժանորդագրություն՝ մեկ ամսվա ընթացքում:

3. Եթե փակ բաժանորդագրության համար նախատեսված ժամկետում փակ բաժանորդագրությանը մասնակցել ցանկացողների թվաքանակը չի գերազանցում աշխատավորական կոլեկտիվի անդամների 50 տոկոսը, ապա փակ բաժանորդագրություն չի իրականացվում և կոլեկտիվին փակ բաժանորդագրության համար վերապահված բաժնետոմսերը ենթակա են վաճառքի՝ բաց բաժանորդագրության միջոցով:

4. Եթե մասնավորեցումը համարվում է կայացած, ապա աշխատավորական կոլեկտիվի անդամներին հասանելիք բաժնետոմսերի քանակը որոշվում է՝ ելնելով դրանց տեսակարար կշռից, որը հաշվարկվում է փակ բաժանորդագրությամբ ձեռք բերված բաժնետոմսերի քանակը բաժանելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված բաժնետոմսերի քանակին:

Ընդ որում, եթե՝

ա) բաժանորդագրությունից ձեռք է բերվել ավելի շատ քանակությամբ բաժնետոմս, քան սահմանված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ, ապա փակ բաժանորդագրությունից աշխատավորական կոլեկտիվի անդամներին հասանելիք բաժնետոմսերի քանակն ավելացվում է այն հաշվարկով, որ այն համապատասխանի հաշվարկված տեսակարար կշռին: Այդ դեպքում լրացուցիչ բաժնետոմսերը հատկացվում են անհատույց.

բ) բաժանորդագրությունից ձեռք է բերվել ավելի քիչ քանակությամբ բաժնետոմս, քան սահմանված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ, ապա փակ բաժանորդագրությունից աշխատավորական կոլեկտիվի անդամներին հասանելիք բաժնետոմսերի քանակը պակասեցվում է այն հաշվարկով, որ այն համապատասխանի հաշվարկված տեսակարար կշռին: Այդ դեպքում աշխատավորական կոլեկտիվի անդամներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, վերադարձվում են պակասեցված բաժնետոմսերի քանակի համար վճարներն այն վճարման միջոցով, որով դրանք ձեռք են բերվել:

5. Լիազորված պետական մարմինը պատասխանատու է բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ազդագրում հրապարակված տվյալների համար:

6. Պետական բաժնետիրական ընկերությունը բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ չմասնավորեցվելու դեպքում՝

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը 60 օրվա ընթացքում ընդունում է նոր որոշում՝ ընկերությունը բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության ձևով երկրորդ անգամ մասնավորեցնելու մասին.

բ) նոր մասնավորեցումը չկայանալու դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը 60 օրվա ընթացքում որոշում է ընդունում ընկերությունն այլ ձևով մասնավորեցնելու մասին.

գ) ընկերությունը երրորդ անգամ չմասնավորեցնելու դեպքում 60 օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը, սույն օրենքով սահմանված կարգով, որոշում է ընդունում այն լուծարելու մասին:

Հոդված 13. Պետական գույքի մասնավորեցումն աճուրդով

1. Պետական գույքի աճուրդով մասնավորեցման դեպքում այդ գույքի սեփականության իրավունքը տրամադրվում է աճուրդի այն մասնակցին, ով աճուրդի ընթացքում առաջարկել է առավելագույն գին:

Պետական գույքի աճուրդով վաճառքը կատարվում է այն դեպքում, երբ գնորդից չի պահանջվում որևէ պայմանի կատարում:

Միայն մեկ առաջարկի առկայությունը չի կարող առանց հաղթողին հայտարարելու աճուրդը դադարեցնելու պատճառ համարվել:

2. Աճուրդով պետական գույքի մասնավորեցման դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվում են աճուրդի ձևերը՝ դասական, ավանդական, ամբողջությամբ կամ լոտային, մասնավորեցվող գույքի մեկնարկային գինը և աճուրդի իրականացման ժամկետները: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվում են նաև աճուրդով մասնավորեցման ենթակա ընկերության պարտավորությունները որոշման ընդունման պահին՝ ներառյալ հարկերի, տուրքերի, և այլ պարտադիր վճարումների համար ապառքները, տույժերը և տուգանքները:

3. Պետական գույքի մասնավորեցումն աճուրդի միջոցով իրականացնում է լիազորված պետական մարմինը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ժամկետներում:

4. Պետական գույքի՝ աճուրդի միջոցով մասնավորեցման դեպքում, բացի մեկնարկային գնից, այլ գնային սահմանափակումներ չեն կիրառվում:

5. Պետական գույքի՝ աճուրդի միջոցով չմասնավորեցվելու դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը 60 օրվա ընթացքում ընդունում է նոր որոշում պետական գույքը մասնավորեցնելու մասին:

Հոդված 14. Պետական գույքի մասնավորեցումը մրցույթով (միջազգային մրցույթով)

Պետական գույքը համարվում է մրցույթով մասնավորեցվող, եթե պետական գույքը մասնավորեցվում է նախօրոք սահմանված պայմաններին առավելագույն չափով բավարարող առաջարկ ներկայացրած մասնակցին:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ մրցույթը կարող է իրականացվել մասնակիցների նախնական որակավորմամբ:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ մրցույթի հաղթողին որոշելու նպատակով կարող են առաջադրվել հետևյալ պայմանները՝

ա) գինը (բացի անհատույց տրամադրման դեպքերից).

բ) ներդրումների չափը.

գ) սոցիալական երաշխիքները.

դ) ծառայությունների մատուցման սակագները, եթե մասնավորեցվում է օրենքով կամ այլ իրավական ակտով լիցենզավորվող գործունեություն իրականացնող ընկերության պետական բաժնեմասը.

ե) սույն հոդվածի «ա» և «դ» կետերում նշված պայմանների կամ դրանց մի մասի նախօրոք սահմանված համամասնություններով կազմված համախումբը:

Պետական գույքի մրցույթով կամ միջազգային մրցույթով մասնավորեցման դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է ստեղծվել մրցութային հանձնաժողով, սահմանվել դրա կազմը և իրավասությունները:

Պետական գույքի մասնավորեցումը մրցույթով կարող է իրականացվել, եթե մասնավորեցվում է ընկերությունների ձայների իրավունք տվող պետական բաժնետոմսերի 10 և ավելի տոկոսը:

Մրցութային հանձնաժողովը, իսկ վերջինիս չստեղծվելու դեպքում՝ լիազորված պետական մարմինը, իրավասու է մրցութային առաջարկների հստակեցման նպատակով ուղղակի բանակցություններ վարել մրցույթի մասնակիցների հետ, եթե դա նախատեսված է մրցույթով պետական գույքը մասնավորեցնելու մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ:

Միջազգային մրցույթի մասին պետք է հայտարարվի հրապարակայնորեն՝ մրցույթն սկսվելուց առնվազն մեկ ամիս առաջ, եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան չի նախատեսված:

Միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվում այն անձը, ում առաջարկներն առավելագույն չափով են բավարարում ներկայացված պահանջները:

Մրցույթի արդյունավետ իրականացման նպատակով մրցութային հանձնաժողովը, իսկ վերջինիս չստեղծվելու դեպքում՝ լիազորված պետական մարմինն, իրավասու է մրցույթի նախապատրաստվելու և կազմակերպելու համար ընդգրկել հայրենական և արտասահմանյան մասնագիտացված կազմակերպություններ:

Միայն մեկ առաջարկի առկայությունը չի կարող առանց հաղթողին հայտարարելու մրցույթը դադարեցնելու պատճառ համարվել:

Եթե մրցույթը (միջազգաիյն մրցույթը) առաջարկների բացակայության պատճառով սահմանված ժամկետում չի կայանում կամ դադարեցվում է առանց հաղթողին որոշելու, մրցույթը համարվում է չկայացած, և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը 60 օրվա ընթացքում պետական բաժնեմասը մասնավորեցնելու մասին նոր որոշում է ընդունում:

Հոդված 15. Պետական գույքի մասնավորեցումն ուղղակի վաճառքի կամ անհատույց տրամադրման ձևով

1. Պետական գույքը մասնավորեցվում է ուղղակի վաճառքի կամ անհատույց տրամադրման ձևով՝

— տվյալ ընկերության աշխատավորական կոլեկտիվին.

— տվյալ պետական գույքի վարձակալին.

— տվյալ ընկերության ոչ պետական բաժնեմասի սեփականատիրոջը (սեփականա-տերերին).

— եթե մասնավորեցման այլ ձևերի կիրառումն աննպատակահարմար է մասնավորեցման գործընթացի կազմակերպական ծախսերի առումով.

— եթե տվյալ պետական գույքի հավանական գնորդը նախօրոք հայտնի է:

2. Պետական գույքը մասնավորեցնելու մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումը մասնավորապես պետք է բովանդակի՝

ա) ուղղակի վաճառքի դեպքում՝ գնորդի անունը կամ անվանումը, մասնավորեցվող պետական գույքի գինը, վճարման համար օգտագործվող միջոցները, վճարման ժամկետները և վճարման առանձնահատկությունները.

բ) ուղղակի անհատույց տրամադրման դեպքում՝ գնորդի անունը կամ անվանումը, մասնավորեցվող պետական գույքի գինը, կատարվող ներդրումների ծավալը և ժամկետները, ստեղծվող աշխատատեղերի քանակը և այլ պայմաններ:

3. Ուղղակի վաճառքի ձևով պետական գույքը տվյալ ընկերության աշխատավորական կոլեկտիվին մասնավորեցնելու մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումն ընդունելուց հետո այդ որոշմամբ սահմանված ժամկետներում աշխատավորական կոլեկտիվի ընդհանուր ժողովը (լիազորների ժողովը կամ համաժողովը) սույն օրենքի համաձայն իրականացնում է մասնավորեցվող պետական գույքի բաշխումը աշխատավորական կոլեկտիվի անդամ համարվող անձանց միջև, ընտրում է նախաձեռնող խումբ, որին իրավունք է տրվում կոլեկտիվը ներկայացնել պետական բաժնեմասը ձեռք բերելու ընթացքում: Աշխատավորական կոլեկտիվի ընդհանուր ժողովը (լիազորների ժողովը կամ համաժողովը)՝ ձայների 3/4-ի մեծամասնությամբ, նախաձեռնող խմբի անդամների համար կարող է սահմանել նրանց մասնակցության չափն ապագա ընկերության մեջ, ինչպես նաև նախաձեռնող խմբի կազմում ընդգրկել տվյալ ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամ չհամարվող անձանց, որոնց թիվը 3 հոգուց ավել չպետք է լինի: Իրավաբանական անձինք և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները չեն կարող լինել նախաձեռնող խմբի անդամ, եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ:

4. Պետական գույքի վարձակալներն ունեն այդ գույքի մասնավորեցման նախապատվության իրավունք, եթե՝

— այդ գույքը մասնավորեցման ծրագրերում ընդգրկված ընկերություններին պատկանող գույքի մաս չէ.

— վարչական և հասարակական շենքերում ու շինություններում վարձակալած տարածք չէ:

5. Պետական գույքը մասնավորեցնելու նախապատվության իրավունք ունեցող վարձակալներին պետական գույքը մասնավորեցնելու հիմք է լիազորված պետական մարմին վարձակալի ներկայացրած հայտը: Հայտի ձևը և ներկայացման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

6. Լիազորված պետական մարմինը հայտը քննարկում է երկու ամսվա ընթացքում: Հայտի պաշտոնական ընդունման կամ մերժման մասին գրավոր պատասխանն ուղարկվում է հայտը ներկայացնող անձանց:

Հայտի մերժումը հնարավոր է, եթե՝

ա) այն ներկայացրած անձը չի կարող հանդես գալ որպես մասնավորեցման հետևանքով սեփականության իրավունքներ ձեռք բերող անձ.

բ) օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված են տվյալ գույքի մասնավորեցման սահմանափակումներ.

գ) մասնավորեցման հետևանքով կարող է անհնարին դառնալ վարձատուին պատկանող վարձակալության չհանձնած գույքի օգտագործումը:

Վարձակալված գույքի գնման հայտի մերժումը կարող է գանգատարկվել դատական կարգով:

7. Սույն հոդվածի 6-րդ կետով սահմանված հայտի մերժման հիմքերի բացակայության դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը, լիազորված պետական մարմնի ներկայացմամբ, երկու ամսվա ընթացքում որոշում է ընդունում վարձակալված գույքը վարձակալից գնելու թույլտվության մասին:

8. Պետական գույքի մասնավորեցումն ուղղակի վաճառքի կամ անհատույց տրամադրման միջոցով իրականացնում է լիազորված պետական մարմինը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ժամկետներում:

9. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ժամկետում սույն հոդվածի 1-ին կետում նշված անձանց մեղքով պետական գույքի մասնավորեցումն ուղղակի վաճառքի կամ անհատույց տրամադրման ձևով չիրականացնելու դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը 60 օրվա ընթացքում նոր որոշում է ընդունում պետական գույքը սույն օրենքով սահմանված այլ ձևով մասնավորեցնելու մասին:

Հոդված 16. Պետական գույքի մասնավորեցումը նոր բաժնետոմսերի և փոխարկելի պարտատոմսերի թողարկմամբ

1. Պետական գույքի մասնավորեցումը նոր բաժնետոմսերի թողարկմամբ իրականացվում է պետական և պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական հիմնադրամի ավելացման նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ, որը մասնավորապես պետք է բովանդակի բաժանորդագրության ժամկետները, կանոնադրական հիմնադրամի ավելացման ծավալը, թողարկվող բաժնետոմսերի տեսակները, անվանական արժեքները և մասնակցության սահմանափակումները: Նշված որոշման հիման վրա և դրանով սահմանված ժամկետներում պետական և պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերություններն օրենքով սահմանված կարգով որոշումներ են ընդունում կանոնադրական հիմնադրամի ավելացման մասին:

Բաժնետոմսերն ազատ բաժանորդագրությամբ տեղաբաշխելու դեպքում մասնակցության սահմանափակումներ չեն դրվում:

Բաժնետոմսերը փակ բաժանորդագրությամբ տեղաբաշխելու դեպքում մասնակիցներ կարող են լինել աշխատավորական կոլեկտիվի անդամները, տվյալ ընկերության ոչ պետական բաժնետերերը, իսկ մրցույթով տեղաբաշխելու դեպքում՝ միայն նախապես որակավորված անձինք:

2.Պետական գույքի մասնավորեցումը բաժնետոմսերի փոխարկվող պարտատոմսերի թողարկմամբ իրականացվում է պետական և պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի փոխարկման իրավունք տվող պարտատոմսերի թողարկման նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ, որը մասնավորապես պետք է բովանդակի տեղաբաշխման ժամկետները և ծավալը, թողարկվող փոխարկելի պարտատոմսերի տեսակները, անվանական արժեքները և մասնակցության սահմանափակումները: Նշված որոշման հիման վրա և դրանով սահմանված ժամկետներում պետական և պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերություններն օրենքով սահմանված կարգով որոշումներ են ընդունում փոխարկելի պարտատոմսեր թողարկելու և տեղաբաշխելու մասին:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և այլ երկրների ֆոնդային բորսաներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ պետական գույքի մասնավորեցումն իրականացվում է պետական բաժնետոմսերի և փոխարկվող պարտատոմսերի վաճառքի, ինչպես նաև նոր բաժնետոմսերի բաց բաժանորդագրությամբ տեղաբաշխման միջոցով՝ բորսային առևտրի կանոններին համապատասխան :

Հոդված 17. Պետական գույքի մասնավորեցումը գույքի օգտագործման իրավունքի փոխանցման ձևով

1. Պետական և պետական մասնակցությամբ ընկերությունները սույն օրենքով սահմանված կարգով պետական բաժնեմասը մասնավորեցնելու դեպքում դրանց պատկանող գույքի օգտագործման իրավունքներն ուժի մեջ են նաև մասնավորեցումից հետո, եթե պետական գույքի մասնավորեցման մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան չի նախատեսված:

2. Պետական և պետական մասնակցությամբ ընկերությունների օգտակար հանածոների արդյունահանման, բնական վերարտադրվող պաշարների օգտագործման կամ բնական մենաշնորհ համարվող ծառայություններ մատուցելու (ջրամատակարարում, կոյուղի, էներգամատակարարում և այլն) իրավունքը մասնավորեցվում է լրիվ ծավալով և առանց օգտագործման պայմանների փոփոխության՝ այդ ընկերությունների պետական բաժնեմասի մասնավորեցման հետ մեկտեղ, եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան չէ նախատեսված:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող են նախատեսվել նաև օգտակար հանածոների արդյունահանման, բնական վերարտադրվող պաշարների օգտագործման կամ բնական մենաշնորհ համարվող ծառայություններ մատուցելու իրավունքի փոփոխություններ, մասնավորապես ընդերքից, բնական վերարտադրվող պաշարներից օգտվելու և բնական մենաշնորհ համարվող ծառայություններ մատուցելու պայմանագրերով և (կամ) արտոնագրերով (լիցենզիաներով) սահմանված ժամկետների, վարձաչափի, մուծման կարգի, ծախսերի փոխհատուցման և օգտագործման մենաշնորհային իրավունքի փոփոխություններ:

4. Եթե համաձայն սույն հոդվածի 3-րդ կետի՝ օգտակար հանածոների արդյունահանման, բնական վերարտադրվող պաշարների օգտագործման կամ բնական մենաշնորհ համարվող ծառայություններ մատուցելու իրավունքները փոխանցվում են մասամբ կամ չեն փոխանցվում, ապա չփոխանցված իրավունքները կարող են մասնավորեցվել այլ անձանց, այդ թվում՝ պետական մասնակցությամբ ընկերություններին՝ սույն օրենքով սահմանված մասնավորեցման ձևերով: Սույն կետի համաձայն իրականացվող գույքային իրավունքի մասնավորեցումը կարող է մասնավորեցման ծրագրում ընդգրկված չլինել:

Հոդված 18. Պետական գույքի անհատույց մասնավորեցումը

1. Պետական գույքի անհատույց մասնավորեցումը իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ սույն օրենքի 11 հոդվածի 1-ին կետի «գ» և «դ» ենթակետերով նախատեսված ձևերով:

2. Պետական գույքի անհատույց մասնավորեցման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը, հաշվի առնելով մասնավորեցվող ընկերությունում (ձեռնարկությունում), օբյեկտում կատարվող ներդրումների (բացի պետական և կենտրոնացված միջոցների) ծավալը, ժամկետը, ստեղծվող աշխատատեղերի քանակը, պետական բյուջեի եկամուտները ավելացնելը և այլ պայմաններ:

Հոդված 19. Լուծարված պետական ընկերությունների գույքի մասնավորեցումը

Լուծարված պետական ընկերությունների գույքը կարող է մասնավորեցվել սույն օրենքով սահմանված ձևերով՝ որպես գույքի առանձին տարրեր, ինչպես նաև այդ գույքի կամ դրա մի մասի հիման վրա նոր ընկերություն ստեղծելու միջոցով:

Հոդված 20. Լուծարված ընկերությունների (ձեռնարկությունների) գույքի առանձին տարրեր վարձակալության տրամադրելը

Լուծարված պետական ընկերությունների գույքը կարող է տրամադրվել կարճատև կամ երկարատև վարձակալության:

Պետական գույքի առանձին տարրերի վարձատու է լիազորված պետական մարմինը:

Պետական գույքը մրցույթով վարձակալության հանձնելու դեպքում մրցույթի հիմնական պայմանը վարձակալական վճարն է և վարձակալության ժամկետը:

Պետական գույքի վարձակալության դիմաց վարձակալական վճարները (առանց վարձակալության տրամադրման նպատակով կատարված ծախսերի) փոխանցվում են պետական բյուջե:

Հոդված 21. Անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումը

1. Մասնավորեցվող պետական և պետական մասնակցությամբ ընկերությունների գույքի կազմում ընդգրկված անավարտ շինարարության օբյեկտները, բացառությամբ անավարտ բնակելի շենքերի, որոնցում սահմանված կարգով կատարված է բնակարանների հատկացում, մասնավորեցվում են այդ գույքի հետ, եթե նախապատրաստական աշխատանքներից հետո դրանք չեն առանձնացվել:

2. Անավարտ բնակելի շենքերը, որոնցում սահմանված կարգով կատարված է բնակարանների հատկացում, սեփականության իրավունքով հատկացվում են համապատասխան պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին:

3. Մասնավորեցվող պետական և պետական մասնակցությամբ ընկերությունների կազմում չընդգրկված կամ այդ ընկերությունների կազմից նախապատրաստական աշխատանքներից հետո առանձնացված անավարտ շինարարության օբյեկտները մասնավորեցվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ սույն օրենքով սահմանված մասնավորեցման որևէ ձևով:

4. Անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցման մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող են պայմաններ նախատեսվել հաստատված նախագծով շինարարությունը որոշակի ժամկետում ավարտելու, նախագիծը փոփոխելու կամ նոր նախագծով շինարարություն իրականացնելու վերաբերյալ, ինչպես նաև այլ պայմաններ, այդ թվում՝ նաև կառուցելու, շահագործելու և որոշակի ժամկետից հետո այդ օբյեկտը սեփականության իրավունքով պետությանը վերադարձնելու պայմանը:

Հոդված 22. Պետական գույքի նախապատրաստումը մասնավորեցման

1. Պետական գույքի նախապատրաստումը մասնավորեցմանը նախորդող անհրաժեշտ գործողությունների ամբողջությունն է:

Պետական գույքը մասնավորեցման նախապատրաստելու գործողությունների բովանդակությունը, ժամկետները և իրականացնող մարմինները սահմանվում են պետական գույքի մասնավորեցման մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ:

2. Նախապատրաստական աշխատանքները կարող են բովանդակել.

ա) պետական ձեռնարկությունների վերակազմավորումը պետական բաժնետիրական ընկերությունների.

բ) բաժնետիրական ընկերությունների պետական բաժնեմասի մասնավորեցման դեպքում՝

ընկերության բաժանումը, առանձնացումը, ինչպես նաև միացումը, միաձուլումն այլ պետական ընկերությունների հետ.

ընկերության ֆինանսատնտեսական գործունեության աուդիտի իրականացումը.

ընկերության պարտքերի վերակառուցումը.

ընկերության գործունեության ծրագրի մշակումը.

նոր բաժնետոմսերի թողարկման նախապատրաստումը.

մասնավորեցմանը մասնակցելու ցանկություն հայտնած անձանց՝ ընկերության ֆինանսատնտեսական գործունեությանը ծանոթանալու նպատակով միջոցառումների իրականացումը.

ընկերության գործունեության մասին տեղեկությունների հրապարակումը.

ընկերության ակտիվների և պարտավորությունների վերագնահատումը.

բաժնետոմսերի արժեքի գնահատումը.

լիցենզավորվող գործունեության դեպքում՝ լիցենզիաների վերանայումը:

Նախապատրաստական աշխատանքները կազմակերպելու նպատակով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված լինելու դեպքում, կարող են հրավիրվել մասնագիտացված կազմակերպություններ և փորձագետներ:

Նախապատրաստական աշխատանքներ իրականացնող անձինք հաշվետու են պետական լիազորված մարմնին:

Հոդված 23. Մասնավորեցվող պետական գույքի գինը և վճարման կարգը

1. Մասնավորեցվող պետական գույքի գինը ձևավորվում է մասնավորեցման արդյունքում:

Գնի հաշվարկման մեթոդներն են՝

ա) հաշվեկշռային մեթոդը.

բ) կանխիկ հոսքերի ընթացիկ արժեքի որոշման մեթոդը.

գ) համանման ձեռնարկությունների կամ գույքի շուկայական գնի մեթոդը.

դ) եկամուտների (շահույթի) բազմապատկիչի մեթոդը.

ե) միջազգային պրակտիկայում ընդունված այլ մեթոդներ:

Մասնավորեցվող պետական գույքի մեկնարկային գինը որոշվում է վերը նշված մեթոդներից մեկի կամ դրանց զուգակցման միջոցով:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել նվազագույն (մեկնարկային) գին:

Մասնավորեցվող պետական գույքի գնահատման մեթոդների ընտրությունը կատարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

2. «փոքր» և կիսավեր օբյեկտների գները հաշվարկվում են՝ ելնելով դրանց գույքի և զբաղեցրած տարածքի արժեքից՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

3. Պետական գույքի մեկնարկային գինը որոշելու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը կարող է հրավիրել օտարերկրյա փորձագետներ կամ մասնագիտացված կազմակերպություններ:

4. Մասնավորեցվող պետական գույքի վճարման կարգը սահմանվում է պետական գույքի մասնավորեցման ծրագրով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով:

Հոդված 24. «փոքր» մասնավորեցման կարգը

1. Լիազորված պետական մարմինը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ մասնավորեցվող «փոքր» մասնավորեցման օբյեկտները գրավոր առաջարկում է դրանց աշխատավորական կոլեկտիվներին:

2. Գրավոր առաջարկը ստանալուց հետո, 20 օրվա ընթացքում, աշխատավորական կոլեկտիվը լիազորված պետական մարմին պետք է ներկայացնի գրավոր համաձայնություն՝ օբյեկտը նշված գնով գնելու մասին ընդհանուր ժողովի որոշումը՝ այդ նպատակով տնտեսական ընկերակցություն կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն ստեղծելու մասին, ինչպես նաև մուծի կանխավճար՝ օբյեկտի արժեքի 5 տոկոսի չափով:

Նշված ժամկետում գրավոր համաձայնությունը չներկայացնելու և կանխավճարը չմուծելու դեպքում կոլեկտիվը զրկվում է սեփականատեր դառնալու իրավունքից:

3. Բաժնեմասերի բաշխումը աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև իրականացվում է կոլեկտիվի անդամների (ըստ սույն օրենքի 2 հոդվածի 8-րդ կետի «ա» ենթակետի սահմանման) որոշմամբ՝ ձայների պարզ մեծամասնությամբ, կոլեկտիվի անդամների՝ բաժնեմասեր ձեռք բերելու հավասար իրավունքների հաշվարկով: Եթե կոլեկտիվի անդամը հրաժարվում է իրեն հասանելիք բաժնեմասից, ապա նրա բաժնեմասը հավասարաչափ բաշխվում է կոլեկտիվի մնացած անդամների միջև: «փոքր» օբյեկտը կարող է սեփականաշնորհվել աշխատավորական կոլեկտիվի անդամներին, եթե դրա

հաստիքացուցակային կազմի ավելի քան 50 տոկոսը ցանկություն է հայտնել դառնալ սեփականատեր և կատարել է համապատասխան ներդրում:

4. Սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված պայմանները չկատարելու դեպքում աշխատավորական կոլեկտիվը զրկվում է նախապատվության իր իրավունքից: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը երկու ամսվա ընթացքում նոր որոշում է ընդունում «փոքր» մասնավորեցման օբյեկտն աճուրդով մասնավորեցնելու մասին: «փոքր» մասնավորեցման օբյեկտն աճուրդով չվաճառվելու դեպքում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը երկու ամսվա ընթացքում նոր որոշում է ընդունում՝ տվյալ «փոքր» օբյեկտն այլ ձևով մասնավորեցնելու մասին:

«փոքր» օբյեկտն այլ ձևով չմասնավորեցվելու դեպքում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը մեկ ամսվա ընթացքում նոր որոշում է ընդունում տվյալ «փոքր» օբյեկտը լուծարելու մասին:

Հոդված 25. Մասնավորեցման մասին տեղեկություններ

Պետական գույքի բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության, աճուրդի և փոքր մասնավորեցման մասին տեղեկությունները մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակվում են դրանց մասնավորեցումից առնվազն տասն օր առաջ: Սույն օրենքով նախատեսված՝ այլ մասնավորեցման ձևերով իրականացվող մասնավորեցման մասին տեղեկությունների հրապարակման կարգը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության մասնավորեցման մասին համապատասխան որոշմամբ:

Մասնավորեցման գործարքների արդյունքների մասին տեղեկությունները հրապարակվում են այդ գործարքներն ավարտվելու օրվանից մեկ ամսվա ընթացքում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

ԳԼՈՒԽ 4

ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՏՆՕՐԻՆԵԼԸ

Հոդված 26. Մասնավորեցումից ստացված միջոցները տնօրինելը

1. Մասնավորեցումից ստացված միջոցները փոխանցվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե, իսկ սույն օրենքի 16 հոդվածով նախատեսված դեպքերում՝ համապատասխան ընկերության հաշվին՝ նախապես փոխհատուցելով մասնավորեցման ընթացքում կատարված այն ծախսերը, որոնք պետական բյուջեով նախատեսված չեն:

2. Համայնքի սեփականություն համարվող բնակելի շենքերում ընդհանուր օգտագործման տարածքներ չհամարվող ոչ բնակելի տարածքների մասնավորեցումից ստացված միջոցներն ուղղվում են համապատասխան համայնքի բյուջե։

(խմբ. 03.03.2000)

ԳԼՈՒԽ 5

ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԸ

Հոդված 27. Մասնավորեցման պայմանագիրը

Մասնավորեցման հետևանքով սեփականության իրավունքի փոխանցումը վավերացվում է պետական գույքի մասնավորեցման գործարքով, որը գրավոր կնքում են լիազորված պետական մարմինը և գնորդը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Բաժնետոմսերի և փոխարկելի պարտատոմսերի սեփականության իրավունքը համարվում է փոխանցված՝ բաժնետոմսերը կամ դրանց սերտիֆիկատները սահմանված կարգով գրանցամատյանում (ռեեստրում) գրանցվելու պահից:

Հոդված 28. Վաճառողի պարտականությունները

Պետական լիազորված մարմինը պարտավոր է գնորդներին տեղեկություններ և փաստաթղթեր տրամադրել մասնավորեցվող գույքի, պարտականությունների և ֆինանսատնտեսական գործունեության մասին, մասնավորեցման գործարքը կնքելուց

հետո գնորդին տրամադրել մասնավորեցվող բաժնետոմսերի փաթեթը, ինչպես նաև կատարել մասնավորեցման պայմանագրով նախատեսված այլ պարտականություններ:

Վաճառողի՝ սույն հոդվածում նշված պարտականությունները դադարում են նրա և գնորդի միջև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցման պայմանագրի կամ բաժնետոմսերի գրանցման պահից:

Հոդված 29. Մասնավորեցման մասնակիցներին տրվող պետական երաշխիքները

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը երաշխավորում է մասնավորեցման մասնակիցների իրավունքները:

Դրանց խախտման համար մեղավոր պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

Մասնավորեցման ընթացքում և հետևանքով լիազորված պետական մարմնին հայտնի դարձած մասնավորեցման մասնակիցներին վերաբերող տեղեկությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, ենթակա չեն հրապարակման՝ առանց վերջիններիս համաձայնության:

Հոդված 30. Մասնավորեցման գործարքներն անվավեր ճանաչելը

Մասնավորեցման գործարքները դատական կարգով անվավեր են ճանաչվում, եթե մասնավորեցված գույքը սույն օրենքով ենթակա չէ մասնավորեցման կամ մասնավորեցման հետևանքով պետական սեփականություն ձեռք բերած անձը սույն օրենքով իրավունք չունի մասնակցելու մասնավորեցմանը: Վերջին դեպքում գործարքը կարող է անվավեր ճանաչվել միայն այդ անձին վերաբերող մասով:

Մասնավորեցման համար վճարումը, այդ թվում՝ հերթական վճարումը, ինչպես նաև մասնավորեցման գործարքի այլ պայմանները չկատարելու դեպքում լիազորված պետական մարմինը հայց է ներկայացնում դատարան՝ գնորդին սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա բռնագանձում տարածելու մասին:

Հոդված 31. Հարկերի, տուրքերի և պետության սահմանած պարտադիր վճարների կատարումը

Պետական և պետական մասնակցությամբ ընկերությունների պետական գույքի կեսից ավելին մասնավորեցնելիս հարկային և պետության կողմից սահմանված պարտադիր վճարները կարգավորող օրենսդրության խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորություններ չեն առաջանում, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է մասնավորեցման մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշման ուժի մեջ մտնելու պահից հետո և վերաբերում է սույն օրենքով սահմանված՝ մասնավորեցման հետևանքով սեփականության իրավունքի փոխանցման պահին նախորդող ժամանակաշրջանին:

ԳԼՈՒԽ 6

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հոդված 32. Պատասխանատվությունը մասնավորեցման մասին օրենսդրությունը խախտելու համար

Պետական գույքի մասնավորեցման մասին օրենսդրության խախտումն առաջացնում է պատասխանատվություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 7

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 33. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը՝ բոլոր փոփոխություններով և լրացումներով:

3. Օրենքի գործողությունը չի տարածվում այն պետական գույքի մասնավորեցման վրա, որի մասնավորեցման մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է ընդունել մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը:

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ

29 հունիսի 1998 թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-16